< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Հայեր, էթնիկ խումբ, որը սերել ու կենսագործում է Հայկական լեռնաշխարհում և հարավարևմտյան Ասիայում։

Հայերը մեծամասնություն են կազմում Հայաստանի և փաստացի անկախ Արցախի Հանրապետություններում։ Հայերը ցրված են ամբողջ աշխարհում և ունեն 5-6 միլիոնանոց սփյուռք, որի անդամները միշտ կամ ժամանակ առ ժամանակ ապրում են Հայաստանի սահմաններից դուրս։ Հայկական սփյուռքի ամենամեծ կենտրոններ են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Վրաստանը, Իրանը, Գերմանիան, Ուկրաինան, Լիբանանը, Բրազիլիան և Սիրիան։ Բացի Իրանի և նախկին խորհրդային երկրների գաղթավայրերից, մնացած գաղթավայրերը ստեղծվել են հիմնականում Հայոց ցեղասպանության հետևանքով։

Հայերի մեծամասնությունը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, որը աշխարհի ամենահին եկեղեցիններից մեկն է։ Հիսուսի մահից քիչ անց քրիստոնեությունն սկսել է տարածվել հայերի մեջ։ Հայաստանում քրիստոնեություն են տարածել Հիսուսի երկու առաքյալները՝ Թադեոսը և Բարդուղիմեոսը։ 4-րդ դարի սկզբներին՝ Արշակունիների թագավորության ժամանակ, Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։

Հայերենը պատկանում է Հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Այն բաժանված է երկու մասի՝ արևելահայերեն և արևմտահայերեն։ Արևելահայերենը տարածված է Հայաստանում, Արցախում, Իրանում և հետխորհրդային երկրներում, իսկ արևմտահայերենն օգտագործվել է պատմական Արևմտյան Հայաստանում, իսկ այժմ խոսվում է ցեղասպանության արդյունքում առաջացած գաղթավայրերում։ Հայոց գրերը ստեղծվել են Մեսրոպ Մաշտոցի կողմից՝ 405 թվականին։

Հայերի մի ստվար մասը ծպտյալ է, որոնք ինչ-ինչ պատճառներով թաքցնում են իրենց իրական արմատները։ Ծպտյալ հայերը բնակվում են հիմնականում Թուրքիայի տարածքում, որոնց թիվը հասնում է շուրջ 5 մլն-ի (կան նաև այլ տվյալներ՝ 2-7 մլն: Ծպտյալ հայերը հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանի տարածքում, որոշակի քանակությամբ նաև Կիլիկիայում։ Նրանք ցեղասպանությունից փրկվելու համար թուրքացվել, քրդացվել կամ արաբացվել են... Ավելին