Կապի մալայացիներ

էթնիկ խումբ Հարավային Աֆրիկայում

Կապի մալայացիներ (աֆրիկաանս՝ Kaap-Maleiers), Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում գունամորթ բնակչության էթնիկական խմբերից մեկը, որի ընդհանուր թվաքանակը կազմում է 200 հազար մարդ (երկրի բնակչության 0,5 %-ը)։ Հիմնականում բնակվում են Քեյփթաուն քաղաքում (Արևմտյան Կապ), 166 հազար մարդ (բնակչության 5,7 %-ը) և Յոհաննեսբուրգում (10 հազար մարդ)։ Համարվում է ՀԱՀ-ում իսլամ դավանող խոշորագույն խմբավորում։ Մայրենի լեզուն աֆրիկաանսն է իր հատուկ գրավոր և բանավոր ձևերով, որն առավել հայտնի է որպես արաբական աֆրիկաանս։

Կապի մալայացիներ
Ընդհանուր քանակ

200000

Բնակեցում
Լեզու(ներ)
Հավատք(ներ)

Պատմություն խմբագրել

 
Քեյփթաունի Բո-Կաապ մալայական թաղամասը

Առաջին մալայացիներին Հարավային Աֆրիկա են բերել հոլանդացի գաղութաբնակները և ծովագնացները, այն բանից հետո երբ հոլանդացի Յան վան Ռիբեկը 1652 թվականին հիմնադրեց Կապստադ քաղաքը։ Առաջին մալայացիները Մալայան կղզեխմբի կղզիներից բերված ստրուկներ էին և դրանց մեծամասնությունը քրիստոնեություն ընդունեց և անցավ հոլանդերեն լեզվին՝ խառնվելով տեղացի սպիտակների և աֆրիկացի բնիկների հետ ձևավորեցին նոր գունավորների խումբ։ Մալայացիների երկրորդ ալիքը հիմնականում բաղկացած էր Ճավա կղզուց աքսորված ապստամբներից, որոնց հոլանդական իշխանությունները Կաապի գաղութ տեղափոխեցին զգուշանալով պարտիզանական շարժումից։ Իսլամին հավատարմության պատճառով այս խումբը զգալի չափով պահպանել է էթնիկական մեկուսացումը, չնայած ժամանակի ընթացքում անցավ աֆրիկաանս լեզվին՝ կորցնելով հայրենի մալայական լեզուն, որի բառապաշարն այնուամենայնիվ շարունակում է օգտագործել հիմնացեղի լեզվի փոխառությունները։ Հետագայում այս համայնքը ընդլայնվեց կոյսանի, Արևելյան Աֆրիկայի, Մադագասկարի և արաբ բնիկների հաշվին։ 19-րդ դարում կապական մուսուլմանների համայնքը աճեց Արևմտյան Աֆրիկայից ներգաղթյալների և անգլիացիների կողմից Ամերիկա «կենդանի ապրանք» տեղափոխող նավերից գրավված նախկին ստրուկների հաշվին։ Արդեն 1842 թվականին կապի մուսուլմանների համայնքում հաշվվում է 7500 մարդ։ Հին ժամանակներից սկսած կապի մալայացիների հիմնական բնակության վայրը Քեյփթաունի Բո-Կաապ մուսուլմանական թաղամասն է, որտեղ նրանց հետ միասին բնակվում էին համեմատաբար փոքրաթիվ մուսուլմանական խմբեր (զանզիբարցիներ, մուսուլմաններ Հնդկաստանից, Պակիստանից, Մալայզիայից)[1][2]։ Ապարտհեյդի ժամանակ մուսուլմաններին դասում էին գունավոր բնակչության մեջ։

Իսլամը կապի մալայացիների կյանքում խմբագրել

 
Իսլամը կապի մալայացիների կյանքում

Կապի մուսուլմանների շրջանում ավանդաբար գերակայում են սուֆի եղբայրների հետևորդները, որոնք տարածված էին այստեղ Հնդկաստանից և Հարավ Արևելյան ասիայից ներգաղթյալների հետ միասին։ Միայն Քեյփթաունում և նրա շրջակայքում գտնվում են տեղական սրբերի 40 գերեզմաններ։ Կապի մուսուլմանների մեծամասնությունը համարվում են շաֆիտիմազհաբի կողմնակիցներ։ 20-րդ դարի վերջին Հարավային Աֆրիկայում տարածում ստացավ իսլամական ֆունդամենտալիզմի և ռեֆորմիզմի գաղափարախոսությունը, հիմնականում մուսուլման մտավորականության և ուսանողության շրջանում։ Դրանց թվում բավականին ժողովրդականություն էին վայելում այդ ուղղության այնպիսի ներկայացուցիչների աշխատանքները, ինչպիսիք են Մուհամմեդ Իկբալը և Սայիդ Կուտբը։ Աֆրիկայի հարավում իսլամի քաղաքականացման աճի դրսևորումներից էր կապական մուսուլմանների «Ժողովուրդն ընդդեմ գանգստերիզմի և թմրամիջոցների» (ՊԱԳԱԴ) կազմակերպության գործունեությունը, որն իր գործունեության գագաթնակետին հասավ 1996-2000 թվականներին։ Այն համարվում էր 1981 թվականին ստեղծված «Կիբլա» կազմակերպության իրավահաջորդը, որը հանդես էր գալիս «Միակ լուծումը իսլամական հեղափոխությունն է» կարգախոսով։ ՊԱԳԱԴ-ի առաջնորդները որպես իրենց գաղափարախոսություն ընտրել էին արմատական իսլամիզմը, հայտարարելով «Ջիհադ թմրամիջոցների դեմ»։ Նրանց պայքարի մեթոդները ներառում էին զանգվածային բողոքի ակցիաները, հրդեհումները, ահաբեկչական գործունեությունը, նարկոբարոնների և հանցագործ աշխարհի առաջնորդների սպանությունները։ Ընդհանուր առմամբ, վերջին տասնամյակում ՀԱՀ-ում նկատվում է իսլամադավան հասարակության իսլամականացման զգալի աճ։ Փողոցներում հաճախակի կարելի է հանդիպել երկար փոկ հագուստով, դեմքը ծածկած կանանց, խոշոր սուպերմարկետներում կան առանձին բաժիններ, որտեղից կարելի է ձեռք բերել հալալ միս, «հալալ» նշանի տակ են վաճառվում նույնիսկ հացն ու յուղը։ Գործում են մուսուլմանական միջնակարգ դպրոցներ, քոլեջներ և ինստիտուտներ, որտեղ պատրաստում են մզկիթների ծառայողներ և ապագա հոգևոր առաջնորդներ։ 1994 թվականից Քեյփթաունում ստեղծվել են 12 մուսուլմանական դպրոցներ։ Մուսուլմանական դպրոցների աճի գլխավոր խթանը հանդիսանում է այն, որ ծնողները ձգտում են իրենց երեխաներին հեռու պահել այնպիսի պրոբլեմներից ինչպիսիք են թմրամոլությունը, բարոյականության անկումը, երիտասարդության շրջանում ՁԻԱՀ-ի և հանցագործության տարածումը։

Մշակույթ խմբագրել

 
Կապի մալայացիների սամոսան ավանդական ուտեստ է, որը վկայում էր Հարավային Ասիայի ազդեցության մասին: Հնդկաստանի ազդեցությունը Կապի մալայացիների մշակույթում կարևոր է սերունդների համար երկու համայնքների միջև տարածված ամուսնությունների և միությունների պատճառով[3][4]:

Մալայացիների ներգաղթից հետո հարավաֆրիկյան խոհանոցը հարստացել է նոր ճաշատեսակներով և բաղադրատոմսերով։ Մալայացիները լայնորեն օգտագործում են արևելյան հոտավետ համեմունքներ, որոնք կապի ավանդական ճաշատեսակներին յուրահատուկ համ ու հոտ են տալիս։ Միաժամանակ նրանք շատ հմտորեն են հարմարեցնում իրենց ավանդական բաղադրատոմսերը տեղական պայմաններին։ Մալայական բոբոտիին (bobotie) յուրահատուկ համ են տալիս չիլի պղպեղի, նուշի, ծիրանաչրի և կիտրոնի տերևների օգտագործումը։ Այսպիսով ի հայտ եկավ նոր տեղական ճաշատեսակ, կապի բոբոտի։ Դրա հետ մեկտեղ մալայացիները հարավաֆրիկյան խոհանոց ներմուծեցին բրեդին (ռագու գառան մսով և բանջարեղենով), սոսատին (sosatie) (գրիլի միջոցով կծու մսի կտորներից պատրաստված խորոված) և բրեյանին (կծու մսից ճաշատեսակ)։ Մալայացիները տեղաբնակներին սովորեցրին նաև արևելյան թթուներ և մարինադներ պատրաստել։

Գրականություն խմբագրել

  • Воеводский А. В. Ислам в общественно-политической жизни ЮАР (1994—2007) // Африка: континент и диаспора в поисках себя в XX веке. М., 2008.
  • Сиим А. Ю. Арабографическая традиция Южной Африки: Литература капских мусульман: Дис. … канд. филол. наук. СПб., 2004.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. History of Muslims in South Africa: 1652 - 1699 by Ebrahim Mahomed Mahida
  2. "History of Muslims in South Africa".
  3. Haron, Muhammed (2005). "Gapena and the Cape Malays: Initiating Connections, Constructing Images" (PDF). SARI: Jurnal Alam dan Tamadun Melayu. Universiti Kebangsaan Malaysia. 23: 47–66. Archived from the original (PDF) on 29 November 2016. Retrieved 28 November 2016
  4. «Cape Malay Samosas with Mint-Cilantro Dipping Sauce». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել