Կարբիի պաշտպանություն
Կարբիի պաշտպանություն 1724 թ., Կարբիի բնակիչների դիմադրությունը Հայաստան ներխուժած օսմանյան բանակին։ Անդրկովկասը գրավելու մտադրությամբ Երևան արշավող Աբդուլլահ Քոփուրլու փաշայի 75 հազարանոց բանակի առաջապահ ջոկատները 1724 թ.-ի մարտին Եղվարդ գյուղի մոտ պարտության մատնեցին Երևանի խան Միհրալիին, որը նահանջեց Երևան՝ անպաշտպան թողնելով շրջակա բնակավայրերը։ Օսմանյան զորաջոկատները պաշարեցին Կարբին։ Կարբեցիները ամրացրին իրենց տները, պատնեշեցին գյուղի մատույցները և օգնություն խնդրեցին Միհրալի խանից։ Շուտով մոտեցավ օսմանյան ողջ բանակը։ Խանից չստանալով խոստացված օգնությունը՝ կարբեցիները չընկճվեցին։ Տեսնելով պաշարվածների պայքարելու վճռականությունը՝ Աբդուլլահ փաշան բանակցություններ սկսեց նրանց առաջնորդների (Աղաբաբ, Սարգիս, Պողոս և Ավագ) հետ։ Կնքված համաձայնագրով կարբեցիները զինաթափվեցին, բայց թուրքերը չմտան Կարբի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 312)։ |