Կարենիսի վանք, գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Կարենիս գյուղում, Գյումուշ ՀԷԿից հյուսիս, Հրազդանի ձորում։

Կարենիսի վանք
Կարենիսի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Կոտայքի մարզ, Կարենիս
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԿոտայքի թեմ
Կազմված էԵկեղեցի, Գավիթ և Գերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ6-7-րդ դարեր
Գմբեթ1
Քարտեզ
Քարտեզ

Անվանում խմբագրել

Մատենագրություններում տարբեր պատմիչներ վանքը անվանում են տարբեր անուններով՝ Կարենիսի, Առաքելոց, Մաթևոս և Անդրեաս առաքյալների վանք, Մաթևոս ավետարանիչի և Անդրեյ առաքյալին նվիրված վանք և այլն։ Ըստ Շահխաթունյացի, այն Կարենիս է կոչվում մոտակա Գյումուշ գյուղի անունը նախկինում Կարենիս լինելու պատճառով[2]։

Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը նշում է, որ վանքը.

  «... շինուած է յանուն Մատթեոս աւետարանիչին, սուրբ Անդրեի առաքելոյն»
- Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանց, Տեղեկագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի, որ այժմ նոր Բայազիտ գաւառ, Էջմիածին, 1895 թվական, էջ 307
 

Միաժամանակ երկու անուններով՝ Կարենիսի և Աթաքելոց, անվանում է «Ջամբոում»[3]։ Միայն Առաքելոց է կոչում Առաքել Դավրիժեցին և միաժամանակ նշում, որ այնտեղ պահվել է Մաթևոս ավետարանիչի և Անդրեյ առաքյալի մասունքները[4]։ Կարենիսի վանք հիշատակվում է նաև Ղևոնդ Ալիշանի[5] և Էփրիկյանի[6] աշխատություններում։

Ճարտարապետություն խմբագրել

Վանական համալիրից պահպանվել է եկեղեցին և արևմուտքից կցված գավիթը։

Եկեղեցին ունի թաղածածկ դահլիճի հորինվածք, չափերը մեծ չեն (արտաքին չափերն են 4,90 մ x 7,70 մ), կառուցված է տեղական կարմիր տուֆի սրբատաշ քարերից և բավական լավ է պահպանվել։ Աղոթասրահը (ներսի չափերը 3,30 մ x 6,45 մ) արևելքից ավարտվում է թեթևակի պայտաձև հատակագիծ ունեցող աբսիդով և դրսից ներառված է արտաքին պատերի ուղղանկյան մեջ։ Պատերը հաստ չեն (0,7 մ-0,8 մ), որի հետևանքով հիմնական կրող զանգվածը ոչ միայն միջի կրաբետոնն է, այլև երեսպատման որմնաքարերը։ Մաքուր տաշած քարերից են իրականացված ինտերյերում ինչպես պատերը, այնպես էլ աբսիդը և ծածկի թաղը։ Հուշարձանը ներսից պահպանվել է սվաղված պատի հետքեր են։ Եկեղեցու մուտքերից պահպանվել է միայն հարավայինը (1,20 մ լայնությամբ), իսկ արևմտյանը, որը բացվել է դեպի գավիթը, ամբողջովին քանդված է։ Լուսամուտները երկուսն են՝ հարավային և արևմտյան պատերում և բավական լայն են։ Աբսիդը կառուցված է առանց լուսամուտի։

Կարենիսի վանքի եկեղեցին չունի զարդաքանդակներ։ Նրա արտաքին ճակատները զուսպ են և լուծված առանց հարդարանքի։ Նույնիսկ հարավային մուտքը ոչնչով չի շեշտվում։ Միակ ճարտարապետական մանրամասը հարավային լուսամուտի երեսակալն է, որն ունի կիսագլանիկով պարզ տրամատ։

Կարենիսի վանքի ճարտարապետական ընդհանուր հորինվածքի ուշագրավ առանձնահատկություններից է եկեղեցու ներսում ստորգետնյա դամբարանի առկայությունը։ Այն փոքր, թաղածածկ մի տարածություն է, որն արևելքից վերջանում է գմբեթով ծածկված աբսիդով։ Դամբարանի հիմնական մուտքը եղել է արևմտյան կողմից՝ եկեղեցու աղռթասրահից, Այդ մասին է վկայում դեպի դամբարան տանող ոչ մեծ թաղածածկ անցումը, որտեղ և տեղադրված են դեպի ներքև տանող աստիճանները։ Դամբարանը կառուցված է փոքր չափի, աղյուսի նման մշակված բազալտե քարերից և տեղադրված է եկեղեցու ընդերկայնական առանցքով, աղոթասրահի հատակի տակ։ Ունի երկու խորշ՝ մեկը աբսիդում, մյուսը՝ ավելի մեծը, հարավային պատում, որտեղ և հավանաբար պահվել են մասունքները։

  «Կարենավանից տաճարի սեղանոյ ներքոյ կայր փոքրիկ պահարանաձև խորան, որպէս Օշականայ եկեղեցւոյն, և խորանի մեջ մի շատ փոքրիկ դռնակ էր երևում, որ տաներ հարաւային կողմից եկեղեցւոյ ներքև. որով մի մարդ հագիվ կարող էր մտնել ու ելնել. Իհարկե, ժամանակով երբեմն պահուած է եղել այս պահարանին մեջ սրբոց մասունքներ, ինչպես Առաքել պատմագիր վարդապետն Դավրիժեցի գրե...»
- Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանց, Տեղեկագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի, որ այժմ նոր Բայազիտ գաւառ, Էջմիածին, 1895 թվական, էջ 308
 

Առաքել Դավրիժեցի պատմիչը հիշատակում է, որ 17-րդ դարի սկզբին, Մելիքսեթ կաթողիկոսի գահակալության տարիներին, կաթոլիկ հավատացյալնեը այցելել են Կարենիս և վանքից հափշտակել Անդրեաս առաքյալի մասունքները, որոնք պահված են եղել. «... ի ներքոթ բեմին...»[7]:

7-րդ դարի եզակի միանավ թաղածածկ դահլիճներից է, որն անաղարտ պահպանել է իր նախնական ծավալային-տարածական ամբողջ հորինվածքը։

Կարենիսի վանքի գավիթը ուշ միջնադարի կառույց է։ Այն ուղղանկյուն, համարյա քառակուսի շինություն է (արտաքին չափերն են 8.8 մ x 9.70 մ)։ Գավիթը կառուցված է բազալտի անմշակ և կիսամշակ քարերից, կրաշաղախով և հիմնականում լավ է պահպանվել՝ վնասված են միայն տանիքը և արևմտյան ու հարավային պատերի վերին մասերը։ Գավիթի ներսում՝ հյուսիսային և հարավային պատերից դուրս են գալիս երկու զույգ հաստահեղույս որմնամույթեր, որոնց միջև ձգված կամարների վրա բարձրանում է գմբեթը։ Մույթերի միջև, ինչպես նաև մույթերի և արևելյան ու արևմտյան պատերի միջև ստացվող խորշերը ծածկված են թաղերով։ Անցումը՝ գմբեթատակ քառակուսուց դեպի գմբեթն իրականացված է առագաստների միջոցով։ Գավթի պատերը, կամարները և թաղը բազալտից են, գմբեթի առագաստները շարված են մաքուր տաշված տուֆով։ Գավթի պատերում օգտագործվել են 15-16-րդ դարերի տապանաքարեր և խաչքարեր (որմնամույթերից մեկում ագուցված խաչքարը 1567 թվականի է)[8]։

Այլ տեղեկատվություն խմբագրել

Վանքն ուշ միջնադարում ոչ միայն հայտնի է եղել, այլ նաև հարուստ՝ ունեցել է 3 ջրաղաց Կարենիս գյուղում, այգի և ձիթհանք Օշականում[3], ինչպես նաև.

  «... վիճակս յերկրոջս Երևանու զԿարենիս և զՂարաօրան գիւղս»
- Սիմեոն կաթղիկոս, Ջամբո, Էջմիածին, 1873 թվական, էջ 141
 

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունեաց, Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Այրարատայ, հատոր Բ, Էջմիածին, 1842 թվական, էջ 206-207
  3. 3,0 3,1 Սիմեոն կաթղիկոս, Ջամբո, Էջմիածին, 1873 թվական, էջ 141
  4. Պատմութիւն Առաքել վարդապետի Դավրիժեցւոյ, Էջմիածին, 1896 թվական, էջ 179
  5. Ղևոնդ Ալիշան, Այրարատ, Վենետիկ, 1890 թվական, էջ 288
  6. Հ. Ս. Էփրիկյան, Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, Վենետիկ, 1889 թվական, հատոր Բ, էջ 297-298
  7. Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն Առաքել վարդապետի Դավրիժեցւոյ, Էջմիածին, 1896 թվական, էջ 179
  8. Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանց, Տեղեկագիր Գեղարքունի Ծովազարդ գավառի, որ այժմ նոր Բայազիտ գաւառ, Էջմիածին, 1895 թվական, էջ 307

Գրականություն խմբագրել

  • Մ.Մ. Հասրաթյան «Լուսակերտի ճարտարապետական երկու հուշարձաններ»