Կենդանի իրական մատերիա

Կենդանի իրական մատերիան դա իրական մատերիայի մի ուրույն վիճակ է, նրա շարժման հատուկ ձև, որի բնորոշ առանձնահատկություններն են ինքնավերարտադրությունը, ինքնակարգավորումը, աճը, հարմարվողականությունը, շրջապատող միջավայրի հետ նյութերի, էներգիայի և ինֆորմացիայի յուրատիպ փոխանակությունը։ Այսինքն կենդանի իրական մատերիան նյութական (սուբստրատային), էներգետիկական և ինֆորմացիոն պրոցեսների առանձնահատուկ միասնություն է։ Նրա հիմքը կազմում են կենդանի էակները, որոնք օժտված են որոշակի հատկությունների ամբողջությամբ և դրանով տարբերվում են անկենդան իրական մատերիայից։ Այդ հատկություններն են՝ նյութափոխանակությունը, որտեղ առաջատար դեր են կատարում անկենդան իրական մատերիայի շարժման պրոցեսում առաջացած մակրոմոլեկուլները (պոլիմերները), որոնք անկենդան մատերիայից՝ նոր որակներով տարբերվող՝ կենդանի մատերիայի ստեղծման հիմքն են հանդիսանում։ Այդ պոլիմերները կոչվում են կենսապոլիմերներ, որոնց հիմնական մասն են կազմում սպիտակուցները և նուկլեինաթթուները։ Վերջիններս ապահովում են կենդանի օրգանիզմի ինքնանորոգումը և ներքին միջավայրի հաստատունությունը, շարժումը, գրգռականությունը, աճումը և զարգացումը, բազմացումը, փոփոխականությունը և ժառանգականությունը, գոյության պայմաններին հարմարվողականությունը։ Կենդանի օրգանիզմների ժառանգական գեների միացությունը՝ գենոտիպը, գենետիկական ինֆորմացիա է կրում օրգանիզմի տեսակային և անհատական բոլոր առանձնահատկությունների վերաբերյալ։ Անհատական զարգացման էությունը, բեղմնավորված ձվաբջջից մինչև հասուն օրգանիզմ, գենետիկական ծրագրավորման իրացման մեջ է։ Սակայն նուկլեինաթթուների մեջ գրանցված ինֆորմացիան կարող է ենթարկվել մուտացիաների, որոնք ժառանգաբար փոխանցվում են հաջորդ սերունդներին։

Կենդանի օրգանիզմների ձևավորումը դա պատմական պրոցես է, որն ընթանում է նրա կառուցվածքների (օրգանելներ, բջիջներ, հյուսվածքներ, օրգաններ) և ֆունկցիաների տարբերակմամբ ու ամբողջականացմամբ։

Էվոլյուցիայի ընթացքում բազմաբջջության առաջացումը նպաստել է օրգանիզմների մորֆոֆիզիոլոգիական բարդացմանը, որն անհնար կլիներ առանց բջիջների, հյուսվածքների և օրգանների կառուցվածքային ու ֆունկցիոնալ կոորդինացման՝ նյարդային և հոմորալ ճանապարհներով։

Կենդանի էակները գոյություն ունեն առանձին կենդանի (միաբջիջ, բազմաբջիջ) անհատների ձևով, որոնցից յուրաքանչյուրն անցնում է անհատական զարգացման շրջան։ Կենդանի անհատները միմյանց և շրջապատող անկենդան աշխարհի հետ կազմում են ավելի բարդ համակարգեր, վերջին հաշվով՝ երկրի վրա կյանքի միասնական համակարգը (կենսազանգվածը), որը զարգացել է պարզագույն ձևերից մինչև մարդը։

Կենդանի իրական մատերիայի ամբողջությունը ընդհանուր տիեզերքում ընդունված է անվանել բիոզանգված, որի մի անբաժանելի մասն է կազմում երկիր մոլորակի վրա ձևավորված և զարգացած կենսոլորտը։ Կենսոլորտը իրենից ներկայացնում է երկրային համակարգի կենդանի և անկենդան մատերիաների փոխկապակցված մի ընդհանուր համալիր։ Կենսոլորտում տեղի ունեցող նյութափոխանակության մեջ առաջատարը կենդանի օրգանիզմներն են (կանաչ բույսեր), որոնք ունակ են ֆոտոսինթեզի միջոցով քիմիական պարզ միացություններից սինթեզել բարդ օրգանական միացություններ։ Վերջիններիս օգտագործում են կենդանիները, իսկ սնկերն ու բակտերիաները այդ օրգանական նյութերը փոխարկում են հանքային աղերի ու գազերի։ Կենսոլորտի սահմանները հաշվվում են օրգանիզմների կյանքի համար անհրաժեշտ պայմանների առկայությամբ՝ վերին սահմանը որոշվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների խտությամբ, ստորինը՝ երկրի ընդերքի բարձր ջերմաստիճանով (100՜C-ից բարձր)։ Կենսոլորտի ծայրագույն սահմաններին հասնում են ստորակարգ միկրոօրգանիզմները, օրինակ՝ բակտերիաները։ Կենսոլորտի բիոզանգվածը ըստ իր բնույթի ընդունված է բաժանել երկու հիմնական խմբերի՝ բուսական և կենդանական աշխարհների, որոնք զատորոշվում են միմյանցից իրենց կառուցվածքային և որոշակի հատկությունների ամբողջությամբ։ Այդ հատկություններն են՝ նյութափոխանակության կամ սնուցման առանձնահատկությունները, շարժուն կամ անշարժ կենսաձև վարելը, արտաքին աշխարհի հետ՝ ընդգծված նյարդային համակարգով կամ դրա բացակայությամբ փոխհարաբերությունների մեջ մտնելը և այլն։ /տես հոդ. <<Կենսոլորտ>>/

ԱղբյուրներԽմբագրել

ՀՍՍՀ ԳԱ <<Հայկական Սովետական Հանրագիտարան>> -1987թ.  

Ա. Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>> -2002թ.