Մանվել Արծվիկի Խնձրցյան (ծնվ․ 2001 թ․ հունվարի 26, Ազատան, Շիրակի մարզ), ազատ ոճի հայ ըմբիշ, ազատ ոճի ըմբշամարտի 2022 թվականի Եվրոպայի առաջնություն բրոնզե մեդալակիր[1], 2021 թվականի Հայաստանի չեմպիոն[2], 2021 թվականի բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր[3], ինչպես նաև 2021 թվականի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր[4], նույն տարվա Աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր[5] և Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն[6]։

Մանվել Արծվիկի Խնձրցյան
Անձնական տեղեկություն
Ազգություն՝հայ
Մասնագիտացում՝ազատ ոճի ըմբիշ
Երկիր՝Հայաստանի դրոշը Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 26, 2001 (23 տարեկան)
Ծննդավայր՝Ազատան, Շիրակի մարզ, Հայաստան
Քաշ՝57 կգ
Մեդալները
Եվրոպայի առաջնություն
Բրոնզ Բուդապեշտ 2022 57 կգ
Մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնություն
Բրոնզ Բելգրադ 2021 57 կգ

Կենսագրություն խմբագրել

Մանվել Խնձրցյանը ծնվել է 2001 թվականի հունվարի 26-ին Շիրակի մարզի Ազատան գյուղում։ 2010-ից սկսել է հաճախել «Սևան» մարզական ընկերության մարզադպրոց, որտեղ նրա մարզիչն էր Արա Սահրադյանը։ 2012-ից մինչև օրս Խնձրցյանի մարզիչն է Կարապետ Ենգոյանը։

Միջազգային ասպարեզում Մանվել Խնձրցյանը իր առաջին լուրջ հաջողությանը հասավ 2018 թվականին, երբ որ Սկոպյեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում, ազատ ոճայինների 51 կգ քաշայիների պայքարում նվաճեց փոխչեմպիոնի կոչումը[7]։

2021 թվականի հունիսին Դորտմունդում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Մանվել Խնձրցյանը հանդես գալով 57 կգ քաշային կարգում քառորդ եզրափակչում 11:0 հաշվով հաղթելով իտալացի Սիմոնե Պիրոդուին, այնուհետև կիսաեզրափակիչում առավելության հասնելով շվեյցարացի Թոմաս Էփի նկատմամբ, իսկ եզրափակիչում զիջելով ռուսաստանցի Խունկերովին դարձավ փոխչեմպիոն։ Երկու ամից անց, օգոստոսին, Ուֆայում ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությանը 3-րդ տեղի համար գոտեմարտում 6:2 հաշվով հաղթելով Ղրղզստանը ներկայացնող Աբդումալիկ Բագավուդինովին Խնձրցյանը դարձավ բրոնզե մեդալակիր։ Նույն տարվա նոյեմբերի 6-ին Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 10:0 հաշվով ժամանակից շուտ, 1 րոպե 20 վայրկյանում, հաղթեց հնդիկ Սուրաբ Իգաևին։ Նույն ամսվա 21-24-ին Թեհրանում ընթանող բանակայինների աշխարհի առաջնությունում Մանվել Խնձրցյանը նվաճեց բրոնզե մեդալը։ Նույն տարվա դեկտեմբերին Խնձրցյանը դարձավ Հայաստանի չեմպիոն։

Միջազգային ասպարեզում մեծահասակների պայքարում Մանվել Խնձրցյանը իր առաջին նորամուտը նշեց 2022 թվականի մարտին, Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, որտեղ նա պայքարի մեջ մտնելով 1/8 եզրափակչից 11։6 հաշվով առավելության հասավ Մոլդովան ներկայացնող Անատոլի Բուռույանի նկատմամբ, այնուհետև քառորդ եզրափակիչում կամային հաղթանակ տարավ թուրք Մուհամետ Կարավուսի նկատմամբ, որտեղ որ նա 0։4 հաշվով պարտվելիս կարողացավ բեկել գոտմարտի ընթացքն և հաղթել 14։4 հաշվով։ Կիսաեզրափակիչում զիջելով Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին, երրորդ տեղի համար պայքարում 6:2 հաշվով առավելության հասնելով գերմանացի Նիկլաս Ստեչելի նկատմամբ Խնձրյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե դափնեկիր։

Հարցազրույցներից մեկում Մանվելը նշել է, որ երբեք չի երազել ըմբշամարտով զբաղվել և ընտրությունը կատարվել է պատահական։ Հետագայում գրանցելով նշանակալի հաջողություններ, ցանկացել է շարունակել, և նպատակ է դրել նվաճելու <<Աշխարհի չեմպիոն>> տիտղոսը։ Նա նաև նշել է, որ վախը միայն թերահավատության նշան է ու կյանքում փորձում է առաջնորդվել հենց այդ կարգախոսով։

Մանվել Խնձրցյանը 2020 թվականից սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետում։

Նվաճումներ խմբագրել

  • 2018 թվականի Աշխարհի պատանիների առաջնության փոխչեմպիոն
  • 2021 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն
  • 2021 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
  • 2021 թվականի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
  • 2021 թվականի բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
  • 2021 թվականի Հայաստանի չեմպիոն
  • 2022 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ծանոթագրություններ խմբագրել