Խռնդատ երևանյան

բույսերի տեսակ
Խռնդատ երևանյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խլածաղկազգիներ (Scrophulariaceae)
Ցեղ Խռնդատ (Verbascum)
Տեսակ Խռնդատ երևանյան (V. erivanicum)
Միջազգային անվանում
Verbascum erivanicum

Խռնդատ երևանյան (լատին․՝ Verbascum erivanicum), խլածաղկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Մոնոկարպիկ բույս է։ 30-60 սմ բարձրությամբ ցողունները ստորին մասում ունեն մոխրագույն թաղիքե թավոտություն։ Արմատամերձ տերևները կոթուններով են, տերևաթիթեղը՝ երկարավուն կամ երկարավուն ձվաձև, իսկ ցողունային տերևները՝ նստադիր։ Ծաղկաբույլը հուրանաձև է, թույլ ճյուղավորված, փուխր և երկարացած, ծաղիկների փնջերը՝ միմյանցից խիստ հեռացած։ Պսակը գոգավոր է և դեղին[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում, Ագարակ ավանի շրջակայքում։ Տեսակը աճում է նաև Նախիջևանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 600-1000 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին և ֆրիգանանման բուսականության մեջ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հարավային Անդրկովկասի էնդեմիկ է։ Տարածման և բնակության շրջանի մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Ագարակ ավանի շրջակայքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խռնդատ երևանյան» հոդվածին։