Միացյալ ընկերություն հայոց

(Վերահղված է Կիլիկյան ընկերությունից)

«Միացյալ ընկերություն հայոց», բարեգործական, կրթական կազմակերպություն։ Ստեղծվել է 1880 թ. հունիսի 1-ին Կ.Պոլսում, Արարատյան, Դպրոցասիրաց-Արևելյան և Կիլիկյան ընկերությունների միավորումով։ Ընկերության նպատակն էր դպրոցներ հիմնել, լուսավորություն տարածել Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Թուրքիայի հայաբնակ վայրերում։ Ընկերությունն ուներ իր վարչությունը, որի կազմում էին Մ. Սարըյանը, Ա. Արփիարյանը, Մ. Փորթուգալյանը, Մ. Չերազը, Հ. Շահնազարը։ «Միացյալ ընկերություն հայոց»-ին հովանավորում էր Կ. Պոլսի հայոց պատրիարք Ն. Վարժապետյանը։

Դպրոցասիրաց-արևելյան ընկերություն խմբագրել

Ստեղծվել է 1878 թվականի հունվարի 1-ին Կոնստանդնուպոլսում, նախկին «Դպրոցասիրաց»-ի (1870 թվական) և Արևելյան ընկերության միավորման արդյունքում։ Նպատակն էր զարկ տալ ազգային դպրոցական գործին։ Մասնաճյուղեր ուներ Տրապիզոնում, Ռոդոսթոյում և Մանչեստրում։ Դպրոցներ է բացել Մուշում, Բաղեշում, Ալաշկերտում։ Միջոցները գոյանում էին անդամավճարներից, նվիրատվություններից, զանազան միջոցառումներից ստացվող եկամուտներից։

Կիլիկյան ընկերություն խմբագրել

Այս բարեգործական կազմակերպությունը հիմնվել է Կ. Պոլսում, 1879 թվականի փետրվարի 18-ին։ Հիմնադիրներ՝ Մինաս Չերազը, Կարապետ Կարակյանը, Հրանտ Ասատուրը, Հակոբ Նազարյանը և ուրիշներ։ Նպատակն էր՝ «Ազգային դաստիարակությունն ընդհանրացնել Կիլիկիո մեջ»։ «Կիլիկյան ընկերությունը» նյութապես աջակցել է «Մ. Վարդանյան ընկերության» Հաճընում բացած վարժարաններին, ապահովել ուսուցիչներով, նոր դպրոցներ բացել Զեյթունում, Մարաշում, Այնթապում, Մսում և այլուր։ Ընկերության միջոցները գոյանում էին անդամավճարներից և նվիրատվություններից։ 1880 թվականի հունիսի 1-ին միավորվել է «Արարատյան ընկերություն հայոց»-ի և «Դպրոցասիրաց-Արևելյան ընկերության» հետ։

Հետագա գործունեություն խմբագրել

Ընկերության ստեղծումից հետո Արևմտյան Հայաստանի գյուղական վայրերում բացվել են 24 նախակրթարաններ։ Մանկավարժական կադրեր պատրաստելու նպատակով Վանում բացվել է վարժապետանոց, իսկ Մուշում՝ Կեդրոնական վարժարանը։ Արևմտյան Հայաստանի գյուղական նախակրթարանն ավարտածները գալիս էին Վան և Մուշ ուսումը շարունակելու՝ հետագայում ուսուցչական աշխատանք կատարելու համար։ Դպրոցներում բացի հանրակրթական առարկաներից կարևորվում էին ֆիզիկական դաստիարակությունը, մարմնամարզությունը, նաև ռազմական տարրական գիտելիքների հաղորդումը։

«Միացյալ ընկերություն հայոց»-ի աշխատանքը աննկատ չի մնացել թուրքական կառավարության տեղական մարմինների ուշադրությունից։ Նրանք վարժարանները նկատել են իբրև քաղաքականապես անբարեհույս, հալածել են ուսուցիչներին ու տեսուչներին, ոմանց ձերբակալել և աքսորել (Մկրտիչ Սարըյանին, Մարկոս Նաթանյանին)։ «Միացյալը» շարունակել է իր գործունեությունը մինչև 1894-1896 թթ. հայկական կոտորածները, վերաբացվել է 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո։ Սակայն կարճ է տևել այդ շրջանը ևս։ 1915 թ. ընդմիշտ դադարել է ընկերության գործունեությունը։

«Միացյալ ընկերություն հայոց»-ը բացել է 80-ից ավելի դպրոցներ, որտեղ ձրի կրթություն են ստացել 60000-ից ավելի պատանիներ ու աղջիկներ, «ինչ որ տիրապետող կառավարությունը անկարող եղած էր իր գյուղացիության համար անելու»[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ալպոյաճյան Ա., «Մինաս Չերազ», էջ 108

Գրականություն խմբագրել

  • Հիմնական կանոնագիր Միացյալ ընկերությանց հայոց, ԿՊ, 1880։ Միացյալ ընկերությունը հայոց, եռամյա տեղեկագիր, 1908-1911, ԿՊ, 1911։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 529