Կարտոֆիլի քաղցկեղ, սնկային հիվանդություն: Հարուցիչը Synchytrium endobioticum սունկն է: Հայրենիքը Պերուն է: 1-ին անգամ նկարագրվել է 1888-ին Ավստրո–Հունգարիայում: Ներկայում հիվանդությունը տարածված է աշխարհի գրեթե բոլոր կարտոֆիլացան երկրներում: Հայաստանում 1-ին անգամ հայտնաբերվել է 1982-ին Կրասնոսելսկի (այժմ՝ Կարմիր) տարածաշրջանի կարտոֆիլի ցանքերում, և այդ սկզբնական վարակի օջախով սահմանափակվում է հիվանդության արեալը: Հարուցչի ձմեռային զոոսպորան գիումները (ցիստերը) կլորավուն են՝ 30–80 մկմ: Ցիստերը գտնվում են քաղցկեղի ուռուցքներում, իսկ վերջինները փտումից հետո հայտնվում են հողի մեջ կամ կպչում պալարներին: Հարուցիչը սնկամարմին չառաջացնող ներբջջային մակաբույծ է: Գարնանը, 15–17o C կայուն ջերմաստիճանի պայմաններում, զոոսպորան գիումներից դուրս են գալիս 1-մտրականի շարժուն զոոսպորներ, որոնք, շփվելով բույսի հետ, քայքայում են հյուսվածքների վերնամաշկի թաղանթը և առաջացած ճեղքով թափանցում բջջի մեջ, ծծում սննդանյութերը և աճում: Հյուսվածքների վարակվելու հետևանքով վնասված և դրան կից բջիջներն արագ մեծանում են, հյուսվածքների վրա առաջանում են ուռուցքներ՝ ծաղկակաղամբի տեսքով: Ձմեռային զոոսպորանգիումները, հաստ թաղանթի և հողում հանգստի վիճակում գոյատևելու շնորհիվ, կարող են ավելիքան 30 տարի չկորցնել աճելու և կարտոֆիլին վարակելու ունակությունը:Հարուցիչը ախտահարում է բույսի բոլոր մասերը (բացառությամբ արմատների): Ավելի հաճախ վնասվում են պալարնրը և ստոլոնները, իսկ հազվադեպ՝ ցողունների հիմքերը, ստորին տերևները և ծաղիկները: Վնասված պալարները պիտանի չեն սննդի համար: Բացի կարտոֆիլից, հարուցիչը կարող է վարակել լոլիկին և մորմազգիների ընտանիքի միքանի տեսակների: Պայքարի միջոցառումները անապահով տնտեսություններից կարտոֆիլի պալարների և արմատապտուղների ներմուծման, վարակված հողամասում 5 տարվա ընթացքում կարտոֆիլի, լոլիկի, արմատապտուղների և ուրիշ բույսերի աճեցման արգելում, կարանտինային սահմանված բոլոր միջոցառումների կիրառում։ Ֆորմալինով կամ քլորակրով վարակված (խոտանված) պալարների, փրերի և ստոլոնների ախտահանում, ապա դրանց թաղում ոչ պակաս, քան 1 մ խորությամբ, լվացում ջրով, ապա ֆորմալինի 15%-անոց լուծույթով ախտահանում օգտագործած հողամշակ գործիքների, նաև տարաների, քաղցկեղադիմացկուն սորտերի, քաղցկեղի նկատմամբ անընկալունակ բույսերի (կաղամբ, վարունգ, եգիպտացորեն, ծխախոտ, թիթեռնածաղկավորներ):


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։