Բացել գլխավոր ցանկը

ՆկարագրությունԽմբագրել

Տերևաթափ ծառ է՝ 15, երբեմն՝ 20 մ բարձրությամբ, կլորավուն կամ բրգաձև, սլացիկ սաղարթով և մինչև 35-50, երբեմն՝ 100 սմ բնի տրամագծով։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մուգ մոխրագույն է, ճաքճքված։ Երիտասարդ ճյուղերը դեղնադարչնագույն են կամ բաց դեղնավուն, սպիտակ, նշտարաձև ոսպնյակներով ծածկված։ Միամյա ընձյուղները կանաչավուն են, մերկ կամ ծածկված մոխրագույն աղվամազով։ Բողբոջները ձվաձև-նշտարաձև են։

ՏերևներԽմբագրել

 
տերևները

Տերևները ամուր թաղանթանման են, երկարավուն-էլիպսաձևից մինչև լայն նշտարաձև և լայն էլիպսաձև, լայն սեպաձև կամ կլորավուն հիմքով, սրածայր կամ միանգամից սրացող գագաթով, 5-14 սմ երկարությամբ և 2,5-6 սմ լայնությամբ, ալիքաձև եզրերով, վերևի կողմից վառ կանաչավուն և թեթևակի փայլուն, մերկ կամ ծածկված ցրված մազմզուկներով, ներքևի կողմից ավելի բաց գույնի, մոխրականաչավուն և ծածկված նոսր մազմզուկներով, հատկապես խոշոր ջղերի ուղղությամբ, երբեմն բոլորովին մերկ։ Տերևակոթունները կարճ են, հաստ, ծածկված խիտ մազմզուկներով, 1-1,5 սմ երկարությամբ։ Բացվում են ապրիլին և թափվում են առանց գույնը փոխելու։ Ծաղիկները գրեթե նստադիր են, 4, երբեմն՝ 5 անդամանի, կանոնավոր, բաժանասեռ (այս դեպքում ծառերը երկտուն են), առէջայինները 2-5-ական, հավաքված կիսահովանոցներում, մանր, 2—3 (5) մմ երկարությամբ, կանաչ բաժակով, լայն եռանկյունաձև, սուր բլթակներով։

ՊսակԽմբագրել

 
ծաղիկը

Պսակը սափորաձև է, համարյա եռակի երկար բաժակից, դեպի դուրս շրջված, կրեմագույն, կարմրագույն և թեթևակի աղվամազապատ կարճ բլթակներով։ Առէջները սովորաբար 16 հատ են, երբեմն՝ 24, մանգաղաձև, մազմզուկապատ փոշանոթներով, հավաքված բրգաձև, որի կենտրոնում գտնվում է ետ զարգացած վարսանդը։ Վարսանդային ծաղիկները խոշոր են, 9-14 մմ երկարությամբ, միայնակ, բաժակը ավելի է կտրատված, քան առէջային ծաղիկներինը, սերմնարանի տակ վարդագույն, գանգուր մազմզուկների օղակով։ Պսակը զանգականման է, կիսով չափ կտրատված, դեպի դուրս շրջված, հաստացած, մոմանման, նարնջագույն բլթակներով։ Առէջների փոխարեն յուրաքանչյուր պսակաթերթիկների հիմքում կան 4 զույգ ստամինոդիումներ։ Սերմնարանը վերնադիր է, գնդաձև, 4-8 բնանի, հիմքում նեկտարանոցներով և սերտաճած 4 սռնակներով, 2 բլթականի ձագարանման սպիով։

Պտուղ ու սերմերԽմբագրել

Պտուղը գնդաձև, մանր, 0,8 —1,6 սմ տրամագծով, 2—8 սերմերով, մսալի հատապտուղ է, որը սկզբում կանաչ է, այնուհետև ստանում է բաց նարնջագույն և հասունանալիս կապտասևավուն գունավորում՝ կապույտ խավով։ Սերմերը կիսալուսնաձև են, մինչև 1,1 սմ երկարությամբ և 0,6 սմ լայնությամբ, տափակ են, մուգ դարչնագույն, հարթ, փայլուն։ Ծաղկում է մայիսին և հունիսի սկզբին, պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

ՏարածվածությունԽմբագրել

Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Չինաստանում, Հիմալայներում, Փոքր Ասիայում, Միջերկրական ծովի ափերին։ Հայաստանի տարածքում հանդիպում է հյուսիսարևելյան անտառային շրջաններում, հիմնականում՝ մշակության մեջ, նաև վայրիացած, ստորին անտառային գոտում՝ ծովի մակերևույթից մինչև 1000 մ բարձրության վրա։ Առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Պտուղները օգտագործվում են տեղի բնակիչների կողմից («խռնիկ»), նախնական վերամշակումից հետո։ Հանդիպում է նաև Արարատյան դաշտում, որտեղ մշակվում է հիմնականում Երևանում:

Բնական պահանջներԽմբագրել

 
կեղևը

Չնայած ցուրտ և երկարատև ձմռան հետևանքով երբեմն լուրջ ցրտահարվում է (ոչնչանում է նույնիսկ բազմամյա ճյուղերի մի մասը), այնուամենայնիվ, սաղարթը վերականգնվում է, առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Լավ է աճում նաև Զանգեզուրի ցածրադիր գոտում և Մեղրիում: Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, շատ խոնավասեր է և ջերմասեր։ Խիստ ցրտահարվում է - 20-ից -25 °C սառնամանիքների դեպքում։ Լավ է բազմանում ինքնացանով։

Օգտակար հատկություններ ու կիրառությունԽմբագրել

Տալիս է առատ արմատային մացառներ, որի շնորհիվ մեծ հեռանկարներ ունի ցածրադիր գոտու հակաէրոզիոն տնկարկներում օգտագործելու համար։ Ապրում է 200-250 տարի։ Պտուղները մոտ 40% շաքար են պարունակում, տերևները աշնանը պարունակում են 1600—3200 միլիգրամ/տոկոս վիտամին C : Մինչև պտղաբերելը արագ է աճում (սեզոնում 0,5 —1,5 մ)։ Արմատային համակարգը մակերեսային է, խիստ ճյուղավորված, որի շնորհիվ միանգամայն հողմադիմացկուն է։ Հզոր հողերում խոր գնացող առանցքային արմատային համակարգ է առաջացնում։ Գեղեցիկ, սլացիկ ծառ է, միանգամայն պիտանի կանաչապատման բնագավառում օգտագործելու համար։ Կովկասյան խուրմայի ամուր, ճկուն, դեղին գույնի բնափայտը, որը հայտնի է որպես «կանաչ էբենափայտ», լավ է փայլեցվում, հեշտությամբ է մշակվում, օգտագործվում է ատաղձագործության մեջ և խառատային գործում։ Դրանից պատրաստում են կահույք, մաքոք, օգտագործում են որպես շինանյութ։ Էկոլոգիական խումբը IV: Մշակության հավանական շրջանները 9 — 10, 18 — 19, 20 ա, 24-25, 32[1]:

ՊահպանությունԽմբագրել

Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ է, որը բավականին լայնորեն տարածված է Հայաստանում (Իջևանի ֆլորիստիկական շրջանից մինչև Մեղրու շրջան): Սակայն անտառներում հանդիպում է առանձին ծառերի տեսքով և մեծ պոպուլյացիաներ չի առաջացնում: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա տեսակ: Ներկայումս տեսակի գոյությանը ուղղակի վտանգ չի սպառնում, բայց տրանսֆորմացիայի ենթարկվող անտառներում աճելու պատճառով կարող է կրճատվել տեսակի բնակության շրջանը: Քանի որ հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է: CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[2]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 279։
  2. Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6