Կայան բերդ (Տավուշի մարզ)

(Վերահղված է Կայան (ավան)ից)

Կայան բերդ, ռազմական կառույց պատմական Ձորափոր գավառում։

Կայան բերդ
Տեսակամրոց
Վարչական միավորՏավուշի մարզ և Իջևանի շրջան
Երկիր Հայաստան
Քարտեզ
Քարտեզ

Ենթադրվում Է, որ Կայանը կառուցել Է Աշոտ Երկաթը։ Կայանը Բագրատունյաց, ապա, 10-րդ դարի 2-րդ կեսից, Լոռվա թագավորության ստրատեգիական կարևոր հենակետերից Էր և հսկում Էր Հայաստանից Վրաստան ու Ատրպատական տանող առևտրական մայրուղին։ Դավիթ Անհողինի խռովության ճնշումից (1001) հետո Գագիկ Ա շահնշահը Կայանը և Աղստևի հովիտը հանձնեց Պահլավունիներին։

1045 թվականին Գրիգոր Մագիստրոսը իր տիրույթների հետ Կայանը հանձնեց Բյուզանդիային, բայց սելջուկների դեմ պատվար ստեղծելու նպատակով կայսրությունը այն վերադարձրեց Կյուրիկե Ա-ին։ 12-րդ դարում Կայանը պատկանում Էր Մահկանաբերդի Արծրունիներին, 1170-ական թվականներին Արծրունի Ամիր Քուրդի որդի Հասան Կայանեցու իշխանական դղյակն Էր։ Ներպալատական պայքարում Մահկանաբերդի Արծրունիների անհաջողությունից հետո վրաց արքունիքը 1191 թվականին բերդը և նույնանուն գավառը հանձնեց Իվանե Զաքարյանին։

1236 թվականին մոնղոլների հարձակման ժամանակ Կայանում ապաստանեց Իվանեի որդին՝ Հատված Կայան բերդի պարիսպներից (10-րդ դար) աթաբեկ և ամիրսպասալար Ավագ Զաքարյանը։ Զաքարյան ֆեոդալական իշխանության քայքայումից հետո (14-րդ դարի վերջ) Կայանը կորցրեց իր նշանակությունը։ Կայանը շնորհիվ իր դժվարամատչելի դիրքի լավ Է պահպանվել և այժմ կոչվում Է Աղջկա բերդ։ Ուշ միջնադարում Կայան Էր կոչվում նաև 1233 թվականին Հաղպատի վանքի միաբանության համար կառուցված ամրոցը, որը գրականության մեջ հաճախ շփոթում են Աղստևի հովտի Կայանի հետ։

Ավանդություն խմբագրել

Լեզգիները ժամանակին պաշարում են բերդը։ Բերդականները երկար ժամանակ դիմադրում են կատաղի թշնամուն։ Որնակ գյուղում լեզգիները բռնում են մի պառավ կնոջ, մահվան սպառնալիքի տակ իմանում նրանից ջրի ճանապարհը և կտրելով բերդի ջուրը՝ կոտորում բոլորին[1][2][3][4]։

Պատմություն խմբագրել

Բագրատունյան տիրապետության շրջանում և պետականության վերականգնումից հետո, Հայաստանում հիմնվել են բազմաթիվ ռազմակայաններ, բերդեր և այլ ամրություններ, որոնք հսկում էին ստրատեգիական և առևտրական ճանապարհները, ապահովում հյուսիսարևելյան երկրամասի պաշտպանությունը։ Առավել խոշորները դառնում էին իշխանական դղյակներ և հաճախ վերածվում բերդաքաղաքների։ Աղստևի հովտում ստրատեգիական կարևոր հենակետ էր Կայան ամրոցը, հավանաբար կառուցված 9-րդ դարի սկզբին։ 10-11-րդ դդ., Կյուրիկյանների օրոք՝ եղել է պահակային բերդ, որը պաշտպանել է թագավորության արևելյան սահմանները։ Շրջակայքի բնակչությունը վտանգի պահին ապաստանել է այստեղ։ 12 - 13-րդ դարերում բերդի նշանակությունը աստիճանաբար մեծանում է և դառնում է խոշոր կալվածատիրական տների նստոցը։ Մահկանաբերդի Արծրունիների և Զաքարյանների աոանձին ճյուղերը այստեղ հիմնում են իրենց դղյակները։

Միջնադարյան հեղինակներից առաջինը Հովհաննես Դրասխանակերտցին է հիշատակում Կայան բերդը։ 922 թվականին Աշոտ Երկաթի հետ թշնամացած Ուտիքի իշխան Սահակը մտել էր Բագրատունիներին պատկանող Զորափոր գավառը և գրավել նրա ամրոցները, որոնցից պատմիչը հիշատակում է միայն Կայանը։ Գավառն ու Կայան բերդը Մահկանաբերդի Արծրունիները պահեցին մինչև 1191 թվականը։ Պատմագիտական շրջանակներում որոշակի շփոթություն կա Կայան բերդամրոցի տեղի վերաբերյալ։ Ըստ էության շփոթությունն առաջացնում է Հաղպատի հարևանությամբ գտնվող Կայան ամրոցը (նաև Դսեվանք) և հոդվածում հիշատակվող Աղստևի հովտի համանուն բերդը։ Պատմաբանների մի մասը հակված այն տեսակետին, որ միջնադարի պատմիչների կողմից հիշատակվող Կյուրիկյանների թագավորության ու Զաքարյանների իշխանապետության շրջանում կարևոր նշանակություն ունեցած բերդը Հաղպատի հարևանությամբ է, մի մասի կարծիքով այն Աղստևի հովտում է, թեպետ չի նշվում թէ հատկապես որտեղ։ Թերևս միջնադարի պատմիչների կողմից հիշատակվող Կայան բերդամրոցը Հաղպատի հարևանությամբ գտնվելու օգտին են խոսում բերդամրոցի վրա միջնադարի պատմիչների հիշատակած մոնղոլական ու թուրքական հարձակումների վերաբերյալ 1800-ական թվականներին Հաղպատում և Սանահինում գրառված և մինչև այսօր էլ ժողովրդական բանահյուսության մեջ պահպանվող այդ իրադարձությունների հեռավոր արձագանքները։

Գրականություն խմբագրել

  • Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 154 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  2. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  3. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 220