Կհաջուրահո (հինդի՝ खजुराहो), միջնադարյան Չանդելա արքայատոհմի (IX-XIII դդ.) մայրաքաղաքը, որը գտնվում է Կենտրոնական Հնդկաստանում (ներկայիս Մադհյա Պրադեշ նահանգ)։ Երբեմնի քաղաքի տարածքում պահպանվել են մի խումբ հինավուրց տաճարներ, որոնք 1986 թվականից ընդգրկվել են Հնդկաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ[2][3]։

Բնակավայր
Կհաջուրահո
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՀամայնքChhatarpur district?
ԲԾՄ282 մետր
Բնակչություն24 481 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ7686
Փոստային դասիչ471606
Կհաջուրահո (Հնդկաստան)##
Կհաջուրահո (Հնդկաստան)

Ծագում

խմբագրել

Անցյալում Կհաջուրահոն մեծ քաղաք էր և ներկայիս նրա ավերակները զբաղեցնում են մոտավորապես 14² կմ տարածք։ Կհաջուրահոյի տաճարները կառուցվել են Չանդելա արքայատոհմի ժամանակներում, որոնք կառավարել են 650-1150 թվականներին։ Քաղաքը նրանց մշակութային և կրոնական մայրաքաղաքն էր։ Տաճարների մեծամասնությունը կառուցվել են 950 և 1100 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։

85 տաճարներից պահպանվել են միայն 20-ը, որոնք կազմում են երեք խումբ և պատկանում են երկու տարբեր կրոնական ուղղությունների՝ հինդուիզմին և ջայնիզմին, այդպիսով վեր հանելով ճարտարապետական ձևերի և քանդակների միջև եղած օրգանական զուգակցումը։ Կհաջուրահոյի աշխարհիկ կառույցները չեն պահպանվել, իսկ տաճարները պահպանել են հյուսիսում գտնվող հնդարիական տիպի տաճարների հետ ունեցած ոճային ընդհանրությունները։ Այստեղ ներկայացված հյուսիսհնդկական «նագարա» ոճին բնորոշ են երեք տարրեր՝ քառակուսի սրբարանը, մեկ կամ երկու շարք տրանսեպտներն ու շիկհարաները, որոնք պսակում են տաճարը[4]:

Չանդելա արքյատոհմի անկումից հետո քաղաքը մասնակիորեն ավերվել է և մուսուլմանների կառավարման ժամանակաընթացքում կորսվել ջունգլիներում։ 1838 թվականին տեղացի ուղեցույցները անգլիական բանակի սպա Տ. Ս. Բերտին ուղեկցել են կորուսյալ տաճարների մոտ, որի շնորհիվ էլ նրանք կրկին հառնեցին հասարակական լայն շրջանակների առջև[5][6]:

Հնդկական հնագիտության հիմնադիր Ալեքսանդր Կանինգհեմի հաղորդմամբ, տաճարների երկրորդ հայտնաբերումից հետո, դրանք հինդուսների և յոգերի կողմից գաղտնի կերպով օգտագործվում էին հոգևոր գործունեություն ծավալելու համար։ Գլխավոր տոնակատարությունների ժամանակ այցելում էին ուխտավորներ։ Այդպիսի տոներից էր նաև Շիվա աստծուն նվիրված Մահաշիվարատրին։ 1850 թվականին հնդկագետ Ֆրեդերիկ Մեյսին, առաջին անգամ սկսեց մատիտով ուրվագծել Կհաջուրահոյի ճարտարապետական տարրերը[7]։

Ճարտարապետություն

խմբագրել
 
Տաճարի կառուցվածքն ու տարածաչափական կողմնորոշումը

Կհաջուրահոյի համալիրը իրենից ներկայացնում է հյուսիսային Հնդկաստանի միջնադարյան ճարտարապետության զարգացման գագաթնակետը։ Տաճարները նվիրված են շիվաիզմի, վայշնավիզմի և ջայնիզմի աստվածություններին։ Գրեթե բոլոր տաճարները կառուցված են բաց դարչնագույն ավազաքարից։ Առավել աչքի ընկնողը արևմտյան խմբին պատկանող տաճարներն են։ Դրանցից հատկապես առանձնանում է Չաուսաթ Յոգինի տաճարը, որն ամենահին տաճարներից մեկն է և նվիրված է Կալի աստվածուհուն։ Ամենախոշորը նույն խմբին պատկանող Կանդարյա Մահադևա տաճարն է՝ նվիրված Շիվային և կառուցվել է Վիդյադհարա թագավորի օրոք՝ 1025-1050 թվականներին[8]։ Վերջինս դրանով ցանկանում էր իր գոհունակությունը արտահայտել Շիվային՝ Մահմուդ Ղազնևիի դեմ տարած հաղթանակի համար։ Տաճարի ներսում առկա են երեք սրահներ, որոնք տարածքային առումով ըստ հերթականության մեծանում են։ Առաջին սրահը նվիրված է Շիվային, երկրորդը նրա կնոջը՝ Փարվատիին, իսկ երրորդ սրահում, որը սրբարանն էր, գտնվում էր Շիվայի խորհրդանիշ Լինգամը[9]:

Տաճարների պատերը ծածկված են դիցաբանական տարբեր հերոսների, կենդանիների, երաժիշտների, պարողների և սիրահարների քանդակներով[4]: Ընդհանուր առմամբ, 22 տաճարներից առավելապես հայտնի են արևմտյան խմբին պատկանող հինգ տաճարներ, որոնք ամեն տարի դեպի իրենց են ձգում հազարավոր զբոսաշրջիկների[10]։ Տաճարներից երեքը կառուցված են գրանիտից, իսկ մնացածը՝ ավազաքարից։ Հիմնականում շինանյութը հայթայթել են Կեն գետի արևելյան ափին գտնվող Պաննա քաղաքից[11]։

 
Կհաջուրահոյի քարտեզը

Կհաջուրահոյի տաճարների քանդակագործության ակունքների մոտ կանգնած է Օրիսայի (Օդիշա) միջնադարյան դպրոցը և գերազանցում է նրան պատկերների վայելչագեղությամբ։ Համալիրի քանդակների ամբողջությունը կարելի է բաժանել հինգ կարգերի[12].

  • Այն աստվածության քանդակները, որին նվիրված է տաճարը։
  • Աստվածությունների արբանյակների քանդակներ, որոնց թվին են պատկանում նաև աստվածությունների կանայք՝ Լաքշմին և Փարվատին։
  • Կիսաստվածներ և հոգիներ։ Դրանց թվին են պատկանում ապսարաները, գանդհարվաները և սուրասունդարիները (երկնային գեղեցկուհիները)։
  • Աշխարհիկ կերպարներ։ Դրանց են պատկանում թագավորներն ու նրանց ընտանիքների անդամները, մարդկանց կենցաղը պատկերող քանդակները և այլն։
  • Կենդանիների քանդակներ (փղեր, ձիեր, կապիկներ, շներ, թռչուններ և այլն)։

Էրոտիզմը Կհաջուրահոյում

խմբագրել

Կհաջուրահոն դարձել է էրոտիկ բնույթի քանդակագործության խորհրդանիշը։ Վայելչագեղ կանայք (սուրասունդարիները) և նրանց ուղեկիցները ներկայացված են բնական իրավիճակներում։ Էրոտիկ քանդակները թույլ են տալիս պատկերացում կազմել Հին Հնդկաստանում սեռական կյանքի վերաբերյալ։ Հինդուիստական փիլիսոփայության մեջ սեքսի երեք նպատակներից (սերնդի շարունակություն, հաճույք և կրթություն)՝ էրոտիկ տեսարաններում ներկայացված է միայն հաճույքը։ Այդ բոլոր էրոտիկ պատկերները քանդակված են տաճարների արտաքին պատերին և դրանցից ոչ մեկը ներսում չի քանդակված։

Որոշ հնդկագետների կարծիքով, էրոտիկ տեսարանները պատկերում են տանտրիզմի ուսմունքը։ Կամասուտրան 8-րդ գլխի երրորդ մասում հիշատակում է մի շարք հոմոսեքսուալ դիրքեր և Կհաջուրահոյում ներկայացված են համապատասխան մի քանի տեսարան։ Նման տեսարաններ հանդիպում են նաև Կոնարկ քաղաքի և Պուրի շրջանի տաճարների քանդակներում, ինչպես նաև Ինդոնեզիայի Բորոբուդուր բուդդայական ստուպայում[13]։

Կհաջուրահոյի քանդակագործության մեջ էրոտիզմի առկայության վերաբերյալ հնդկագետները առաջ են քաշում մի քանի բացատրություն։ Առաջին հերթին, սեքսի թեման Հին Հնդկաստանում կարող էր լինել հասանելի բոլորի համար և այն արգելված չի եղել։ Երկրորդ. Քանդակները Կամասուտրայի նկարազարդումներն են և զուտ ծիսակարգային խորհրդանիշներ են։ Յոգայի (մարմնի և զգացմունքների կառավարման ունակություն) և բհոգայի (ֆիզիկական հաճույք) միավորման մեջ հինդուսները տեսնում էին ազատության հասնելու ուղին։ Երրորդ. Էրոտիկ քանդակները տաճարների պատերի ներքևի հատվածներում պատկերելը՝ ուներ մեկ նպատակ, ցույց տալ սեռական հարաբերությունների տեղը մարդկային արժեքների աստիճանահարթակում։ Վերևի հատվածներում գտնվում են միայն աստվածներն ու կիսաստվածները։

Հարկ է նշել, որ Հին Հնդկաստանում հանդիպում են սիրահար զույգերի առավել վաղ արված պատկերներ։ Դրանց թվին են պատկանում Շունգայի ժամանակաշրջանի տերակոտային քանդակները, ինչպես նաև Ամրավատի և Մաթհուրա քաղաքների ավելի ուշ շրջանի քանդակները։ Ընդհանուր առմամբ, Կհաջուրահոյի տաճարային համալիրի էրոտիզմը հաճախ չափազանցվում է։ Հնդկագետների գնահատականներով, արևմտյան խմբին պատկանող տաճարները զարդարող քանդակների միայն 2-3%-ն է համարվում էրոտիկ բնույթ ունեցող[10]։

Տաճարային համալիրի կազմը

խմբագրել

Կհաջուրահոյի համալիրի կազմում ընդգրկված են հետևյալ տաճարները[14].

Ժամանակակից անվանում Տաճարների խումբ Կրոն Աստվածություն Պատկեր
Չաունսատ Յոգայի տաճար արևմտյան հինդուիզմ Կալի և 64 յոգաներ
 
Լալգուն Մահադևի տաճար արևմտյան հինդուիզմ Շիվա
 
Բրահմայի տաճար արևելյան հինդուիզմ Վիշնու
 
Լակշմանի տաճար արևմտյան հինդուիզմ Վայկունթհա Չատուրմուրթհի
 
Վարահայի տաճար արևմտյան հինդուիզմ Վարահա
 
Պարշվանաթհի տաճար արևելյան ջայնիզմ Պարշվանաթհ
 
Գանատայի տաճար արևելյան ջայնիզմ Ռիշաբհա
 
Վիշվանաթհի տաճար արևմտյան հինդուիզմ Շիվա
 
Նանդիի տաճար (մանդապա) արևմտյան հինդուիզմ Նանդին
 
Փարվատիի տաճար արևմտյան հինդուիզմ Փարվատի
 
Մատանգեշվարայի տաճար արևմտյան հինդուիզմ Շիվա
 
Դևի Ջագադամբիի տաճար արևմտյան հինդուիզմ Փարվատի
 
Չիտրագուպտայի տաճար արևմտյան հինդուիզմ Չիտրագուպտա
 
Ադինաթհի տաճար արևելյան ջայնիզմ Ադինաթհ
 
Շանտինաթհի տաճար արևելյան ջայնիզմ Շանտինաթհ
 
Կանդարյա Մահադևայի տաճար արևմտյան հինդուիզմ Շիվա
 
Մահադևայի տաճար արևմտյան հինդուիզմ Շիվա
 
Վամանայի տաճար արևելյան հինդուիզմ Վամանա
 
Յավարայի տաճար արևելյան հինդուիզմ Վիշնու
 
Չատուրբհուջայի տաճար հարավային հինդուիզմ Վիշնու
 
Դուլադևի տաճար հարավային հինդուիզմ Շիվա
 

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.census2011.co.in/data/town/802141-khajuraho-madhya-pradesh.html
  2. «World Heritage Day: Five must-visit sites in India». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. Khajuraho Group of Monuments UNESCO World Heritage Site
  4. 4,0 4,1 Альбедиль, 1996
  5. «T. S. Burt (british officer)». Encyclopædia Britannica. 2018.
  6. Nicholson, 1985, էջ 70—74
  7. Maisey, Frederick Charles (1825-1892) (2009 թ․ մարտի 26). «Architectural details, Khajuraho». The British Library. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. Devangana Desai, 2005, էջ 10
  9. Suresh, 1999, էջ 11—20
  10. 10,0 10,1 Chib S. Comment on Ichaporia's Tourism at Khajuraho: An Indian Enigma // Annals of Tourism Research. — 1984. — Т. 11. — № 3. — С. 507.
  11. Жуковский, Копцева, 2005, էջ 319
  12. Жуковский, Копцева, 2005, էջ 298
  13. Swati S. (2011 թ․ հոկտեմբերի 20). «Societal Attitude Towards Homosexuality». SSRN.
  14. «Monuments of Chhatarpur». Archaeological Survey of India, Bhopal Circle. Govt of India, Ministry of Culture. 2018.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կհաջուրահո» հոդվածին։