Կինոյի թանգարան (Մոսկվա)
Կինոյի պետական կենտրոնական թանգարան, ռուսական պետական հաստատություն, որ ակտիվ կրթական ու գիտական գործունեությամբ է զբաղվում կինոյի պատմության ու տեսության ոլորտում։ Հիմնադրվել է 1989 թվականի մարտին, Կինոարվեստի քարոզչության համաշխարհային բյուրոյի թանգարանային բաժնի հիման վրա։ Բացման օրվանից մինչև 2005 թվականի նոյեմբեր Կինոյի թանգարանը գտնվել է Կրասնայա Պրեսնյա փողոցի կինոյի տանը, որտեղ հիմնվել են Ռուսաստանի կինոարվեստն իր զարգացման ողջ պատմության ընթացքում պատկերող ֆոնդային հավաքածուներ, անց են կացվել համաշխարհային կինեմատոգրաֆի գլուխգործոցների պարբերական ցուցադրություններ, կինոգետների, փիլիսոփաների, քննադատների, կինոռեժիսորների դասախոսություններ, ռուսական ու արտասահմանյան կինոյի փառատոներ, կինեմատոգրաֆի տեսական հարցերի վերաբերյալ սեմինարներ։ 2005 թվականից թանգարանը սեփական տարածք չի ունեցել։ Կինոյի թանգարանի ֆոնդային պահուստները գտնվել են «Մոսֆիլմ» կինոկենտրոնի տարածքում, իսկ կինոցուցադրություններն ու այլ թանգարանային միջոցառումներ անց են կացվել Մոսկվայի տարբեր հարթակներում։ 2014 թվականի հոկտեմբերից թանգարանի հիմնական հարթակներից մեկն է դառնում Կինոյի կենտրոնական տունը։ Թանգարանի նախագահը (2014 թվականի հուլիսի 1-նոյեմբերի 7) եղել է Նաում Կլեյմանը, տնօրենը` Լարիսա Օտտովնա Սոլոնիցինան։ 2016 թվականի վերջին թանգարանը երկարաժամկետ վարձակալությամբ տարածք է ստացել Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսում[1]։
Կինոյի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան, կինոյի թանգարան և կինոթատրոն |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Մոսկվա |
Վայր | Մոսկվա |
Հիմնադրվել է | 1989 |
Հիմնադիր | Նաում Կլեյման |
Տնօրեն | Լարիսա Սոլոնիցինա |
Կայք | museikino.ru(ռուս.)(ֆր.)(գերմ.)(անգլ.)(չին.) |
Ստեղծման պատմություն
խմբագրելԿինոյի թանգարանն ստեղծման երկար նախապատմություն ունի։ Կինեմատոգրաֆի ստեղծագործությունների պահպանման գաղափարն առաջարկվել է մի շարք գործիչների կողմից դեռևս 1910-ական թվականներից։ 1920-ական թվականներին Գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանակներում ստեղծվում է Կինոյի թանգարան, սակայն 1932 թվականին ակադեմիան լուծարվում է, և Գրիգորի Բոլտյանսկու կողմից հավաքված շատ արժեքավոր նյութեր (առաջին կինոնկարահանման սարքեր, սցենարներ, էսքիզներ, պաստառներ) մասամբ բաժանվում են տարբեր արխիվներում, մասամբ էլ կորչում են։ 1947 թվականին Սերգեյ Էյզենշտեյնի միջնորդությամբ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Արվեստի պատմության ինստիտուտում բացվում է Կինոյի պատմության բաժին, իսկ 1948 թվականին՝ կինոարխիվ, սակայն Կինոյի թանգարան բացելու հարցը հետաձգվում է անորոշ ժամանակով։ 1960-ական թվականներին ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության ղեկավարությունը կազմակերպում է Թանգարանային հանձնաժողով` ռեժիսորներ Լեոնիդ Տրաուբերգի և Սերգեյ Յուտկևիչի գլխավորությամբ։ Միությունն սկսում է Կինոկենտրոնի շինարարությունը, որտեղ պետք է տեղակայվեր կինոթանգարանը։ Շինարարությունը ձգվում է երկար տարիներ, շինության նախագիծը մի քանի անգամ վերանայվել է, սակայն Կինոյի թանգարանը միշտ ներառված էր լինում դրա մեջ։ 1984 թվականին Կինոարվեստի քարոզչության համաշխարհային բյուրոն սկսում է աշխատել Թանգարանի բաժնի ստեղծման ուղղությամբ։ Դրա ծնունդը համընկնում է Չարլի Չապլինի 100-ամյա հոբելյանին, և տիկին Ունա Չապլինը «Բաբլզ» ընկերության հետ համատեղ թանգարանին է նվիրում Մեծ բռնապետը ֆիլմը, որի ցուցադրմամբ մարտի 31-ին բացվում է Կինոկենտրոնի Մեծ դահլիճը։ Պրեսնյա փողոցում կառուցվող շենքում տեղակայվում են ֆոնդային պահուստները, ցուցասրահներն ու կինոդահլիճների համակարգ, որտեղ սկսվում են հայրենական ու համաշխարհային ֆիլմերի ցուցադրություններ ըստ թանգարանային սկզբունքների։ 1992 թվականին Կինոյի տունը դառնում է ինքնուրույն ոչ կոմերցիոն մշակութային-կրթական կազմակերպություն, դրա հիմնադիրներն էին ՌԴ կինեմատոգրաֆիայի պետական կոմիտեն, ՌԴ մշակույթի նախարարությունը, Կինեմատոգրաֆիստների միությունների կոնֆեդերացիան ու Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, այնուհետև նրանց միանում է նաև «Սովէկսպորտֆիլմը»։ 2001 թվականին որոշում է ընդունվում Կինոյի տանը պետական հիմնարկի կարգավիճակ տալու վերաբերյալ։ 2004-2005 թվականներին ստեղծված հանգամանքների պատճառով Թանգարանն ստիպված էր լքել Պրեսնայի կինոկենտրոնի տարածքը։ 2005 թվականի վերջից Թանգարանի ֆոնդային պահուստները գտնվում են «Մոսֆիլմ» կինոկենտրոնի տարածքում, իսկ կինոցուցադրությունները, ցուցահանդեսներն ու թանգարանային այլ միջոցառումներ անց են կացվում Մոսկվայի տարբեր մշակութային հարթակներում։ 2014 թվականի հոկտեմբերից Թանգարանի պաշտոնական հարթակներից մեկը դարձել է Կինոյի կենտրոնական տունը։ 2015 թվականի մայիսի 25-ին «Կինոյի պետական կենտրոնական թանգարան» և «Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդես» կազմակերպությունների մեջ պայմանագիր է կնքվել տաղավարի երկարաժամկետ վարձակալության վերաբերյալ, որտեղ վերանորոգում է կատարվել` Կինոյի թանգարանի լիարժեք գործունեության համար պայմաններ ստեղծելու նպատակով։ Ենթադրվում է, որ Թանգարանի նոր տարածքում կտեղակայվեն երեք կինոդահլիճ` Թանգարանի հավաքածուից ֆիլմերի ցուցադրության համար, կառանձնացվի տարածք` մշտական ցուցադրությունների և թեմատիկ ցուցահանդեսների համար, կլինեն լսարաններ կինոարվեստի պատմության ու տեսության վերաբերյալ դասախոսությունների համար, ինչպես նաև` կբացվեն սրճարան ու ֆիրմային խանութ[2]։
Գործունեություն
խմբագրելԿինոյի թանգարանի գործունեության երեք հիմնական ուղղություններն են.
- կինոմշակույթի վերաբերյալ փաստաթղթերի ու նյութերի հավաքագրում, համակարգում ու նկարագրություն
- կինեմատոգրաֆիայի հետ կապված ֆոնդային, թեմատիկ ու անհատական ցուցահանդեսների կազմակերպում
- հայրենական և արտասահմանյան լավագույն ֆիլմերի ցուցադրություն
Հավաքածուներ և ցուցահանդեսներ
խմբագրելԹանգարանի կազմավորման հիմքում ընկած են կինեմատոգրաֆի ստեղծման պատմության, կինոյի` որպես ընդհանուր մշակույթի անբաժան մասի վերաբերյալ պատկերացումները։ Կինոյի թանգարանի հավաքածուների մեջ մտնում են.
- Կինո-ֆոտոտեխնիկայի ֆոնդ (ֆոտոտեխնիկա, նախակինեմատոգրաֆիկ տեխնիկա, կինոնկարահանման տեխնիկա, հնչյունային տեխնիկա, լուսային տեխնիկա, կինոպրոյեկցիոն տեխնիկա, ֆիլմի մոնտաժի սարքավորումներ),
- Պատկերման ֆոնդ (դեկորացիաների, կոստյումների, կերպարների էսքիզներ, էսքիզային ճեպանկարներ, բնորդների, ռեկվիզիտի և կերպարների ճեպանկարներ, ճարտարապետական մշակումներ, դեկորացիաների նախագծում, գրաֆիկա և նկարիչ-անիմատորների գեղանկար),
- Անիմացիայի ֆոնդ (բեմի, կերպարների, դեկորացիաների, մարիոնետների, անիմացիոն տիկնիկների էսքիզներ, գրաֆիկա և նկարիչ-անիմատորների գեղանկար),
- Ֆոտոտեկա, Կինոյի թանգարանի ամենամեծ հավաքածուն։ Այնտեղ ցուցադրված են նեգատիվներ ժապավենի ու ապակու վրա, հեղինակային և գովազդային ֆոտո, սլայդեր և բացիկներ, ֆիլմի մոնտաժից դուրս մնացած և ներառված կինոկադրերի հատվածներ, ինչպես նաև` չպահպանված ֆիլմերի լուսանկարներ,
- Ձեռագրային ֆոնդ (կինոկազմակերպությունների արխիվ և կինեմատոգրաֆիստների անձնական արխիվներ),
- Առարկայական-հիշատակի ֆոնդ (կոստյումներ, ռեկվիզիտ, դեկորացիայի դետալներ, կահույք, կենցաղային առարկաներ, կիրառական արվեստի առարկաներ, դեկորացիաների մակետներ և մակետներ կոմբինացված նկարահանումների համար, ինչպես նաև` հայտնի կինեմատոգրաֆիստներին պատկանող իրեր),
- Գրքերի ֆոնդ (հազվագյուտ գրքերի ֆոնդ և գիտական գրադարան),
- Կինոպլակատների և պաստառների ֆոնդ (ֆիլմերի պլակատներ և պաստառներ, հրավիրատոմսեր, կինեմատոգրաֆիստների ստեղծագործական երեկոների ծրագրեր, ինչպես նաև` 1990-ական թվականներից սկսած` գովազդային արտադրանք),
- Դիաֆիլմերի ֆոնդ[3]։
Ներկայումս տարածքի բացակայության պատճառով ֆոնդերի հետ աշխատանքը մեծապես դժվարացել է։ Կինոյի թանգարանի հավաքածուների պահպանումը հնարավոր է դարձել Մոսֆիլմի և անձամբ Կարեն Շահնազարովի շնորհիվ, սակայն գիտական գործունեությունը նախկին չափերով չի ծավալվում։ Նույն պատճառներով բացակայում են նաև մշտական ցուցադրությունները, ժամանակավոր ցուցադրությունները պարբերաբար անց են կացվում Մոսկվայի այլ թանգարանների և տարբեր մշակութային կազմակերպությունների հետ համատեղ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Музей кино получил помещение на ВДНХ». ՌԻԱ Նովոստի (ռուսերեն). 20161223T1123+0300Z. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Музей кино переедет в 36-й павильон ВДНХ».
- ↑ «Государственный центральный музей кино». Наиболее ценные (уникальные) коллекции. Музеи России. 21.07.2015.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինոյի թանգարան (Մոսկվա)» հոդվածին։ |