Կիսահաղորդչային դիոդ, երկէլեկտրոդ կիսահաղորդչային սարք, որի գործողությունը հիմնված է կիսահաղորդչի տարբեր հաղորդականության (խոռոչային և էլեկտրոնային) երկու տիրույթների սահմանում առաջացող անցման հատկությունների վրա։ Կ. դ. ունի ոչ սիմետրիկ վոլտ–ամպերային բնութագիր, որի հետևանքով մի բևեռայնության դեպքում սարքով անցնող հոսանքն անհամեմատ ավելի մեծ է, քան հակառակ բևեռայնության դեպքում։ Կիսահաղորդչային դիոդի տարատեսակներն են ստաբիլիտրոնը, վարիկապը, թունելային դիոդը, ֆոտոդիոդը, լուսադիոդը. վերջինում օգտագործվում է էլեկտրական հոսանքի ազդեցությամբ որոշ անցումների լուսարձակման երևույթը։ Կիսահաղորդչային դիոդների հիմնական առանձնահատկություններն են փոքր չափերը, զանգվածը, իներտությունը, սպառման փոքր հզորությունը, լայն սահմաններում պարամետրերի կառավարման հնարավորությունը, ծառայության մեծ ժամկետը, որոշ դիողների պարամետրերի ուժեղ ջերմաստիճանային կախումը։ Կիսահաղորդչային դիոդը կիրառվում է փոփոխական հոսանքի ուղղման, մոդուլված տատանումների դետեկտման, հաճախականությունների փոխակերպման, տատանումների ուժեղացման համար, ինչպես նաև ռադիոտեխնիկական և էլեկտրոնային սարքերում՝ իբրև կառավարվող տարր (ռադիոհաճախականությունների բոլոր տիրույթներում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 446