Խաքանի Շիրվանի

Պարսիկ բանաստեղծ
(Վերահղված է Խ. Շիրվանիից)

Խաքանի Շիրվանի (նաև՝ Խականի, Խաղանի, պարս.՝ خاقانی شروانی, իսկական անունը՝ Աֆզալադդին Բադիլ իբն Ալի իբն Օսման, մոտ 1121[1], Շիրվան, Շիրվանշահերի պետություն[2] - մոտ 1199, Թավրիզ, Ելտկուզյանների պետություն)[3], պարսիկ բանաստեղծ և արձակագիր։ Հայրը մուսուլման է եղել, իսկ մայրը՝ իսլամն ընդունած նեստորական քրիստոնյա[4]։ Վաղ երիտասարդության տարիներին գրական ճանաչում ստանալով՝ Խաքանին հրավիրվել է շիրվանշահերի պալատ։ Գրել է ներբող-կասիդաներ՝ Խաքանի (թագավորին պատկանող) կեղծանունով։ 1156 թվականին ճանապարհորդել է Մերձավոր Արևելքում, որի տպավորությունների արդյունք են Տիզբոնի ավերակների վերաբերյալ «Մադաինի ավերակները» (հայերեն հրատարակություն՝ «Մեդաին») փիլիսոփայական կասիդան և «Երկու Իրաքների նվերը» պոեմը (ավարտել է 1157 թվականին)։ 1159 թվականին Շիրվանից գաղտնի հեռանալու փորձի համար շահ Ահսաթանի հրամանով Խաքանին բանտարկվել է։ Այդ ժամանակ էլ գրել է «Բանտայիններ» կասիդաների շարանը, որը բանաստեղծի խռովարար ոգու արտահայտությունն է։

Խաքանի Շիրվանի
պարս.՝ خاقانی
Ծնվել էմոտ 1121[1]
ԾննդավայրՇիրվան, Շիրվանշահերի պետություն[2]
Վախճանվել էմոտ 1199
Վախճանի վայրԹավրիզ, Ելտկուզյանների պետություն
ԳերեզմանMaqbaratoshoara
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուպարսկերեն և արաբերեն
ՔաղաքացիությունՇիրվանշահերի պետություն
Ժանրերբանաստեղծություն
պոեմ
Խաքանի Շիրվանի Վիքիքաղվածքում
 Khaqani Վիքիպահեստում

Խաքանին ստեղծագործել է պարսկերեն և արաբերեն։ Զարգացրել ու կատարելագործել է գազելի ու կասիդայի ժանրերը։ Նրա պոեզիայում հիմնականը սիրո, մարդկային անհատի երջանկության, ազատության թեմաներն են։ Խաքանիի պոեզիան իր ազդեցությունն է թողել Միջին Արևելքի գրականության զարգացման վրա։

Կենսագրություն խմբագրել

Խաքանին ծնվել է Շիրվանում (այժմյան Ադրբեջանի Հանրապետության արևելյան մասը), արհեստավորի ընտանիքում[4]։ Հայրը մուսուլման է եղել, իսկ մայրը՝ նեստորական քրիստոնյա նախկին ստրկուհի, որը ընդունել է իսլամը։ Խաքանին գրում է, թե նրա մայրը եղել է «մեծ Փիլիպոսի» հետնորդներից․ որոշ գիտնականներ նույնացնում են «մեծ Փիլիպոսին» հռոմեական կայսր Փիլիպոս I-ի հետ[5]։ Խաքանին վաղ տարիքում կորցրել հորը։ Դաստիարակվել է հորեղբոր՝ բժիշկ Քաֆի-ադ-Դին Օմարի մոտ։ Հետագայում Խաքանին իր հորեղբոր մասին գրել է գովասանքի բանաստեղծություն, որում հորեղբորը համեմատել է նրա անվանակից Օմար Խայյամի[6]։

Խաքանին վաղ երիտասարդության տարիներին ցուցաբերել է մեծ ստեղծագործական ունակություններ և դարձել շիրվանշահ Մանուչիհր III-ի գովերգուն։ Նրա վաղ երիտասարդությունից պահպանվել են մի քանի բանաստեղծություններ։ Այս շրջանում գրել է «Հաքաիքի» (փնտրող) ծածկանունով։ Շիրվանշահերը կրում էին «խաքան» (արքա, կայսր) տիտղոսը, որից բանաստեղծը հետագայում ընդունեց Խաքանի (արքայական կամ թագավորին պատկանող) ծածկանունը[7]։ Որոշ ավանդությունների համաձայն՝ Խաքանին իբր թե եղել է հայտնի բանաստեղծ Աբուլ-Ալա Գանջևիի աշակերտը և փեսան, սակայն դա չի հաստատվում Խաքանիի ստեղծագործություններում[4]։ Խաքանին իր պատանեկության տարիներին որոշել է ուխտագնացություն կատարել Մեքքա՝ հակառակ իր հովանավորի ցանկությանը։ Շիրվանից հեռանալու իր առաջին փորձի ժամանակ մոտակա Բայլականում նրան ձերբակալեցին Մանուչիհրի կամակատարները։ Անհնազանդության համար նա 5[8] կամ 7[5] ամիս բանտարկվել է Դերբենդի մոտ գտնվող Շաբարան ամրոցում։ Խաքանին բանտում է մնացել մինչև 1156-7 թվականները, երբ նրան հաջողվեց փախչել բանտից։ Այնուհետև ճանապարհորդել է Մերձավոր Արևելքով[5]։ Նրա ճամփորդությունները հիմք են ծառայել իր հայտնի «Երկու Իրաքների նվերը» (Թոհֆաթ ալ-Էրաքայն) պոեմի համար, որն ավարտել է 1157 թվականին[7]։ Տիզբոնի ավերակների տպավորություններից ներշնչված գրել է «Մադաինի ավերակները» (հայերեն հրատարակություն՝ «Մեդաին») փիլիսոփայական կասիդան։

Շիրվան վերադառնալուն պես Խաքանին ձերբակալվել է Մանուչիհրի հաջորդ Ախսիթան I-ի կողմից։ Այդ ժամանակ գրել է «Բանտայիններ» կասիդաների շարանը, որը բանաստեղծի խռովարար ոգու արտահայտությունն է։ Այդ բանաստեղծություններից մեկը, որը հայտնի է որպես «քրիստոնեական» կասիդան, կոչվել է «գրական ապստամբության իր ամենահամարձակ գործողություններից մեկը»[8]։ Վ․ Մինորսկու կարծիքով այս կասիդայում հիշատակված հովանավորը հետագայի բյուզանդական կայսր Անդրոնիկոս Կոմնենոսն է[5]։

1173–1175 թվականներին Խաքանին հորինել է երգեր՝ փառաբանելով Շիրվանի՝ Կասպից ծովում Կիևյան Ռուսիայի դեմ տարած հաղթանակը։ Այս երգերում որոշ մանրամասներ է հաղորդել ռազմական գործողությունների մասին[5]։ Այս շրջանում Խաքանին կորցրել է իր առաջին կնոջը և երիտասարդ որդուն՝ Ռաշիդ-ադ-Դինին։ Եղերերգեր է հորինել իր սիրելիների մահվան առիթով։ Մոտավորապես նույն ժամանակ Խաքանին կրկին գնացել է ուխտագնացության, ինչից հետո հեռացել է արքունիքից և հաստատվել Թավրիզում։ Իր տապանաքարի արձանագրության համաձայն՝ Խաքանին մահացել է 1199 թվականի հուլիսին[9]։

Երկեր խմբագրել

Պարսկերեն խմբագրել

  • دیوان خاقانی شروانی [Դիվան-ե Խաքանի Շիրվանի], Թեհրան, 1316 [1937]։

Հայերեն հրատարակություններ խմբագրել

  • Քառյակներ, բանաստեղծություններ, Երևան, «Հայաստան» հրատ․, 1965, 72 էջ։
  • Խաղանի, Երևան, «Միհր», 2014, 54 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Gershevitch I., Yarshater E., Frye R. N., Jackson P., Avery P. The Cambridge History of IranCambridge University Press, 1968. — Vol. 5. — P. 569.
  2. 2,0 2,1 2,2 Moin M. Mo'in Encyclopedic DictionaryAmir Kabir Publishers, 1972.
  3. Гулизаде, М. Хагани Ширвани // Большая советская энциклопедия / А. М. Прохоров. — 3-е издание. — М.: Сов. энциклопедия, 1978. — Т. 28. — С. 161.
  4. 4,0 4,1 4,2 Beelaert, Anna Livia (2010). «ḴĀQĀNI ŠERVĀNI i. Life». Encyclopaedia Iranica (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Minorsky, V. (1945). «Khāqānī and Andronicus Comnenus». Bulletin of the School of Oriental and African Studies. 11 (3): 550–578. doi:10.1017/S0041977X0007227X. JSTOR 609336.
  6. Aminrazavi, Mehdi (2011). The Wine Of Wisdom. Oneworld Publications. էջ 49. ISBN 978-9695191385.
  7. 7,0 7,1 Rypka, Jan (2011). History of Iranian Literature. Springer. ISBN 9789401034814.
  8. 8,0 8,1 Gould, Rebecca Ruth (2016). «Wearing the Belt of Oppression: Khāqāni's Christian Qasida and the Prison Poetry of Medieval Shirvān». Journal of Persianate Studies. 9 (1): 19–44. doi:10.1163/18747167-12341296.
  9. Clinton, Jerome W.; Vil'Čevskij, O. L. (1969). «The Chronograms of Khaqani». Iranian Studies. 2 (2/3): 97–105. doi:10.1080/00210866908701380. JSTOR 4310036.

Գրականություն խմբագրել

  • История персидской и таджикской литературы. — М.: Прогресс, 1970. — С. 200—207.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաքանի Շիրվանի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաքանի Շիրվանի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 44) (հեղինակ — Լ․ Շեխոյան)։