Ծիրան
Ծիրան
Ծիրան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Սալորայիններ (Amygdaloideae)
Տրիբա Amygdaleae
Ցեղ Սալորենի (Prunus)
Տեսակ Ծիրան (P. armeniaca)
Միջազգային անվանում
Prunus armeniaca
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Տվյալների անբավարարություն

Ծիրանը (լատիներեն՝ Prunus armeniaca կամ Armenian plum, հոմանիշ՝ Armeniaca vulgaris  ( )), Հայաստանի բնիկ մրգերից է, որը դեպի Եվրոպա է տարածվել է Հայաստանի միջոցով։

Պատմություն և օտարալեզու անվանումներ խմբագրել

Ենթադրվում է, որ ծիրանի հայրենիքը հյուսիսարևելյան Հայաստանն է (Վրաստանի հետ սահմանամերձ շրջանները)։ Հայաստանում ծիրանը տարածված է եղել հնագույն ժամանակներից[1]։

  • Դեռևս մ.թ.ա 3-րդ հազարամյակում աքքադացիներն այն կոչում էին «արմանու» («արմանական», այսինքն՝ «հայկական»), իսկ Հայաստանը՝ Արմանի («ծիրանի երկիր»)։
  • Միջագետքի հնագույն բնակիչներ արամեացիները (քաղդեացիները) ծիրանի ծառը կոչում էին «խազուրա արմենայա» («հայկական խնձորենի»)։
  • Արաբերենում ծիրանի անուններից մեկն է «թու‎ֆահ ալ արմանի», որը նշանակում է «հայկական խնձոր»։
  • Մ.թ.ա. 1-ին դարում հռոմեացի զորավար Լուկուլլոսը, վերադառնալով հայոց արքա Տիգրան Մեծի դեմ մղվող պատերազմից, Հայաստանից Հռոմ տարավ ծիրանենու տնկիներ, որոնք այնտեղ մշակվեցին և անվանվեցին «Հայկական սալոր»։ 18-րդ դարի խոշորագույն բուսաբան Ժան Բատիստ Լամարկը նկատեց, որ դա ոչ թե սալոր է, այլ նոր ցեղի ներկայացուցիչ, և անվանեց այն Armeniaca Vulgaris։
  • Ձգտելով ժխտել այն փաստը, որ այժմյան Թուրքիայի տարածքները ժամանակին եղել են հայկական, թուրք գիտնականները բազմիցս փորձել են ծիրանի գիտական անվանումից հանել «հայկական» բառը։ Մասնավորապես, 1972 թ. Լենինգրադում կայացած 12-րդ Բուսաբանական խորհրդաժողովում նրանք ցանկացել են փոխել վաղուց ընդունված լատինական անվանումը սելջուկյան ինչ-որ անվանմամբ, սակայն խորհրդաժողովի մասնակիցների կողմից ստացել են վճռական հակահարված և առաջարկը մերժվել է։

Նկարագրություն խմբագրել

Փոքր կամ խոշոր ծառ է 5-8, երբեմն՝ 17 մ բարձրությամբ։ Սաղարթը կլորավուն է, տափակ կամ ցրված։ Բնի տրամագիծը կարող է հասնել 30-ից 60 սմ-ի։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մուգ մոխրագորշավուն է, երկայնական ուղղությամբ ճաքճքված, ճյուղերի վրա գորշադարչնագույն, խոշոր, մոխրագույն ընդլայնական ոսպնյակներով։ Ընձյուղները կարմրադարչնագույն են կամ գորշաձիթագույն, փայլուն, մերկ, ծածկված բազմաթիվ մանր ոսպնյակներով։ Բողբոջները կլորակոնաձև են, հավաքված խմբերով։ Տերևները կլորավուն են, ձվաձև, ձգված գագաթով, ձվաձև կամ թեթևակի ձգված հիմքով, սովորաբար 4-5, երբեմն՝ 6-9, հազվադեպ 12 սմ երկարությամբ, (3) 5-8 (11) սմ լայնությամբ, մերկ կամ մազմզուկապատ միայն ջղերի ուղղությամբ, հաճախ թույլ մազմզուկապատ, մանր, բութ, անհավասար սղոցաեզր կամ աղեղնաեզր։ Տերևակոթունները բարակ են (1,8) 2,5-3 (5,5) սմ երկարությամբ, ակոսավոր։ Ծաղիկները միայնակ են, նստադիր կամ շատ կարճ կոթունավոր, (1,8) 2,5-3 (4) մմ տրամագծով։ Պսակաթերթիկները սպիտակ են կամ վարդագույն, կլորավուն կամ հակառակ ձվաձև, մեծ մասամբ գդալանման գոգավոր, կարճ եղունգով։ Հիպանթիումը գլանաձև է, մուգ կանաչ կարմրավուն, բաժակաթերթիկներն օվալաձև են, մուգ կարմիր, ծաղկման ժամանակ դեպի ցած թեքվող և հիպանթիումին սեղմված։ Առէջների թիվը հասնում է 25-45-ի, սպիտակ թելիկներով և դեղին բծերով։ Պտուղը կլորավուն է, երբեմն՝ հակառակ ձվաձև կամ տափակ կլորավուն, հաճախ անհավասարակող, կողքերից սեղմված, 2-5,5X1,5-5 սմ չափերով սպիտակավուն, դեղին, նարնջագույն, մինչև նարնջակարմրավուն, կարմիր բծերով կամ առանց դրանց («կարմրաթուշ»), մազմզուկապատ կամ մերկ։ Կորիզը հասունանալիս անջատվում է պտղամսից (երբեմն չի անջատվում), կլորավուն, օվալաձև, հակառակ ձվաձև, նշտարաձև, հաճախ անհավասարակող։ Սերմերը տափակ են, հակառակ ձվաձև, դառնահամ կամ անուշահամ։ Ծաղկում է մինչև տերևների բացվելը մարտ-ապրիլ ամիսներին, պտուղները հասունանում են հունիս-օգոստոսին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Չինաստանում, արևելյան Տիբեթից մինչև Պեկինյան լեռները, Միջին Ասիայում (արևմտյան և արևելյան Տյան Շան։ Մշակվում է հյուսիսային և հարավային կիսագնդի բարեխառն գոտու գրեթե բոլոր շրջաններում։

Արմատային համակարգը առանցքային է, խոր գնացող կողքերի վրա տարածվող, որը հաճախ դուրս է գալիս սաղարթի սահմաններից։ Լավ է աճում սննդանյութերով հարուստ, հզոր, ստրուկտուրային, լավ ջրաթափանց և օդաթափանց հողերում։ Հարուստ բերք է տալիս նաև քարքարոտ, բավականին խոնավ, լանջային, փոքր հզորության հողերում։ Պահանջում է առատ ոռոգում։ Վատ է տանում ջրաողողումները և հողի աղիությունը։ Սալորենու վրա պատվաստելու դեպքում լավ է աճում անգամ ծանր կավային հողերում և հաշտվում է գերխոնավացման հետ։ Նշենու վրա պատվաստելու դեպքում ձեռք է բերում երաշտադիմացկունություն և լավ է աճում չոր, քարքարոտ, կրով հարուստ հողերում։ Բավականին ձմեռնադիմացկուն կուլտուրա է։ Առանց վնասվելու դիմանում է մինչև -25 °C նույնիսկ -27 °C սառնամանիքներին։ 28-30 °C սառնամանիքների դեպքում ցրտահարվում են բողբոջները և վերջին տարվա շիվերը։ Չափազանց զգայուն է ուշ գարնանային ցրտահարությունների Նկատմամբ, որի դեպքում ընթացիկ տարվա բերքը կարող է լրիվ ոչնչանալ։ Բազմացնում են պատվաստով, սորտային հատկանիշները պահպանելու համար։ Ապրում է 40-50 տարի։ Հայտնի են դեպքեր, երբ ծիրանենին ապրել է 100, անգամ 200 տարի։ Աչքի է ընկնում արագ աճով և վաղ պտղաբերմամբ։ Արդեն կյանքի 4-րդ տարում բավարար բերք է տալիս։ Պտուղները աչքի են ընկնում համային հրաշալի հատկանիշներով։ Դրանք պարունակում են շաքարներ՝ 4,6-20°/օ, օրգանական թթուներ՝ 0,3-2,6 °/0, ազոտային Նյութեր՝ 0,05 -2,7 °/0, բջջանյութ՝ 0,4-2,7 0/օ, պեկտինային նյութեր՝ 0,05-1,08 °/0: Սերմերը պարունակում են 29,45-55,47 °C ճարպեր, որոնք օգտագործվում են որպես արժեքավոր սննդանյութեր և 24,90-28,36 °/0 սպիտակուցներ։ Հատկապես A վիտամինի պարունակությամբ ծիրանը համազոր է կովի կարագին և հավի թարմ ձվին։ Ունի նաև բուժիչ հատկություն։ Մեր հանրապետությունում ծիրանենին արդյունաբերական նշանակություն ունի։ Ամեն տարի բարձրորակ թարմ պտուղների արտադրանքը (8-10 հազար տ) C° վերամշակվածը (կոմպոտ, մուրաբա, հյութ և ջեմ) առաքվում է։

Արտադրություն, արտահանում խմբագրել

Ներկայումս Թուրքիան ծիրանի չրի ամենահայտնի արտահանողներից է[2]։ Ծիրանենին ՀՀ-ում մշակվող հիմնական և առաջատար պտղատու տեսակն է (մշակվում է 50 տեսակ)։ Այգիները հիմնականում կենտրոնացված են Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում։ Փոքր այգիներ կան նաև Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում։ Առավել տարածված են Նախիջևանի կարմիր, Երևանի, Սաթենի, Խոսրովենի, Որդուարի, Համբան, Ղևոնդի տեսակները։ Ընտրասերման միջոցով ստեղծվել են Արագածի, Արարատի, Նաիրիի, Վասպուրականի, Օշականի, Ոսկի, Մասիս, Վաղահասվարդագույն նոր տեսակները։4տարեկան ծառը արդեն պտուղ է տալիս։

Ծիրանը մշակույթում խմբագրել

 
Հայաստանի Հանրապետության «Ծիրան» հուշադրամը, 1994
  • Ծիրանը և ծիրանենին տեղ են գտել հայ նկարիչների բազմաթիվ նկարներում։
  • Հայերենում լայնորեն գործածվում է ծիրանի բառը՝ որպես գուներանգի անվանում։
  • Հայ արքայական ընտանիքների անդամները կրում էին ծիրանի՝ համանուն երանգի թիկնոց։
  • Երևանում, սկսած 2004 թ., ամեն տարի անցկացվում է Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնը[3]։
  • Հայաստանում ծիրանի ծառի փայտից է պատրաստվում դուդուկ նվագարանը։

Հայկական տեսակներ խմբագրել

Հայաստանում մշակվում է 50 տեսակ։ Առավել տարածված են.

  • Նախիջևանի կարմիր
  • Երևանի
  • Սաթենի
  • Խոսրովենի
  • Որդուարի
  • Համբան
  • Ղևոնդի

Ընտրասերման միջոցով ստեղծվել են.

  • Արագած
  • Արարատ
  • Նաիրի
  • Վասպուրական
  • Օշական
  • Ոսկի
  • Մասիս
  • Վաղահաս վարդագույն տեսակները։

Այլ տվյալներ խմբագրել

Ամերիկացի տանկիստները սնահավատ նկատառումներով խուսափում են ծիրան ուտելուց, տանկի մեջ ծիրան բերելուց և նույնիսկ «ծիրան» բառն արտասանելուց։ Այս սնահավատությունը գալիս է Շերմանի տանկերի վթարներներից, որի պատճառը համարում էին այն հանգամանքը, որ տանկերում առկա էին ծիրանի պահածոյատուփեր[4]։

Պատկերներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «VII Symposium on Apricot Culture and Decline». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 20-ին.
  2. Ծիրան արտադրողների միտումները
  3. Golden Apricot International Film Festival
  4. «Marines Magazine - Marine Corps superstitions». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 20-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 127  
  Ընթերցե՛ք «ծիրան» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծիրան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծիրան» հոդվածին։