Խմբերգային երաժշտություն

Խմբերգային երաժշտություն, երաժշտություն, որը նախատեսված է երգչախմբային կատարման համար։ Այն և׳ ժողովրդական, և׳ պրոֆեսիոնալ, և׳ աշխարհիկ, և׳ պաշտամունքային արվեստ է։ Վերջինս կատարողական արվեստի այն տարատեսակներից է, որի արմատները մեզ տանում են մարդու գեղարվեստական գործունեության ծավալման ամենավաղ շերտերը։ Դա պայմանավորված է ժողովրդի երաժշտական մտածողության, երգաստեղծության ու նրա արտաբերման համընդհանուր բնույթով։ Խմբերգային երգեցողության տարրերը կարելի է տեսնել նախնադարյան հասարակության աշխատանքային համագործակցության պրոցեսում, իսկ նրա պրոֆեսիոնալ ձևավորման ողջ սկզբունքներն արդեն մոգական արարողություններում հին hունական թատրոնում (3, էջ 27-28)։ Խմբերգային երաժշտությունը տարբերվում է կատարողական կազմով (a capella, մենակատար երգեցողությամբ, գործիքային երաժշտությամբ), բազմաձայնության պատմականորեն ձևավորված տեսակով (հետերոֆոնիա, պոլիֆոնիա, հոմոֆոնիա) և այլ հատկանիշներով։ Այն կարող է լինել ինքնուրույն կամ ավելի մեծ կտավի մաս։ Տարածում են գտել նաև խմբերգային մշակման տարբեր տեսակներ՝ արանժիրովկա, տրանսկրիպցիա, ժողովրդական մեղեդիների ներդաշնակում։ Արևմտյան Եվրոպայի պաշտամունքային երաժշտության համար որոշիչ էտապ դարձավ եկեղեցական երգեցողության սկզբունքների կանոնավորումը (IV – VI դդ)։ Այդ շրջանին են վերաբերվում գրիգորյանական մոնոդիկ երգեցողության տարածումը և կանոնականացումը, մեսսայի խմբերգային բաժինների հաջորդականության հաստատումը։ Միջնադարում հանդիպում ենք նաև վաղ բազմաձայնության օրինակներ (органума) ։ Վերածնության դարաշրջանն իր հետ բերեց խմբերգային բազմաձայնության զարգացում և ծաղկում, աշխարհիկ խմբերգային երաժշտության տարբեր ձևերի տարածում, ամբողջական խմբերգային ստեղծագործության սկզբունքների հաստատում։ Հայտնվում են խմբերգային նոր ժանրեր (մեսսա, մոտետ, մագնիֆիկատ, մադրիգալ, շանսոն և այլն)։ Եկեղեցուց խմբերգային երաժշտության առանձնացման մեջ բեկումնային էր օպերայի ծագումը։ Օպերայի ազդեցության տակ ձևավորվեցին կանտատի և օրատորիայի (Իտալիա, Գերմանիա) ժանրերը։ Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին ստեղծվեցին հեղափոխական և մասսայական երգի ժանրերը, լայն տարածում ստացան հիմն-քայլերգերը, խմբերգային ապոֆեոզները և օդա-ձոները։ Հեղափոխության հումանիստական գաղափարներն արտահայտվեցին Բեթհովենի խմբերգային ստեղծագործություններում. նա առաջինը սիմֆոնիայի մեջ ներմուծեց խմբերգ։ Խմբերգային երաժշտության զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել երաժշտական ռոմանտիզմի ներկայացուցիչները։ Առանձնակի հետաքրքրություն առաջացավ ժողովրդական երգի նկատմամբ։ Ստեղծվեցին երգ-խմբերգեր և առանձին խմբերգային պիեսներ (Ֆ.Շուբերտ, Ռ.Շուման, Յո.Բրամս)։ 20-րդ դարում խմբերգային երաժշտությունը լայն տարածում է ստանում։ Բնորոշ է դառնում տարբեր ազգային ավանդույթների փոխներթափանցումը, խմբերգային երգեցողության և ժանրերի բազմազանությունը (Ի.Ստրավինսկի, Ա.Օննեգեր, Պ.Հինդեմիտ, Կ.Օրֆ, Կ.Պենդերեցկի, Օ.Մեսսիան և այլք)։ Սովետական խմբերգային երաժշտությունը զարգանում է որպես բազմազգ արվեստ, գոյություն ունենալով ֆոլկլորային և կոմպոզիտորական ստեղծագործությունների բազմազան ժանրերում։ Հիմնական ժանրերն են՝ խմբերգային ժողովրդական և մասսայական երգը, կանտատ, օրատորիա, առանձին խմբերգային ստեղծագործություններ և շարեր, օպերային խմբերգեր։ XXդ ձևավորվեց սովետական մասսայական խմբերգային երգի ժանրը։ 30-ական թվականներին տիպական են դառնում կանտատ-օրատորիալ ժանրերը (Ս.Պրոկոֆև, Դ.Շոստակովիչ, Յ.Շապորին, Վ.Շեբալին) (2, էջ 604)։ Հայ ազգային երաժշտական մշակույթի պատմության մեջ խմբերգային երգեցողության միաձայն (ունիսոնային) բնույթը մեծ չափով պայմանավորված է եղել ժողովրդական ստեղծագործության զարգացման մոնոդիկ կառուցվածքով (3, էջ 28)։ XIX դ. երկրորդ կեսին, երբ ազգային ինքնագիտակցության բարձրացման հետևանքով հետզհետե ծավալվում էին ազգային-ազատագրական շարժումները, միաձայն երգեցողությունն այլևս ի վիճակի չէր բավարարելու հասարակական պահանջները։ Անհրաժեշտ էին կոլեկտիվ ներգործության նոր միջոցներ։ Ահա այս պահանջի արդյունքն էր բազմաձայնության ստեղծումն ու տարածումը (3, էջ 6)։ XIX-XX դդ սահմանագծին պրոֆեսիոնալ կոմպոզիտորական դպրոցն իր ձևավորման ուղին սկսել է հենց խմբերգային արվեստի ասպարեզում՝ ժողովրդական, և ապա հոգևոր երգեցողության բազմաձայնման, երգչախմբի կազմակերպման, խմբերգային կատարողականության կուլտուրայի տարածման ձևերով։ Տարիների ընթացքում հայ խմբերգային արվեստը ձևավորել է ժանրային տարատեսակներ, բյուրեղացրել ազգային բազմաձայնության օրինաչափություններ։ Նրա ուղին երաժշտության պատմության մեջ սկսվել է մեծ գագաթներով՝ Տ.Չուխաջյան, Ք.Կարա-Մուրզա, Մ.Եկմալյան, Կոմիտաս, Ալ.Սպենդիարյան, Ա.Տիգրանյան և այլք։ Նոր շրջադարձային փուլ հայ խմբերգային արվեստն ապրեց XXդ 40-60-ական թվականներին։ Ասպարեզ եկան մի շարք վառ անհատականություններ՝ Ալ.Հարությունյան, Է.Միրզոյան, Ա.Բաբաջանյան, Է.Հովհաննիսյան, Գ.Արմենյան, Է.Արիստակեսյան, Գ.Չթչյան, Ա.Տերտերյան, ավելի ուշ՝ Տ.Մանսուրյան, Ռ.Պետրոսյան, Ս.Շաքարյան, Մ.Իսրայելյան, Լ.Չաուշյան, Ա.Ոսկանյան, Ե.Երկանյան և ուրիշներ։

Գրականություն խմբագրել

  • «Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների խմբերգերի ընտրանի» - հր. Կոմիտաս, 2007
  • Մելիք-Վրթանեսյան Կ. Ե., Տոնյան Մ. Ա. Երաժշտական բացատրական բառարան.- Եր., 1989։
  • Շեկունց Ա. Երգչախմբային արվեստ – հր. «Սովետական գրող», Եր., 1981։