Կամերային նվագախումբ, 12–20 երաժիշտ-կատարողներից բաղկացած փոքր նվագախումբ՝ գործիքային անսամբլ 17-18-րդ դարերում, որը հիմնականում կատարել է անսամբլ-նվագախմբային երաժշտություն (կոնչերտո գրոսսոներ, նվագախմբային սյուիտներ և մենանվագ գործիքների կոնցերտներ). կազմում ընդգրկվել են լարային (աղեղնավոր) գործիքների բոլոր տեսակները (ջութակներ, ալտեր, թավջութակներ, կոնտրաբասեր), մի քանի փողային (ֆլեյտա, հոբոյ և այլն), երբեմն 1 կամ մի քանի հնագույն գործիքներ (կլավիչեմբալո և այլն)։

Կամերային նվագախումբ
երաժշտական խմբի տեսակ Խմբագրել Wikidata
ԵնթակատեգորիաՆվագախումբ Խմբագրել Wikidata
Գործունեության հմտություններկամերային երաժշտություն Խմբագրել Wikidata

17-րդ դարից փոքր կազմով կամերային նվագախմբեր եղել են ազնվականների դղյակներում (օր.՝ Յ. Ս. Բախը 1703 թվականից Յոհան Էռնստ III-ի դղյակում եղել է նվագախմբի ջութակահար)։

19-րդ դարից կամերային նվագախմբերն աստիճանաբար փոխարինվել են սիմֆոնիկ նվագախմբով։ Կամերային նվագախմբերն առավել տարածվել է 1920-ական թվականներին, որը, հավանաբար, պայմանավորված էր այդ տարիներին անսամբլային ու նվագախմբային հնագույն երաժշտության նկատմամբ առաջացած մեծ հետաքրքրությամբ, նաև արձագանք էր ուշ ռոմանտիկ շրջանի սիմֆոնիկ նվագախմբերի հսկայական կազմերի դեմ (ընդլայնված նվագախմբային կազմի համար երկեր են գրել Ռ. Վագները, Ա. Բրուքները, Գ. Մահլերը, Ռիխարդ Շտրաուսը, Ա. Սկրյաբինը և ուրիշներ)։

20-րդ դարում կամերային նվագախմբի համար գործեր են գրել Ա. Շյոնբերգը (1-ին կամերային սիմֆոնիան), Ալան Հովհաննեսը («Անահիտ» ֆանտազիան, 6-րդ սիմֆոնիան), Ա. Շնիտկեն (3-րդ կոնցերտը՝ ջութակի և կամերային նվագախմբի համար) և ուրիշներ։

Ներկայում կամերային նվագախմբրը կատարում են ոչ միայն արդի, այլև հնագույն շրջանի կոմպոզիտորների երկեր նվագախմբի այն կազմով, որի համար գրվել են։ Հանրահայտ են Վիեննայի, Լիտվայի կամերային, «Մոսկվայի վիրտուոզներ», Կազանի, Հայաստանի և այլ կամերային նվագախմբեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։