Խիստ ոճ, խիստ ոճի գրելաձևի պոլիֆոնիա (գերմ.՝ klassische Vokalpoliphonie, լատ.՝ stylus a cappella eccle - siasticus), պատմական և ոճագեղարվեստական հասկացություն։ Ձևավորվել է 15-16-րդ դարերում, հիմքում՝ վոկալ երաժշտության ինտոնացիոն հնարավորությունները, դիատոնիկ ձայնակարգերը, պարզ հավասարակշռված մետրն ու ռիթմը, դիատոնիկից բխող ինտերվալային մեղեդային քայլերը, կոնսոնանսության առաջնակարգ դերը, դիսոնանսների կախվածությունը կոնսոնանսներից։

Խիստ ոճի երաժշտությանը բնորոշ են դիատոնիկ եկեղեցական ձայնակարգերը, խուսափումը հարմոնիկ-ֆունկցիոնալ հարաբերություններից, չնախապատրաստված դիսոնանսներից ու խրոմատիզմից, համաչափ (հավասար տևողություններով) և սահուն ընթացքը, ռիթմիկ և ինտոնցիոն առումով պարզ մեղեդին, ընդհանուր հնչողականության հավասարակշռվածությունն ու բարեհնչունությունը։ Այդ հատկանիշներն ապահովելու համար մշակվել են մի շարք կանոններ, որոնք խստորեն պահպանել են խիստ ոճի ներկայացուցիչ կոմպոզիտորները։

Խիստ ոճի կանոնները չափավորել են երաժշտի ստեղծագործական երևակայությունը, մինչ նա ձեռք կբերեր բազմաձայնության մասին անհրաժեշտ գիտելիքներ, որից հետո դյուրությամբ և գիտակցված կտիրապետեր ազատ ոճին։

17-րդ դարից խիստ ոճի առաջընթացը պայմանավորվել է գործիքային և վոկալ-գործիքային երաժշտության զարգացումով. կարևոր նշանակություն են ստացել ձայնահարմոնիկ ֆունկցիոնալ սկզբունքի աստիճանականացումը, մաժոր և մինոր կենտրոնացված ձայնակարգերի դրսևորումը։ Այդ ոճի նշանավոր ներկայացուցիչներից են Պալեստրինան, Օ. դի Լասսոն և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։