Կղմուխ Հեղինեի

բույսերի տեսակ
(Վերահղված է Կղմուխ մեծից)
Կղմուխ Հեղինեի
ձվախոտ Հեղինեի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Բարդածաղկավորներ
Ընտանիք Աստղածաղկազգիներ
Ցեղ ձվախոտ
Տեսակ ձվախոտ Հեղինեի
Լատիներեն անվանում
Inula helénium
L., 1753
Հոմանիշներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ձվախոտ Հեղինեի (լատին․՝  Ínula helénium), հայկական տարանունները՝ ձվախոտ, վայրի արևածաղիկ, ախրիճանակ, արտի ծաղիկ, կղմուխ հալենա, ճանակ (արաբ.- ջանագ), Անտուզ (պարս.-անդուզա),Կղմուխ (արաբ.-քալմուհ), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի տեսակ, աճում է Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում[1]։

Դեղաբույսի նկարագրությունը խմբագրել

Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, 100-250 սմ բարձրության բազմամյա խոտաբույս է՝ բնորոշ հաստ կոճղարմատով, հոտավետ, բարկահամ, մսալի արմատով։ Ունի հաստ, ուղղականգուն ցողուն, խոշոր, խորդուբորդ, թավշանման տերևներ։ Եզրային ծաղիկները երկար են՝ նեղ լեզվակով, միջինները՝ խողովակաձև, ոսկեդեղին։ Պտուղը լերկ, փուփուլավոր, քառանիստ սերմիկ Է։ Մեր հանրապետությունում նկարագրված է 13 տեսակ, որոնց գերակշռող մասն ունի բուժական նշանակություն։ Բույսն աճում է խոնավ մարգագետիններում, գետեզրերին, գետահովիտներում, նախալեռնային գոտուց մինչև մերձալպյան գոտին ներառյալ։ Ծաղկում է հուլիս–սեպտեմբեր, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Բազմամում են սերմերով, իսկ մշակության մեջ՝ նաև արմատամասերով։ Պտղակալում է կանոնավոր, ձմեռում՝ լավ։

 
Կղմուխ Հեղինեի: Բուսաբանական նկարազարդում «Köhler’s Medizinal-Pflanzen», 1887 գրքից

Անվան ծագում խմբագրել

Ցեղի հունարեն «ինուլա» անունը նշանակում է դատարկել, մաքրել. այն կապված է բույսի` շնչուղիների վրա ցուցաբերված ներգործության հետ և հաճախ է հանդիպում Պլինիուս, Ցելսիուսի և Դիոսկորիդի գործերում, իսկ «հելենիում» բառը ոմանք կապում են հունական հելիոս` արև հասկացության հետ (ծաղիկներն` արևի նմանվելու հետ կապված)[2]։

Քիմիական բաղադրությունը խմբագրել

Արմատը և կոճղարմատը պարունակում են մանուշակահոտ եթերայուղ (1-4%), սապոնիններ, խեժ, ձյութ, լորձային և դառը նյութեր, պիգմենտ, դեհիդրոալանտոլակտոն, ֆրիդելին, դամմարադիենիլացետատ, դամմարադիենոլ, ֆիտոմելան, ինուլին (մինչև 44%), պսևդոինուլին, անկայուն պոլիեններ, ստիգմաստերին, E վիտամին, կարոտին և այլն, տերևներում՝ C վիտամին։ Եթերայուղի հիմնական բաղադրիչ մասը ալանտոլակտոնն է։

Բուժական նշանակությունը խմբագրել

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են դեղաբույսի արմատն ու կոճղարմատը, որոնք հանում են ուշ աշնանը, մաքրում հողից, լվանում սառը ջրով, վերածում 3-5 սմ կտորների, չորացնում ստվերում՝ միջանցուկ քամու տակ։ Պատրաստի հումքը պահում են թղթով փաթաթված, փակ տուփերի մեջ։ 100 կգ թարմ արմատից ստանում են 35 կգ չոր հումք։

Դեռևս Հին Հռոմում և Հունաստանում կղմուխը օգտագործվել է ոչ միայն դեղաբույս, այլ նաև որպես ուտելիք։ Որպես հազը հանգստացնող միջոց, կղմուխի մասին նշել է Հիպոկրատը։ Ավիցեննան դեղաբույսի հյութը մեղրով օգտագործել է որպես խուխամուղ հակաասթմատիկ միջոց։

  «Իմացիր,- գրում է մեծ բժիշկը, - կղմուխը և նրա թուրմը շատ օգտակար են այս հիվանդության ժամանակ»։ Ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների, հատկապես բղկոցների դեպքում «չոր կղմուխը հրաշալի միջոց է»։  

Մ. Հերացին «ռասան» կամ «ըռասան» անվան տակ, բույսի արմատը և կոճղարմատն օգտագործել է որպես օրգանիզմը տոնուսավորող, մարսողությունը լավացնող, թոքաբորբը և այլ բորբոքական պրոցեսները բուժող միջոց։ Այլ դեղամիջոցների հետ խառնված, նա կղմուխն օգտագործել է լյարդի և փայծաղի ուռուցքների, այդ օրգանների խցանումների, ջրգողության և ստամոքսաելքի ուռուցքի ժամանակ։ Այստեղ ևս, ինչպես նախորդ դեպքերում, կղմուխի մասին հարուստ տվյալներ է բերում Ամիրդովլաթը։ «Ըռասան», «տիպախ», «զանճապիլ շամի» և այլ անուններով նա դեղաբույսն օգտագործել է ոսկրացավի, կոտրվածքների, գոտկացավի, միզակապության և դժվարամիզության, անդամալուծության, նևրալգիաների, միգրենի, թոքերի և լյարդի խցանումների, ճիճվակրության, հազի, բրոնխիալ ասթմայի, էկզեմայի, մաշկի քորի, տարբեր տեսակի ջերմերի, դաշտանային խանգարումների, փորացավի, ընկնավորության, արգանդի բորբոքումների ժամանակ։ Նշվում է, որ դեղաբույսն անմիջապես ուտելու, օծելու, եփուկի, գինու կամ քացախի հետ խառնված, լոգանքի և այլ ձևերով օգնում է կարճահարին, գազանահարին, դիվահարին և ընկնավորին։ Ուշագրավ է այն, որ տերևները տանը պահելիս կամ այրելիս՝ հոտը վանում է միջատներին, ոչնչացնում լվերին։ Հայկական հին բժշկարաններում նշվում է, որ դեղաբույսն օգնում է թութքին, քորին, զստացավին, միգրենին, քոսին։ Արմատափոշին մեղրի հետ շաղախված, ներքին ընդունման ձևով, մաքրում է ստամոքսը, բուժում սրտային և լյարդի մի շարք հիվանդություններ, փափկացնում է հազը, դուրս բերում խուխը, իջեցնում ջերմությունը[3]։ Առնոլդ Վիլլանովցու տվյալներով (14-րդ դար) բույսի հյութն օգնում է ճողվածքին, կանոնավորում դաշտանը, ցուցաբերում միզամուղ և վիժեցնող հատկություն։ Ռուֆը ուժեղ հազով ուղեկցվող շնչուղիների մի շարք հիվանդությունների ժամանակ առաջարկում է բույսի արմատն ընդունել մեղրով։ Որոշ երկրներում դեղաբույսն օգտագործվում է լնդերի ախտահարման, հին վերքերի բուժման, ստամոքսի թերսեկրետոր բնույթի բորբոքումների և ցավի ժամանակ։

Ավիցեննան դեղաբույսն օգտագործել է սրտային մի շարք հիվանդությունների, նստաներվերի բորբոքման և հոդացավերի ժամանակ։ Արմատի եփուկը՝ խաղողի հյութով, տրվել է սրտային և թոքային հիվանդներին, իսկ օշարակով՝ սակավամիզության ժամանակ։ Տրորված արմատը դնելով վրայից՝ բուժում է կոնքի հատվածի ցավերը, իսկ տերևները՝ գինով, օգտակար են նեֆրիտների դեպքում։ Արմատափոշին՝ մեղրով, ունի հազը հանգստացնող և հևոցը վերացնող հատկություն։

Բուժական նշանակությունը տարբեր երկրներում խմբագրել

Տիբեթական բժշկության մեջ բույսի տերևներն ու ծաղիկներն օգտագործում են սիբիրախոցի ժամանակ

Հնդկական բժշկության մեջ՝ բրոնխիտների և ռևմատիզմի, հոմեպատիայում՝ հազի, ասթմայի և դիաբետի ժամանակ[4]։

Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի արմատը համարում են խուխամուղ միջոց և օգտագործվում է շնչահեղձման, բրոնխիտների, գրիպի և կապույտ հազի ժամանակ։

Ուկրաինայում ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը համարվում է որպես խուխամուղ, մարսողությունը և ընդհանուր նյութափոխանակությունը լավացնող, քրտնամուղ, միզամուղ, դաշտանամուղ միջոց։ Նշվում է, որ բեղաբույսից լավանում է ախորժակը, վերանում աղեփքանքը, աղեխիթը և բղկոցները։ «Կղմուխի գինի» անվան տակ դեղաբույսն օգտագործվում է ընդհանուր թուլության և ետինֆեկցիոն ասթենիկ վիճակի ժամանակ։

Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ արմատն օգտագործվում է կապույտ հազի, գլխապտույտների, սրտխփոցների, գլխացավերի, ընկնավորության ժամանակ, ինչպես նաև վաղաժամ ծննդաբերությունը կանխելու նպատակով։

Գերմանիայում դեղաբույսն օգտագործվում է շնչուղիների և ստամոքսային հիվանդությունների ժամանակ։

Ավստրիայում` թոքերի հիվանդությունների և ճիճվակրության ժամանակ, իսկ քսուքի ձևով` մաշկի քորի և էկզեմայի դեպքում։ Դեղաբույսի վերաբերյալ հետաքրքիր փորձառական աշխատանքներ է տարել Ն. Վ. Կլենինան։ Նա ընտանի կենդանիների վրա հետազոտելով կղմուխի եփուկը, պարզել է, որ վեջինս ունի ոչ բորբոքական բնույթի լուծերը դադարեցնող հատկություն։ Այսպես, բուժման 2-րդ օրվանից կենդանիների մոտ պակասել է լուծը, լավացել ախորժակը, ընդհանուր վիճակը, նվազել ինտոքսիկացիան։ Եփուկը 2.10-3 գ/մլ խտությամբ նեղացնում է ճագարի մեկուսացված ինչպես էլ բորբոքված ականջի անոթները, իսկ 10-3 գ/մլ խտությամբ ճնշում է մեկուսացված աղիքի շարժունակությունը, թուլացնում նրա տոնուսը։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ նույն խտությամբ եփուկը վերացրել է պիլոկարպինից և բարիումի քլորիդից առաջացած աղիքի սպազմը։ Գալարակծկանքի ճնշման հետ մեկտեղ նվազել է նաև ստամոքսի սեկրեցիան և մարսողական տրակտի որոշ ֆերմենտների ակտիվությունը և հակառակ այս բոլորի՝ ուժեղացել է լեղագոյացումը և լեղու արտահոսը։ Ն. Վ. Կլենինան բացահայտել է նաև դեղաբուսի հակաբորբոքիչ և նաև հականեխիչ հատկությունները, որոնք, հավանաբար պայմանավորված են արմատի մեջ պարունակվող եթերայուղով, իսկ դեղաբույսի ճիճվամուղ հատկությունը նա կապում է նույն եթերայուղի մեջ մտնող ալանտոլակտոնով, որն օժտված է սանտոնինատիպ ներգործությամբ։ Պետերբուրգի ֆարմացևտիկ գիտահետազոտական ինստիտուտի տվյալներով, խուխամուղ և հազը հանգստացնող հատկությամբ դեղաբույսը միանգամայն կարող է փոխարինել արտասահմանից ներմուծվող կաթնախոտին (սենեգային)։ Դեղաբույսի արմատը և կոճղարմատը օֆիցինալ են Նիդեռլանդիայում։

Բուժական նշանակությունը Հայաստանում խմբագրել

Մեզ մոտ կղմուխը օգտագործվում է որպես խուխամուղ և ախտահանող միջոց՝ վերին շնչուղիների սուր և քրոնիկական մի շարք հիվանդությունների ժամանակ։ Այն մտնում է Զդրենկոյի հակաուռուցքային միքստուրայի բաղադրության մեջ։ Մեր տվյալներով, բացի արմատից և կոճղարմատից, որոշակի լեղամուղ և քրտնամուղ հատկությամբ օժտված են նաև բույսի ծաղիկները, որոնց ջրաթուրմը՝ 1/10-ի հարաբերությամբ, 1-ական ճաշի գդալ, օրական 5-6 անգամ օգտագործել ենք լեղուղիների քրոնիկական բորբուքումներով հիվանդների բուժման ժամանակ. կրկնվող դուոդենաժները ցույց են տվել լեղու բոլոր բաժինների ավելացում, բորբոքական երևույթների զգալի պակասում, լեղու բաղադրատարրերի նորմալացման հակում։ Շնչուղիների սուր բորբոքման ժամանակ նույն ջրաթուրմը, շնորհիվ թրտնամուղ արդյունքի, զգալի չափով թեթևացնում է հիվանդի վիճակը, նվազեցնում կատառային և ինտոքսիկացիայի երևույթները, նպաստում ջերմության իջեցմանը։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Դեռևս Հին Հռոմում և Հունաստանում կղմուխը օգտագործվել է ոչ միայն դեղաբույս, այլ նաև որպես ուտելիք։ Որպես հազը հանգստացնող միջոց, կղմուխի մասին նշել է Հիպոկրատը։

Ավիցեննան դեղաբույսի հյութը մեղրով օգտագործել է որպես խուխամուղ հակաասթմատիկ միջոց։

  «Իմացիր,- գրում է մեծ բժիշկը, - կղմուխը և նրա թուրմը շատ օգտակար են այս հիվանդության ժամանակ»։ Ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների, հատկապես բղկոցների դեպքում «չոր կղմուխը հրաշալի միջոց է»։  

Մ. Հերացին «ռասան» կամ «ըռասան» անվան տակ, բույսի արմատը և կոճղարմատն օգտագործել է որպես օրգանիզմը տոնուսավորող, մարսողությունը լավացնող, թոքաբորբը և այլ բորբոքական պրոցեսները բուժող միջոց։ Այլ դեղամիջոցների հետ խառնված, նա կղմուխն օգտագործել է լյարդի և փայծաղի ուռուցքների, այդ օրգանների խցանումների, ջրգողության և ստամոքսաելքի ուռուցքի ժամանակ։

Այստեղ ևս, ինչպես նախորդ դեպքերում, կղմուխի մասին հարուստ տվյալներ է բերում Ամիրդովլաթը։ «Ըռասան», «տիպախ», «զանճապիլ շամի» և այլ անուններով նա դեղաբույսն օգտագործել է ոսկրացավի, կոտրվածքների, գոտկացավի, միզակապության և դժվարամիզության, անդամալուծության, նևրալգիաների, միգրենի, թոքերի և լյարդի խցանումների, ճիճվակրության, հազի, բրոնխիալ ասթմայի, էկզեմայի, մաշկի քորի, տարբեր տեսակի ջերմերի, դաշտանային խանգարումների, փորացավի, ընկնավորության, արգանդի բորբոքումների ժամանակ։ Նշվում է, որ դեղաբույսն անմիջապես ուտելու, օծելու, եփուկի, գինու կամ քացախի հետ խառնված, լոգանքի և այլ ձևերով օգնում է կարճահարին, գազանահարին, դիվահարին և ընկնավորին։ Ուշագրավ է այն, որ տերևները տանը պահելիս կամ այրելիս՝ հոտը վանում է միջատներին, ոչնչացնում լվերին։ Հայկական հին բժշկարաններում նշվում է, որ դեղաբույսն օգնում է թութքին, քորին, զստացավին, միգրենին, քոսին։ Արմատափոշին մեղրի հետ շաղախված, ներքին ընդունման ձևով, մաքրում է ստամոքսը, բուժում սրտային և լյարդի մի շարք հիվանդություններ, փափկացնում է հազը, դուրս բերում խուխը, իջեցնում ջերմությունը։

Առնոլդ Վիլլանովցու տվյալներով (14-րդ դար) բույսի հյութն օգնում է ճողվածքին, կանոնավորում դաշտանը, ցուցաբերում միզամուղ և վիժեցնող հատկություն։

Ռուֆը ուժեղ հազով ուղեկցվող շնչուղիների մի շարք հիվանդությունների ժամանակ առաջարկում է բույսի արմատն ընդունել մեղրով։ Որոշ երկրներում դեղաբույսն օգտագործվում է լնդերի ախտահարման, հին վերքերի բուժման, ստամոքսի թերսեկրետոր բնույթի բորբոքումների և ցավի ժամանակ։

Ավիցեննան դեղաբույսն օգտագործել է սրտային մի շարք հիվանդությունների, նստաներվերի բորբոքման և հոդացավերի ժամանակ։ Արմատի եփուկը՝ խաղողի հյութով, տրվել է սրտային և թոքային հիվանդներին, իսկ օշարակով՝ սակավամիզության ժամանակ։ Տրորված արմատը դնելով վրայից՝ բուժում է կոնքի հատվածի ցավերը, իսկ տերևները՝ գինով, օգտակար են նեֆրիտների դեպքում։ Արմատափոշին՝ մեղրով, ունի հազը հանգստացնող և հևոցը վերացնող հատկություն։

Այլ օգտակար հատկանիշներ խմբագրել

Կղմուխը դեկորատիվ բույս է, այն հաճախ աճեցնում են պուրակներում և այգիներում։ Չափավոր մեղրատու է, չոր արմատից ստացվում է կապույտ ներկ։ Շնորհիվ հաճելի հոտի, այն օգտագործվում է հրուշակեղենի, լիկյորի և օղու արտադրության մեջ։

Դասակարգում խմբագրել

Տաքսոնոմիա խմբագրել

Կղմուխը մտնում է Inula դասի, Asteraceae ընտանիքի և Asterales կարգի մեջ։


  12 ընտանիք (համաձայն APG II Համակարգի)   ուղիղ 20 ցեղ  
         
  Կարգ Բարդածաղկավորներ     Ենթաընտանիք Աստղածաղկազգիներ     տեսակ Կղմուխ Հեղինեի
               
  Բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր     Ընտանիք Աստղածաղկազգիներ     ցեղ Կղմուխ    
             
  Ծաղկավոր բույսերի 44 կարգ (համաձայն APG II Համակարգի)   Ենթաընտանիկ Եղերգենիներ   տեսակներ Ligularia, Doronicum,
     

Ծանոթագրություններ խմբագրել

  1. B.-E. van Wyk and M. Wink. (2004). Medicinal Plants of the World, p. 181, Singapore: Times Editions.
  2. «MRSA faces defeat from wild flower». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 23-ին.
  3. Howard, Michael (1987). Traditional Folk Remedies. Century. էջ 135. ISBN 0-7126-1731-0.
  4. Bartram, T. (1998) Bartram’s Encyclopedia of Herbal Medicine. London: Robinson Publishing Ltd ISBN 978-1854875860
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կղմուխ Հեղինեի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կղմուխ Հեղինեի» հոդվածին։