Կովկասի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդակցություն

Կովկասի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդակցություն, տեղի է ունեցել Թիֆլիսում, 1904 թվականի նոյեմբերի երկրորդ կեսին։ Մասնակցել են Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) Կենտկոմի, Կովկասյան միութենական կոմիտեի և ՌՍԴԲԿ Բաքվի, Թիֆլիսի, Բաթումի և Իմերեթամեգրելական տեղական կոմիտեների 12 ներկայացուցիչներ։

Ղեկավարվելով Վլադիմիր Լենինի՝ մենշևիկների հետ կապերն ամբողջովին խզելու և ՌՍԴԲԿ III համագումար հրավիրելու ցուցումով, կոնֆերանսը քննարկեց կուսակցության կենտրոնների նկատմամբ վերաբերմունքի, Կովկասյան միության, մեծամասնականների գրականության, ՌՍԴԲԿ Կովկասյան միության կանոնադրության փոփոխությունների և այլ հարցեր։

«Համագումարի մասին» ընդունած բանաձևում խորհրդակցությունը նշեց, որ միակ ելքը III համագումար հրավիրելն էր։ Կոնֆերանսն ընտրեց բյուրո, որը պետք է զբաղվեր համագումարի հրավիրման գործնական հարցերով։ Ընդունվեցին համապատասխան բանաձևեր՝ «Մեծամասնականների գրականության մասին», «Ներկա պատմական մոմենտի մասին»։

Քննարկելով իրենց գործունեությունը աշխուժացրած տեղական ազգայնական կուսակցությունների նկատմամբ վերաբերմունքի հարցը՝ խորհրդակցությունը որոշեց պայքար ծավալել նրանց դեմ և այդ պայքարը գլխավորելու համար ընտրեց հատուկ հանձնաժողով։

Ենթադրվում էր, որ Կովկասի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդակցությունը նշանակալի դեր էր խաղացել կուսակցության III համագումարը հրավիրելու և երկրամասի կուսակցական կազմակերպությունները Լենինի շուրջը համախմբելու գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 631