Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապույտ մզկիթ (այլ կիրառումներ)

Կապույտ մզկիթ (պարս.՝ مسجد کبود), գործող շիա մզկիթ Երևանում։

Կապույտ մզկիթ
պարս.՝ مسجد کبود
Տեսակմզկիթ և մշակութային արժեք
Երկիր Հայաստան[1]
ՎարչատարածքԵրևան և Կենտրոն վարչական շրջան
Հիմնվել է1768
Կառուցման ավարտ1766
Ճյուղ/ավանդույթՇիա իսլամ
Կարգավիճակգործող
ՀիմնադիրՀուսեյն-Ալի խան Քաջար
Ճարտարապետություն
Ոճաֆշարյան ճարտարապետություն և պարսկական ճարտարապետություն
Բարձրություն24 մետր
Ընդհանուր տարածք7000 քառակուսի մետր
Գմբեթ3
Մինարեթներ1
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Կապույտ մզկիթը կամ Գյոյ-ջամին կառուցել է Երևանի կիսանկախ սարդար Հուսեյն-Ալի խանը 1766 թվականին (հիջրեթի 1179 թվական)։ Մզկիթի հարավային դարպասի ճակատին դրա կառուցողը թողել է մի արձանագրություն, որի վերջում հիշատակվում են նրա անունն ու մզկիթի կառուցման թվականը։ Արձանագրության մեջ հիշատակված մզկիթի կառուցման թվականը Հովհաննես Շահխաթունյանցը կարդացել է ոչ թե 1179 (հիջրեթի), ինչպես այն կա, այլ՝ 1186 (հիջրեթի), իսկ Հենրի Լինչը նշում է, որ մուսուկլան հոգևորականները մզկիթի կառուցումը վերագրում են Նադիր շահի ժամանակներին (1736-1747 թթ.)։

Կա կարծիք, որ մզկիթի տեղում մինչ այդ կանգնած է եղել Դեֆ սուլթանի մզկիթը, որը քանդվել է Երևանի մեծ երկրաշարժի ժամանակ 1679 թվականին, ու գրեթե մեկ դար անց միայն տեղում կառուցվել է այս նորը՝ Հուսեյն-Ալի խան Քաջարի կողմից։

Խորհրդային տարիներին կրոնական կառույցների զանգվածային քանդման շրջանում Կապույտ Մզկիթը պահպանվեց մի շարք հայ մտավորականների ջանքերով, որոնց թվում էր նաև Եղիշե Չարենցի, ովքեր դեմ դուրս եկան այդ մտադրությանը և արեցին ամեն հնարավորը մզկիթը պահպանելու համար[2]։ Մզկիթը փրկվեց ու նրանում հիմնադրեց Երևանի պատմության ու բնագիտության թանգարանը[3]։

Հայաստանի անկախացումից հետո Իրանի կառավարության խնդրանքով մզկիթը որպես աղոթավայր՝ հանձնվել է Իրանին[4]։ Այն վերակառուցվել է 1994-1998 թվականներին[5] Իրանի կառավարության ջանքերով։ 2006 թվականին վերանորոգվել է գմբեթը։

2018 թվականին հայտարարվել է Կապույտ մզկիթը Յունեսկոյի համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցուցակում ընդգրկելու ցանկության մասին[6]։

Նկարագրություն

խմբագրել

Կապույտ մզկիթը պատկանում է շիա դավանության մզկիթների շարքին։ Այն Երևանի մզկիթների մեջ ոչ միայն ամենագեղեցիկն ու շքեղն էր, այլև ամենամեծն էր։ Համալիրի ընդհանուր մակերեսն է 7000 մ2[7]։ Նա մի քառանկյունի ընդարձակ շինություն է՝ բարձր մինարեով. և լայնանիստ գմբեթով։ Աղյուսակերտ է և մինարեն։ Գմբեթն ու պատերի մի մասը պատած են երկնագույն հախճապակով։

Բուն մզկիթի շինվածքները գտնվում են երկնագույն հարավային և հյուսիսային կողմերում, իսկ թևերում և դիմացը կառուցված են օժանդակ մի շարք մանր շենքեր, 28 խուց, գրադարան[4] ու մեդրեսե, որոնք բուն մզկիթի հետ միասին շրջապատում են մի քառակուսի գեղեցիկ ու ընդարձակ բակ՝ 71մ x 47մ մակերեսով[8]։ Վերջինիս կենտորոնում կառուցված է մի փոքրիկ ջրավազան, որի շուրջն ընկած է ստվերախիտ ծառերով ծածկված լայն ու խնամքով սալահատակված հրապարակը։ Մզկիթն ունի երեք մուտք, երկու փոքրերը՝ արևելյան ու արևմտյան կողմերում, իսկ մեծը՝ հարավային։ Բուն մզկիթը գտնվում է հարավային կողմում։ Այն բաղկացած է երեք կամարակապ դահլիճներից, որոնք կապված են իրար հետ։ Միջին մասում գտնվող ամենաբարձր դահլիճի վրա բարձրանում է նրա հիմնական կապույտ գմբեթը, որի համար էլ հավանաբար կոչվել է կապույտ։ Կողքին վեր է խոյանում ավելի փոքր գմբեթը, որը կրում է պարսիկների կրոնական առաջնորդ Հուսեյնի անունը[4]։ Մյուս երկու դահլիճները փոքր են և համեմատաբար ցածր առաստաղ ունեն։ Դահլիճներն ընդհանրապես անզարդ են, կառուցվածքով պարզ և ունեցել են հասարակ կահավորում։ Զարդարված են միայն դահլիճների՝ դեպի բակը բացվող լուսամուտներըը։ Իսկ դրանց զարդն էլ կազմում են գույնզգույն ապակիներով շրջանակների մոտ զետեղված արևելյան նախշերը։ Բակի հյուսիսային կողմում գտնվում է փոքր աղոթարանը, որն իր մեծությամբ ու շքեղությամբ հարավային կողմում եղած մզկիթի հետ չէր կարող նույնիսկ համեմատվել։ Մինարեն հին Երևանի կառուցվածքների բարձրագույն կետն էր և ուշադրություն էր գրավում շատ հեռվից։ Նրա գագաթից իսլամական հասարակությանը ամեն օր աղոթքի է կանչել ազաչին։

Կապույտ մզկիթը նկարագրել են շատ-շատերը՝ Ա. Հաքստհաուզենը, Ե. Լաչինովը, Հ. Շահխաթունյանցը, Հ. Լինչը, Ուվարովան(?) և ուրիշներ, որոնք նշել են նաև դրան կից գործող հոգևոր տարրական դպրոցի մասին։ Որպես երկու ազգերի հանդուրժողական ու ակնածալի վերաբերմունքի ապացույց՝ մզկիթի ցուցասրահում հայկական եկեղեցին և պարսկական մզկիթը կողք կողքի են տեղադրված։

  Ակսել Բակունցի հետ հաճախ մենք լինում էինք այս վայրերում և գնում Կապույտ մզկիթի զովասուն բակը՝ «պարսկական թեյ» խմելու։ - Երևան, չարսու բազար,- ասում էր նա ու նայում շուրջը,- կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչ կլինեն այս վայրերը 50-60-ական թվականներին,- ասում էր, մտածում ու եզրափակում,- չես ճանաչի։- Աբովյանը եղել է այս տեղերում,- շարունակում էր բարձրաձայն մտածել նա,- հարյուր տարի է անցել։ Բայց եթե այսօր նա հրաշքով անցներ այս տեղով, չէր զարմանա, կճանաչեր հին վայրերը։ Բայց ահա՝ 50-60 թվերին, այս ամենը, ինչ տեսնում ես, հիշողություն կդառնա, հե-ռո՜ւ հիշողություն… Ու ժպտում էր իր կապույտ, հստակ աչքերով։ Հե-ռո՜ւ հիշողություն։  
  Բազարի մոտ, հրապարակի մեջ, կանգնել է Կապույտ մզկիթի մեծ շենքը աղյուսից շինված բարձր պատերով, որոնց վրա վերևում փոքրիկ պատուհաններ կան, ապակու փոխարեն լարացանցով ծածկված։ Գիշերով Կապույտ մզկիթն անհրապույր է թվում իր երեք պատերով։ Սակայն չորրորդը,- ճակատը, տարբեր է մյուսներից։ Այդտեղ, դռան երկու կողմերում, պատը զարդարված է գույնզգույն չինիի կտորներով։ Գույնզգույն չինիի կտորներով են զարդարված նաև գմբեթն ու մինարեն։ Արևոտ ցերեկով կամ լուսնյակ գիշերին, մզկիթի գմբեթն ու մինարեն գեղեցիկ են փայլում իրենց նախշերով և գույնզգույն, պարսկական տառերի նկարներով։ Մզկիթի երկու փոքրիկ դարբասները, որ գտնվում են կողքի պատերի վրա, միշտ փակ են լինում։ Բաց է միայն ճակատի դուռը, որը մի ծածկված միջանցքով տանում է ուղիղ դեպի մզկիթի հայաթը, որտեղ ծառեր կան և ծաղիկների մարգեր։ Իսկ հայաթի կենտրոնում քառակուսի ավազանն է՝ - հավուզը։ Հայաթի հարավային մասը գլխավոր մզկիթն է, - աղոթարանը, իսկ նրա դիմացի՝ հյուսիսային մասը, մյուս աղոթարանը։ Արևելյան և արևմտյան պատերի վրա կան իրար նման քսան-քսանչորս փոքրիկ դռներ։ Դրանք խուցերի դռներն են։ Այն խուցերի, ուր մի ժամանակ, իջևանել են ուխտավորները։ Այժմ, այլևս ուխտավորներ չեն գալիս, իսկ խուցերում ապրում են պարսիկ ու թուրք արհեստավորներ, բանվորներ։  
  Քանդվել է հին, դարավոր Երևանը և օդի մեջ կանգնել է դարերի փոշին։ Ամեն ինչ երևում է այդ փոշու միջով։ Ինչպես ոսկե փոշի, մառախուղել է մթնոլորտը։ Այդ փոշու միջով, հեռվում հազիվ երևում է Կապույտ մզկիթի պլպլան գմբեթն իր խայտաբղետությամբ։ Կանգնել է հին Երևանի այդ խորհրդանշանն իր ողջ մեծությամբ և ականատես է լինում հին աշխարհի կործանմանը։ Լռել է մինարեն։ Էլ ոչ մի մոլլա նրա բարձրից ազանի չի կանչում իսլամական արևելքին։ Հայաթում ինչպես մի քանի հարյուր տարի առաջ, այսօր էլ նիրհում է քառակուսի ավազանը, բայց նրա ափերին էլ չեն պսպղում նամազող հավատացյալները։ Արձանի անշարժությամբ կանգնած են սաղարթախիտ թթենիները նրա հայաթում։  

Կապույտ մզկիթը մշակույթում

խմբագրել

Բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Արմենի՝ «Զուբեյիդա» վիպակում գործողություններից մեկը տեղի է ունենում Կապույտ մզկիթում։ «Վոր վերաբերում ե Կապույտ մզկիթին» անվանումով գլխում՝ Մ. Արմենը նկարագրում է 1920-ականների Երևանը և Կապույտ մզկիթը, որի խցերում խորհրդայնացումից հետո ապաստանել էին բանվորներ, ինչպես նաև բնակարանային ծանր պայմաններ ունեցող մարդիկ։ Վիպակի գլխավոր հերոսներից Ահմեդը ապրում էր Կապույտ մզկիթի արևմտյան պատի հինգերորդ խցում։ «Զուբեյիդայի» շապիկը ձևավորել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Շավարշ Հովհաննիսյանը։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Չարենցի մեծարման երեկո՝ Երևանի Կապույտ մզկիթում». Երկիր Մեդիա. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. «Քրիստոնյա երկրի Կապույտ մզկիթը». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 17-ին.
  4. 4,0 4,1 4,2 Խաչատրյան, Ամալի (2014 թ․ օգոստոսի 3). «Կապույտ մզկիթի գունագեղ ճակատագիրը». 168 ժամ. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  6. Երևանի Կապույտ մզկիթը կարող է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկ ներառվել
  7. Կապույտ մզկիթն իրանական արվեստի խորհրդանիշ է. Հայաստանում Իրանի դեսպանատան արձագանքը
  8. Այցելեք Երևան - Կապույտ մզկիթ

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապույտ մզկիթ (Երևան)» հոդվածին։