Կոնֆուցիոսի կամ կոնֆուցիական տաճար, չինական ազգային կրոնում և արևելյան ասիական այլ կրոններում կոնֆուցիականության իմաստունների ու փիլիսոփաների պաշտամունքի վայր է։ Չինաստանում, Կորեայում, Վիետնամում այդ վայրերը նախկինում ծառայում էին որպես կայսերական քննության վերահսկման վայր և շատ հաճախ իրենց մեջ ընդգրկում էին դպրոցներ և այլ ուսումնական հաստատություններ։

Կոնֆուցիոսի տաճար
Հիմնական տվյալներ
Մասն էhyanggyo?[1]
 Confucian temples Վիքիպահեստում

Կոնֆուցիոսի արձանը ունի 72 մետր բարձրություն, պատրաստված է դեղին պղնձից և ամրացված է պողպատով։ Այդ հսկա արձանը գտնվում է Շանդուն նահանգի Ցյուֆու քաղաքում,որը Կոնֆուցիոսի ծննդավայրն է։

Անուններ խմբագրել

Արևելյան Ասիայում տաճարները հայտնի են տարբեր անուններով։ Ցյուֆույի և Պեկինի երկու մեծագույն տաճարները հայտնի են որպես «Կոնֆուցիոսի տաճարներ» (Kǒngmiào, 孔廟)։ Որոշ այլ վայրերում հայտնի են որպես «Գրականության տաճարներ» (文廟) (Chinese: wénmiào; վիետ․՝ văn miếu; Korean: munmyo;) , կամ «Գրականության իմաստունի տաճարներ» (վիետ․՝ văn thánh miếu)։ Հարավային Չինաստանում այդ անվամբ տաճարներում հիմնականում պաշտում են Վանչանգ Վանգ աստծուն, որը շատ հաճախ ասոցացվում է գիտնական Չժան Յազիի հետ։ Իսկ Ճապոնիայում դրանք հիմնականում հայտնի են որպես «Տաճարներ» կամ «Իմաստունների տաճարներ»(Japanese: seibyō or seidō, respectively)։

Պատմություն խմբագրել

 
Ցյուֆույի Կոնֆուցիոսի տաճարի «Մեծ Կատարելության սրահը» (Դաչենգդիերենը)։

Կոնֆուցիոսի պաշտամունիքին նվիրված պետական տաճարների զարգացումը նրա աստիճանական սրբադասման արդյունքն է։Ք․ա․195 թվականին Հան Գաո Ցուն՝ Հան դինաստիայի (Ք․ա 206-195թվականներ) հիմնադիրը, Ցյուֆույում գտնվող Կոնֆուցիոսի գերեզմանի վրա զոհոբերություն է մատուցել նրա հիշատակին։ Կոնֆուցիոսին և նրա նշանավոր աշակերտ Յան Հուին նվիրված զոհաբերությունները սկսվեցին 241 թվականից Կայսերական համալսարանում։

451 թվականին Հարավային Չինաստանի Լյու Սոնգ դինաստիան կառուցեց նշանավոր կոնֆուցիական տաճարը։489 թվականին Հյուսիսային Վեյ դինաստիան մայրաքաղաքում կառուցեց կոնֆուցիական տաճար,որը Ցյուֆույից դուրս առաջին տաճարն էր հյուսիսում։ 630 թվականին Թան դինաստիան հրահանգեց,որ բոլոր նահանգների և շրջանների դպրոցները պետք է ունենան կոնֆուցիական տաճար,որի արդյունքում տաճարները տարածվեցին ամբողջ Չինաստանում։ Հայտնի կոնֆուցիական սրբավայրերից են Ջյանշույում, Սիանում (այժմ Սթելսի անտառ) և Պեկինում (որտեղ առաջին կոնֆուցիական տաճարը կառուցվել է 1302 թվականին) գտնվող կոնֆուցիական տաճարները, ինչպես նաև Նանկինի Ֆուզի Միաո կոնֆուցիական տաճարը։ Հին Տյանցզինի կոնֆուցիական տաճարը գտնվում է Դոնգմեննեի Դաջի մայրուղու վրա՝ Ավանդական մշակույթի փողոցից (Գու Վնհուա Ջիե) դեպի արևմուտք և զբաղեցնելով 32 ակր տարածք այն համարվում է ամենամեծ ավանդական ճարտարապետական կառույցը Տյանցզինում։

Կոնֆուցիոսի ամենամեծ և ամենահին տաճարը հայտնաբերվել է Կոնֆուցիոսի ծննդավայրում՝ Շանդուն նահանգի ներկայիս Ցյուֆու քաղաքում։Այն հիմնադրվել է Ք․ա․479 թվականին՝ Կոնֆուցիոսի մահվանից մեկ տարի անց, Լու նահանգի դուքս Աիի հրամանով,ով հրահանգել էր, որ Կոնֆուցիոսի բնակավայրը պիտի դառնար նրա պաշտամունքի և զոհաբերության վայր։ Տաճարը ավելի քան 2000 տարիների ընթացքում բազմիցս ընդլայնվել է մինչև դարձել է ներկայիս հսկայական կառույցը։Կա նաև մեկ այլ տաճար Կուչժոուում։ Բացի կոնֆուցիական տաճարներից,որնք նվիրված էին Կոնֆուցիոսի պաշտամունքին, կային նաև Կոնգ տոհմին պատկանող տոհմական տաճարներ, Կոնֆուցիոսի գաղափարախոսությանը ոգեկոչող կառույցներ ամբողջ Չինաստանում, և ակադեմիաներում գտնվող մասնավոր տաճարներ։

Կառուցվածքը խմբագրել

 
Շանսի նահանգի Դատուն քաղաքում գտնվող Կոնֆուցիոսի տաճարի դարպասները։

Թան դինաստիայից (618-907) սկսած կոնֆուցիական տաճարները կառուցվում էին կայսրության պրեֆեկտուրաների և շրջանների դպրոցներում՝ կամ հենց դպրոցի դիմաց կամ էլ դպրոցի կողքին[2]։ Տաճարի գլխավոր դարպասը կոչվում է «Լինգսին» դարպաս։ Ներսում սովորաբար երեք գավիթ կա, թեև երբեմն լինում են միայն երկուսը։ Սակայն Ցյուֆույի տաճարը ունի ինը գավիթ, որտեղ կան մի շարք ստելաներ, որոնք հիշատակում են կայսեր այցելությունները կամ Կոնֆուցիոսի ժառանգներին նվիրված կայսերական ազնվական տիտղոսները։ Գլխավոր կառույցը տեղակայված է ներքին գավիթում` Դաչենգմենների մուտքով, և կոչվում է Դաչենգդիերեն տարբեր կերպ թարգմանվելով որպես «Մեծ նվաճումների սրահ», «Մեծ ավարտի սրահ» կամ «Մեծ կատարելության սրահ»։ Կայսերական Չինաստանում այս սրահը ներառում էր Կոնֆուցիոսին և այլ ականավոր իմաստուններին նվիրված հուշատախտակներ։ Ցյուֆույի Դանչենգդիերենի դիմաց գտնվում է «Ծիրանի հովնոցը» (որը հիշատակում է, թե ինչպես էր Կոնֆուցիոսը ծիրանի ծառի շվաքի ներքո ուսուցանում իր աշակերտներին)։ Գլխավոր կառույցի հետևում գտնվում է մեկ այլ կարևոր կառույց՝ «Իմաստունին երկրպագելու սրբավայր»-ը, որը հիշատակում է Կոնֆուցիոսի նախնիններին, «Չորս իմաստունների »և «Տասներկու փիլիսոփաների» հայրերին։

 
Չժեցյան գավառի Նինբո քաղաքում գտնվող Կոնֆուցիոսի տաճարի գլխավոր սրահը։

Ի տարբերություն դաոսական և բուդդայական տաճարների, կոնֆուցիական տաճարները սովորաբար նկարներ չունեն։ Ցյուֆույի տաճարում սկզբնական տարիներին, երևում է, որ Կոնֆուցիոսի և նրա աշակերտների պատկերները ներկայացված էին պատերի վրա և հանդես էին գալիս կավե կամ փայտե արձանների տեսքով։ Պաշտոնական տաճարներում կային նաև Կոնֆուցիոսի պատկերները։ Այնուամենայնիվ կային տարաձայնություններ, թե կոնֆուցիական տաճարները ընդօրինակում էին բուդդայական տաճարներին[3]։ Կային նաև կարծրատիպեր,թե կայսերական տաճարները ոչ թե Կոնֆուցիոսին երկրպագելու համար էին,այլ՝ նրա գաղափարախոսության պաշտամունքի։

Կոնֆուցիոսի արձանները նմանությամբ խիստ տարբերվում էին միմյանցից, ինչն էլ Մին դինաստիայի Թայզուն կայսերը ստիպեց հրահանգել,որ բոլոր կոնֆուցիական տաճարներում լինեն միայն հուշատախտակներ, և ոչ մի պատկեր։ 1530 թվականին որոշվեց, որ մայրաքաղաքի և բյուրոկրատական վայրերի կայսերական տաճարներում Կոնֆուցիոսի բոլոր պատկերները պիտի փոխարինվեին հուշատախտակներով։ Բայց այնուամնեայնիվ շատ ժամանակակից կոնֆուցիական տաճարներում կան արձաններ։ Արձաններ պահպանվել են նաև Կոնֆուցիոսի ժառանգների ենթակայության տակ գտնվող տաճարներում, ինչպես օրինակ Ցյուֆույում։

Երկրպագություն խմբագրել

Կոնֆուցիոսի երկրպագության կենտրոնում կոնֆուցիական տաճարում ՝ Կոնֆուցիոսի հիշատակին նվիրված զոհաբերությունն է։

Երկրպագության ժամանակ բեմադրվում էր նաև ութ սյունաձև շարքից բաղկացած պար (八佾舞), որտեղ յուրքանչյուր սյուն ուներ ութ պարող։ Ի սկզբանե այն եղել է վեց սյունաձև շարքից բաղկացած պար և բեմադրվում էր միջին արիստոկրատիայի համար, բայց 1477 թվականին Կոնֆուցիոսը արժանանում է ութ սյունաձև շարքից բաղկացած պարի կայսերական պատվին, քանի որ նա հետմահու պարգևատրվել էր թագավորի տիտղոսով։ Երաժիշտները, որոնք պարի մի մասն էին կազմում նվագում էին յայուե անվամբ հայտնի երաժշտությունը։

Բացի Կոնֆուցիոսին երկրպագելուց, կոնֆուցիական տաճարներում հարգանքի տուրք են մատուցում նաև «Չորս իմաստուններին», «Տասներկու փիլիսոփաներին», Կոնֆուցիոսի մյուս աշակերտներին և պատմության մեջ հայտնի այլ կոնֆուցիական գիտնականներին։ Երկրպագվող գործիչների թիվը և կազմը փոխվել և աճել է ժամանակի ընթացքում։ Քանի որ տաճարները կոնֆուցիական ուղղափառ ուղղվածության էին, կոնֆուցիացիներին սրբերի շարքին դասելը վիճելի էր։

Հանրապետական ժամանակաշրջանում (20-րդ դար) ընդհանուր առմամբ երկրպագվում էին 162 գործիչներ։ «Չորս իմաստուններն» են Յան Հուին, Զենգ Շենը, Կոնգ Ջին և Մենսիուսը։ Տասներկու փիլիսոփաններն են Մին Սուն, Ռեն Գենգը, Ռեն Յոնգը, Զայ Յուն, Զի- գանգը, Ռեն Յուն, Զի-Լուն, Զի-Յուն, Զի-Սիան, Զի-Ժանգը, Յու-Ռուոն և Զհու Հին։

Կոնֆուցիական տաճարներ մայրցամաքային Չինաստանից դուրս խմբագրել

Քանի որ կոնֆուցիական գաղափարախոսությունները տարածված էին նաև Արևելյան Ասիայում, կոնֆուցիական տաճարներ են կառուցվել նաև Վիետնամում, Կորեայում և Ճապոնիայում։ 18-րդ դարից սկսած որոշները նույնիսկ կառուցվել են Եվրոպայում և Ամերիկայում։ Նախնական հաշվարկներով մինչ օրս գոյություն ունի ավելի քան 3000 կոնֆուցիական տաճարներ։

Հոնկոնգ խմբագրել

 
Հոնկոնգի Վոնգ Թայ Սին տաճարի կողքին գտնվող կոնֆուցիական սրահը։

Կոնֆուցիական ակադեմիայի կողմից առաջարկված օրինագիծը, որով թույլատրվում էր Հոնկոնգում կառուցել առաջին կոնֆուցիական տաճարը, ընդունվել է 2013 թվականի սեպտեմբերին։ Որոշվեց, որ տաճարը պետք է տեղակայվեր հայտնի դաոսական Վոնգ Թայ Սին տաճարի մոտ, որը գտնվոմ է նույնանուն շրջանում[4]։

Թայվան խմբագրել

 
Թայբեյի Կոնֆուցիոսի տաճարը։

Թայվանում կառուցված առաջին կոնֆուցիական տաճարը Թայվանի կոնֆուցիական տաճարն է, որը կառուցվել է Տայնանում 1665 թվականին՝ Թուննինգ թագավորության ժամանակաշրջանում։ Թայբեյի Կոնֆուցիոսի տաճարը, որը կառուցվել էր 1879 թվականին Թայբեյի Վենվու փողոցում, քանդվել է ճապոնացիների կողմից 1907 թվականին՝ կառուցելու Թայբեյի առաջին աղջիկների ավագ դպրոցը, սակայն նորից կանգնեցվել է Դալոնգ փողոցում 1925-1939 թվականներին։ Նոր տաճարը նախագծվել է Վան Յի- Շունի կողմից, ով նաև վերահսկում էր կառուցման ընթացքը։ Ոճը Ֆուցզյանական տաճարի ոճի տիպիկ օրինակ է։ Ամեն տարի սեպտեմբերի 28-ին՝ Կոնֆուցիոսի ծննդյան օրը, քաղաքը անցկացնում է Շիդիանի տոնակատարությունը։ Բացի այդ կա նաև Հյուսիսային Սոնգ ճարտարապետական ոճի կոնֆուցիական տաճար, որը կառուցվել է 1974 թվականին և գտնվում է Գաոսյուն քաղաքի Զուոյինգ շրջանում։ Այլ կոնֆուցիական տաճարներ հայտնաբերվել են նաև Չիայ քաղաքում, Թայբեյում, Տայչունգ և Չանգհուա նահանգներում։

Վիետնամ խմբագրել

 
Վիետնամի Հանոյ գրականության տաճարը։

Վիետնամում կոնֆուցիական տաճարը կոչվում է «Գրականության տաճար» ( Văn Miếu)[5]։ Վիետնամում կառուցված առաջին կոնֆուցիական տաճարը «Հանոյի գրականության տաճարն» է, որը հիմնադրվել է 1070 թվականին՝ Լի դինաստիայի օրոք։ 1397 թվականից հետո, Թրան դինաստիայի տիրապետության ներքո Վիետնամում դպրոցների կառուցման հետ մեկտեղ կոնֆուցիական տաճարները նույնպես սկսեցին տարածվել ամբողջ երկրով։ Վիետնամում մեկ այլ հայտնի կոնֆուցիական տաճար է «Հունգ Յենի գրականության տաճարը», որը գտնվում է Հունգ Յեն քաղաքում։ Հայտնի կոնֆուցիական տաճարներ են կառուցվել Հուեում, Թամ Կիում, Հոյ Անում, Հունգ Յենում, Հայ Դուոնգում, Բիեն Հոայում, Վին Լոնգում և Բակնինում։

Կորեա խմբագրել

 
Հարավային Կորեայի Սեուլ մայրաքաղաքում գտնվող Մումյո կոնֆուցիական տաճարը։

Չինաստանից դուրս ամենաշատ կոնֆուցիական տաճարները հայտնաբերվել են Կորեայում։ Տաճարներն առաջին անգամ կառուցվել են Գորյոյի ժամանակաշրջանում (918-1392)։ Յի Սեոնգյեի (1392-1398) օրոք որոշում ընդունվեց, որ կոնֆուցիական տաճարներ պիտի կառուցվեին ամբողջ երկրով։ Չնայած նրան, որ դրանք արտացոլում էին չինական ստանդարտները, ինչպես օրինակ տաճարների դիմաց կառուցված դպրոցների շենքերը, այնուամենայանիվ դասավորվածությամբ և կառուցվածքով հասարակ էին։ Կորեան կոնֆուցիական գաղափարախոսության պաշտամունքի շարքին դասել է նաև իր գիտնականներին (Արևելքի տասնութ գիտնականները)։

Պատմականորեն Կորեան կոնֆուցիականությանը նվիրված մոտ 362 տաճար է ունեցել։ Երկրորդ համաշխարհային պատերազմից և երկրի բաժանումից հետո, հյուսիսում գտնվող կոնֆուցիական տաճարները սկսեցին օգտագործվել որպես ավանդական մշակութային կենտրոններ։ Իսկ հարավում գտնվող մոտ 232 տաճարներից որոշները շարունակեցին իրենց գործունեությունը։ Բացի կոնֆուցիականությանը նվիրված տաճարներից Կորեայի Հանրապետությունը ունի նաև տասներկու կոնֆուցիական ընտանեկան տաճարներ, երկու տաճարներ մասնավոր դպրոցներում և ևս երեքը գրադարաններում։

Ճապոնիա խմբագրել

 
Վերակառուցված Յուսիմա Սեիդո կոնֆուցիական տաճարի գլխավոր դարպասը։

Կոնֆուցիական տաճարներ (ճապ՝ 孔子廟, kōshi-byō) կառուցվել են նաև Ճապոնիայում, հաճախ կոնֆուցիական դպրոցների հետ միասին։ Ամենահայտնին Յուսիմա Սեյդոն է, որը կառուցվել է 1630 թվականին՝ Էդո ժամանակաշրջանում, որպես մասնավոր դպրոց, նեոկոնֆուցիական գիտնական Հայաշի Ռազանի կողմից։ Այն կառուցվել է Ուենո զբոսայգում (այդ ժամանակաշրջանում կոչվում էր Շինոբիգաոկա) և 18-րդ դարի վերջին Տոկուգավա շոգունատի կողմից տեղափոխվել է ներկայիս Օչանոմիզու թաղամասի մոտ և այդ հիմքի վրա բացվել է պետության կողմից հովանավորվող Շոհեյոկո խոշոր դպրոցը։

Այլ հայտնի կոնֆուցիական տաճարներ են հայտնաբերվել Նագասակիում, Բիզենում, Օկայամա պրեֆեկտուրայում, Տակույում, Սագա պրեֆեկտուրայում, Նահայում և Օկինավա պրեֆեկտուրայում։

Ինդոնեզիա խմբագրել

 
Ինդոնեզիայի Սուրաբայա քաղաքում գտնվող կոնֆուցիական եկեղեցին։

Կոնֆուցիական տաճարներ հայտնաբերվել են նաև Ինդոնեզիայում, որտեղ դրանք հիմնականում հայտնի են որպես «Կոնֆուցիոսի եկեղեցիներ», քանի որ կոնֆուցիականությունը այդ երկրում ընդունված կրոն է։ Չինարենում այս հաստատությունները հայտնի են որպես «պաշտամունքի սրահները»(礼堂)։ Ամենամեծն ու ամենահինը Սուրաբայա քաղաքի Բոն Բայոն է, որը ի սկզբանե կառուցվել էր 1883 թվականին քաղաքի Չինական արվարձանում, իսկ հետո 1907 թվականին տեղափոխվել է իր նոր վայր։ Նախնական տվյալներով ամբողջ Ինդոնեզիայում կա ավելի քան 100 կոնֆուցիական պաշտամունքի սրահներ։

Մալայզիա խմբագրել

Մալայզիայում առաջին կոնֆուցիական տաճարը կառուցվել է 20-րդ դարի սկզբին Պենանգ նահանգում գտնվող տարրական դպրոցում, և հայտնի է որպես Չունգ Հվա կոնֆուցիական դպրոց։ Դպրոցի կառուցումը նածաձռնվել էր Բրիտանիայի գաղութացրած տարածքներում Ցին դինաստիայի դեսպանի կողմից։ Այդ ժամանակ Պենանգում ծնողները իրենց երեխաներին բերում էին այս տաճար աղոթելու նախքան դասերի սկսվելը։ Երեխաները աղոթում էին ուսման մեջ հաջողության հասնելու համար։

Կան նաև երկու այլ կոնֆուցիական տաճարներ մայրաքաղաք Կուալա Լումպուրում, որոնք հայտնի են որպես SMJK կոնֆուցիական դպրոց և կոնֆուցիական մասնավոր դպրոց։ Եվս մեկ կոնֆուցիական դպրոց գործում է Մալակկա նահանգում,որտեղ ամեն տարի անցկացվում է Կոնֆուցիոսի պաշտամունքին նվիրված տոնակատարություններ։

Կոնֆուցիական տաճարների ցանկը խմբագրել

 
Թայվանի Գաոսյուն քաղաքում գտնվող Կոնֆուցիոսի տաճարը։
 
Շանսի նահանգի Դայ շրջանում գտնվող Դայժոու կոնֆուցիական տաճարը։
  • Չինաստանի Ցյուֆու (Կոնֆուցիոսի ծննդավայրը) քաղաքում գտնվող «Կոնֆուցիոսի տաճարը»
  • Չինաստանի Պեկին մայրաքաղաքում գտնվող «Կոնֆուցիոսի տաճարը»
  • Չինաստանի Նանկին քաղաքում գտնվող «Վարպետի տաճարը»
  • Չինաստանի Շանհայ քաղաքում գտնվող «Կոնֆուցիոսի տաճարը»
  • Չինաստանի Սուչժոու քաղաքում գտնվող «Կոնֆուցիոսի տաճարը»
  • Չինաստանի Ջիանշուհի քաղաքում գտնվող «Կոնֆուցիոսի տաճարը»
  • Չինաստանի Դայքսան նահանգում գտնվող «Կոնֆուցիոսի տաճարը»
  • Թայվանի Թայբեյի «Կոնֆուցիոսի տաճարը»
  • Թայվանի Տաոյուանի«Կոնֆուցիոսի տաճարը»
  • Թայվանի Տայչունգի «Կոնֆուցիոսի տաճարը»
  • Թայվանի Գաոսյուն քաղաքում գտնվող«Կոնֆուցիոսի տաճարը»
  • Թայվանի Տայնան քաղաքում գտնվող «Կոնֆուցիոսի տաճարը» (Թայվանի կոնֆուցիական տաճար)
  • Թայվանի Չանգհուա քաղաքում գտնվող «Կոնֆուցիոսի տաճարը»
  • Թայվանի Չիայի քաղաքում գտնվող «Կոնֆուցիոսի տաճարը»
  • Ճապոնիայի Նագասակի քաղաքում գտնվող «Կոնֆուցիոսի տաճարը»
  • Ճապոնիայի Նահա քաղաքում գտնվող «Շիսեյբո կոնֆուցիական տաճարը»
  • Ճապոնիայի Տակու քաղաքում գտնվող «Սեյբո կոնֆուցիական տաճարը»
  • Ճապոնիայի Տոկիո մայրաքաղաքում գտնվող «Յուսիմա Սեյդո կոնֆուցիական տաճարը»
  • Հարավային Կորեայի Սեուլ մայարքաղաքում գտնվող «Մունմյո կոնֆուցիական տաճարը»
  • Վիետնամի «Հանոյ գրականության տաճարը»
  • Վիետնամի Հունգ Յեն քաղաքում գտնվող«Գրականության տաճարը»
  • Վիետնամի Բակնին քաղաքում գտնվող «Գրականության տաճարը»
  • Վիետնամի Նղե Ան նահանգում գտնվող«Գրականության տաճարը»
  • Վիետնամի Դոնգ Նաի նահանգում գտնվող «Գրականության տաճարը»
  • Վիետնամի Վին Լոնգ քաղաքում գտնվող«Գրականության տաճարը»
  • Ինդոնեզիայի Սուրաբայա քաղաքում գտնվող «Բոն Բայոն տաճարը»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 한국학중앙연구원 한국민족문화대백과사전 (կոր.)
  2. Liu, Xu. Tang shu 唐書. Beijing: Zhonghua shuji. էջ 15.373.
  3. Sommer, Deborah (2002). «Destroying Confucius: Iconoclasm in the Confucian Temple». On Sacred Grounds: Culture, Society, Politics and the Formation of the Cult of Confucius: 95–133.
  4. «孔廟黃大仙新地標» [Wong Tai Sin Temple of Confucius landmark]. The Sun (չինարեն). Hong Kong. 2013 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. «Dịch hai chữ Văn Miếu ra tiếng Tây». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել