Կատալոնիայի անկախության հանրաքվե (2017)

Կատալոնիայի անկախության հանրաքվե (կատ.՝ Referèndum sobre la independència de Catalunya), անկախության հանրաքվե, որն անցկացվել է Կատալոնիայի (Իսպանիայի ինքնավար համայնք) իշխանությունների կողմից 2017 թվականի հոկտեմբերի 1-ին[1]։

Կատալոնիան Իսպանիայի քարտեզի վրա

Կատալոնիան մարզ է Իսպանիայի հյուսիսարևելյան մասում։ Վերջինս ցանկանում է անկախանալ Իսպանիայի Թագավորությունից։ Կատալոնացիների պայքարն Իսպանիայի կազմից դուրս գալու համար շարունակվում է մի քանի հարյուրամյակ։ Սեպտեմբերի 11-ը Կատալոնիայի ազգային օրն է։ 1714 թվականի այդ օրը Կատալոնիան կորցրել է անկախությունը։ Անկախության կորուստը Իսպանական ժառանգության համար պայքարի հետևանքն էր։ Մարզն ինքնավարություն է ստացել միայն 1979 թվականից հետո՝ բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահվանից հետո։ Սակայն ինքնավարությունը չի գոհացրել կատալոնացիներին։ Անջատողականությանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ Կատալոնիայի ինքնավար մարզը, որտեղ ապրում է Իսպանիայի բնակչության 16%-ը, տալիս է Իսպանիայի համախառն ազգային արդյունքի 25%-ը։ Կատալոնիան 16 մլրդ եվրո ավելի շատ է վճարում Իսպանիայի ազգային բյուջե, քան ստանում է։ Կատալոնիայի ազգային պարտքը գերազանցում է 51 մլրդ եվրոն[2]։ Բացի այդ, կատալոներենն էականորեն տարբերվում է իսպաներենից։ «Մադրիդը մեզ կողոպտում է» կարգախոսը դարձել է անջատողական շարժման լոզունգներից մեկը, որի հիմնական նպատակը ցանկացած գնով թագավորությունից անջատվելն է։ Այդուհանդերձ, Կատալոնիայում արտադրված ապրանքների 90%-ն իրացվում է իսպանական շուկայում[3]։

Նախապատրաստություն խմբագրել

 
Կապույտ «էստալազան»՝ Կատալոնիայի ազգային դրոշը

2017 թվականի անկախության հանրաքվեին նախորդել է չկայացած անկախության հանրաքվեն, որը Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասի հայտարարությամբ պետք է տեղի ունենար 2014 թվականին։ Սակայն, այն արգելափակվել էր Իսպանիայի իշխանությունների կողմից, ուստի հանրաքվեի փոխարեն իրականացվեց անկախության վերաբերյալ Կատալոնիայի բնակչության կարծիքի հարցում[4]։ Վերջինս իրավաբանական որևէ ուժ չի ունեցել։ Մասայի կառավարությունը ուներ ավելի լայն աջակցություն, քան Կառլես Պուչդեմոնի ներկայիս կառավարությունը։ Երբ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարեց, որ ուժ կգործադրի անջատողականների նկատմամբ, կատալոնացիները գնացին փոխզիջումների։ Հանրաքվեի ևս մեկ փորձի ձախողումը, կնշանակեր կատալոնացիների անկախության հետաձգում, առնվազն մոտակա մի քանի տարիների ընթացքում[5]։

2017 թվականի սեպտեմբերի 7-ին Կատալոնիայի խորհրդարանը ընդունեց օրենք, որը կարգավորում էր ինքնավար մարզի հասարակաքաղաքական կյանքը՝ հոկտեմբերի 1-ի հանրաքվեի ժամանակ հնարավոր հաղթանակի պարագայում։ Օրենքին «կողմ» է քվեարկել խորհրդարանի 71 պատգամավոր, դեմ՝ «10» պատգամավոր։ Ձեռնպահ չի եղել։ Փաստաթուղթը բաղկացած է 89 հոդվածներից։ Փաստաթուղթը կիրառվելու էր անկախության հանրաքվեից մինչև անկախ Կատալոնիայի սահմանադրության ընդունումն ընկած ժամանակահատվածում։ Համայնքային իշխանությունները մշակել էին փաստաթուղթ, համաձայն որի մարզի անկախության վերաբերյալ պետք է հայտարարվեր անմիջապես, այն պարագայում, երբ իսպանական իշխանությունները կհրաժարվեին թույլատրել՝ Իսպանիայից անջատվելուն նվիրված հանրաքվեն[6]։

Իսպանիայի սահմանադրական դատարանը արտահերթ նիստի ժամանակ քննել է կառավարության կողմից ներկայացված հայցը՝ Կատալոնիայում անօրինական փաստաթղթերի ընդունման վերաբերյալ։ Իսպանական սահմանադրության մեջ նշված է, որ կենտրոնական կառավարությունը կարող է բողոքարկել ինքնավար մարզերի իշխանության մարմինների կողմից ընդունված որոշումները։ Կատալոնիան, ինչպես նաև Բասկերի երկիրը, Նավառան, Գալիսիան և Անդալուսիան ունեն լայն ինքնավարություն[7]։

Կողմերի իրավական դիրքորոշումները խմբագրել

Կատալոնիայի իշխանությունների դիրքորոշումը խմբագրել

Կատալոնիայի իշխանությունները կարծում են, որ հանրաքվեի իրականացումը պարտադիր պայման է, որն իրականացվում է Իսպանիայի իշխանությունների ոչ ճիշտ գործողությունների արդյունքում։ Վերջիններս փոխզիջման չեն գնում կատալոնացիների նկատմամբ, ովքեր ցանկանում են ունենալ ավելի լայն լիազորություններ և ինքնիշխանություն։

Պուդչեմոնը և կատալոնական կառավարության մյուս ներկայացուցիչները հայտարարել են, որ անտեսելու են Իսպանիայի սահմանադրական դատարանի որոշումը՝ իրենց զբաղեցրած պաշտոններից ազատման մասին որոշումի հնարավոր ընդունման պարագայում։ Այսպիսով, Կատալոնիայում կարող է ստեղծվել պարադոքսալ իրադրություն, երբ մարզում, դե ֆակտո, քաղաքական երկու իշխանություններ հայտնվեն։ Դրանցից մեկը իսպանական կառավարությունն է, որը շրջանային մարմիններին հայտարարել է անօրինական, մյուսը՝ կատալոնական ոչ լեգիտիմ նախագահը և խորհրդարանը։

Եթե իսպանական կառավարությունը խոչընդոտի հանրաքվեի անցկացումը, ապա «Անկախության մասին» օրենքը կգործի անմիջապես, այն բանից հետո, երբ Կատալոնիայի խորհրդարանը հայտարարի օրենքի կիրառման անհրաժեշտության վերաբերյալ։ Այլ բառերով ասած, եթե անգամ հանրաքվեն տապալվի, կատալոնացիները մտադիր են դուրս գալ Իսպանիայի կազմից։

Իսպանիայի իշխանությունների դիրքորոշումը խմբագրել

Իսպանիայի իշխանությունների կարծիքով հանրաքվեի անցկացումը անօրինական է։ Իսպանիայի սահմանադրական դատարանը կասեցրել է հոկտեմբերի 1-ի հանրաքվեի հետ կապված բոլոր փաստաթղթերի լեգալությունը, որոնք ընդունվել էին Կատալոնիայի կառավարության և կատալոնական խորհրդարանի կողմից։ Այդ իսկ պատճառով, կատալոնական իշխանությունների հանրաքվեի կազմակերպման հետ կապված հետագա բոլոր գործողություները համարվում են անօրինական։

Վարչապետ Մարիանո Ռախոյը պաշտոնապես դիմել է Կատալոնիայի կառավարությանը՝ հանրաքվեի հնարավոր անցկացումը չեղարկելու պահանջով։ Իսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մազան զգուշացրել է, որ կատալոնացիների առաջնորդը կարող է ձերբակալվել՝ քաղաքացիական անհնազանդության և ծառայողական լիազորությունների չարաշահման մեղադրանքներով։ Իսպանիայի պաշտպանության նախարար Մարիա Դոլորես դե Կոսպեդալը հայտարարել է, որ «Կատալոնիայի անկախության հանրաքվեն ոչ մի պարագայում չի իրականացվի»։

Համաձայն Իսպանիայի սահմանադրության 155-րդ հոդվածի, կառավարությունը իրավունք ունի երկրի Սենատից ստանալ թույլտվություն՝ բոլոր 17 ինքնավար մարզերի օրենսդիր իշխանության մարմինների կողմից ընդունված ազգային օրենսդրությունների նկատմամբ վետո կիրառելու իրավունք։ Ընդորում, իսպանական իշխանությունները իրավունք ունեն նաև ցրել Կատալոնիայի կառավարությունը և տարածքային խորհրդարանը։ Կառավարությունը կարծում է, որ ոստիկանության կողմից ընտրական տեղամասերի մուտքերի արգելափակումը կարող է բռնության ալիքների պատճառ հանդիսանալ։

Իսպանիայի իշխանությունների գործողությունները խմբագրել

 
Բարսելոնա, սեպտեմբեր, 2017 թվական
 
Կատալոնիայի անկախության դեմ հանդես եկող գրաֆիտի Բադալոնայում:

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Կատալոնիա է ուղարկել երեք ռազմանավեր, որտեղ տեղակայված էին անվտանգության ուժերի երեք ստորաբաժանումներ՝ բերված Իսպանիայի այլ մարզերից։ Նպատակը հնարավոր հանրաքվեի կանխարգելումն էր։ Կատալոնիայի գլխավոր դատախազը հրամայել է տեղական ոստինությանը՝ Մոսսոս դ՛Էսկուադրային, անցնել Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի հրամանատարության տակ։ Նպատակը անօրինական հանրաքվեի և դրա կանխարգելման վերաբերյալ հնարավոր ապացույցների հավաքագրումն էր։ Սակայն, Կատալոնիայի ոստիկանության ղեկավար մայոր Ժուզեպ Լուիս Տրապերոն հրաժարվել է ենթարկվել այդ հրամանին։

Սեպտեմբերի 20-ին կատալոնացի 14 պետական ծառայողներ ձերբակալվել են։ Ավելի ուշ, նրանք ազատ են արձակվել։ Ոչնչացվել է քվեարկության շուրջ 10 միլիոն քվեաթերթիկ, որից հետո ակտիվիստները կոչ են արել քաղաքացիներին ինքնուրույն տպել քվեաթերթիկները։ Հանրաքվեի տեղեկատվական կայքը արգելափակվել է։ Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչները հաստատել են, որ հանրաքվեի կազմակերպման իրենց ջանքերը որոշակիորեն տապալվել են։ Մադրիդն իր ձեռքն է վերցրել Կատալոնիայի ֆինանսների կառավարումը, այսինքն արգելափակել է ինքնավար մարզից դեպի պետական բյուջե 1,4 միլիարդ եվրոյի հարկային մուտքերը։

Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը կատեգորիկ քննադատել է իսպանական իշխանությունների գործողությունները՝ նշելով, որ դրանք բնորոշ են «տոտալիտար պետություններին»։ Իշխանությունների գործողությունները ուղղված են քվեարկության տապալմանը։ Պուչդեմոնը հավելել է, որ քվեարկությունը, անկախ ամեն ինչից, կայանալու է և դրա մասնակիցները ընտրելու են անկախությունը։ Առաջին քայլը, որ կանի անկախ Կատալոնիան՝ բանակցությունների սեղանի շուրջ կհրավիրի Իսպանիային և Եվրամիությանը[8]։

Կատալոնիայի գլխավոր դատախազ Խոսե Մարիա Ռոմերո դե Տեխադան հրամայել է ինքնավար մարզի իրավապահ մարմիններին հանրաքվեի օրը ոչնչացնել քվեատուփերը, քվեաթերթիկները և ընտրողների ցուցակները։ Քաղաքացիական գվարդիան ոչնչացրել է 45 հազար ծանուցումներ, որոնք Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում էին ուղարկել ընտրական կոմիտեների անդամներին։ Ընդհանուր առմամբ, արգելափակվել է հոկտեմբերի 1-ի հանրաքվեին նվիրված շուրջ 140 կայք էջ։ Սեպտեմբերի 26-ին արգելափակվել է «Կատալոնիայի ազգային ասամբլեա» հասարակական կազմակերպության կայք էջը, որը ակտիվորեն իր աջակցությունն էր հայտնում հանրաքվեի անցկացմանը և ցույցեր էր կազմակերպում՝ ընդդեմ իսպանական իշխանությունների գործողությունների։ Թագավորության գլխավոր դատախազությունը հետաքննության կենթարկի հանրաքվեի անցկացման ցանկացած նախապատրաստություն կամ փորձ, կուսումնասիրի քարոզչական ցանկացած նյութ, բուկլետ, ինչպես նաև ընտրատեղամասերի կազմավորման ցանկացած փորձ։ Ավելի քան 700 քրեական գործ է հարուցվել կատալոնական քաղաքների քաղաքապետերի և մունիցիպալ համայնքների ղեկավարների նկատմամբ՝ հանրաքվեի կազմակերպմանը մասնակցելու մեղադրանքով։ Համանման ծանուցումներ են ուղարկվել նաև Կատալոնիայի խոշոր քաղաքների՝ Բարսելոնայի, Ժիրոնայի, Տառագոնայի և Լլեյդայի քաղաքապետերին։ Իսպանիայի կառավարությունը 948 քաղաքապետերին խնդրել է մտածել հնարավոր հետևանքների մասին, մինչև համապատասխան հակաօրինական գործողությունների իրականացումը։ Արդյունքում, ընտրատեղամասեր բացել հանդգնել են մարզի մունիցիպալ համայնքների միայն 75 %-ը։ Մնացածը, այդ թվում նաև Բարսելոնան, կամ հրաժարվել են հանրաքվեից, կամ դեռևս մտածում են այդ մասին։

Իսպանիայի իշխանությունները մտադիր են փակել մուտքը դեպի ընտրական տեղամասեր։ Շաբաթ օրը ոստիկանությունը կնիքել է դպրոցական և մնացած այլ հաստատությունները, որտեղ պետք է տեղակայվեն քվեատուփերը։ Կիրակի օրը ընտրատեղամասերի մոտ կհերթապահեն ուժայինները՝ Mossos d’Esquadra-ի շրջանային կորպուսի ներկայացուցիչները, Իսպանիայի քաղաքացիական գվարդիան և ազգային ոստիկանությունը։ Նրանց առջև դրված է խնդիր, որպեսզի հետևեն, որ անջատողականները քվեարկություն չկազմակերպեն հենց փողոցում։

Բնակչության հարցումներ խմբագրել

 
Բարսելոնա, 2017 թվականի սեպտեմբերի 20

Համաձայն հարցումների, որոնք իրականացվել են 2016 թվականի դեկտեմբերին, անկախությանը կողմ են արտահայտվել բնակչության 44,9 %-ը, «դեմ»՝ 45,1 %-ը։ Սեպտեմբերի սկզբին (հանրաքվեից մեկ ամիս առաջ) կատալոնացիների 47 %-ը կողմ էր արտահայտվել Իսպանիայից անջատմանը, իսկ 44,4 %-ը՝ դեմ։ Տարբերությունը եղել է թույլատրելի սխալների սահմաններում։ Ավելի ուշ անցկացված հարցումների ժամանակ, Կատալոնիայի անկախությանը կողմ է արտահայտվել ինքնավար մարզի բնակչության 41 %-ը, իսկ «դեմ»՝ 49 %-ը։ Ընդ որում, կատալոնացիների 60 %-ի կարծիքով, հանրաքվեն լեգիտիմ չէ և չի կարող ունենալ իրավական որևէ ազդեցություն կամ հետևանք։ Ինքնավար համայնքի կարգավիճակի մասին հանրաքվեի օգտին կողմ է արտահայտվել կատալոնացիների 80 %-ը, սակայն նրանց մեծ մասը կարծում է, որ հանրաքվեն պետք է համաձայնեցվի Մադրիդի իշխանությունների հետ[9]։

Անհրաժեշտ է նշել, որ Իսպանիայի կազմում ցանկանում են մնալ բնակչության առավելապես բարձրագույն կրթություն ունեցող և հարուստ խավի ներկայացուցիչները։ Անկախացմանը կողմ արտահայտվողների շարքում շատ են գործազուրկները և ցածր եկամուտներ ունեցող անձինք, ինչպես նաև գյուղական բնակչությունը և երիտասարդությունը[5]։

Հանրաքվեի ընթացքը խմբագրել

 
Քվեաթերթիկը, որը կիրառվել է հոկտեմբերի 1-ի հանրաքվեի վրա։ Այն տպագրված է մարզի երեք պաշտոնական լեզուներով՝ կատալոներեն, իսպաներեն և օքսիտաներեն

Առավոտյան ժամը 09:00-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը։ Պուչեմոնը իր քվեարկությունը կատարել է առավոտյան ժամը 10:00-ին: Նա իր քվեարկությունը կատարել է Ժիրոնայում։ Ոստիկանությունը ցանկացել է կոտրել այն ընտրատեղամասի դռները, որտեղ պետք է քվեարկեր Պուչդեմոնը։ Ոստիկանությունը ռետինե գնդակներ է կիրառել Բարսելոնայում հանրաքվեի մասնակիցների ուղղությամբ։ Բախումների ժամանակ վիրավորվել է 11 ոստիկան և 337 ընտրող։ Եվրախորհրդարանի փոխնախագահը արդեն իսկ ճանաչել է հանրաքվեի օրինականությունը[10]։

Պաշտոնական Մադրիդը դեռևս չի հաստատել հարյուրավոր վիրավորների մասին նորությունը։ Իսպանիայի վարչապետի առաջին տեղակալ Սորայա Սաենս Սանտամարիան մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ոստիկանությունը «գործել է ադեկվատ և պրոֆեսիոնալ»։ Բախումները տեղի են ունեցել Բարսելոնայի դպրոցներից մեկի մոտ, որտեղ տեղակայված է եղել ընտրատեղամասերից մեկը։ Ինչպես փոխանցում են կատալոնական ԶԼՄ-ները, առնվազն մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց[11]։

Իսպանական ոստիկանությունը անմիջապես սկսել է քվեաթերթիկների և քվեատուփերի ոչնչացումը և գողացումը։ Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը հայտարարել է, որ ընտրողները կարող են տպել քվեաթերթիկները և դրանցով գալ ընտրատեղամաս։ Կատալոնական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ընտրողները, հանրաքվեի սկսումից մի քանի ժամ առաջ, հերթ են կանգնել ընտրատեղամասերի մուտքի մոտ։ Նրանք ընտրատեղամասերի մոտ կանգնեցրել են տրակտորներ, որպեսզի կանխեն ոստիկանության գործողությունները[12]։

Կատալոնական Բարսելոնայի և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն մասնակցել է Կատալոնիայի անկախության հանրաքվեին։ Պիկեն թվիթթերի իր էջում գրել է. «Ես արդեն քվեարկել եմ։ Միասին մենք անդդիմադրելի պաշտպանություն ենք ժողովրդավարության համար»[13]։ Ավելի վաղ հանրաքվեին մասնակցել են նաև Խոսեպ Գվարդիոլան, Կառլես Պույոլը և Չավին[14]։

Ժամը 15:00-ի դրությամբ հանրաքվեին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցողների կեսից ավելին։

Կատալոնիայի իշխանությունները պահանջել են Կատալոնիայում իսպանական թագի (կառավարության) ներկայացուցիչ Էնրիկ Միլլոյի հրաժարականը՝ մեղադրելով նրան խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու մասին հրաման արձակելու մեջ։

Իսպանիայի ՆԳՆ-ն մեղադրել է ցուցարարներին՝ երեխաներին բողոքի ցույցերին ներգրավելու համար։ Ոստիկանության ղեկավարը նշել է, որ անթույլատրելի է ցույցերի ժամանակ ներգրավել երեխաներին, հատկապես եթե բախումներ են տեղի ունենում նաև ոստիկանների հետ[15]։

Բարսելոնա ֆուտբոլային ակումբը խստորեն քննադատել է ոստիկանության գործողությունները։ Սրա հետ կապված որոշվել է, որ Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ տարվա առաջնության 7-րդ տուրի Բարսելոնա- Լաս Պալմաս հանդիպումը տեղի կունենա առանց հանդիսատեսի։ Բարսելոնան ջախջախիչ պարտության է մատնել հյուրերին՝ հաղթելով 3-0 հաշվով[16]։

Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինը կոչ է արել Իսպանիայի կառավարությանը՝ ցուցաբերելու ողջամտություն և կանխել ոստիկանների կողմից ցուցաբերվող բռնությունը ցուցարարների նկատմամբ[17]։ Քորբինը թվիթերի իր էջում գրել է. «Ես ցնցված եմ իսպանացի ոստիկանների կողմից խաղաղ կատալոնացիների նկատմամբ ցուցաբերված բռնությունից։ Իսպանիայի կառավարությունը պետք է շուտափույթ կանխի այս իրավիճակը»[18]։

Կատալոնիայի մարդու իրավունքների պաշտպան Ռաֆայել Ռիբոն հայտարարել է, որ դիմելու է Եվրոպայի Խորհուրդ՝ իսպանական ոստիկանության գործողությունները դատապարտելու համար։ Բարսելոնայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ռիբոն հայտարարել է, որ էսկալացիան շատ է սրացել և Եվրոպայի Խորհուրդը պարտավոր է արձագանքել[19]։

Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, որ ոստիկանության հետ բախումների ընթացքում վիրավորվել է ավելի քան 800 մարդ։ Բարսելոնայում իսպանական ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակել է ցուցարարների ուղղությամբ։ Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաու պահանջել է ոստիկանությունից անմիջապես դադարեցնել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի վերաբերմունքը։ Կատալոնական իշխանությունները, ովքեր պատրաստվում էին հանրաքվեն անցկացնել շուրջ 2 300 ընտրատեղամասերում, հայտարարել են, որ ոստիկանությունը կնիքել է դրանցից 319-ը։ Քվեարկությունը պետք է ավարտվեր տեղի ժամանակով ժամը 20:00-ին, սակայն հանրաքվեի կազմակերպիչները հայտարարել են, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հերթում գտնվող քվեարկողները կարող են կատարել իրենց քաղաքացիական պարտքը[20]։

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը ժամը 20:00-ին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ Կատալոնիայում ոչ մի հանրաքվե տեղի չի ունեցել։ Նա մեղադրել է կատալոնական իշխանություններին՝ «կատալոնացիներին խաբելու և անչափահասներին ցույցերում ներգրավելու մեջ»։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր անտեսել են հանրաքվեն և, ըստ Ռախոյի, պաշտպանել ժողովրդավարությունը[21]։

Արդյունքներ խմբագրել

90.09% 7.87% 2.03%
Այո Ոչ Անվավեր
Ընտրություն Ձայներ %
Այո 2,020,144 90.09
Ոչ 176,565 7.87
Դատարկ (անվավեր) 45,586 2.03
Ընդհանուր 2,242,295 100
Վավեր քվեաթերթիկներ 2,242,295 99.11
Անվավեր քվեաթերթիկներ 20,129 0.89
Հանրաքվեի մասնակիցներ 2,262,424 100
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներ 5,343,358 42.34
Աղբյուր՝ Generalitat of Catalonia

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Foster, Alice (2017 թ․ սեպտեմբերի 28). «When is the Catalonia independence referendum 2017? Will Catalonia vote to leave Spain?». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  2. «Subscribe to read». Financial Times. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  3. «Referéndum en Cataluña, en directo». La Vanguardia. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. CNN, Isa Soares, Vasco Cotovio and Laura Smith-Spark,. «Catalonia on collision course as referendum nears». CNN. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  5. 5,0 5,1 «Каталония: выхода нет». Журнал "Огонёк". 2017 թ․ սեպտեմբերի 25. էջ 18. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. «Does Catalonia want to leave Spain?». BBC News (բրիտանական անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. «Парламент Каталонии принял регулирующий порядок выхода из состава Испании закон». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. Бэдкок, Джеймс (2017 թ․ սեպտեմբերի 27). «Как Испания пытается сорвать референдум в Каталонии». BBC Русская служба (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  9. «Генпрокурор Каталонии распорядился изымать бюллетени и урны для голосования». РИА Новости (ռուսերեն). 20170926T1510+0300Z. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
  10. https://lenta.ru/news/2017/10/01/euro_dobro/
  11. «Референдум и стычки в Каталонии: сообщается о сотнях раненых». BBC Русская служба (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  12. Greenfield, Patrick; Marsh, Sarah (2017 թ․ հոկտեմբերի 1). «Catalan government: '337 injured by Spanish police violence' during referendum - live». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  13. Piqué, Gerard (3:15 AM - 1 Oct 2017). «Ja he votat. Junts som imparables defensant la democràcia.pic.twitter.com/mGXf7Qj1TM». @3gerardpique. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  14. «Պիկեն մասնակցել է Կատալոնիայի անկախության հանրաքվեին – FCBarcelona.am - ՖԱ Բարսելոնայի պաշտոնական ֆան ակումբը Հայաստանում». FCBarcelona.am - ՖԱ Բարսելոնայի պաշտոնական ֆան ակումբը Հայաստանում (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  15. «МВД обвинило митингующих в Каталонии в привлечении к протестам детей». РИА Новости (ռուսերեն). 20171001T1720+0300Z. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  16. Isaacs, Marc (2017 թ․ հոկտեմբերի 1). «Barcelona 3-0 Las Palmas: Lionel Messi nets brace in behind closed doors game». mirror. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  17. «Глава британских лейбористов призвал Мадрид прекратить полицейское насилие». РИА Новости (ռուսերեն). 20171001T1700+0300Z. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  18. Corbyn, Jeremy (5:33 AM - 1 Oct 2017). «Police violence against citizens in #Catalonia is shocking. The Spanish government must act to end it now». @jeremycorbyn (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  19. «Омбудсмен Каталонии обратится в Совет Европы в связи с действиями полиции». РИА Новости (ռուսերեն). 20171001T1635+0300Z. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  20. «Каталония: более 800 человек пострадали в стычках с полицией». BBC Русская служба (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  21. «В Каталонии завершился референдум о независимости от Испании». РБК. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել