Կիզիստրա, Կիզիստրե, Կնդռոսկավի բերդ (հուն. Κυ΄ξιστρα), բերդաքաղաք Կիլիկիայի հյուսիս-արևելքում, Կապադովկիայի սահմանակցությամբ։ Պտղոմեոսը հիշատակում Է Կապադովկիայում, Պետինգերյան իջևանագրությունը՝ Կեսարիա և Տիանեա քաղաքների միջև, հայ պատմիչները՝ Արճիաս (Արգեոս) լեռան մերձակայքում, Ձկնջուր կոչվող վայրում։ Կիզիստրայի հույն տերերը՝ Սանդալեի որդիները, մոտ 1080 թվականին դավադրաբար (հավանորեն կայսեր թելադրանքով) սպանեցին Հայոց վերջին Բագրատունի գահակալին՝ վտարանդի Գագիկ Բ թագավորին։ 1111 թվականին Կիլիկիայի Հայոց իշխան Թորոս Ա-ն վրիժառությամբ կոտորեց Սանդալեի որդիներին, բռնագրավեց նրանց գանձերը, հետ վերցրեց և իր հետ արքունիք տարավ Գագիկի թագը, զենքերն ու զրահը, իսկ Կիզիստրան դարձրեց իր իշխանության սահմանակալ բերդերից մեկը։

Կիզիստրա
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 403