Խորվաթական գրականություն

Խորվաթական գրականություն

XV–XVIII դդ. խորվաթական մշակույթի կենտրոնատեղի են դարձել թուրքական լծից ազատ Դուբրովնիկը և Դալմաթիան։ XVI դարի 2-րդ կեսին սկսվել է գրքի տպագրությունը։ Ազգային վերածննդի (XVIII դարի վերջ – XIX դարի կես) շրջանում Խորվաթիայում տարածվել է լուսավորականությունը, երևան եկել երգիծական գրականությունը՝ Մ. Ա. Ռելկովիչ (1732-98), Մ. Բրեզովաչկա (1757-1805)։

1847 թվականին խորվաթերենը դարձել է պաշտոնական լեզու Խորվաթիայի և Սլովենիայի համար, 1850 թվականին խորվաթներն ու սերբերը պայմանագիր են կնքել սերբ–խորվաթական միասնական գրական լեզվի վերաբերյալ։ Գրականության գլխավոր ուղղությունը ռոմանտիզմն էր՝ Լ. Գայ (1809-1872), Դ. Դեմետեր (1811-72), Ստանկո Վրազ (1810-1851)։ Առաջատար տեղ է գրավել հայրենասիրական պոեզիան (Գայ), զարգացել ինտիմ (Վրազ) և փիլիսոփայական՝ Պ. Պրերադովիչ (1818–72) քնարերգությունը։ Խորվաթիայի դրամատուրգիայի և թատրոնի ստեղծման գործում կարևոր դեր է խաղացել Դեմետերը։

1880-ական թթ. իշխող գրական ուղղությունը ռեալիզմն էր. տեսաբաններն էին Ա. Շենոան (1838-1881), Յո. Պասարիչը (1860-1937), Մ. Շրեպելը (1862-1905) և ուրիշներ։ Սոցիալական թեմաներով են գրվել Շենոայի «Գյուղացիական ապստամբություն» (1877), Յո. Կոզարացի (1858-1906) «Մեռած կապիտալներ» (1889), Վ. Նովակի (1859-1905) «Տիտո Դորչիչ» (1906), Ա. Կովաչիչի (1854-89) «Գրանցման բյուրոյում» (1888) վեպերը։ Միաժամանակ զգացվել է նատուրալիզմի ազդեցությունը (Ե. Կումիչիչ, 1850-1904)։ Պոեզիայում ռեալիզմը ներկայացվել է Ս. Կրանչևիչի (1865-1908) և Ա. Խարամբաշիչի (1861-1911) ստեղծագործությամբ։

1890-ական թթ. 2-րդ կեսին առաջացել է «խորվաթական մոդեռն» շարժումը, որտեղ հակամարտության մեջ էին անհատապաշտական՝ Ռ. Գ. Մատոշ (1873-1914), Վ. Վիդրիչ (1875-1909), Դ. Դոմյանիչ (1875-1933), նատուրալիստական՝ Մ. Բեգովիչ (1876-1948), Բ. Լիվադիչ (1871-1949)], ռոմանտիկական՝ Վ. Նազոր (1876-1949), ռեալիստական՝ Մ. Մարյանովիչ (1879–1955), Յո. Կոսոր (1879-1961), Կոզարաց, միտումները։

XIX դ. վերջին - XX դ. սկզբին ուժեղացել է քննադատական ուղղվածությունը։ Ազգային–ազատագրական պայքարի հրատապ թեման արծարծվել է Կ. Ջալակիի (1854-1935) «Լուսաբաց» (1892), «Մայրենի լեզվի համար» (1906) պատմավեպերում։ Արդիական թեմայով գրված գործերից նշանակալից են նաև Վ. Ցար–էմինի (1870-1963) «Ավերված օջախը» (1900), Կոսորի «Փլուզում» (1906), Յա. Լեսկովարի (1861-1949) «Քայքայված դաստակերտներ» (1896), Դ. Շիմունովիչի «Օտարականը» (1911) վեպերը, Մ. Կռլեժայի «Կրալևո» (1915), «Քրիստափոր Կոլումբոս» (1918) պիեսները և այլն։

1918-ին Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորության ստեղծումը նշանավորել է խորվաթական գրականության զարգացման մի նոր շրջան։ Առավել ազդեցիկ ուղղությունը էքսպրեսիոնիզմն էր։ Կռլեժան և Ա. Ցեսարեցը (1893-1941) հիմնադրել են «Բոց» («Plamen», 1919) հանդեսը։ 1920-30-ական թթ. պոեզիայում ուժեղացել են իմպրեսիոնիստական միտումները (Նազոր)։ 1920-ական թթ. 2-րդ կեսին ռեալիզմի դիրքերն ավելի են ամրացրել Ա. Կոլարը (1891-1963), Դ. Ցեսարիչը և ուրիշներ։ 1930-ական թթ. կեսերին բոլոր ժանրերում առաջատար ուղղությունը դարձել է ռեալիզմը։ 1930-ական թթ. գրական պրոցեսում նշանակալից տեղ է գրավել հեղափոխական գաղափարախոսության վրա հենվող «սոցիալական ռեալիզմի» ուղղությունը՝ Ցեսարեց, Գալոգաժա (1893-1944), Խ. Կիկիչ (1905-42), Ն. Սիմիչ, Մ. Ֆելդման (1899-1976)։ Տարածում են գտել նովելը, ռեպորտաժը, ակնարկը։

Ֆաշիստական օկուպացիայի շրջանում Խորվաթիայի առաջադեմ շատ գրողներ ակտիվորեն մասնակցել են պատերազմին (1941-45)։ Առաջատարը բանաստեղծական ժանրն էր։ Համաշխարհային ճանաչում է գտել Ի. Գ. Կովաչիչի (1913-43) «Փոսը» (1943) պոեմը։

Ետպատերազմյան առաջին տարիներին իշխողը պոեզիան էր, որի հիմնական բովանդակությունը հակաֆաշիստական պայքարն էր՝ Յու. Կաշտելան, Վ. Պոպովիչ, Գ. Վիտեզ (1911-66), և նոր կյանքի կառուցումը՝ Մ. Ֆրանիչևիչ, Վեսնա Պարուն։ Արձակը ներկայացված է պատմվածքի, ակնարկի, ռեպորտաժի ձևով՝ Յո. Խորվաթ, Վ. Կալեբ և ուրիշներ։ 1950-ական թթ. կեսից հիմնական ժանրը դարձել է վեպը՝ Ի. Դոնչևիչ, Մ. Բոժիչ, Յու. Ֆրանիչևիչ-Պլոչար, Վ. Կալեբ։ 1960-ական թթ. վերջին-70-ական թթ. սկզբին նկատելիորեն ընդլայնվել է հասարակական խնդիրների սոցիալ-հոգեբանական հետազոտության ոլորտը՝ Ս. Նովակ, Ֆրանիչևիչ-Պլոչար և ուրիշներ։ Առանձնահատուկ տեղ է գրավել Միրոսլավ Կռլեժայի «Դրոշներ» (հ. 1-5, 1962-68) վեպ–էպոպեան։ Մ. Մատկովիչը ձգտել է լուծել ժամանակակից կյանքի բարոյա–էթիկական սուր խնդիրները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։