Կոնստանտին Օրբելյան Կրտսեր

հայ դաշնակահար, դիրիժոր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնստանտին Օրբելյան (այլ կիրառումներ)

Կոնստանտին Գարիի Օրբելյան (օգոստոսի 27, 1956(1956-08-27), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), դիրիժոր, դաշնակահար, ՌԴ վաստակավոր արտիստ (2004)։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար (2016-ից)։

Կոնստանտին Օրբելյան Կրտսեր
Ծնվել էօգոստոսի 27, 1956(1956-08-27) (68 տարեկան)
Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մասնագիտությունդիրիժոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՋուլիարդ դպրոց
Պարգևներ
Բարեկամության շքանշան
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
Բարեկամության շքանշան և Էլիս Այլընդ պատվո մեդալ

Կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի եղբոր՝ Գարեգին Օրբելյանի որդին է։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Սան Ֆրանցիսկոյում։ Հայրը հայ է, մայրը՝ ռուս։ Կոնստանտին Օրբելյանն իր դեբյուտը որպես վունդերքինդ դաշնակահար ունեցել է 11 տարեկանում, Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական դպրոցն ավարտելուց հետո սկսել է իր կարիերան որպես վիրտուոզ դաշնակահար, ելույթներ ունեցել խոշոր սիմֆոնիկ նվագախմբերի հետ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում և Ռուսաստանում։ Շրջագայում է ամերիկյան աստղերի հետ ռուսական երաժշտական կենտրոններում և ռուսական աստղերի հետ՝ Հյուսիսային Ամերիկայի երաժշտական կենտրոններում, և այդ հիանալի համագործակցությունը հասել է Եվրոպա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Կորեա և ամբողջ աշխարհի երաժշտական մայրաքաղաքները։

2004 թ. հունվարին նախագահ Պուտինը Օրբելյանին պարգևատրել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչմամբ, որը երբևէ չէր շնորհվել ոչ Ռուսաստանի քաղաքացու։ «Օպերա նյուզը» Օրբելյանին անվանել է «երգիչների երազած գործընկեր» և նշել, որ վոկալ երկացանկը նա իրականացնում է «առաջնորդ դաշնակահարի զգայունությամբ»։ Օրբելյանը հաճախ է համագործակցում Դմիտրի Խվորոստովսկիի հետ, որոնց երկացանկը ներառում է «Դելոս» ֆիրմայի արտադրած «Որտեղ եք, իմ եղբայրներ» և «Մոսկովյան գիշերներ» ձայնագրությունները, որ ներկայացվել են բազմաթիվ շրջագայությունների ժամանակ և կենդանի հեռարձակմամբ, այդ թվում՝ Մոսկվայի Կարմիր հրապարակից։

Օրբելյանի առաջին կինոաշխատանքը կոչվում է «Ռենե Ֆլեմինգ և Դմիտրի Խվորոստովսկի. մի ոդիսական Սանկտ Պետերբուրգում», նկարահանված Պետերբուրգի ամենից փառահեղ վայրերում, որ ներկայացնում է Ռենե Ֆլեմինգին և Դմիտրի Խվորոստովսկիին օպերայի տեսարաններում և արիաներ կատարելիս։

Դիրիժոր Նեեմե Յաարվիի հետ նրա ձայնագրած Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը Միացյալ Թագավորությունում արժանացել է «Տարվա լավագույնը կոնցերտի ձայնագրություն» մրցանակին։

Իր գեղարվեստական նվաճումները Օրբելյանը մշտապես օգտագործել է միջազգային բարի կամքի գործերին ի նպաստ։ Նա և նրա նվագախմբերը մասնակցում են նաև երիտասարդների մշակութային հարստացման ծրագրերին, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում։ 2001 թ. Օրբելյանին շնորհվել է Էլիս Այլենդի Պատվո մեդալը, որով պարգևատրվում են ներգաղթյալներին կամ նրանց զավակներին, որոնք բացառիկ ներդրում են կատարել Միացյալ Նահանգներում։ 2012 թ. Ռուսաստանի կողմից պարգևատրվել է Բարեկամության շքանշանով՝ ռուս մշակույթը երկրից դուրս ճանաչել տալու գործում ներդրման համար։

2016 թվականին նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար[1]։

Ս. Պետերբուրգի արվեստի և գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է (2000), Ս. Պետերբուրգի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր։

Պարգևներ, մրցանակներ

խմբագրել
  • Էլիս Այլենդի Պատվո մեդալ, 2001
  • ՌԴ վաստակավոր արտիստ, 2003
  • Բարեկամության շքանշան (Ռուսաստան), 2012՝ ռուսական մշակույթը երկրից դուրս ճանաչելի դարձնելու գործում ունեցած ներդրման համար
  • Բարեկամության շքանշան (Հայաստան), 2015՝ Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար[2]
  • ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2017[3]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  2. Կ. ՕՐԲԵԼՅԱՆԻՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. «ՀՀ մշակույթի նախարարության պարգևներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». mincult.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել