Կիարա Վարոտարի
Կիարա Վարոտարի (իտալերեն՝ Chiara Varotari, 1584[1][2], Պադովա, Վենետիկի հանրապետություն - 1660 կամ 1663, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), բարոկկոյի դարաշրջանի իտալացի նկարչուհի-դիմանկարչուհի, բանաստեղծուհի, հասարակական գործիչ։
Կիարա Վարոտարի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1584[1][2] |
Ծննդավայր | Պադովա, Վենետիկի հանրապետություն |
Վախճանվել է | 1660 կամ 1663 |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | դիմապատկեր |
Հայր | Դարիո Վարոտարի Ավագ |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Նկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Դարիո Վարոտարի ավագի դուստրն է։ Կիարան օգնում էր հորը նրա արվեստանոցում և այնտեղ էլ ստացել է գեղանկարչության առաջին դասերը։ Կիարայի կրտսեր եղբայրը՝ Ալեսանդրո Վարոտարին (1588-1649), նույնպես նկարիչ էր, ավելի հայտնի է Պադովանինո անվամբ («Պադուանեց»)։ Կիարան ուղեկցում էր եղբորը ճամփորդությունների ժամանակ և հաճույքով աշխատում նրա արվեստանոցում[3]։ Հայտնի է բարոկկո ոճի կանացի դիմանկարներով։
Նա մասնագիտացել էր ազնվական ընտանիքների կանանց դիմանկարների ստեղծման գործում՝ մանրակրկիտ ձևով վերարտադրելով այդ ժամանակաշրջանի բարդ զգեստների, սանրվածքի և ոսկերչական զարդերի առանձնահատկությունները։ Վարպետության համար նկարչուհուն հարգում էին դեռևս նրա կենդանության օրոք՝ նշելով, որ դիմանկարներում նա ավելի շատ ուշադրություն էր դարձնում զգեստների և ոսկերչական զարդերի մանրամասներին՝ որոշ չափով շեշտը դնելով նկարվողի հոգեբանության վրա։ Վարոտարիին մեծ պատիվ և հնարավորություն էր ընձեռվել Տոսկանիների մեծ դուքսերի Պիտտի պալատի Ուֆֆիցիի պատկերասրահի հավաքածուի համար նկարելու ինքնանկար։ Նրա երկրորդ ինքնանկարը, այլ նկարների հետ մեկտեղ ցուցադրվում է Պադովայի միջնադարյան և ժամանակակից արվեստի թանգարանում[4]։
1614 թվականին, հոր մահից հետո, նա եղբայրների հետ միասին տեղափոխվում է Վենետիկ։ 1625 թվականին Վենետիկում հիմնում է արվեստի դպրոց, որը շուտով դառնում է մշակույթի և ստեղծագործությունների քաղաքային կենտրոն։ Հայտնի է, որ այստեղ են սովորել այնպիսի նկարչուհիներ, ինչպիսիք են Կատերինա Տարաբոտտին և Լյուսիա Սկալիգերին, դպրոցի հետ համագործակցել են Ջիրոլամո Ֆորաբոսկոն, Պյետրոդելլա Վեկիան և Ջուլիո Կարպիոնին։
Որպես բանաստեղծուհի՝ նա գրել է «Կանանց սեռի գովաբանություն» (Apologia del sesso femminile) տրակտատը, որը նվիրված է կանանց իրավունքների պաշտպանությանը։ Որպես հասարակական գործիչ՝ Կիարան պարգևատրվել է նաև բուժքույրական գործունեություն իրականացնելու համար։
Կիարա Վարոտարին մահացել է Վենետիկում։ Նկարչուհու մահվան ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն իտալացի գիտնական Ֆրանչեսկո Սանսովինոյի կողմից 1663 թվականին գրված «Վենետիկը ազնիվ քաղաք է» գրքում նկարչուհու մասին պատմվում է որպես ողջ անձնավորության։
Ընտիր աշխատանքներԽմբագրել
- Ինքնանկար (Պադովայի միջնադարյան և ժամանակակից արվեստի թանգարան)
- Վիտալյանո Բուցցակարինի (1620 թվական, մասնավոր հավաքածու)
- Բուցցակարինի ընտանիքի անհայտ կին (1621 թվական, մասնավոր հավաքածու)
- Անհայտ կնոջ դիմանկարը (գիտնական Կապոդիլիսի դուստրը, Պադովայի միջնադարյան և ժամանակակից արվեստի թանգարան)
- Ազնվազարմ կնոջ դիմանկարը վարդը ձեռքին
- Կապույտ հագուստով աղջկա դիմանկարը (1640 թվական, Պադովա, Ցիվիկ թանգարան)
ՀիշատակԽմբագրել
Պադովայի մոտ գտնվող Ռուբանո քաղաքում կա Վորոտարիի անվամբ փողոց։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Chiara Varotari — 2008.
- ↑ 2,0 2,1 Frick Art Reference Library Photoarchive — 1920.
- ↑ По некоторым данным, художница даже отказалась выйти замуж, чтобы продолжать работу с братом.
- ↑ Bryan Michael (1889)։ Dictionary of Painters and Engravers: Biographical and Critical (անգլերեն)։ G. Bell and sons