Ծաղկունք (Գեղարքունիքի մարզ)

գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում
(Վերահղված է Ծաղկունքից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկունք (այլ կիրառումներ)

Ծաղկունք, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում[2]։

Գյուղ
Ծաղկունք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքԳեղարքունիքի մարզ, Նոր Բայազետի գավառ, Սևանի շրջան, Հրազդան և Էջմիածնի շրջան
ԳյուղապետՍասուն Մինասյան
Մակերես87,5 կմ²
ԲԾՄ1850 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն901[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 261
Փոստային ինդեքս1511
Ծաղկունք (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)##
Ծաղկունք (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)
Ծաղկունք (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)##
Ծաղկունք (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)

Գտնվում է Հրազդան գետի աջափնյակում, մարզկենտրոնից 40 կմ հյուսիս-արևմուտք, Սևան քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության վրա` փռված Փամբակի լեռների բազուկը կազմող Սուրբ Հովհաննես, Աբազանց դոշ, Խաչիդոշ սարերի և Թափիդոշ բլրի ստորոտին։

Պատմական ակնարկ

խմբագրել
 
Ծաղկունքի բնությունը

Ծաղկունքը հնագույն բնակավայր է՝ Վարաժնունիք - Ծաղկունք - Ծաղկունեաց (Ծաղկունիք) - Ծաղկաձոր (Դարաչիչակ - Զընջըռլու) գավառի շուրջ 40 հնագույն բնակավայրերից մեկը, դեռևս մեր թվագրությունից առաջ 520 թ., ունեցել է 45 տուն, ճանաչվել Վարաժնունիք մեծածավալ գավառի վարչական կենտրոն։ Գյուղի տարածքը ընդհատումներով շուրջ 4 կմ երկարություն է ունեցել։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ գյուղից դեպի արևելք ձգվող տարածքներում կան տնատեղեր, գերեզմաններ, խաչքարեր։ «Բոստաններ» և «Կորոբել» հանդամասերում հայտնաբերել են զինվորական տարբեր տեսակի նշտարներ, սրեր, շեփորանման գործիքներ, կճուճներ, պուտուկներ, քասաներ, աղամաններ և այլ գործիքներ։ 1976 թ. տրակտորիստները կալատեղերի գոմերի մոտ փորելիս հայնտաբերել էին կանացի զարդեր։ Զարդերը ներկայումս գտնվում են Երևանի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, որոնք 3.5 հազար տարվա պատմություն ունեն։

Շատ ավելի ուշ՝ 1828 թվականին, Թուրքմենչայի պայմանագրով Վարաժնունիք-ն անցնում է Ռուսաստանին։ Հենց այս թվականն էլ համարվում է Ծաղկունք ներկայիս գյուղի հիմնադրման պաշտոնական թվականը։ Այդ թվականին է, որ Իրանի Մակու քաղաքից գաղթած 17 ընտանիք՝ 102 հոգի, հաստատվում է Ծաղկունքում, ինչպես նաև ընտանիքներ են գաղթում Խոյից և Վանից 1828-29 թթ.։ Ծաղկունքի բնակչությունն աճում է. 1831 թ. ուներ 512, 1897 թ.՝ 1457, 1926 թ.՝ 1561, 1939 թ.՝ 1675, 1959 թ.՝ 846, 1970 թ.՝ 871, 1979 թ.՝ 836, 1989 թ.՝ 1057, 2001 թ.՝ 1014, 2004 թ.՝ 1096 բնակիչ։ 1849 թվականից մինչև 1917 թվականը գավառն ընդգրկվում է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի կազմում։ 1918-1920 թթ. առաջին անկախ Հայաստանի Ն. Բայազետի Դարաչիչակ Մահալի կազմում, 1920-1930 թթ. եղել է Հայկական ԽՍՀ Ն. Բայազետի գավառի կազմում, 1930 թ. սեպտեմբերի 9-ին մտել է նոր կազմավորված Ներքին Ախտայի վարչական կազմի մեջ, 1937 թ. դեկտեմբերի 31-ից անցել է Սևանի շրջանի վարչական տարածքի մեջ, 1991 թ. սեպտեմբերի 21-ից հանդիսանում է անկախ Հայաստանի Հանրապետության բնակավայր Սևանի շրջանում, իսկ արդեն 1996 թվականից՝ գյուղ Գեղարքունիքի մարզում։

Այժմյան Ծաղկունքի հողատարածքի երկարությունը հյուսիսից հարավ շուրջ 25 կմ է, իսկ լայնությունը տատանվում է 1-6 կմ սահմաններում։

Բնակլիմայական պայմանները

խմբագրել

Փամբակ լեռնաշղթայի Ծաղկունք լեռնաբազուկի փեշերի այս տարածքը, ուր տարածված է գյուղը իր արբանյակներ՝ Կոռոբլե և Բոստաններ բնակատեղերով, հարուստ է բնական ոչ ջրառատ աղբյուրներով։ Ջուրը սառնորակ է, փափուկ, հանքային նյութեր քիչ են պարունակում, խմելու համար պիտանի է։ Զանգու գետի ձախ ափը, գյուղի տարածքից միջև Ցորնուկ (Մոլոկան) սարի մոտակայքը, զուրկ է բնական աղբյուրներից։ Այդ տարածքում քարացրոններ են (չինգիլ)։ Հողը սևահող է։ Ծալկունք լեռնաբազուկի արևահայաց լեռնալանջերը հողազուրկ են և լվացված։ Բուսածածկը նպաստավոր է ոչխարաբուծության համար, իսկ սարալանջերի արևելյան և հյուսիսային թեքություններում փարթամ բուսականություն է աճում և նպաստավոր պայմաններ է ստեղծում խոշոր եղջերավոր անասնապահության համար։

Գյուղի հողատարածքի ամենաբարձր գագաթը Զիարատ լեռն է (2233 մ)։ Մեյդանների գոգավորությունները ճահճուտներ են։

Հողերը լեռնատափաստանային և լեռնամարգագետնային սևահողեր են։ Հարուստ են կարբոնատներով, առատ հումուս են պարունակում։ Հզորության շերտը Մեյդաններում և Դարվեշալիքում (Երևան-Սևան մայրուղու մոտ) երբեմն հասնում է 50-70 սմ, հումուսի քանակը կազմելով 5-12%, իսկ առանձին հողատարածքներում հատկապես «Քրջոտ խաչից» դեպի արևմուտք, մինչև «Շողանի քար» սահմանները հողի հզորությունը նվազում է՝ հասնելով 15-20 սմ սահմաններին։

Վարելահողերի «Ալափափաղ» և «Խտորիք» հողակտորներում գերիշխում է կավահողը, հումուսի պակասի պատՃառով այս տարածքների բերքատվությունը համեմատական կարգով պակաս է։ «Գյուղի տակ», «Չիմաններ», «Բոստաններ» վարելահողերը կավ-ավազային են՝ մեծ ջրաթափանցելիությամբ։ Այս հողերում ակոսային ջրման եղանակը իրեն չի արդարացնում։ Ջրման աշխատանքներ նման հողատարածքներում անհրաժեշտ է կատարել անձրևացման եղանակով։

Սևանի բնաշխարհում ըստ պրոֆեսոր Գ. Աղաջանյանի տվյալների, հաշվվում է 1600 բուսատեսակ, որոնցից 1500-ը ծաղկավոր են։ Ծաղկունքի հողատարածքում այն քիչ պակաս է։ Որոշ, բայց ուրույն տեղ են գրավում դեղաբույսերը՝ հազարատերևուկը, երիցուկը, անթառամը, ուրցա, խավրծիլը, խատուտիկը, մայրամի ծաղիկը, ալբերանց արյունը, խռնդատը՝ կղմուխը, տատրակը, տերեփուկը և այլն։

 
Մեղվապահությունը Ծաղկունքում

Տարեկան միջին ջերմաստիճանը բարձրադիր վայրերում 2 °C է, ցածրադիր վայրերում՝ 5 °C։ Հունվարի միջին ջերմաստիճանը -13 °C -18 °C է, հուլիսինը՝ +15 °C – +20 °C։ Տարեկան տեղումները 500-600 մմ է, սակայն եղել են տարիներ, երբ տեղումներ չլինելու պատճառով աշնանացանները չեն ծլել։ Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, գրեթե ամեն տարի կրկնվում է կարկտահարությունը, որը մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը։ Նաև վնաս են հասցնում գարնանային և աշնանային ցրտահարությունները։ Եղել են տարիներ, որ ցրտահարությունները սկսվել են սեպտեմբերին սկզբին, երբեմն երկարել հասել մինչ հոկտեմբերի 10-15-ը։ Գարնանային ցրտահարության վերջին ժամկետ է համարվում հունիսի վերջին օրերը, սակայն եղել են տարիներ, երբ ցրտահարության վերջին օրերը հասել են հուլիսի 4-10-ը։ Գյուղատնտեսությանը մեծ վնաս է հասցրել նաև երաշտը։

Ծաղկունցիք դարեր շարունակ բացի խմելու ջրից, նաև ոռոգման ջրի պակաս են զգացել։ Սաքոնց, Աբազանց և Խաչի ձորերի ջրերը, որոնք բնական աղբյուրների ջրեր են, ձմռան ընթացքում գյուղացիներն օգտագործել են խմելու նպատակով, ամռանը՝ որոշ ընտանիքներ՝ ոռոգման նպատակներով։ Ներկայումս ձորերի և մղիչ պոմպերի ջրերի պակասի հետևանքով չորացել են մրգատու և դեկորատիվ ծառերը։

1970 թ. պետության հովանավորությամբ կառուցվեց էլեկտրական ջրամղիչ կայան, որն ապահովում էր ոռոգելի 120 հա տարածք՝ Ալափափախ և Գյուղատակ տարածքները, ներառյալ ազգաբնակչության պանանջները։ Այնուհետև, երբ կոլտնտեսությունը վերացվեց պետական տնտեսության, ջրարբիացվեց «Դիմաց» հանդիմասի Դարվեշալիք, Մադեյ-գյոլ, Փոսեր և Դալիբուղդա կոչվող վարելահողերը, որտեղ ջրումը նախատեսված էր ակոսային եղանակով, ջրամատակարարումը մղիչ պոմպերի օգնությամբ։

Խորհրդային միության փլուզումից հետո դադարեցվեց ջրամատակարարումը, ապակոմլեկտավորվեց կայանները և այժմ գյուղը ամբոջապես դեռևս ապահովված չէ ոռոգման ջրով։

Բնակչություն

խմբագրել

Ներկայիս բնակչության նախնիները գաղթել են Մակուից, Խոյից և Վանից 1828-1829 թթ.։

Ծաղկունքի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 512 1457 1561 1675 846 871 836 909 1014 901[1]

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային մշակաբույսերի և կարտոֆիլի մշակությամբ։

Պատմական հուշարձաններ

խմբագրել

Սուրբ Հարություն եկեղեցի

խմբագրել

Սուրբ Հարություն եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական մասում։ Կառուցման մասին պատմական տեղեկություններ չեն պահպանվել։ Արտաքուստ ուղղանկյուն հատակագծով եռանավ բազիլիկ շինություն է, արևելյան մասում կա կիսաշրջանաձև խորան, դրա կողմերում կան 2 ավանդատներ։ Խորանն աղոթասրահից անջատված է բեմով, հյուսիսային պատի արևելյան մասում մկրտարանն է։ 1921 թ. «կարմիրների» կողմից գյուղը ռմբակոծումից հետո եկեղեցին վերանորոգվել է և արևմտյան պատին (արտաքուստ) պառկած վիճակում ագուցված է (շարված) երկու 13-րդ դարի խաչքար, իսկ հարավային պատին՝ մեկ խաչքար։ Եկեղեցին ունեցել է գմբեթավոր զանգակատուն։ Փլված եկեղեցին վերանորոգել են առանց զանգակատան։ Խաչքարերը պատի մեջ՝ պառկած վիճակում դնելը, վկայում է բոլշևիկյան կուսակցության վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ։ Շինանյութը բազալտից է։ Ըստ ճարտարապետական հորինվածքի և շինարարական տեխնիկայի 19-րդ դարի գործ է։ Եկեղեցու առաջ կան 7 կանգուն խաչքար և մեկ տասնյակից ավելի գերեզմանաքարեր ( 10-19-րդ դդ)։ Դրանցից մեկի վրա գրված է․

 
Կարապետ քահանա Ջալալեանցի տապանաքարը Ծաղկունք գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու բակում
  Տապանք առաքինի ծերունուն
Կարապետ քհի տր Մխիթարեան
Ջլլենց վթ 1878
 

Այս տապանաքարը այն ծերունազարդ քահանայի մասին է, որի մասին հիշատակում է արքեպիսկոպոս Մեսրոպ Սմբատյանցը․ «Դեպի ի արևելք բավական գնալով հասանք, փառք Աստծոյ Ծաղկունք գիւղը և հանգստացանք ծերունազարդ Կարապետ քահանայ Ջալալյանցի տանը․․․»

Սուրբ Սարգիս մատուռ և եկեղեցի

խմբագրել
 
Մատուռ Սուրբ Սարգիս
 
Սուրբ Սարգիս եկեղեցին գյուղի կենտրոնից

Սուրբ Սարգիս մատուռը գտնվում է գյուղից 0,5 կմ արևելյան բլրի վրա։ Թվագրվում է 7-19 դդ. ըստ ճարտարապետական վերլուծության և կատարման տեխնիկայի։ Հատակագիծը խիստ խախտված է, այն հավանաբար եղել է եռախորան կենտրոնագմբեթ կառույց։ Մուտքը արևմտյան կողմից է։ Ներսում և արտաքուստ կան խաչքարեր, կառուցված է սրբատաշ գորշ բազալտից, մատուռի չափսերն են ՝ 6.5x4.2մ)։ Ներսում և դրսում կան 10-15 դդ. խաչքարեր։ Մատուռը վերականգնվել է և նրա կողքին 2006 թ. ավարտվել է նաև Սուրբ Սարգիս եկեղեցու կառուցումը՝ ճարտարապետ Վաչագան Թադևոսյանի նախագծով և բարերար Արսեն Աղաջանյանի հովանավորությամբ։ Եկեղեցու օծման արարողությունը տեղի ունեցավ 2006 թ. հոկտեմբերի 7-ին։ Մուտքի առաջ տեղադրված է զոհասեղան և ծակ քար, շրջակայքի գերեզմանները թվագրվում են 10-13-րդ դդ.։

Մատուռ Սուրբ Հովհաննես

խմբագրել
 
Սուրբ Հովհաննես մատուռի ավերակներ

Մատուռը կառուցվել է 10-13-րդ դարերում, գտնվում է գյուղի հյուսիսային մասում` բլրի գագաթին, ավերված է։ Խաչքարերը թվագրվում են 12-13-րդ դդ., գտնվում են պատվանդանի վրա։ Ասում են, որ մատուռը եղել է երդման արարողության վայր։ Գյուղ այլևս չվերադարձողները, մանավանդ երբ մարդը վատ բան է կատարել և երես չի ունեցել գյուղ վերադառնալու, գնացել է Սուրբ Հովհաննես, երդվել, որ այլևս չի վերադառնալու, իսկ եթե հանկարծ վերադարձել է, չոքեչոք մոտեցել է խաչերին, երդվել, որ վատ արարք այլևս չի կատարի և նոր վերադարձել է գյուղ։

Մատուռ Ծիրանավոր

խմբագրել

Թվագրվում է 12-13-րդ դդ., այժմ ավերված է։ 12-13-րդ դդ. խաչքարերի վրա դրված բազալտե սալը, ըստ գյուղի մեծերի, տեղադրել է հաշտարար Սիմոնը, որպեսզի խաչերին չոքեչոք մոտենան։

Մատուռ Ծաղկեվանք

խմբագրել

Մատուռն ավերված է, գտնվում է գյուղի հարավային մասում։ Ըստ մեծամեծերի պատմածի դրա տեղում կառուցված է եղել գմբեթավոր եկեղեցի, սակայն 1604 թ. Շահ Աբասը ազգաբնակչությանը տեղահան անելու ժամանակ ավերել է։ Հետագայում դրա տեղում կառուցվել է մատուռ։ 1940 թ. մատուռը քանդել և խաչերն ու քարերը, լցրել են գյուղի տակ կառուցվող դպրոցի պատերի հիմքը։ Ներկայումս տանիքը պատված է ազբոթիթեղով։

Սաքոնց գերեզմանոց

խմբագրել
 
Գերեզմանաքար Սաքոնց գերեզմանոցում
 
Սաքոնց գերեզմանոց

Գերեզմանոցը գտնվում է հյուսիսարևմտյան մասում, թվագրվում է 10-20-րդ դդ։ Կան ոչ անվանական խաչքարեր, կա ութաձև, երևի եկեղեցու կամ կատուռի ինքնատիպ, քարերով լեցուն հիմք, որը պեղման կարիք է զգում։

Թաք խաչ

խմբագրել

Կառուցվել է 12-13-րդ դդ., գտնվում է Ծաղկունք-Դդմաշեն տանող ճանապարհի ձախակողմյան մասում, Ծաղկունք-Դդմաշեն հանդամասերը բաժանող գծից շուրջ 40 մ դեպի Ծաղկունք։ Դրանից դեպի հարավ՝ Զանգու գետի ափին է գտնվում Ծաղկունք գյուղի արբանյակ Չիչակլի գյուղատեղը։ Գյուղատեղում կան գերեզմանաքարեր, ջրաղացնրի մնացորդներ։

Քրջոտ խաչ

խմբագրել

Խաչը թվագրվում է 12-13-րդ դդ., կոտրված է, գտնվում է Զանգուն գետի ձախ ափին, ջրաղացների տեղից հարավ, գետից նույն հեռավորության վրա, որտեղ «Թաք խա»-ն է։ «Քրջոտ խաչ» են անվանել այն պատճառով, որ քարափի մեջ աճել է մասրենի, որի ճյուղերին ուխտավորներն իրենց շորերից, թաշկինակներից, գլխաշորերից մի պատառիկ են կապել և մինչև օրս էլ կապում են՝ հավատալով, որ ցավը ծվենի պես մարմնից դուրս կթռչի և կհեռանա։

Մեծ Հայրենականում զոհված ծաղկունքցիների հիշատակի հուշահամալիր

խմբագրել

Համալիրը կառուցվել է Գագիկ Ավագյանի նախագծով ու նախաձեռնությամբ՝ նվիրված 1941-1945 թթ Մեծ Հայրենականում զոհված ծաղկունքցիների հիշատակին։ Ռաֆիլ Մկրտչյանի խորհրդով ու նախաձեռնությամբ պայմանագիր կնքվեց քանդակագործ Սամվել Մանասյանի հետ, որը ձեռքի տակ ուներ ներկայիս կառույցի արծվի փոքրիկ գիպսաքանդակ մակետը։ Բազալտեկոփ արծվի թևերի հովանու ներքո, հաղթանակած հայրենի զինվորը ձախ ձեռքով սուրը խրել է հողի մեջ. Պատերազմին ասելով ՝ ոչ և հայացքը ողղել է դեպի աջ ձեռքում բռնած խաղաղության ջահին։ Արծվի հայացքը ուղղված է դեպի արևելք՝ սպասելով արևի արարող ճառագայթներին և միաժամանակ պաշտպանելով հաղթանակած զինվորի թիկունքը՝ հայրենի հողը։

Կոթողից ներքև կառուցված է «Պատմության անիվի հետագիծ» պատը իրենից ներկայացնում է աշխարհում տեղի ունեցած հասարակական-քաղաքական ուժերի բախումից, ֆաշիստական Գերմանիայի կողմից առաջ քաշած աշխարհը վերաբաժանելու հարցը և իր վայրենի, մարդակեր բնույքով փոխում է պատմության անիվի հետագիծը։ Արծվամարմին զինվորի առջև բխում են 2 ցայտաղբյուր՝ բնութագրելով դրանց հոգիներից բխող պարզությունն ու զուլալությունը։ Խորհրդանշող պատը շարված է 2 ճանապարհը բաժանող սահմանագծի վրա։ Նախքան մուտքի աստիճաններով բարձրանալը մի պահ կանգ առեք և նայեք արծվի գլխին և ձեր առջև կհառնի «Խաչի դոշ» և «Սև արոտ» բլուրների համադրումից ստացված լեռնային թևերով արծվի տեսք՝ թռչելիս։ Ճակատամասում բազալտե սալիկի վրա փորագրված է՝ «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»։

 
Ծաղկունքի Դպրոցը

19-րդ դարավերջին մեկ կամ երկդասյա դպրոցներ են բացվում Ծաղկունքում, իսկ 1907 թ. ցարի կողմից հրաման է տրվում Ծաղկունքում բացել մեկ դասարան 44 աշակերտներով։ Արդեն 1919 թվականին, ըստ նշված վկայությունների, դպրոցն անջատվել է եկեղեցուց։ 1920 թ. դասասենյակներ են ծառայել Նավոնց օթախները, Գևորգյան Արամի, էլիզբարանց, Գևորգյան Գևորգի, Սառանց Գրիգորի, Մնացականանց Հովհաննեսի, Պուճուրանց Գրիշի, Գոքորի Աղոյի և ուրիշ բնակարաններ։ Գյուղի երիտասարդությունը կրթությունը շարունակում է Դիլիջանում, Քանաքեռում և Երևանում։ 1939-1940 թթ. գյուղխորհրդի նախագահ Գարեգին Ավագյանի և կոլեկտիվ տնտեսության նախագահ Մուշեղ Հովսեփյանի ջանքերով Երևանում նախագծվում է 320 աշակերտների համար դպրոցական շենք, որը իրականացվելու էր Սևանի կոմունալ բաժնի կողմից։ Շենքը շահագործման է հանձնվել 1942 թ։ Ավելի ուշ «Դար» հիմնադրամի միջոցներով 2007 թ. հոկտեմբերի 7-ին շահագործման հաձնվեց գյուղի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը։

Հայտնի մարդիկ

խմբագրել

Ալպիկ Մկրտչյանը (ծնվ. 1937) հայնտի ֆիզիկոս է, ԽՍՀՄ վաստակավոր գյուտարար, նրա գրչին են պատկանում առավել քան 400 հոդվածներ, մենագրություններ և զեկույցներ։ Աշխատել է որպես ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն։

Թոնրի փառատոն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  3. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.