Կոստանդինոս II (հակապապ)

հակապապ


Կոստանդինոս II (մոտ 710, Նեպի, Ֆրանկական թագավորություն - 8-րդ դար), Հռոմի կաթոլիկ եկեղեցու հակապապ (767 թվականի հունիսի 28-768 թվականի օգոստոսի 6)։ Նա գահընկեց է արվել Լանգոբարդների միջամտությամբ, դատապարտվել ու արտաքսվել է եկեղեցուց 769 թվականի Լաթերանյան ժողովի որոշմամբ։

Կոստանդինոս II
 
Մասնագիտություն քահանա
Ծնունդ մոտ 710
Նեպի, Ֆրանկական թագավորություն
Մահ 8-րդ դար

Կենսագրություն խմբագրել

Կոստանդինոսը ծնվել է հռոմեական ազնվական ընտանիքում Նեպի կոմունայում, Վիտերբո քաղաքի մոտ։ Նա ուներ չորս եղբայր, որոնցից ամենահայտնին Տոտոն էր[1]՝ Նեպիի մարզպետն ու ինքնակոչ կառավարիչը։ Նա ցանկանում էր օգտվել Պողոս I պապի մոտալուտ մահից, և բարձրանալ պապական գահին։ Քրիստափորը ստիպում է Տոտոյին հարգել պապական ընտրությունների ավանդական եկեղեցական մեթոդները[1]։ Վերջինս մեկուսանալով Նեպիի իր կալվածքում, Կոստանդինոսի և մյուս եղբայրների օգնությամբ իր մարզից և Տոսկանայի այլ մասերից զորք է հավաքում, ինչպես նաև զինում է մի խումբ գյուղացիների։

Լսելով, որ Պողոս I պապը մահվան եզրին է, Տոտոն և իր զինված մարդիկ ներխուժում են քաղաք և մուտք գործում Սբ․ Պանկրատիոսի դարբասներով[1]։ Նրանք շարունակում են իրենց ճանապարհը դեպի Սանտի Ապոստոլի բազիլիկ, որտեղ հավաքված էին պապական և հռոմեական ազնվականները, և որտեղ Քրիստափորը քարոզում էր, որ մոտակա ընտրություններում բոլորը պետք է հետևեն իրենց իրավունքին[1]։ Այնուամենայնիվ, հենց որ ժողովն ավարտվում է, Տոտոյի զինված կողմնակիցները հավաքվում են նրա Հռոմի տանը և եղբորը՝ Կոստանդինոսին պապ ընտրում[2]։

Քանի որ Կոստանդինոսը հոգևորական չէր, նա պետք է կարգված լիներ որպես սարկավագ և քահանա, հետևաբար ապա ձեռնադրվեր որպես եպիսկոպոս[3]։ Ըստ այդմ մի խումբ զինված մարդիկ ուղեկցում են նրան դեպի Լաթերանյան պալատ, որտեղ նրանք փորձում են ստիպել Պրաենեստեի եպիսկոպոսին Կոստանդինոսին որպես վանական ձեռնադրել[4]։ Եպիսկոպոսը ծնկի է իջնում Կոստանդինոսի առաջ և խնդրում չստիպել իրեն անել դա։ Սակայն, ի վերջո, նա հարկադրաբար կատարում է արարողությունը։ Հաջորդ օրը հունիսի 29-ին նրան ձեռնադրում է որպես սարկավագ։ Սա հակասում էր կանոնական օրենքին, ըստ որի անհրաժեշտ էր, որ եկեղեցական աստիճաններ շնորհվելու միջև ընկած ժամանակահատվածը լիներ առնվազն մեկ օր[4]։

Ապա հռոմեացիներից պահանջում են հավատարմության երդում տալ Կոստանդինոսին, որը 767 թվականի հուլիսի 5-ին նորից հարկադրում է Պրաենեստեի եպիսկոպոսին իրեն ձեռնադրել որպես եպիսկոպոս[4]։ Այդ ժամանակ, Քրիստափորը, Պրիմիցերիոսը և նրա որդի Սարգիսը, որը եկեղեցու գանձապահն էր, առաջնորդում են ընդդիմությանը[5]։ Սակայն տեսնելով, որ իրենց կյանքը վտանգի տակ է, փախչում են Սուրբ Պետրոսի տաճարի սրբարան և այնտեղ մնում են մինչև 768 թվականի ապրիլ։

Ֆրանկական արքա Պիպին Կարճահասակի հետ լավ հարաբերություններ ունենալու պապի փորձը հաջողություն չի ունենում։ Լանգոբարդները դավադրություն են կազմակերպում և զորքով մոտենում Հռոմին։ 768 թվականի հուլիսի 28-ին Տոտոն սպանվում է դավադիրների կողմից։ Կոստանդինոսը փախուստի է դիմում Լաթերանից, սակայն նրան բռնում են և արտաքսում եկեղեցուց։ 769 թվականի ապրիլի 12-ին Լաթերանյան բազիլիկում նոր պապի՝ Ստեփանոս III (IV)-ի գլխավորությամբ դատապարտում են Կոստանդինոսին։ Հետագայում Սան-Սաբա վանքում սպանվում է լանգոբարդների կողմից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Mann, 1903, pg. 362.
  2. Catholic Encyclopedia: Pope Stephen (III) IV
  3. DeCormenin, 1857, pg. 196.
  4. 4,0 4,1 4,2 Mann, 1903, pg. 363.
  5. Mann, 1903, pg. 366.

Գրականություն խմբագրել

  • Константин — имя 2 пап // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Фердинанд Грегоровиус. «История города Рима в средние века»

Արտաքին հղումներ խմբագրել

  • Anastasio, Ludovico Agnello (1754). Istoria Degli Antipapi (in Italian). Tomo primo. Naples: Stamperia Muziana. pp. 144–165.
  • Mann, Horace K., The Lives of the Popes in the Early Middle Ages, Vol. I: The Popes Under the Lombard Rule, Part 2, 657-795 (1903)
  • DeCormenin, Louis Marie; Gihon, James L., A Complete History of the Popes of Rome, from Saint Peter, the First Bishop to Pius the Ninth (1857)
  • Georg Schwaiger, "Die Rechtmäßigkeit der Päpste Dioskur (530) und Konstantin II. (767-768)," in Fleckenstein, Gisela / Klöcker, Michael / Schloßmacher, Norbert (Hrsg.), Kirchengeschichte. Alte und neue Wege. Festschrift für Christoph Weber. Band 1 und 2. Frankfurt am Main u.a., Peter Lang, 2008