Կոստանդնուպոլսի պաշարում (1203)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոստանդնուպոլսի պաշարումներ

Կոստանդնուպոլսի պաշարում, ռազմական ընդհարում Բյուզանդական կայսր Ալեքսիոս III Անգելոսի (1195-1203) և Վենետիկի հանրապետության դոժ Էնրիկո Դանդոլոյի (1192-1205) միջև։ Տեղի է ունեցել խաչակրաց չորրորդ արշավանքի ընթացքում՝ 1203 թվականի հուլիսի 11-ից 18-ը՝ Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսի մատույցներում։

Կոստանդնուպոլսի պաշարում
Թվական1203 թվականի հուլիսի 11-հուլիսի 18
Մասն էԽաչակրաց չորրորդ արշավանք
ՎայրԿոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
ԱրդյունքԽաչակիրների հաղթանակ
Հակառակորդներ
Խաչակիրներ
Վենետիկի հանրապետություն
Բյուզանդական կայսրություն
Հրամանատարներ
Բոնիֆացիոս Մոնֆերացի
Էնրիկո Դանդոլո
Ալեքսիոս III Անգելոս
Կողմերի ուժեր
30, 000 մարտիկ
200 նավ
70, 000 մարտիկ
20 նավ
Ռազմական կորուստներ
անհայտանհայտ
Ընդհանուր կորուստներ

Պատմություն

խմբագրել

1189-1192 թվականներին երեք խաչակիր միապետների՝ Ռիչարդ I Առյուծասիրտի (Անգլիա), Ֆիլիպ II Օգոստոսի (Ֆրանսիա) և Ֆրիդրիխ I Շիկամորուսի (Գերմանիա) կազմակերպած խաչակրաց երրորդ արշավանքը չի հասնում իր հիմնական նպատակին. Երուսաղեմ քաղաքը շարունակում է մնալ Սալահ ալ-Դինի պետության սահմաններում։ Կաթոլիկ քրիստոնյաների առաջնորդ ընտրվելուց հետո Հռոմի պապ Ինոկենտիոս III1198 թվականին հրապարակում է մի քանի հրովարտակ՝ խաչակրաց նոր արշավանք կազմակերպելու կոչով։ Պապի կոչը սկզբնական շրջանում չի ընդունվում եվրոպական ազնվականության շրջանում, սակայն երկու տարի անց հավաքվում է 35, 000 զինվոր։

 
Բոնիֆասիոս Մոնֆերացին ընտրվում է խաչակրաց չորրորդ արշավանքի առաջնորդ

1201 թվականին Վենետիկի իննսունչորսամյա դոժ Էնրիկո Դանդոլոն խաչակիրների հետ կնքեց համաձայնություն, ըստ որի հանրապետությունը միանում է արշավանքին և պարտավորվում է արևելք տեղափոխել խաչակիրներին՝ 85, 000 արծաթե դրամի դիմաց[1]։ 1202 թվականին նավերը պատրաստ էին, սակայն խաչակիրների զորքերից միայն 12 հազարն էին հասել Վենետիկ, քանզի մնացածներն այլ ճանապարհ էին նախընտրել կամ հետաձգել էին իրենց մասնակցությունը։ Ըստ պայմանավորվածության գումարը պետք է վճարվեր ամբողջությամբ, իսկ Վենետիկում գտնվող բանակը կարողացել էր հավաքել միայն 51 հազար արծաթ, ավելին՝ ոմանք նաև հասցրել էին մեծ պարտքեր կուտակել։ Դոժը առաջարկեց հետաձգել պարտքի մարումը և սկսել արշավանքը՝ Վենետիկի գլխավոր առևտրային մրցակից Դալմաթիայում գտնվող Զառա (Զադար) քաղաքի գրավման պայմանով։ Խաչակիրները ընդունում են պայմանը։ Հաշվի չառնելով Հռոմի Պապի՝ քրիստոնեական քաղաքները գրոհելու արգելանքը, ինչպես նաև մի շարք նշանավոր ասպետների բողոքը՝ խաչակիրները 1202 թվականին շարժվեցին նոր արշավանքի։

1202 թվականի նոյեմբերի 23-ին խաչակիրները պաշարում և գրավում են Զառա քաղաքը։ Որոշ ժամանակ անց Դանդոլոյին և խաչակիրների առաջնորդներին օգնության խնդրանքով դիմեց բյուզանդական գահընկեց արված կայսր Իսահակ II-ի որդի Ալեքսիոս IV-ը։ Վերջինիս հաջողվում է համոզել խաչակիրներին գրավել Կոստանդնուպոլիսը՝ ասելով, որ միայն նրա ներկայությունը Կոստանդնուպոլսի մատույցներում կստիպի քաղաքի պաշտպաններին հանձնել քաղաքը։ Այսպիսով, խաչակրաց արշավանքի սկզբնական նպատակները փոխվեցին հօգուտ Դանդոլոյի։ Միացյալ բանակի հրամանատարները Ալեքսիոսին հռչակում են կայսր, սակայն, արդեն մոտենալով Կորֆու կղզուն, բնակիչների «ջերմ» ընդունելությունից խաչակիրները հասկանում են, որ Ալեքսիոսի ներկայությունը միայն ավելի է զայրացնում բյուզանդացիներին։ Կղզու բնակիչները քարեր և այրվող հեղուկներ էին նետում խաչակրաց նավատորմի վրա, ի պատասխան խաչակիրները ավերում և թալանում են կղզին։

Ափհանում Բոսֆորում

խմբագրել

1203 թվականի մայիսի 24-ին կամ 25-ին նավատորմը լքեց Կորնթոսը և ժամանեց Աթենքից ոչ հեռու գտնվող Նեգրոպոնտոս (Եվբեա) կղզի, այնուհետև խարիսխ գցելով Անդրոս կղզում։ Տեղացիները մեծ փրկագին վճարեցին խաչակիրներին, հունիսի 1-ին առաջին նավերը հասան Աբիդոս կղզի, մեկ շաբաթ անց ժամանեց նավատորմի մնացած մասը։ Հելլեսպոնտոսն անցնելուց հետո խաչակրաց նավատորմը կայանեց մայրաքաղաքից երեք կիլոմետր հարավ գտնվող Սուրբ Ստեփանի վանքի մոտ։ Այդտեղից արդեն շատ լավ երևում էր Կոստանդնուպոլիսը, ինչը մեծ տպավորություն թողեց խաչակիրների վրա։

 
Կոստանդնուպոլիս մայրաքաղաքը Բյուզանդական կայսրության գոյության վերջին դարերին

Ըստ Ժոֆրուա դը Վիլլարդուենի խաչակիրները՝ հատկապես նրանք, ովքեր առաջին անգամ էին տեսնում Կոստանդնուպոլիսը, երկար ժամանակ ուսումնասիրում էին քաղաքը։ Մասնակիցներից շատերը կյանքում դեռ երբեք չէին տեսել այսքան հարուստ քաղաք՝ բարձր պատերով, եկեղեցիներով և պալատներով։ Հեղինակը նաև նշում է, որ չկար այնպիսի խիզախ, որ տեսնելով քաղաքը՝ չերկմտեր քաղաքը գրավելու շուրջ։

Հունիսի 24-ին արշավանքի առաջնորդները նավերով մոտեցան Քաղկեդոն քաղաքին և զբաղեցրին պալատը։ Երկու օր անց խաչակիրները գրավեցին հյուսիսում տեղակայված Սկյուտարը, իսկ նավերը կայանեցին Դիպլոկիոնիայի (ներկայիս Ստամբուլի Բեշիկթաշ թաղամաս) մոտակայքում։ Կայսր Ալեքսիոս III-ն իր բանակը դիրքավորեց Բոսֆորի հակադարձ ափին։

Բյուզանդական պաշտպանության դրությունը

խմբագրել

Չնայած բյուզանդական բանակի թվաքանակը մի քանի անգամ գերազանցում էր խաչակիրներին, սակայն դա բավական չէր նման մեծ քաղաքը պաշտպանելու համար։ Գլխավոր խնդիրը մեծ նավատորմի բացակայությունն էր, քանի որ ըստ 1187 թվականին Վենետիկի հանրապետության հետ կնքված պայմանագրի կայսրությունը պարտավորվում էր հասցնել նավատորմի քանակը նվազագույնի, իսկ հիմա, երբ դաշնակիցները դավաճանեցին կայսրությանը, վերջինս մնաց անպաշտպան։

Նավատորմի սպառազինության համար նախատեսված դրամական միջոցները պարբերաբար յուրացվում էին պետական պաշտոնյաների կողմից։ Ռազմածովային ուժերի ղեկավար զորավար Միքայել Ստրիֆնոսը, օգտվելով արքայի փեսան լինելու հանգամանքից, անհատներին վաճառում էր նավեր, առագաստներ, թիակներ և նավարկման համար նախատեսված այլ պարագաներ, իսկ ստացած միջոցները օտարում էր։ արդյունքում պաշարման սկզբին Բյուզանդիան ուներ ընդամենը 20 նավ։

Այսպիսով վենետիկյան նավատորմը կարող էր ափանել ցանկացած վայրում, քանզի բյուզանդացիները չէին կարող ծովից դիմակայել նրանց։ Բյուզանդացիներին մնում էր միայն հուսալ քաղաքի պարիսպների ամրության և ծովի կողմից անմատչելիության վրա[2]։

Բանակցության փորձեր

խմբագրել

Ալեքսիոս III-ը քայլեր ձեռնարկեց հակամարտության խաղաղ լուծման համար և իր լոմբարդացի դեսպան Նիկոլո Ռոսսիին ուղարկեց վենետիկցիների ճամբար։ Դեսպանը առաջարկեց վճարել մեծ գումար և մատակարարել սննդամթերք Սուրբ Երկիր արշավանքը շարունակելու համար։ Խաչակիրների ներկայացուցիչ Քոնոն դը Բեթյուն պատասխանեց, որ խաչակիրները չեն լքի Բոսֆորը մինչև բռնակալը չվերադարձնի գահը օրինական տիրոջը։ Միևնույն ժամանակ խաչակիրները զարմացած էին, որ ոչ մի հույն չի ներկայացել ճամբար և գահի օրինական տեր Ալեքսիոս IV-ին չի ողջունել։

Էնրիկո Դանդոլոյի առաջարկով հաջորդ օրը Բոնիֆացիոս Մոնֆերացին Ալեքսիոսի հետ մոտեցան քաղաքի պարիսպներին, սակայն միևնույն է բնակիչները չէին ոգևորվում Ալեքսիոսի ներկայությունից, ընհակառակը պաշարողական մեքենաներից կրակ էին արձակում վենետիկյան նավատորմի վրա[3]։

Գալաթիայի գրավում

խմբագրել

Վենետիկ-խաչակրաց ուժերի ղեկավարները որոշել էին «կամ հաղթել, կամ մեռնել»[4]։

 
խաչակիրների ներխուժումը Կոստանդնուպոլիս

Հուլիսի 5-ին խաչակիրները ափանեցին Գալաթիա շրջանում։ Առջևից շարժվում էին նետաձիգների նավերը, ապա ռազմական նավերը քարշ էին տալիս իրենց կցված բեռնատար նավերին։ Բյուզանդացիները չհամարձակվեցին դիմակայել խաչակիրներին և փախուստի մատնեցին։

Հուգո դը Սեն-Պոլը Լուվենցի կոմսին ուղղված նամակում քմծիծաղով հայտնում է, որ հույները այնքան արագ էին փախչում, որ նրանց նույնիսկ նետերը չէին դիպչում։

Գիշերը խաչակիրները կանգնեցին Գալաթի աշտարակի և իրենից «շատ գեղեցիկ և շատ հարուստ մի ամբողջ քաղաք» ներկայացնող հրեական թաղամասի դիմաց[5]։

Գալաթիան գրավելու և քաղաքի մատույցներին հասնելու համար անհրաժեշտ էր կտրել քաղաքը պաշտպանող երկաթյա շղթաները։ Նման շղթաները հնարավոր կլիներ կտրել միայն հատուկ հարմարանքներով զինված նավից[6]։ Գալաթիայի կայազորը կազմված էր անգլո-դանիական ջոկատներից ինչպես նաև վենետիկցիների թշնամիներ՝ ջենովացիներից և պիզացիներից։ Քաղաքի պաշտպանները պարբերաբար արտագրոհներ էին կազմակերպում և լուրջ վնասներ էական արդյունքի չհասնելով վերադառնում աշտարակ։ Վենետիկյան նավատորմի «Արծիվը» կարողացավ կտրել շղթան, իսկ նավատորմը կարողացավ խորտակել շատ բյուզանդական նավեր[7]։

Հուլիսի 7-ին խաչակիրների նավերը մտան նավահանգիստ, իսկ ափին տեղի ունեցավ խորհրդաժողով, ինչի ընթացքում որոշվեց, որ խաչակիրները պետք է գրոհեն քաղաքը ցամաքից, իսկ վենետիկցիները ծովից[8]։

Պաշարում և գրոհ

խմբագրել

Հուլիսի 10-ին խաչակրաց ջոկատները ըստ մարտական պլանի շարժվեցին ափի երկայնքով, իսկ վենետիկյան նավատորմը ուղևորվեց հարավ-արևմուտք։ Խաչակիրները զբաղեցրին Բոհեմունդի պալատի շրջակա տարածքը, սակայն նրանց ուժերը բավարարում էր միայն Վլահերնի դարպասի պաշարման համար.[9], սուր էր նաև սննդամթերքի խնդիրը։ Պաշարվածները արքայի փեսա Թորոս I Լասկարիսի հրամանատարությամբ կազմակերպեցին երկու խոշոր արտագրոհ որով ապացուցեցին, որ «հռոմեացիները» դեռ չեն կորցրել կռվելու ունակությունը[10]։

 

Հուլիսի 17-ին տեղի ունեցավ Կոստանդնուպոլսի ծովային և ցամաքային գրոհը։ Ճամբարը պաշտպանելու համար մնացին երեք մարտական ջոկատ։

Ֆլանդրիայի կոմս Բալդուին ղեկավարեց գրոհը։ Պատերը պաշտպանում էր կայսերական գվարդիան։ Ծանր մարտից հետո երկու ասպետի և երկու զինակիրի հաջողվում է զբաղեցնել պարիսպի մի հատված նրանց են միանում ևս 15 ասպետներ, քաղաքի պաշտպաններին հաջողվում է դուրս շպրտել ասպետներին, իսկ երկուսին հաջողվում է գերեվարել և հասցնել Ալեքսիոս կայսրին։ Մեծաքանակ կորուստներ ստանալով խաչակիրները նահանջում են։

Ի տարբերություն խաչակիրների՝ վենետիկցիները գործում էին ավելի հաջող։ Նրանք մի քանի շարքով կանգնեցրել էին նավերը որոնց վրա տեղադրված պաշարողական մեքենաները անդադար գնդակոծում էին քաղաքը։

Քանի որ վենետիկցիները չէին համարձակվում ափանել, կույր դոժ Դանդոլոն հրամայեց իրեն առաջինը իջեցնել։ Նրա ուղեկիցները դոժի առջև պահում էին Սուրբ Մարկոսի դրոշը։ Նրա օրինակը ոգեշնչեց մնացածին և վենետիկցիները հետևեցին դոժին։ Նրանք պատի մեջ ճեղք բացեցին և նետվեցին գրոհի, սակայն պիզացիները դուրս վտարեցին նրանց։

Այդ ժամանակ նավերից նոր իջած նավաստիները նետվեցին նոր գրոհի, պիզացիների ուժերը արդեն բավարար չէին գրոհը կասեցնելու համար։ Վենետիկցիներին հաջողվեց գրավել 25 աշտարակ և քաղաքի մեջ երկու կիլոմետր խորանալ[11], իսկ հակագրոհից խուսափելու համար վենետիկցիները այրեցին հարակից թաղամասերը։ Դոժը ֆրանկերին հաղորդեց, որ կարողացել է ներխուժել քաղաք որպես ապացույց ուղարկելով 200 բյուզանդական ձի։

Ալեքսիոս III կայսեր փախուստ։ Բանակցություններ

խմբագրել

Վենետիկցիների հաջողության մասին լուրերը և ժողովրդի հորդորները վերջապես ատիպեցին Ալեքսիոսին զենք վերցնել և դուրս գալ քաղաքից մարտնչելու։ Ըստ Վիլլարդուենի քաղաքից դուրս եկած բյուզանդական բանակը տասը անգամ գերազանցում էր խաչակիրների ջակատներին։ Սակայն խաչակիրները ճամբարի շուրջ պարիսպ էին կառուցել, այնպես որ նրանց հնարավոր էր գրոհել միայն ճակատից։

 
Իսահակ II և Ալեքսիոս III

Բյուզանդացի նետաձիգները մոտեցան ճամբարին և սկսվեց փոխհրաձգությունը։ Վենետիկցիները անհապաղ հասան օգնության։ Հույն պատմիչ Քոնիաթը հավաստիացնում է, որ բյուզանդացիները կհաղթեին ճակատամարտում, եթե արքան անձամբ գլխավորեր գրոհը կամ դա հանձնարարեր Թորոս Լասկարիսին։ Բյուզանդական զորքերը մի քանի ժամ կանգնել էին խաչակիրների դիմաց, իսկ արքան չհամարձակվելով գրոհել կայացրեց ամոթալի որոշում՝ վերադառնալ քաղաք։

Հաջորդ օրը՝ լուսաբացին արքան վերցրեց իր դստեր Իրինային, տասը տարա ոսկի և լքելով կնոջը նավով փախուստի մատնեց։ Իսահակ II-ն ազատ արձակվեց դարձյալ զբաղեցրեց գահը։ Խաչակիրները նրա մոտ ուղարկեցին պատվիրակություն վերջինիս որդու տված խոստումները կատարելու պահանջով։ Բանակցությունները շարունակվեցին մինչև օգոստոսի 1-ը, որից հետո Իսահակի որդն՝ Ալեքսիոսը, հռչակվեց կայսր։

Հետևանքներ

խմբագրել

Հուլիսի 19-ին սկսվեցին անկարգություններ. պիզացիները դժգոհելով բյուզանդացիների և Վենետիկի համաձայնությունից, խաչակիրներին համոզեցին թալանել մուսուլմանական թաղամասը։ Մտնելով թաղամաս՝ խաչակիրները և պիզացիները ներխուժեցին մզկիթ և թալանեցին այն։ Մուսուլմանները հարևան հույների օգնությամբ հետևեցին կողոպտիչներին, սակայն չկարողացան վերադարձնել թալանված հարստությունները, քանի որ հետագայում հույները լքեցին նրանց։ Զայրանալով հույների դավաճանությունից՝ նրանք այրում են հարակից թաղամասը, հրդեհը շարունակվեց երկու օր, այրվեցին նաև քաղաքի գլխավոր ձիարշավարանը և շուկան։

Ըստ համաձայնության խաչակիրներին և վենետիկցիներին պետք է վճարվեր մեծ գումար և մատակարարվեր սննդամթերք։ Կառավարությանը մեծ դժվարությամբ հաջողվեց հավաքել 100 հազար արծաթե դրամ։ Հավաքված գումարը հավասարաչափ բաժանվեց խաչակիրների և վենետիկցիների միջև։ Խաչակիրները դժգոհություն հայտնեցին գումարի չափի վերաբերյալ և ի դժգոհության հավաստիք մնացին ձմեռելու Բոսֆորում, վերցրին Գալաթիան և քաղաքը պարիսպից 10 մետր հողին հավասարացրին։ Իրադրությունը գնալով վատթարանում էր, իսկ նոյեմբերին բյուզանդացիները դադարեցրին սննդամթերքի մատակարարումը։

Խաչակիրները և վենետիկցիները հաջորդ տարի նախաձեռնեցին նոր ռազմական գործողություններ, ինչը հանգեցրեց Կոստանդնուպոլսի գրավմանը։ Բյուզանդիայի տեղում ստեղծվեց խաչակիրների հերթական պետությունը՝ Լատինական կայսրությունը։



Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Fourth Crusade». Historynet.com. 2016 թ․ փետրվարի 14. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
  2. Ուսպենսկի, 1997, էջ 287
  3. Ժոֆրուա դը Վիլլարդեն «Կոստանդնուպոլսի կործանումը» 141-146 էջեր
  4. Ժոֆրուա դը Վիլլարդեն «Կոստանդնուպոլսի կործանումը» 154 էջ
  5. Ժոֆրուա դը Վիլլարդեն «Կոստանդնուպոլսի կործանումը» 159 էջ
  6. Ռոբեր դը Կլարի, 53 էջ
  7. Никита Хониат, Царствование Алексея Комнина, брата Исаака Ангела, Սանկտ Պետերբուրգ, 1862։
  8. Ժոֆրուա դը Վիլլարդեն «Կոստանդնուպոլսի կործանումը» 160 էջ
  9. «Կոստանդնուպոլսի կործանումը, 1204». Agiasofia.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
  10. Քոնիաթ. Իսահակ Անգելոսի եղբայր Ալեքսիոսի գահակալությունը։ III գլուխ, 10 էջ
  11. «Չորրորդ խաչակրաց արշավանքը և Կոստանդնուպոլսի կործանումը». Geocities.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.

Գրականություն

խմբագրել
  • Жоффруа де Виллардуэн. Завоевание Константинополя / Перевод и комментарии М. А. Заборова. - М.: Наука, 1993.
  • Робер де Клари. Завоевание Константинополя / Перевод, статья и комментарии М. А. Заборова. - М.: Наука, 1986
  • Никита Хониат. История, начинающаяся с царствования Иоанна Комнина // Византийские историки, переведенные с греческого при Санкт-Петербургской Духовной Академии / Перевод под редакцией В. И. Долоцкого. - СПб., 1860.
  • Успенский Ф. И., История Византийской империи XI-XV вв. Восточный вопрос, Մ.։