Խոսե Մարտիի տուն-թանգարան

Խոսե Մարտիի տուն-թանգարան (իսպ.՝ Casa Natal de José Martí), տուն-թանգարան Հավանայի ծայրամասում, որտեղ 1853 թ. հունվարի 28-ին ծնվել է լատինաամերիկացի պոետ և լրագրող, Կուբայի ազգային հերոս, Իսպանիայից երկիրը ազատագրելու շարժման ղեկավար՝ Խոսե Մարտին։

Խոսե Մարտիի տուն-թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Կուբա
Հիմնադրվել է1925
Քարտեզ
Քարտեզ

Նախապատմություն խմբագրել

Խոսե Մարտին՝ Մարիանո Մարտի Նավարրոյի (Վալենսիա) և Լեոնոր Պերես Կաբրերայի (Տեներիֆե) որդին էր, ծնվել է 1853 թ. հունվարի 28-ին Հավանայի ծայրամասում գտնվող Սան-Ֆրանսիսկո դե Պաուլա փողոց, 41[1] փոքր երկհարկանի տան, որը ծնողները կարողացել էին վարձակալել 1852 թ. դոնյա Լեոնորի տված օժիտով[2]։ Գաղութային[3] ոճով կառուցված համեստ տունը կառուցվել է XIX դարի սկզբին Պաուլա թաղամասում, այն տվյալ ժամանակաշրջանին բնորոշ` հարթ պատերով և թիթեղյա տանիքով կառույց էր։

Շենքը այդ ժամանակաշրջանում գրեթե չվերանորոգվեց և անհայտ մնաց մինչև 1899 թվականը, երբ կուբացի փախստականները, ովքեր ապրում էին Կի-Ուեստում, շենքի պատին փակցրեցին հուշատախտակ[4]։ 1895 թ. Խոսե Մարտիի մահից հետո տանը ապրել է նրա մայրը՝ Լեոնոր Պերեսը։ Նրա մահից հետո տունը մնաց տեղական կաթոլիկ համայնքին, սակայն 1925 թվականին այն հետ վերցրեց քաղաքապետարանը և դարձրեց թանգարան։ Փողոցը, որտեղ գտնվում է թանգարանը, կրում է հերոս-պոետի մոր անունը։

Թանգարան խմբագրել

Թանգարանի հիմնադրման նախաձեռնողը լրագրող Արտուրո Ր. դե Կարրիկարտեինն էր, որին հաջողվեց հավաքել Կուբայի ազգային հերոսին պատկանող իրերը և փաստաթղթերը։ 1925 թ. հունվարի 28-ին կայացավ ցուցահանդեսը։ Միաժամանակ նույն թվականին տեղի ունեցավ նաև թանգարանի առաջին տնօրեն Արտուրո Ր. Կարրիկարտեի «Iconografia del Aposol Jose Marti. Homenaje de la Republica Al Apostol de la Independencia»[5] գրքի հրատարակությունը։ 1949 թ. տուն-թանգարանը համարվեց Կուբայի Հանրապետության ազգային կոթող։

1959 թ. հեղափոխությունից հետո թանգարանը ամբողջովին վերանորոգվեց, ցուցանմուշների հավաքածուն զգալիորեն ընդլայնվեց։ Ցուցահանդեսին ներկայացված էր Մարտիի (1853—1870) մանկության և պատանեկության շրջանի ընտանեկան իրեր, կահույքներ, ինչպես նաև նկարներ և փաստաթղթեր՝ կապված նրա հայրենասիրական գործունեության, արտաքսման և այլ երկրներում ապաստանելու հետ։

Ծնողների նախկին սենյակում ցուցադրված են իրեր, կապված Խոսե Մատիի մանկության հետ, այդ թվում նաև նրա գլխարկը, որում նրան կնքել են, և չորսամյա տղայի մազափունջը։ Սենյակներից մեկում կարելի է տեսնել երկաթե շղթաներ, որով նրան բանտարկել էին Հավանայի բանտում, իսկ հարևան սենյակում կարելի է տեսնել ոսկյա ժամացույցի շղթա, որը Մարտիին նվիրել էին իր աշակերտները, որոնց դասավանդել էր Գվատեմալայում[6]։

Թանգարանում է գտնվում նաև փղոսկրե գրիչը, որով Մաքսիմո Գոմեսը Մարտիի հետ ստորագրել էր «Մոտե-Քրիստո հրովարտակը», հիմնավորելով Կուբայի անկախության շարժման ծրագիրը, և այն գրչահատը, որը Խոսե Մարտիի մահվան օրը եղել է իր գրպանում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Хосе Марти и современная Куба».
  2. Григулевич И. Р. Хосе Марти. Предвестник кубинской революции — М.: Наука, 1979. — 287 с. — С. 19
  3. «Casa Natal de José Martí».
  4. «Casa natal de Jose Marti (Birthplace Museum Jose Marti)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
  5. «El Martí de todos los cubanos».
  6. «Jose Marti House». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
  7. Куба — /перевод с англ. — М.: Астрель, АСТ, 2004, 328 с. ISBN 5-17-027218-9 ISBN 5-271-10245-9