Կապիկներ
Կապիկներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Simiiformes
| ||||||
|
Կապիկներ, պրիմատների կարգի կաթնասունների ենթակարգ։
Դասակարգում
խմբագրելԲաժանվում են երկու խմբի՝ լայնաքթեր կամ Նոր աշխարհի կապիկներ, որոնք ունեն 2 ընտանիք, և նեղքթեր կամ Հին աշխարհի կապիկներ՝ 4 ընտանիք։ Լայնաքիթ կապիկների մեծ մասի քթի միջնապատը և քթանցքերը լայն են, դուրս ուղղված։ Նեղքթերին բնորոշ է ավել նեղ միջնապատը, իսկ քթանցքերը, ինչպես մարդու մոտ, ցած են ուղղված։
Կենսաբանական հատկանիշեր
խմբագրելԿապիկների քաշը 400 գ-180 կգ է և ավելի, մարմնի երկարությունը՝ մինչև 2 մետր։ Որոշ կապիկների պոչը մարմիններից երկար է, մյուսներինը՝ հավասար կամ կարճ, երբեմն՝ կառչող։ Մարդանման կապիկները պոչ չունեն։ Կապիկների վերջույթները լավ զարգացած են, ունեն 5 մատ, որոնց ծայրերին կան շոշապող թմբիկներ։ Մազածածկը զարգացած է, առանձին մասերում նույնիսկ երբեմն շատ երկար է և առաջացնում է բաշ, բեղեր, մորուք։ Դեմքը և ականջի խեցիները մազապատ չեն։ Խոշոր, մարդանման կապիկների գանգն ունի ոսկրային կատարներ, որոնք ամրանում են հզոր, ծամող մկաններին։ Լավ զարգացած են դիմային մկանները։ Ստամոքսը պարզ է, բուսական կերով սնվողներինը՝ բարդ։ Կույրաղի ունեն բոլոր կապիկները, սակայն որդանման ելունը բնորոշ է միայն մարդանման կապիկներին։ Գլխուղեղը մեծ է, գալարներով ու ակոսներով հարուստ, մեծ կիսագնդերը ծածկում են ուղեղիկը։ Լավ զարգացած են տեսողությունն ու լսողությունը։ Կապիկների ձայնալարերը զրկված են ձգող մկաններից և ընդունակ չեն ելևէջելու հնչյունները։
Կենսակերպ
խմբագրելՄեծ մասը ցերեկային հոտային կենդանիներ են, ծառաբնակ, իսկ պավիանները՝ գետնաբնակ։ Սնվում են պտուղներով, տերևներով, երիտասարդ ընձյուղներով, միջատներով, խխունջներով, թռչունների ձվերով, մանր թռչուններով։ Կապիկների խոշոր թշնամիներին են օձերը, գիշատիչ թռչունները, կոկորդիլոսները և հովազները։ Բազմանում են ամբողջ տարին, ունենում մեկ ձագ։ Ստորակարգ կապիկների հղիությունը տևում է 4-6, գիբոններինը՝ 7, մարդանմաններինը՝ 9 ամիս։ Կյանքի տևողությունը 20-25 տարի է, խոշորներինը՝ 40 և ավելի, մարդանման կապիկներինը՝ 50-60 տարի։ Շատ կապիկներ որսի օբյեկտ են (օգտագործում են միսը և մաշկը)։ Որսում են նաև տանը, կենդանաբանական այգիներում և լաբարատորյաներում պահելու համար։ Քանակը խիստ կրճատվել է, և այժմ կապիկները առնված են պաշտպանության տակ։
Ծագում
խմբագրելԵնթադրվում է, որ լայնաքիթ կապիկները, որոնց նախնիները Հյուսիսային Ամերիկայից ներթափանցել են Հարավային Ամերիկա, զարգացել են նեղքիթ կապիկներից անկախ։ Միոցենում և պլիոցենում կապիկները լայնորեն տարածված են եղել Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում։ Մարդու ծագման հարցերի ուսումնասիրության համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում միոցենի դրիոպիտեկները՝ որպես մարդու և ժամանակակից մարդանման կապիկի ընդհանուր նախնիներ։ Նախնադարյան մարդկանց հնարավոր նախնիները եղել են աֆրիկյան ավստրալոպիտեկին մորֆոլոգիապես մոտ ցամաքային, երկոտանի բարձրակարգ կապիկները, որոնք որպես գործիք օգտագործել են բնական առարկաներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 253)։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապիկներ» հոդվածին։ |