Կոստյա Հակոբի Մարդանյան (1916, Պառավաքար), մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1960)։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։ Սուրեն Մարդանյանի եղբայրն է։

Կոստյա Մարդանյան
Ծնվել է1916
ԾննդավայրՊառավաքար
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Ծնվել է Պառավաքար գյուղում։ 1933 թվականին ավարտել է Թբիլիսիի հայկական մանկավարժական տեխնիկումը և անցել ուսուցչական աշխատանքի։ Ավարտել է հեռակա մանկավարժական ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետը։ Շամշադինի շրջանի տարբեր գյուղերի միջնակարգ դպրոցներում աշխատել է որպես դպրոցի տնօրեն, իսկ 1959 թվականից տնօրեն է եղել Բերդի № 1 միջնակարգ դպրոցում։

1939 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ։ Ծառայել է 10-րդ բանակի 243-րդ հրետանային գնդում։ 1941 թվականի հունիսի 22-ից մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին որպես 243-րդ գնդի հետախուզական ջոկատի հրամանատար։ 1941 թվականի հուլիս 2-ին ծանր վիրավորվելով, գերի է ընկել։ 1942 թվականի սեպտեմբերի 13-ին փախել է գերությունից և միացել լեհական պարտիզանական խմբին, որը գործում էր Լեհաստանի Լյուբլինի վոևոդությունում։ Խմբի հրամանատարն էր Յուզեֆ Պոլիտովսկին։ Լեհական պարտիզանական ջոկատի կազմում մասնակցել է բազմաթիվ մարտերի, որոնցից կարելի է նշել՝ հարձակումը գերմանական զինվորական գնացքի վրա Գոլումի կայարանի մոտ, որի ժամանակ ոչնչացվել է 86, վիրավորվել 30 հակառակորդ։

Յուզեֆ Պոլիտոսկու պարտիզանական խմբի մի մասի մեծդիր նկարը, որի կազմում՝ Կոստյա Մարդանյանի և Չորաթան գյուղի նախկին ուսուցիչ Նիկոլայ Բաղմանյանի մեծադիր նկարը երկար տարիներ փակցված է եղել Մայդանեկի № 55 բարաքում։

1943 թվականի սեպտեմբերի 9-ին Կոստյա Մարդանյանը խորհրդային պարտիզանների մի խմբի հետ անցնում է Արևմտյան Բուգ գետը և միանում Բրեստի մարզի Մալարիտոցի շրջանում գործող Ժուկովի անվան պարտիզանական ջոկատին, որտեղ նրան նշանակում են սկզբում՝ վաշտի քաղղեկ, ապա՝ վաշտի հրամանատար։

1944 թվականի հուլիսին Բրեստի մոտ միանում է խորհրդային բանակի գործող զորամասերին և 1293-րդ Բրեստյան գնդին, ապա 1101-րդ գնդի կազմում մասնակցում պատերազմական գործողություններին մինչև պատերազմի վերջը։

1945 թվականի նոյեմբերին զորացրվում է խորհրդային բանակից, վերադառնում Շամշադին, շարունակում ուսուցչական աշխատանքը։

Պարգևատրվել է Կարմիր աստղի երկու, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով և մի շարք մեդալներով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 32-33։