Կարապետ Բ Ուլնեցի (ծ. թ. անհայտ, գ. Ուլն (Զեյթուն գավառ) – 9.10.1729, Վաղարշապատ, թաղվել է Սբ. Հռիփսիմե տաճարի արևմտյան կողմում), Ամենայն հայոց կաթողիկոս 1726 թվականից։ Հաջորդել է Աստվածատուր Ա Համադանցուն։

Կարապետ Բ Ուլնեցի
Ծնվել էանհայտ[1]
ԾննդավայրԶեյթուն, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 9, 1729(1729-10-09)[1]
Մահվան վայրՎաղարշապատ[1]
ԳերեզմանՍուրբ Հռիփսիմե եկեղեցի[1]
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Կենսագրություն

խմբագրել

Սովորել և եպիսկոպոս է ձեռնադրվել Սսի կաթողիկոսարանում։

 
Ամենայն Հայոց կաթողիկոս Կարապետ Բ Ուլնեցու գերեզմանը

Եղել է Գաղաթիո հայոց թեմակալ։ 1725 թվականի աշնանը, երբ դժբախտ պատահարից վախճանվում է Աստվածատուր Ա Համադանցին, Հայաստանում ընթանում էին պատերազմներ․ թուրքերը գրավել էին Այրարատը, իսկ Սյունիքում և Արցախում շարունակվում էին ազատագրական կռիվները։ Սբ. Էջմիածնի միաբանները ցրված էին և Վաղարշապատում հնարավոր չէր անցկացնել կաթողիկոսի ընտրություն։ Այդ պատճառով էլ Կ. Պոլսի Հայոց պատրիարք Հովհաննես Կոլոտ Բաղիշեցու նախաձեռնությամբ և Կ. Պոլսի, Սսի և Երուսաղեմի հայոց աշխարհիկ ու հոգևոր գործիչների համաձայնությամբ ընտրությունը տեղի է ունեցել Կ. Պոլսում։ Կարապետ Բ Ուլնեցին օծվում է 1726 թվականի փետրվարի 27-ին՝ Կ. Պոլսի Սբ. Աստվածածին Մայր եկեղեցում։ 1727 թվականի հունիսին Կ. Պոլսից մեկնում է Վաղարշապատ՝ ճանապարհին այցելելով հայոց հոգևոր թեմերի մի շարք կենտրոններ (Բրուսա, Անկյուրա, Եվդոկիա և այլն)։ Էջմիածին է հասնում 1728 թվականի սկզբին։ Համախմբում է ցրված միաբաններին, կարգավորում վանքապատկան կալվածագրերը և նպաստում հոգևոր-մշակութային կյանքի վերակենդանացմանը։ Կարապետ Բ Ուլնեցու պատվերով Հակոբ Հովնաթանյանը նկարում է 12 առաքյալների պատկերները Մայր տաճարի խորանի կամարին։

Կաթողիկոսական գահին Կարապետ Բ Ուլնեցուն հաջորդել է Աբրահամ Բ Խոշաբեցին։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 305  
Նախորդող՝
Աստվածատուր Ա Համադանցի
Կաթողիկոս
1726–1729
Հաջորդող՝
Աբրահամ Բ Խոշաբեցի