Խնձորենի մշակովի
Խնձորենի մշակովի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Խնձորենի
Տեսակ Խնձորենի
Լատիներեն անվանում
Malus Domestica Borkh


Խնձորենի մշակովի (լատին․՝ Malus Domestica Borkh), վարդազգիների ընտանիքի, խնձորենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ ծառ է՝ 3-6 կամ 10-14մ բարձրությամբ, որի բնի տրամագիծը կարող է հասնել 70-90 սմ-ի։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը ճաքճքված է։ Ճյուղերը մեծ մասամբ փռված են, որի հետևանքով առաջանում է լայն, ցրված սաղարթ։ Որոշ սորտերի սաղարթը գնդաձև է, ձվաձև, կամ թեթևակի լացող։ Ընձյուղները երկար են պահպանում աղվամազը, հատկապես գագաթնային մասում։ Բողբոջները ձվաձև կոնաձև են, սպիտակավուն կամ մոխրավուն աղվամազով ծածկված 3 թեփուկներով։ Տերևների երկարությունը հասնում է 5-10 սմ-ի, դրանք ձվաձև են, սրածայր գագաթով, կլորավուն, երբեմն՝ թեթևակի սրտաձև հիմքով, աղեղնասղոցաեզր, երբեմն՝ կնճռոտ երկու կողմից էլ (հատկապես ներքին), մազմզուկապատ, կոթունավոր, որ երկու կողմից էլ (հատկապես ներքին), մազմզուկապատ, կոթունավոր (որը տերևաթիթեղի երկարության 1/3 մասն է կազմում)։ Ծաղիկներն ունեն կարճ, 1-3 սմ երկարությամբ, սպիտակ աղվամազապատ ծաղկակոթուններ։ Պսակը խոշոր է, մինչև 4-5սմ տրամագծով, սպիտակ կամ վարդագույն, դրսի կողմից ավելի մուգ գունավորմամբ։ Հիպանթիումը և բաժակը թաղիքամազմզուկապատ են։ Պտղի ձևերը և չափերը տարբեր են լինում։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին (երբեմն դեկտեմբերին)։ Արմատային համակարգը տարբեր կառուցվածք ունի։ Տեղում աճեցված խնձորենիները ունենում են հզոր, խոր գնացող արմատային համակարգ։ Տնկարանից տեղափոխված խնձորենին առաջացնում է ավելի մակերեսային, փնջանման արմատային համակարգ։ Բազմացնում են պատվաստի միջոցով։ Կուլտուրական խնձորենին միաժամանակ բարձր դեկորատիվ բույս է առատ ծաղկման, գեղեցիկ պտուղների և տերևների աշնանային գունագեղ տերևագունավորման շնորհիվ։ Օգտագործվում է խմբերում, ծառուղիներում և որպես մենածառ (սոլիտեր)։

Տարածվածություն խմբագրել

Վայրի վիճակում բնության մեջ չի հանդիպում։ Մշակվում է ամենուրեք, ծայր հյուսիսից մինչև հասարակած և հարավ՝ մինչև ցուրտ շրջան։ Կարգաբանները գտնում են, որ կուլտուրական խնձորենու անվան տակ արհեստականորեն խմբավորվել են մեծ թվով կուլտուրական ձևեր, որոնք առաջացել են վայրի խնձորենու տարբեր տեսակներից և այլատեսակներից։ Ներկայումս ամբողջ աշխարհում հայտնի է խնձորենու ավելի քան 10 հազար սորտ։ Խորհրդային Հայաստանում մշակվում էր 300 սորտ։ Հայաստանում շրջանացված են հետևյալ սորտերը, ամառային` Վիրջինյան վարդագույն, Բորովինկա Նոր, Սովետսկոյե, Բոլշակ, Բելֆլյորի քույրը, Արկադ ձմեռային, Աստրախանի կարմիր, Աստրախանի սպիտակ, աշնանային` Պեպին-կիտայկա, Շաֆրան-կիտայկա, Կուլոն-կիտայկա, Չելինի, Ապորտ, Պեպին-շաֆրանային, Բելֆլյոր-կիտայկա, Շտրեյֆլինգ, ձմեռային` Ռենետ բերգամոնտային, Բելֆլյոր ռեկորդ, Անտոնովկա սովորական, Դիանա, Պեպին Չերնենկոյի, Ուելսի, Բիսմարկ։

Հայկական տեսակներ խմբագրել

Արևմտյան Հայաստանում խնձորի հայրենիք էր համարվում Արտամետ գյուղը։ ՀՀ-ում մինչև «դեմիրճյանական» խնձորների մուտքը տարածված էին հետևյալ տեսակները.

  • Անարատ
  • Չրխկան
  • Շշի
  • Սոխի
  • Տափակ
  • Շերտավոր ամառվա

Կիրառություն խմբագրել

Խնձորի պտուղներն օգտագործում են թարմ, չորացրած կամ եփած վիճակում, դրանցից պահածոներ, պաստիլներ, ժելե են պատրաստում, օգտագործում են հրուշակեղենի արդյունաբերության մեջ։ Խնձորի պտղի մեջ պարունակվում են 12-13% շաքարներ (գլյուկոզաներ, ֆրուկտոզաներ և սախարոզաներ), թթուներից գերակշռում են խնձորաթթուն (3,7-4,1%) և կիտրոնաթթուն (0,09-0,13%)։ Պեկտինի պարունակությունը տատանվում է 0,43-1,20% սահմաններում, դաբաղանյութերի քանակությունը կազմում է 0,025-0,1 %։ Կուլտուրական խնձորենին ապրում է 30-100 տարի։ Էկոլոգիական խումբը՝ XIII: Մշակության հավանական շրջանները 1-32[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (351)։