Կարմիր զինվոր
Կարմիր զինվոր, շաբաթաթերթ, երկօրյա թերթ, վերջում՝ օրաթերթ։ ԽՍՀՄ կարմիր բանակի քաղբաժնի, այնուհետև՝ ԽՍՀՄ հավաքական բրիգադի քաղբաժնի, Հայկական հավաքական դիվիզիայի քաղբաժնի, Հայկական հրաձգային դիվիզիայի քաղբաժնի, վերջում՝ Կլիմենտ Վորոշիլովի անվան 76-րդ լեռնահրաձգային կարմրադրոշ հայկական դիվիզիայի օրգան։ Լույս է տեսել 1921-1938 թվականներին, Երևանում։ Խմբագիրներ՝ Վ. Ծովյան, Ա. Մարության, Եղիա Չուբար, Ս. Ասլիբեկյան, Համբարձում Տեր-Դանիելյան, Միսակ Դավթյան, Մ. Պարոնիկյան, Ա. Ալեքսանյան, Գ. Գյոլեցյան, Ղ. Հովհաննիսյան, Արքմենիկ Նիկողոսյան, Շ. Հովհաննիսյան։ 1920-1921 թվականներին լույս է տեսել «Կարմիր բանակ» անունով։
Պրոպագանդել է կոմունիստական կուսակցության ներքին և արտաքին քաղաքականությունը, լուսաբանել դիվիզիայի ստորաբաժանումների մարտական պատրաստության, զինվորների քաղաքական դաստիարակության հարցերը։ «Կարմիր զինվոր» անդրադարձել է նաև ԽՍՀՄ-ի ժողտնտեսության և մշակույթի հաջողություններին։ Թղթակցել են Ալեքսանդր Մյասնիկյանը, Հայկ Բժշկյանցը (Գայ), Հ. Հովսեփյանը, Հովսեփ Լազյանը և ուրիշներ։
Բանակային երկօրյա թերթը այնուհետև դարձել է 89-րդ հայկական Թամանյան հրաձգային դիվիզիայի քաղբաժնի օրգան՝ լույս տեսնելով 1942-1956 թվականներին՝ Երևանում, իսկ Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ դիվիզիայի տեղակայման վայրերում։ Խմբագիրներ՝ Գ. Հարության, Սիմոն Նալբանդյան, Հարություն Առաքելյան։ Պրոպագանդել է սոցիալիստական հայրենիքի պաշտպանության լենինյան սկզբունքները, ցույց տվել կոմունիստական կուսակցության առաջնորդող դերը Հայրենական մեծ պատերազմում, լուրեր հաղորդել սովետա-գերմանական ռազմաճակատից, ներկայացրել հայ ռազմիկների սխրանքը։
Տպագրել է Մարտիրոս Սարյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Նաիրի Զարյանի և ուրիշների նամակներն ու ուղերձները՝ հասցեագրված սովետական մարտիկներին։ Ետպատերազմյան տարիներին թերթը պայքարել է զինվորների մարտական պատրաստականության բարձրացման, քաղաքական դաստիարակության ամրապնդման համար, բացատրել սովետական պետության քաղաքականության էությունը, մեկնաբանել ժամանակի քաղաքական իրադարձությունները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 333)։ ![]() |