«Ծիծեռնակի բույն» (Ղրիմ) (ուկրաիներեն՝ Ластівчине гніздо, Ղրիմի թաթարերեն՝  Qarılğaç yuvası, Къарылгъач ювасы), ճարտարապետական ու պատմական հուշարձան, որը կառուցված է Ղրիմի հարավային ափին գտնվող Գասպրա գյուղի 40-մետրանոց Այ-Տոդոր հրվանդանի Ավրորայի ժայռի վրա։ Ռուսական իշխանությունների կողմից ստացել է դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[1]։

Ծիծեռնակի բույն
ուկրաիներեն՝ Ластівчине гніздо, Ղրիմի թաթարերեն՝  Qarılğaç yuvası, Къарылгъач ювасы
Նկարագրություն
Տեսակfolly? և ճարտարապետական հուշարձան
ՏեղագրությունՂրիմի հարավային ափին գտնվող Գասպրա գյուղի 40 մետրանոց Այ-Տոդոր հրվանդանի Ավրորայի ժայռի վրա
Վարչական միավորԳասպրա
ԵրկիրՈւկրաինա
Կառուցված1877-1878 թթ
Կառուցողինժեներ և քանդակագործ Լեոնիդ Շերվուդ
ՃարտարապետԼեոնիդ Շերվուդ
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
Բացման օր1912
Ընթացիկ վիճակվերանորոգման ենթակա
Կայքзамок-ласточкино-гнездо.рф(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ
 Swallow's Nest (Crimea) Վիքիպահեստում
«Ծիծեռնակի բույն», Ղրիմ
«Ծիծեռնակի բույն», Ղրիմ

Պատմություն խմբագրել

 
«Ծիծեռնակի բույն», (XIX դ)
 
«Ծիծեռնակի բույն», 1903
 
«Ծիծեռնակի բույն», Ղրիմ, 1901

Առաջին փայտե շինությունը այդ վայրում կառուցվել է 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո պաշտոնաթող ռուսաց գեներալի համար։ Այն կարելի է տեսնել հայտնի ծովանկարիչների (Հ. Կ. Այվազովսկի, Լ. Ֆ. Լոգարիո, Ա. Պ. Բոգոլյուբով) կտավներում, ինչպես նաև այն ժամանակվա լուսանկարներում։

Այս զարմանալի ամառանոցի երկրորդ տերը դարձավ Լիվադիական պալատում ծառայած պալատական բժիշկ Ա. Կ. Տոբինը։ Նրա մասին նույնպես շատ քիչ տեղեկություններ կան։ Նրա մահից հետո տնակը որոշ ժամանակ պատկանում է բժշկի այրուն, որը վաճառում է տարածքը մոսկվացի առևտրական Ռախմանինային։ Նա քանդում է շենքը և դրա փոխարեն կառուցում է փայտյա մի ամրոց, որն էլ ինքն անվանում է «Ծիծեռնակի բույն»։

Իր ներկայիս տեսքը «Ծիծեռնակի բույնը» ստացել է շնորհիվ գերմանացի նավթարդյունահանող բարոն Պ. Լ. Շտենգելի, որը սիրում էր հանգստանալ Ղրիմում։ Շտենգելը ձեռք է բերում Ավրորայի ժայռի ամառանոցային հատվածը և որոշում այնտեղ կառուցել մի ռոմանտիկ ամրոց, որը կհիշեցնի Ռեյնի ափին գտնվող միջնադարյան կառույցներին։ Նոր տան նախագիծը 1911 թվականին պատվիրվում է ինժեներ և քանդակագործ Լեոնիդ Շերվուդին՝ ճարտարապետ Վլադիմիր Շերվուդի որդուն։

Հին փայտե շենքը քանդվում է, և արդեն 1912 թվականին նեղ մակերեսի վրա վեր է խոյանում մի յուրահատուկ գոթական ամրոց։ Ճարտարապետի կողմից մտածված աստիճանական կոմպոզիցիան սկսվում էր փոքր չափսի տարածքներից։ 12 մետր բարձրություն ունեցող շենքը բարձրանում էր 10 լայնությամբ և 20 մ երկարությամբ հիմքի վրա։ «Թռչնի» ծավալներին համապատասխանում էր ներքին կառուցվածքը՝ ժայռի վրա բարձրացող երկհարկանի աշտարակում հաջորդաբար դասավորված նախասրահ, հյուրասենյակ, աստիճաններ և երկու ննջասենյակ։ Շենքի հարևանությամբ առանձնացվեց այգի։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին շինությունը գնում է մոսկովյան վաճառական Պավել Գրիգորի Շելապուտինը, որը ամրոցը դարձրեց ռեստորան։ Շուտով վաճառականը մահանում է ու ռեստորանը փակվում է։ Շենքն անցնում է վաճառականուհի Ռոխմանովային, որը ամրոցի նեոգոթական ինտերիերը ձևափոխում է հին ռուսական ոճի։ Քաղաքացիական պատերազմի տարիներին «Ծիծեռնակի բույնը» լքված է մնում։ 1920 թվականի վերջերին թերակղզում Խորհրդային կարգերի հաստատումից հետո բոլոր նախկին մասնավոր սեփականությունները փոխանցվում են Ղրիմի կոլտնտեսությունների Գլխավոր վարչության տիրույթ։ 1927 թվականին Ղրիմում տեղի է ունենում ուժեղ երկրաշարժ։ Ամրոցի տակ ժայռի մեջ խորը ճաք է ձևավորվում, նրա մի մասը այգու հետ քանդվում, թափվում է ծով, մի հատված էլ կախվում է անդունդից, սակայն շենքը գրեթե չի տուժում։

1930-ական թվականներին այստեղ էր գտնվում «Մարգարիտ» տեղական հանգստյան տան ընթերցասրահը, բայց շուտով շինությունը ճանաչվում է վթարային և փակվում։

Ամրոցի վերականգնումը սկսվել է 1960-ական թվականներին։ Ժայռն ամրապնդվում է, ամրոցի հիմքում անց է կացվում երկաթբետոնե սալիկ, իսկ ինքը վերանորոգվում է։ Շենքը դառնում է Ղրիմի խորհրդանիշ[2]։

Շինությունը հիշեցնում է Բելեմյան աշտարակի տիպի միջնադարյան ասպետական ամրոց։ «Ծիծեռնակի բույնը» դարձել է Ղրիմի Հարավային ափի յուրօրինակ տարբերանշան։

Վերանորոգումից հետո, 2002 թվականին «Ծիծեռնակի բույնը» կրկին բացվում է այցելությունների համար։ Սկզբում այնտեղ գործում է իտալական ռեստորան, իսկ պատերի մոտ ղրիմյան հուշանվերների մեծ շուկա էր։ 2011 թվականի հուլիսին իրենից ազգային պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանը փոխանցվում է համայնքային սեփականություն՝ դառնալով Ղրիմյան հանրապետական հաստատություն՝ «Պալատ-ամրոց «Ծիծեռնակի բույն»։ Այդ ժամանակ էլ այստեղ բացվել է Արխիպ Կուինջիի[3] «Կախարդական աշխարհ» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվել է «Դնեպրի լուսնյակ գիշեր»[4] կտավը։ Գեղարվեստական, հնագիտական և տեղական ցուցահանդեսները փոխվում են յուրաքանչյուր 1,5—2 ամիսը մեկ[5]։

2013 թվականին հիմքի սալիկի վրա ճաքեր են հայտնաբերվել, և աշնանը դադարեցրել են այցելությունները՝ ժայռի ամրացման աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս պալատը գտնվում է վթարային վիճակում և ենթակա է վերականգնման։ «Ծովի վրա կախված պատշգամբն իրենից բացարձակ վտանգ է ներկայացնում»,- ասել է Ղրիմի Հանրապետության մշակույթի նախարար Արինա Նովոսելսկայան։ Պալատն ամբողջությամբ կփակվի այցելուների համար, երբ սկսվեն վերանորոգման աշխատանքները։ Ժայռի ամրացնելը դժվար կլինի, քանի որ որքան ավելի շատ ամրացնող նյութեր են այնտեղ լցվում, այնքան ավելի ծանր է դառնում, ուռչում և մասնատվում[6]։

2015 թվականի հոկտեմբերի 17-ին ՌԴ Կառավարությունը որոշում է ընդունել «Ծիծեռնակի բույնը» դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ համարելու մասին[1]։

«Ծիծեռնակի բույնը» կինեմատոգրաֆիայում խմբագրել

  • Տասը նեգրիկներ (ֆիլմ)
  • Պան Կլյակսի ակադեմիան (ֆիլմ)
  • Պան Կլյակսի ճանապարհորդությունը (ֆիլմ)
  • Կապույտ թռչուն / The Blue Bird (ֆիլմ)
  • Միո, իմ Միո (ֆիլմ)
  • Առաջին հարվածը (դրվագներից մեկում Ջեկի Չանը նկարահանվել է «Ծիծեռնակի բույնի» ֆոնի վրա) (ֆիլմ)
  • Ձմեռային տանգո, մինի-սերիալ
  • Փնտրում եմ կնոջ՝ երեխայի հետ, մինի-սերիալ
  • Համլետ. XXI դար
 
100 ռուբլիանոց թղթադրամը՝ նվիրված թերակղզու ՌԴ-ին միանալուն

«Ծիծեռնակի բույնը» դրամագիտության և բոնիստիկայի մեջ խմբագրել

2008 թ. մայիսի 28-ին Ուկրաինայի Ազգային բանկը շրջանառության մեջ է դրել 50 և 10 գրիվենին համապատասխան «Ծիծեռնակի բույն» ոսկե ու արծաթե անվանական մետաղադրամներ։ Մետաղադրամները թողարկվել են «Ուկրաինայի ճարտարապետության հուշեր» շարքում։ Ոսկե հուշադրամը ձուլված է 900-րդ փորձանմուշի ոսկուց և ունի 15.55 գ քաշ։ Տպաքանակը՝ 4000 հատ[7]։ Արծաթեն ձուլված է 925-րդ փորձանմուշի արծաթից և ունի 31.1 գ քաշ։ Տպաքանակը՝ 5000 հատ[8].:

 
«Ծիծեռնակի բույն» ոսկեդրամ, 50 գրիվեն անվանական արժեք, 2008 թվական

Լեհաստանի դրամահատարանը 2012 թվականի օգոստոսին Կուկի կղզիների պատվերով թողարկել է «Ծիծեռնակի բույն» արծաթե հուշադրամ՝ Ղրիմի թերակղզու ձևով։

 
«Ծիծեռնակի բույն» արծաթե հուշադրամ, 10 գրիվեն անվանական արժեք, 2008 թվական

Մետաղադրամի դիմերեսին փորագրված է Եղիսաբեթ II-ի պրոֆիլը, թողարկողի անվանումը (Կղզի Նիուե), անվանական արժեքը (1 դոլարը) և արտադրության տարեթիվը (2012), ինչպես նաև Արջ-լեռան (Այու-Դագ)՝ Ղրիմի Հարավային ափի բնական տեսարժան վայրի ռելիեֆային պատկերը։ Դարձերեսին պատկերված է ժամանակակից Ղրիմի խորհրդանիշ գոթական ոճի ամրոց «Ծիծեռնակի բույնը», որը խոյանում է Սև ծովի ալիքների վրա։ Աջ մասում տեղակայված է ամրոցի անունը։

Մետաղադրամը ձուլված է 925-րդ փորձանմուշի արծաթից, ունի 14,14 գ քաշ, չափերը՝ 32,88 x 49,90×9,15 մմ։ Տպաքանակը՝ 3 500 հատ[9].:

Ռուսաստանի կենտրոնական բանկը 2014 թվականին թողարկել է 10-ռուբլիանոց հուշադրամ՝ նվիրված Ղրիմի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելուն, որի դարձերեսի կենտրոնում գտնվում է «Ծիծեռնակի բույնի» ռելիեֆային պատկերը։ Տպաքանակը կազմել է 10 մլն հատ[10]։

Նրա պատկերը զարդարում է 100 ռուբլիանոց հուշադրամը՝ նվիրված թերակղզու ՌԴ-ին միանալուն։ Շրջանառության մեջ է 2015 թվականի դեկտեմբերից։

Այցելություն խմբագրել

«Ծիծեռնակի բույնը» կարելի է տեսնել ոչ միայն դրսից, այլև մտնել ներս, որտեղ թանգարան է տեղակայված։ Թանգարանը աշխատում է ամռանը ժամը 10:00-ից 19:00, մնացած ժամանակ ժամը 10:00-ից մինչև 16:00։ Տոնական և հանգստյան օրերին կազմակերպվում են էքսկուրսիաներ, որոնք պետք է պատվիրել նախապես։ Հասարակական տրանսպորտով «Ծիծեռնակի բույն» կարելի է հասնել Յալթայից (32 և 102 ավտոբուսներով)[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2015թ.ՌԴ Կառավարության № 2073-р որոշումը
  2. «Ծիծեռնակի բույն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. http://gallerix.ru/album/Quingy
  4. http://www.bibliotekar.ru/kKuindzhi/1.htm
  5. ««Ծիծեռնակի բույն» պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. Ղրիմի խորհրդանիշը կարող է փլվել
  7. Ոսկեդրամ «Ластівчине гніздо» (ուկր.) // Ուկրաինայի ազգային բանկի կայք
  8. Արծաթե դրամ «Ластівчине гніздо» (ուկր.) // Ուկրաինայի ազգային բանկի կայք
  9. «Ծիծեռնակի բույնը» Ղրիմի թերակղզու ձև ունեցող յուրահատուկ արծաթե հուշադրամի վրա //
  10. «http://www.cbr.ru/press/pr.aspx?file=09102014_171705coins2014-10-09T17_02_16.htm». www.cbr.ru. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  11. http://www.tourister.ru/world/europe/russia/city/yalta/placeofinterest/12433

Արտաքին հղումներ խմբագրել