Կարմիր բերդ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմիր բերդ (այլ կիրառումներ)
Կարմիր բերդ, ամրոց - հնավայր Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի գյուղում[2]։
Կարմիր բերդ | |
---|---|
Տեսակ | մշակութային արժեք, ամրոց և ավերակներ |
Երկիր | Հայաստան[1] |
Բնակավայր | Զովունի[1] |
Գտնվելու վայր | Դամբարանադաշտ, Դոլմեն, Միջնաբերդ, Արձանագրություն սեպագիր, Ժայռապատկեր` «Օձ» և Ժայռապատկեր`«Վիշապ» |
ՀՀ ՊՄԱՀ | 6.29/1 |
Հայտնի է վաղ երկաթի դարաշրջանի ամրոցով (պահպանվել է մինչև վաղ միջնադար), միջին բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանների խոշոր դամբարանադաշտով։ 1896 թվականին Կարմիր բերդում առաջին անգամ պեղումներ է կատարել գնդապետ Պ. Չարկովսկին, որը պեղված նյութերը հանձնել է Կովկասյան թանգարանին (այժմ՝ Վրաստանի պետական թանգարան)։ Այնուհետև, 1903 թվականին, Մ. Զաքարյանցը Մոսկովյան հնագիտական ընկերության անդամ, արքեպիսկոպոս Մեսրոպ Սմբատյանցի հանձնարարությամբ, առանց կարգ ու կանոնի, բացել է 17 դամբարան, կազմել կցկտուր ու թերի հաշվետվություն և միայն որոշ նյութեր հանձնելով Մոսկովյան հնագիտական ընկերությանը՝ մնացածը վաճառել է Հնագիտական հանձնաժողովին։
1909 թվականին Է. Ռեսլերը շարունակելով պեղումները՝ բացել է ևս 28 դամբարան։ Սովետական իշխանության օրոք Կարմիր բերդում պեղումներ են կատարել Բորիս Պիոտրովսկին (1934), Համլետ Մարտիրոսյանը (1962) և Աշոտ Եսայանը (1965-1967)։ Բացվել են երկու տիպի՝ հիմնահողային, տուֆե խոշոր սալերով ծածկված և կողքերից ու վերևից սալերով ծածկված դամբարաններ։ Հայտնաբերվել են մ.թ.ա. II հազարամյակի 1-ին կեսի (միջին բրոնզի դարաշրջան) կարմիր փայլեցված մակերևույթի վրա սև եռանկյունի, ցանցկեն, շախմատաձև, ալիքավոր նախշերով, անկանթ, մ. թ. ա. II հազարամյակի 2-րդ կեսի (ուշ բրոնզի դարաշրջան) սև փայլեցված՝ փայլանախշով կամ խորադիր նախշերով խեցեղեն, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի բրոնզե և երկաթե զենքեր, պերճանքի առարկաներ և այլ իրեր, որոնց մեջ հատկապես արժեքավոր են նախշավոր խեցեղենի նմուշներ 12 բրոնզե գոտիները։
Կարմիր բերդից հայտնաբերված նյութերի վերաբերյալ փաստաթղթերը պահվում են ԽՍՀՄ ԳԱ հնագիտության ինստիտուտի արխիվում, իսկ նյութերը՝ Մոսկվայի պատմության, Վրաստանի պետական թանգարաններում և ԽՍՀՄ ԳԱ մարդաբանության և ազգագրության ինստիտուտներում (Լենինգրադ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 24 դեկտեմբերի 2003 թվականի N 1793-Ն, վավերացված 15.01.2004 թվականին։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 331)։ |