Կենսաապահովում (տիեզերագնացություն)

Կենսաապահովում (տիեզերագնացության մեջ), կենդանի օրգանիզմների կենսունակության ապահովումը տիեզերական թռիչքների ընթացքում։ Արեգակնային համակարգության մարմինների վրա և միջմոլորակային տարածությունում պայմանները երկրայինից միանգամայն տարբեր են, ուստի տիեզերական թռիչքների ժամանակ կենդանի օրգանիզմների կենսապահովման համար անհրաժեշտ է, որ դրանք գտնվեն հերմետիկորեն փակ խցիկում կամ հատուկ զգեստում (սկաֆանդր), որում արհեստականորեն ստեղծվում են երկրայինի նման պայմաններ (նորմալ ջերմաստիճան, թթվածնի քանակություն, մթնոլորտային ճնշում և այլն)։ Թռիչքի միջոցների կատարելագործմամբ և երկարատև վարժեցմամբ տանելի են դարձվում շարժիչի աշխատանքի ընթացքում առաջացող ուժեղ ձայներն ու տատանումները, մեծ արագացումները, շարժիչի անջատումից հետո անկշռության պայմանները և այլն։ Խցիկը լցվում է օդով, որը պարունակում է շնչելու համար անհրաժեշտ քանակությամբ թթվածին։ Մեծ ծավալ չգրավելու համար կիրառվում է հեղուկ թթվածին, որը հետագայում վերածվում է գազի։ Երկարատև թռիչքների ապահովման համար նախատեսվում է տիեզերանավերում աճեցնել բուսականություն, որը արտաշնչած ածխաթթու գազը կկլանի ու կարտադրի թթվածին։ Պետք է պահպանվի նաև մթնոլորտային անհրաժեշտ ճնշում (մոտ 1 կԳխմ2), կարգավորվի ջերմաստիճանը (ջերմաստիճանը չկարգավորելու դեպքում Արեգակի ճառագայթների անմիջական ազդեցությամբ այն կբարձրանա մինչև + 100 °C, իսկ դրանց բացակայության դեպքում՝ —100 °C սառնամանիք)։ Այն կարգավորվում է սառցարանների ու էլեկտրական վառարանների սկզբունքով աշխատող սարքերով կամ խցիկի օդի ստիպողական շրջապտույտով (տաք ու սառը զանգվածները խառնելով)։ Հրթիռը անշարժ վիճակից մի քանի րոպեի ընթացքում հասնում է տիեզերական արագության, այսինքն՝ շարժվում է արագացումով։ Իսկ դա արհեստականորեն մեծացնում է մարմինների կշիռները։ Փորձերը ցույց են սալիս, որ մարդը կարող է դիմանալ իր կշռի 10 անգամից ոչ ավելի մեծացմանը։ Դրա համար էլ թռիչքից առաջ օրգանիզմը վարժեցվում է կենտրոնախույս սարքերի (ցենտրիֆուգ) վրա, որոնք ուժեղ պտույտներ են կատարում միաժամանակ երեք առանցքների շուրջը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 366