Խեթական պետություն, Խատտի, Հաթի, հնագույն պետություն Փոքր Ասիայում։ Ստեղծվել է մ.թ.ա. մոտ XVIII դ. 1-ին կեսին, երբ Կուսսարա քաղաքի առաջնորդ Անիտտան միավորել է խեթերի քաղաք-պետությունները, գրավել Նեսան, Հատտուսան և այլն։ Մ.թ.ա. XVIII դ. 2-րդ կեսին Լաբարնան (Թաբարնա) դարձել է թագավոր (Թուդխալիա I) և սկզբնավորել խեթական պետությունը (Հին թագավորություն, մ.թ.ա. XVIII - XVII դդ.)։ Նրա անունը հետագայում դարձել է խեթական թագավորների տիտղոս։ Խեթական պետությունը մոտավորապես ընդգրկել է Հալիս գետի ավազանը։

Հին արևելք. Միկենյան մշակույթը, Հին Եգիպտոսը, Խեթերի պետությունը և Ասսուրը (Ասորեստանը)

Խատտուսիլի I, Մուրսիլի I և Տելիպինու թագավորները ընդլայնել են խեթական պետության սահմանները՝ ընդգրկելով Փոքր Ասիայի մի շարք այլ շրջաններ։ Մուրսիլի I գրավել է Բաբելոնը և Հալաբը (ժամանակակից Հալեպը)՝ կողոպտելով ժամանակի այդ խոշոր քաղաքները։ Մուրսիլի I-ի մահից հետո սկսվել է գահակալական պայքար, որին վերջ է տվել Տելիպինուն։ Մ.թ.ա. XVI դ. սկսվել է խեթական պետության պատմության մի շրջան, որը սկզբնաղբյուրների բացակայության պատճառով չի ուսումնասիրված։ Ենթադրվում է, որ այս շրջանում խեթական պետությունում ուժեղացել է խուռիների ազդեցությունը։ Մ.թ.ա. XV դ. վերականգնվել է խեթական պետությունը (Նոր թագավորություն, մ.թ.ա. XV - XII դդ.), որն ընդգրկել է համարյա ամբողջ Փոքր Ասիան, Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանները և Հյուսիսային Ասորիքը։ Խեթական թագավորներն իրենց արշավանքների ժամանակ ընդհարվել են Հայասայի հետ (Թուդխալիա III-ի արշավանքները, Հայասայի «թագավոր» Անիայի և Մուրսիլի II-ի միջև պատերազմները), կնքել պայմանագիր (Սուպիլուլիումա I-ի և Հայասայի «թագավոր» Հուկկանայի միջև)։ Սուպիլուլիումա I բազմիցս արշավել է Եգիպտոսի վրա և խլել Ասորիքի մի շարք շրջաններ, իրեն ենթարկել Միտաննին, հուռիններին։ Մ. թ. ա. XII դ. 2-րդ քառորդին Փոքր Ասիա ներխուժած թրակա-փռյուգիական ցեղերը կործանեցին խեթական պետությունը։

Խեթական պետությունը վաղ ստրկատիրական պետություն էր։ Հին թագավորության ժամանակաշրջանում հողի մի մասը եղել է թագավորի սեփականությունը։ Թագավորի իշխանությունը սահմանափակված էր ստրկատիրական վերնախավի խորհրդով։ Նոր թագավորության շրջանում թագավորի իշխանությունն անսահմանափակ էր։ Երկրի տարբեր մարզերը կառավարել են թագավորի կողմից նշանակվող փոխարքաները։ Նույն կերպ հասարակության մեջ առավել բարձր դիրք գրավողները հողաբաժին էին տալիս իրենց ստորադրյալներին, որոնք դրա դիմաց պարտավոր էին կատարել համապատասխան տնտեսական պարտույթ (սահհան) կամ զինծառայություն։ Սահհանը և պարտույթի մյուս ձևը՝ լուծծին, համանման էին վասալիտետին։ Թագավորից, թագավորական տան անդամներից և բարձր պաշտոնյաներից բացի, իբրև առանձին սոցիալական խավ, հանդես էին գալիս զինվորները և քրմերը։ Կար բնակչության միջակ և հողազուրկ ազատ դաս։ Ստրուկները կազմել են համեմատաբար փոքր թիվ։ Ազատների և ստրուկների միջև կար ռազմագերիների միջանկյալ խավ, որոնց տվել են հողաբաժիններ։ Քաղաքների և գյուղերի բնակիչները ապրում էին համայնքներով։ Խեթական պետության կազմի մեջ մտել են բազմաթիվ կիսանկախ թագավորություններ, որոնցից շատերը կառավարել են թագավորական տոհմի անդամները։

Խեթական պետության տնտեսությունը հիմնված էր անասնապահության և հողագործության վրա։ Հողագործությունը զարգացած էր գետերի հովիտներում, իսկ անասնապահությունն ուներ կիսաքոչվորական բնույթ։ Զարգացած էր արհեստագործությունը (թեև մետաղամշակությունը սահմանափակ էր) և առեաուրը։ Առևտրականներն օգտվում էին հատուկ արտոնություններից։ Խեթական պետության ռազմական հզորության հիմքը ռագմակառքերով բանակն էր։

Հարաբերությունները Հայասայի հետ խմբագրել

 
Հայասա երկիրը

Խեթերը աշխարհի այն հնագույն ժողովուրդներից են եղել, որոնք հայերին կոչել են այնպես, ինչպես հայերն են իրենց անվանում՝ հայ։ Մ.թ.ա.15-13-րդ դարերում գրված խեթական արձանագրություններում հիշատակված է Հայասա երկիրը։ Խեթերեն հոգնակի մասնիկ էին սա-ն և ասա-ն։ Հայասա խեթերեն նշանակում էր և հայեր, և հայերի երկիր՝ Հայաստան։ Հայքի գավառների ու քաղաքների անունները խեթերենում քիչ են ձևափոխված, օրինակ՝ Թարհիգամա քաղաքը հայոց Թորգոման է (հետո կոչվել է Թորդան), հիշատակվում է Ուրա բերդը, որ հայոց Ուռենն է, Կումախան, որ հայոց Կեմախն է, Խախան, որ հայոց Խախ բնակավայր է (Երզնկայի մոտ)։ Խեթական արձանագրությունները պատմում են, որ Հայքը երբեմն դաշնակցել Խաթթիից արևմուտք գտնվող Արծավա և հյուսիսում գտնվող Կասկա պատությունների հետ, որոնք ժամանակ առ ժամանակ հարձակվել են Խաթթիի վրա։ Խաթթերի Թութհալիաս Գ թագավորը ինքն է հարձակվում Հայքի ու Կասկայի վրա՝ նվաճելով շրջաններ, սակայն հայերը և կասկերը Կեմախի ճակատամարտում հետ են մղում խեթերին։ Թութհալիասի մահից հետո դաշնակիցները հարձակվում են Խաթթիի վրա, գրավում Խաթուսա մայրաքաղաքը և այրում այն։ Մ.թ.ա. 1380-1346 թթ.Խաթթիում իշխում էր Սուպիլուլիումա թագավորը, որը կործանում է Միտանի պետությունը, հաշտություն կնքում Հայասայի հետ, իսկ որպես դաշինքի ամրապնդում Հայասայի թագավոր Խուկաննան ամուսնանում է Սուպիլուլիումայի դստեր հետ։ Սակայն Խաթթիի հայորդի թագավոր Մուրսիլիս Բ-ն խախտում է դաշինքը և հարձակվում Հայասայի վրա, որի թագավորն էր Աննիասը (նրա անունով է կոչվել Հայքի Անի քաղաքը)։ Փոխադարձ հաջողությունները շարունակվում են երկար ժամանակ, մինչև գլխավոր վտանգը դառնում է Ասորեստանը։

Խեթական պետության արտաքին քաղաքականությունը ք.ա. 1400-1340թթ

Վերջին տասնամյակներում Հայկական լեռնաշխարհի հնագույն քաղաքական կազմավորումների պատմության վերաբերյալ առկա գրավոր աղբյուրների ուսումնասիրությունները հնարավորություն ընձեռեցին վերանայելու վերջիններիս մեկնաբանության հետ կապված խնդիրներր, որոնց ճնշման տակ արմատապես փոխվում են մի շարք առանցքային տեսակետներ։ Նախ մեկնաբանենք Հայկական լեռնաշխարհի քաղաքական միավորների հետ Խեթական պետության կնքած ժամանակագրորեն ամենավաղ պայմանագիրը «Պախխուվացի Միտայի» տեքստր, որը առկա հայագիտական հետազոտություններում և ձեռնարկներում, նախկինում ընդունված և ավանդաբար կրկնվող հին թվագրման հետևանքով, զգալիորեն այլակերպել է Լեռնաշխարհի մ. թ. ա. XV-XIII դարերի քաղաքական զարգացման վերաբերյալ համընդհանուր ընդունելություն գտած պատկերացումները։

«Միտայի տեքստը» պատկանում է խեթական այն արձանագրությունների թվին, որոնք միայն 1970-ական թվականներին են ստացել իրենց ճշգրիտ թվագրումը։ Բանն այն է, որ վերոհիշյալ տեքստերը կազմված են խեթական արքաներ Թուդխալիյասի և նրա որդի Առնուվանդասի կողմից, որոնք սովորաբար նույնացվում էին   մ.թ.ա. XIII դարի երկրորդ կեսին Թուդխալիյասի IV և նրա որդի Առնուվանդաս III-ի հետ։ Այս և մի շարք այլ արձանագրությունների վերաթվագրման համար հիմք ծառայեցին ինչպես  լեզվական, այնպես էլ դրանցում տեղ գտած պատմական իրադարձությունների մ. թ. ա. XIII դարում տեղագրելու անհնարինությունը։ Հ. Օտտենի[1], Օ. Կարրուբայի, Ֆ.Հոուվինքտեն Կատեի և մյուս խեթագետների կողմից համոզիչ կերպով ցույց տրվեց, որ սրանք պիտի թվագրվեն մ. թ. ա. XV դարի երկրորդ կեսով - XIV դարի սկզբով, այսինքն, Թուդխալիյաս II-ի և Առնուվանդաս I-ի ժամանակներով, այսպես կոչված «Միջին թագավորության» եզրափակիչ շրջանով (Տելեպինուսից մինչև Սուպպիլուլիումաս I ) : Միայն Ա.Կամմենհուբերը և իր աշակերտները (Ի. Վեգներ, Ս. ՀայնՀոլդ-Կրամեր և այլք ) հանդես եկան նոր թվագրման դեմ, սակայն այսօր մասնագիտական շրջաններում քննարկվող արձանագրությունների վերաթվագրումը կասկած չի հարուցում և ընդունվում է առանց վերապահումների։

Վերոհիշյալ տեքստերի վերաթվագրումը  ստիպեց լրջորեն վերանայելու մ. թ. ա. XV-XIII դարերի Խեթական պետության քաղաքական պատմության մի շարք կարևորագույն հարցեր, այդ թվում Հայկական լեռնաշխարհի հնագույն պետական կազմավորումների առնչությամբ:. «Միտայի տեքստի» և մի շարք այլ կարևոր պատմական բնույթի տեքստերի վերաթվագրումից զատ, վերջին մեկ և կես տասնամյակների ընթացքում զգալիորեն վերանայվեց նաև. Խեթական պետության պատմության ժամանակագրության խնդիրը։ Սա առաջին հերթին պայմանավորված էր հարևան երկու պետությունների Ասորեստանի և Եգիպտոսի պատմության ժամանակագրության ճշգրտմամբ։ Հ. Օտտենի, Գ. Վիլհելմի, Յ. Բյոզեի, Վ. Հելքի, Ք. Քիթչենի, Թ. Բրայսի, Մ. Ասթուրի և այլոց հետազոտությունների շնորհիվ էականորեն փոփոխվեց վերոհիշյալ երկրների և, բնականաբար, նաև. Խեթական պետության պատմության ավանդական ժամանակագրական հենքը՝ հայտնաբերվեցին հիմնավոր փաստեր երկու նոր արքաների Տախուրվաիլիի և Մ ուվատալլիս II-ի գոյության օգտին։

XIV դարի Խեթական պետության արքայացանկը այժմ ներկայանում է այսպես՝

Ցիդանտաս I  (1500-1490)

Ամմանուս    (1490-1470)

Խուցցիյաս I

Տելեպինուս

Տախուրվաիլիս

Ալլուվամնաս

Խանտիլիս II

Ցիդանտաս II

Խուցցիյաս II

Մուվատալլիս I

Թուդխալիյաս I

Խաթթուսիլիս II

Թուդխալիյաս II

Առնուվանդաս I

Թուդխալիյաս III

Սուպպիլուլիումաս I (1343-1322)

Մուրսիլիս II (1322/21 կամ 1318 / 17-1305)

Ընդգծենք, որ գրեթե բոլոր թվականները մոտավոր են։

Ամմունասից Հետո մինչև Թուդխալիյաս II կառավարած արքաների մեծ քանակր չի կարող վկայել ժամանակագրական զգալի ընդգրկման օգտին, քանի որ վերոհիշյալ արքաների մի մասը զոհ է գնացել պալատական դավադրություններին կամ գահընկեց է արվել (Խուցցիյաս I և I I, Մուվատալլիս I) և հազիվ թե երկար իշխած լիներ։ Միաժամանակ, խեթական արքայացանկի արքաների կառավարման ժամանակագրության ճշգրտումը վկայում է այն մ ասին, որ «Միտայի» տեքստի հեղինակ Առնուվանդաս I-ը, ակնհայտորեն, պիտի թվագրվի մ.թ.ա. XIV դարի սկզբներով կամ քիչ ավելի վաղ շրջանով։

Մինչև «Միտայի տեքստի» տվյալների պատմագիտական արժեվորմանն անցնելը համառոտակի ներկայացնենք հայագիտական հրատարակություններում դրա կոնկրետ պատմական ենթատեքստի հարցում առկա տեսակետները։

Ւ. Մ. Դյակոնովը ենթադրում էր, որ մ. թ. ա. XIII դարի կեսերին վերինեփրատյան Հայասա-Ազզին պիտի տրոհված լիներ իր նախկին բաղկացուցիչ մասերի, իսկ Միտայի տեքստի ժամանակներում Պախխուվան և Իսուվան հանդիսացել են Խաթթից կախյալ երկրներ։ Վ. Խաչատրյանի կարծիքով, մ. թ. ա. X I I I դարի վերջին քառորդում Հայասան կրկին ընկել էր Խաթթիի գերիշխանության տակ։ Սակայն շուտով Հայասան, Խաթթիի հետ միասին զոհ է գնացել արևմուտքից ներթափանցած թրակա-փոյուզական ցեղերի հարձակմանը։ Իսկ ինչ վերաբերում է հայկական լեռնաշխարհի արևմուտքում վկայված պետականություների վաղ շրջանի պատմությանը, ապա համընդհանուր ընդունելություն է գտել այն տեսակետը, րստ որի խեթերի արևելյան էքսպանսիայի պահին այստեղ արդեն առկա էր Հայասա - Ազզի պետությունը տարածաշրջանի գլխավոր քաղաքական ուժը, որը Թուդխալիյաս III-ի օրոք և հետագայում, ընդհուպ մինչև Սուպպիլուլիումաս I-ի և. Հայասայի արքա Խուկկանայի միջև կնքված դաշնադիրը, գտնվել է Հակախեթական կոալիցիայի շարքերում[2]:

Ստորև ներկայացնում ենք Սուպպիլուլիումաս I-ի նամակը։ Իմ քույրը, ում ես` Արեգակս [Սուպպիլուլիումաս Առաջինը], կնության տվեցի քեզ [Հայասայի թագավոր Խուկանասին], ունի միևնույն ցեղի և արյունակից քույրեր, ովքեր հիմա նաև քո քույրերն են, քանզի դու ստացար նրանց քրոջը։ Բայց Խաթի երկրում գոյություն ունի մի կարևոր օրենք. “Եղբայրը չի կարող մոտենալ իր քրոջը. դա արդար չէ։ Ով այդպես վարվի, նա կմեռնի”: Իսկ ձեր երկիրը բարբարոսական է, և այդտեղ սովորական բան է, որ եղբայրը մոտենում է իր քրոջը և զարմուհուն, բայց Խաթուսասում դա անթույլատրելի է։ Եվ այդ ժամանակ, երբ քեզ մոտ կգա քո արյունակից քույրը… ուրախացեք, բայց չհամարձակվես ցանկանալ մոտենալ նրան` դա պատժվում է մահվամբ։ Եվ եթե քեզ այդպիսի արարքի մղի ուրիշ մեկը, չլսես նրան և չվարվես այդպես. թող սա քեզ համար դառնա պարտականության երդում։ Եվ խուսափիր արքունական կանանցից. լինի դա ազատ, թե հարճ` չմոտենաս նրան և չասես ոչ մի խոսք, և ստրուկը քո, և ստրկուհին քո թող չմոտենան նրան, սաստիկ խուսափիր նրանից։ Ջանադրաբար փոխիր ճանապարհդ, եթե դրանով անցնում է արքունի կինը, և ճանապարհ տուր նրան… Եվ երբ դու մեկնես Հայասա [Azzi], հետագայում դու պարտավոր ես չմոտենալ քո եղբոր կանանց, քո քույրերին. Խաթուսասում դա անթույլատրելի է։ Եվ երբ դու գաս արքունիք [խեթական թագավորության], ապա այդպիսի արարքն անթույլատրելի է։ Եվ այլևս կին չառնես ազի երկրից, իսկ նրան, ում դու տիրում ես, համաձայն օրենքի պետք է համարել քո անօրինական կինը, նրան չանես քո գլխավոր կինը։ Եվ վերցրու քո դստերը Մարիյասից ու տուր նրան եղբորը...

Սուպպիլուլիումաս 1-ին (XIV դար մ.թ.ա.) խեթական թագավոր։

Ըստ ուսումնասիրողների տվյալների` Սուպպիլուլիումաս 1-ինը եղել է մեծ թագավոր, իմաստուն և, բոլոր առումներով` վառ անհատականություն։ Նա համարձակորեն ընդունել է պետական և ռազմա-քաղաքական կարևոր որոշումներ, տարբերվել է կրոնական հանդուրժողականությամբ և մտահոգվել հայալեզու և խեթական տերության մեջ մտնող տոհմական այլ միավորումների ու ժողովուրդների բարոյականության մաքրությամբ։ Այդ մասին են վկայում 40 տարվա ընթացքում նրա կնքած միջազգային բազմաթիվ պայմանագրերը։

Մ.թ.ա. XIV դարում հնագույն հայկական Հայասա թագավորությունն ուներ ռազմա-քաղաքակական, սոցիալ-իրավական և մշակութային պատկառելի հեղինակություն, թեև ժամանակ առ ժամանակ կարող էր մտնել Խեթական տիրապետության “վասալական” համակարգի մեջ։ Ի դեպ, ըստ այնպիսի անվանի գիտնականների, որոնցից է դոկտոր Ի.Մ. Դյակոնովը, Հայկական բարձրավանդակի հյուսիսային երկրները մ.թ.ա. XIV - XIII դդ. Խեթական կայսրության հետ սոսկ դաշնություն են կազմել, բայց չեն մտել նրա կազմի մեջ։ Այստեղ նշենք, որ Գ. Ղափանցյանն իր ժամանակին հույժ բարեխղճությամբ և համակողմանիորեն է քննության առել Հայասա-Ազի երկրին վերաբերող Խեթական ամբողջ նյութը։ Նրա ուսումնասիրությունների արդյունքներին մենք վերաբերվում ենք խորին հավատով։

Մ.թ.ա. XIV դարում խեթերի և հայասիների ընդհարումից հետո Խեթական թագավոր Սուպպիլուլիումաս 1-ինի և հայկական առաջնորդ- թագավոր Հայասի-Ազի Խուկանասի միջև կնքվեց հաշտության Պայմանագիր։ Համաձայն այդ պայմանգրի` Հայասայի թագավորը պարտավոր էր.

- հավատարմության երդում տալ Սուպպիլուլիումաս 1-ինին,

- ռազմական օգնություն ցույց տալ Խեթական պետությանը,

- պահպանել Խեթական պետության` իրեն հայտնի պետական գաղտնիքները,

-վերադարձնել Խեթական թագավորությունից Հայասա-Ազի փախածներին, այսինքն` փախստականներին և այլն։

Պայմանագրի կարևորագույն պայմանը` երրորդ երկրի հարձակման դեպքում երկու երկրների ու նվաճված երկրներում ապստամբության ճնշման նպատակով փոխօգնությունն էր։

Չմոռանալու համար մեկ անգամ ևս կրկնենք, որ և Հայասա-Ազին և, ամենից առաջ` Խեթական կայսրությունն իրենցից ներկայացնում էին հայալեզու այլ ցեղերի ու ժողովուրդների միություն։

Ինչպես արդեն ասվեց, Սուպպիլուլիումաս առաջին թագավորն իր քրոջը կնության էր տվել Խուկանասին և թիկնազորի, խորթ քույրերի և արքունական տիկնանց ուղեկցությամբ ճանապարհել Հայասի-Ազի։

Միաժամանակ նշենք, որ ըստ խեթական ամուսնա-ընտանեկան իրավունքի` Հայասա-Ազիում դեռևս իշխում էին այնպիսի բարբարոսական սովորույթներ ինչպիսիք են.

- ամուսնություններ` հարազատ եղբայրների ու քույրերի միջև,

- անօրինական կապեր` արյունակցական մոտիկ հարազատների միջև,

- ամուսնու իրավունքը` ոչ միայն կնոջ այլև, չբերության (ամլության) դեպքում նաև նրա չամուսնացած քույրերի և նրանց արյունակից ու նույն տարիքի կանանց վրա,

- Հայասա-Ազիում պետա-իրավական, ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և այլ հարցեր վճռվում էին ոչ թե թագավորի կողմից` միանձնյա, այլ “Հայասա-Ազիի մարդկանց” հետ միասին և այլն։

Հենց այս պատճառով էլ, Սուպպիլուլիումաս 1-ինը, իր քրոջը կնության տալով հայոց թագավորին, վերապահություն է կատարում. “... Խաթի երկրում գոյություն ունի մի կարևոր օրենք. եղբայրը չի կարող մոտենալ իր քրոջը և զարմուհուն։ Ով ոտնահարի այդ օրենքը, նա Խաթուսասում ողջ չի մնա, նրան կսպանեն... Ձեր երկրում եղբայրը մոտենում է իր քրոջը և զարմուհուն…”: Այնուհետև նա շարունակում է. “երբ քեզ մոտ ժամանեն քո կնոջ քույրը (հավանաբար Խեթական արքայի մյուս քույրը)”, տուր նրան ուտելիք ու խմելիք, և կերեք ու խմեք, ուրախացեք, բայց չհամարձակվես ցանկանալ նրան` դա մահ է...”: Եվ, նախազգուշացնելով անկարգ կապերից, խեթական թագավորը պատմում է ոմն Մարիա-սեի մասին Հայասա-Ազիի երկրից, որին արքունական կանանցից մեկի հայրը բռնել էր շնության մեջ և հրամայել սպանել նրան. “Խուսափիր արարքներից, որոնց պատճառով մարդ զոհվեց”[3]:

Այնուհետև Սուպպիլուլիումաս 1-ինը փեսային հանձնարարում է այլևս տեղացի կին չառնել. “…իսկ նրան, ով արդեն կա` չանես քո գլխավոր կինը”:

Նպատակը պարզ է, որպեսզի իր քույրը դառնա գլխավոր կին, այսինքն` Հայասա-Ազիի թագուհի, իսկ նրա զավակները` գահաժառանգներ։

Նշենք, որ այդ ժամանակ Հայասա ու Ազի երկրներն իրենցից ներկայացնում էին որոշակի միասնություն, որ կապված էին փոխադարձ ամուսնություններով։ Ամենայն հավանականությամբ, հենց այդ միասնությունն էլ ցանկանում էր քանդել խեթական թագավորը։

Այսպիսով, մեր նախահայրերի Հայասա երկրում մ.թ.ա. XIV դ., ինչպես արդեն նշվեց, դեռ իշխում էր այն համակարգը, ըստ որի` ամուսնանալով, տղամարդը ձեռք էր բերում իրավունք ոչ միայն իր կնոջ (օրինակ, նրա անպտղության դեպքում), այլև նրա չամուսնացած քույրերի և նրա տոհմի այլ կանանց նկատմամբ։ Ըստ Դ. Ա. Օլդերոգգեի և այլոց` հենց այդ սովորութային իրավունքի դեմ էլ իր ուղերձում խոսում է Սուպպիլուլիումաս 1-ինը։

Հետաքրքիր է, որ քննարկվող Պայմանագրում խեթական թագավորը դիմում է ոչ միայն Հայասիի թագավորին, այլև “Հայասիի մարդկանց”: Ըստ անվանի գիտնականներ Գ. Մ. Բոնգրատ – Լևինի, Ի. Մ. Դյակոնովի, Գ.Ֆ.Իլյինի, Մ.Ա.Կորոստովցևի, Բ.Բ.Պիոտրովսկու և այլոց` նկատի է առնվում “Քաղաքացիների ժողովը” կամ “Ավագների խորհուրդը”, որը գործում էր Հայասա - Ազիում և որը, դատելով ըստ Պայմանագրի` ուներ մեծ լիազորություններ։ Իզուր չէ, որ Հայասիի թագավորի և “Քաղաքացիների ժողովի” կողմից Պայմանագրի պայմանների խախտման դեպքում խեթական թագավորը ահաբեկում է ի` թիվս այլ բաների, ոչնչացնել նրանց տները, դաշտերը, խաղողուտները, եղջերավոր անասունները և այլն։

Այս իրավաբանական փաստաթղթից հետևում է, որ մ.թ.ա. XIV դ. մեր հեռավոր նախնիները Հայկական բարձրավանդակում վարում էին խաղաղ կենսակերպ` հիմնականում զբաղվելով հողագործությամբ ու անասնապահությամբ…

Նամակի վերջում Սուպպիլուլիումաս 1-ինը պահանջում է. “Եվ վերցրու աղջկադ Մարիասից ու տուր եղբորը (?)…”:

Գիտնականների կարծիքով` Մարիասը, հավանաբար, Ազի ցեղերի առաջնորդն է, այսինքն` Հայասիի թագավորի փեսան։

Անկասկած է, որ քրոջն ամուսնացնելով Հայասիի թագավորի հետ, խեթական թագավորը ձգտում էր ամրացնել Խեթական կայսրության և Հայասա-Ազիի ռազմա-քաղաքական կապը և ապահովել փոխադարձ անվտանգությունը։


[1] Otten H. Die Chronologie der hethitische Texte and die hethitische Geschichte der Grossreichszeit.- In: ZSMG, Suppl 1. Wiesbaden, 1969., S. 226 ff.

[2] Քոսյան Ա., Խեթական պետությունը և Հայկական լեռնաշխարհի երկրները մ.թ.ա. XV դարում, ՊԲՀ, 2000, թիվ 3, էջ 163.

[3] Friedrich J., Staatsverträge des ïatti-Reiches in hethitischer Sprache, 2 T., S.124-129. Carruba O., Die HajasaVerträge Hattis, S. 59-75. CTH 42.

Խեթական պետության արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը ք.ա. 1340-1265թթ.: Եգիպտա-խեթական պայմանագիրը

Հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումները քաղաքական, տնտեսական, մշակութային և ռազմական փոխհարաբերությունների մեջ են եղել հարակից տարածքների երկրների հետ, ուստի դրանց վաղ պատմության շատ դրվագներ միահյուսվում են Հին Արևելքի պատմությանը։ Այստեղ կարևորվում է սեպագիր աղբյուրներից հայտնի Հայասա երկիրը, որի անունը Հայք-Հայաստան անվան վկայությունն է մ.թ.ա. II հազարամյակում[1]: Քանի որ այդ պետական միավորի մասին տեղեկություններն առկա են խեթական սկզբնաղբյուրներում, ապա, ինչպես պարզված է պատմագիտության մեջ, երկրի անվանումը տրված է խեթերենին համապատասխան, որտեղ (a)ša-ն Փոքր Ասիայի տեղանուններում օգտագործվող վերջածանց էր և կապված էր խեթա-լուվական լեզվաշխարհի հետ։ Հայկական լեռնաշխարհի հնագույն պետականություններից մեկի՝ Հայասա-Ազզիի թագավորության պատմության ուսումնասիրությունը հայոց պատմության այն հիմնահարցն է, որի հետազոտությունը կարևոր է թե' հայագիտության և թե' արևելագիտության մեջ և դրանով իսկ խիստ արդիական է Հին Արևելքի պատմության խնդիրներն ուսումնասիրելու համար։ Հայասա-Ազզիի պատմությունն ուսումնասիրվել է հայրենական և արտերկրյա պատմագիտության կողմից։ Թեմային վերաբերող կամ առնչվող ուսումնասիրություններն սկսվել են դեռևս XXդ. 20-30-ական թվականներից։ Այս խնդրում հիմնարար նշանակություն ունի Գրիգոր Ղափանցյանի հատկապես «Հայասան-հայերի բնօրրանե աշխատությունը[2]:

Դրա հետ մեկտեղ կարևորվում են նաև այլ հեղինակների մասնագիտական և ընդհանուր բնույթի ուսումնասիրությունները, որոնցում վեր են հանված Հայասայի լեզվին, ռազմա-քաղաքական պատմությանը, տեղագրությանը և կրոնին նվիրված հարցերը։ Սակայն Հայասա-Ազզիի պատմությունն արծարծող դասական աշխատանքներն ունեն տասնյակ տարիների վաղեմություն։ Ժամանակի հրամայականն է անցած տասնամյակների ընթացքում սեպագրագիտության և հնագիտության բնագավառում ձեռք բերված նվաճումների լույսի ներքո կատարել Հայասա-Ազզիի պատմության քննական ուսումնասիրությունը։ Այսքանից հետո պետք է նշել երկու կարևոր հանգամանք, որոնք հեռու են պատմագիտական խնդիրների ոլորտից։ Առաջինը գիտականորեն ընդունված պատմաաշխարհագրական անունների բռնազբոսիկ կերպով փոփոխությունն է։ Երկրորդը հնագիտական հուշարձանները պատմական հասցեատիրոջից զրկելն է։ Խոսքը վերաբերում է Հայկական լեռնաշխարհին, այն ընդգրկող վայրերի աշխարհագրական անուններին և հայոց մշակութային ժառանգությանը[3]: Դրանով իսկ ներկայիս մենագրությունում կարևորվում է խնդրո առարկա տարածքի թե՛ հնավայրերի պատմաաշխարհագրական անունների վերականգնումը և թե՛ հնագիտական հուշարձանների էթնիկական պատկանելիության արծարծումը Հայկական լեռնաշխարհի էթնո-մշակութային ամբողջականության շարունակականության առումով։

Հայկական լեռնաշխարհի հնագույն պետական կազմավորումների պատմության վերաբերյալ կարևոր են խեթական սեպագիր աղբյուրները, որոնց՝ 1920-ական թվականներից հրապարակման շնորհիվ ուսումնասիրվել է մ.թ.ա. II հազարամյակում գոյություն ունեցած քաղաքական միավորների պատմությունը, ինչպես նաև էթնիկական, սոցիալական իրավիճակի և հոգևոր մշակույթի բազմաթիվ խնդիրներ։ Խեթական սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկություններից երևում է, որ դեռևս մ.թ.ա. XIV դարում, գուցե և ավելի վաղ շրջանում, Հայկական լեռնաշխարհում կազմավորվել էր մի պետական միավոր՝ թագավորություն, որին խեթերն անվանում էին Հայասա (խեթ. KUR URUտayaša՝ «Հայասա քաղաքի երկիր») կամ Ազզի (խեթ. KUR URUAz(z)i՝ «Ազզի քաղաքի երկիր»)։ Խեթա-հայասական ռազմաքաղաքական փոխհարաբերություններին վերաբերող սեպագիր տեքստերի տվյալների հիման վրա հետազոտողները քննել են Հայասա-Ազզիի ընդգրկած տարածքի և Հայկական լեռնաշխարհում նրա պատմաաշխարհագրական դիրքով պայմանավորված նշանակության հետ կապված խնդիրները։

Հայասա-Ազզիի տեղադրության հարցը կարևոր է Հայոց պատմության հնագույն շրջանի ուսումնասիրման առումով, քանզի շատ պատմաբանների կողմից այն ընդունվել է որպես Հայք- Հայաստան երկրի գոյության փաստ մ.թ.ա. II հազարամյակում։ Սույն նույնացումը (Հայք- Հայասա) հանդիպել է նաև առարկությունների[4], երբեմն նույնիսկ մերժվել է Հայասա-Ազզի երկրի առնչությունը Հայաստանի հետ։

Հայասայի պատմության գիտական ուսումնասիրության գործում իր ավանդն ունի արևելագետ Յ. Ֆրիդրիխը։ Նա դեռևս 1925թ. իր աշխատություններից մեկում Հայասա երկրի տեղադրությունը կապել էր Թեգարամա երկրից (ներկայիս Մալաթիայից հյուսիս-արևմուտք) հյուսիս-արևելք ընկած տարածքի, այսինքն՝ Բարձր Հայքի հետ։ Փաստորեն, նա Հայասան տեղադրել է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմուտքում։ Հետագայում Յ. Ֆրիդրիխն առաջարկեց Հայասան տեղադրել Կասկա (Արևելապոնտական լեռների շրջանը) և Ալզի (Վերին Տիգրիսի ակունքների մոտ) երկրների միջև, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում[5]:

Մ.թ.ա. XIIIդ. Հայասա-Ազզիի պատմության լուսաբանումը սերտորեն առնչվում է այդ ժամանակաշրջանի Մերձավոր Արևելքի քաղաքական կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների հետ։ Դեռ մ.թ.ա. XIVդ. կեսերից երկու գերտերությունների՝ Խաթթիի և Եգիպտոսի միջև հաստատվել էր անկայուն հավասարակշռություն այն բանից հետո, երբ Սուպպիլուլիումաս I-ը գրավեց Միտաննին, և Հյուսիսային Սիրիայի տարածքում ստեղծվեց խեթերից կախյալ Կարգամիսի թագավորությունը։ Մ.թ.ա. XIIIդ. առաջին քառորդում խեթա-եգիպտական հակամարտությունը հասնում է իր բարձրակետին (մ.թ.ա. 1274թ. Քադեշի ճակատամարտը), որից հետո այն սկսում է աստիճանաբար տեղի տալ և ավարտվում է մ.թ.ա. 1258թ. Խաթթուսիլիս III-ի և Ռամզես II-ի միջև կնքված խաղաղության պայմանագրով։ Դաշնագիրը վավերացնում է Քադեշից հետո ստեղծված իրավիճակը Սիրիայում։ Այն ժամանակ, երբ խեթերն ու եգիպտացիները պայքարում էին սիրիական քաղաքների (Քադեշ, Համատ, Ուգարիթ, Էբլա, Խալպա, Ալալախ) վրա իրենց վերահսկողության հաստատման համար, Միտաննիի գերիշխանությունից ազատագրված Ասորեստանը, արևմտափոքրասիական երկրները (Միլլավանդա, Լուկկա, Սեխա) և Ախխիյավան բացահայտորեն ձգտում էին ընդարձակել իրենց քաղաքական ազդեցության շրջանակները Խեթական տերության հաշվին։ Ոչ պակաս բարդ խնդիրներ են եղել նաև Խաթթիի ներքաղաքական կյանքում՝ կապված Ուրխի-Թեշուբի (Մուրսիլիս III) և Խաթթուսիլիս III-ի միջև ընթացած դինաստիական պայքարի հետ։ Հավանաբար, Խաթթուսիլիսն իր դիրքերն ամրապնդելու համար զիջման է գնացել վտարված Ուրխի-Թեշուբի կողմնակիցներին՝ Փոքր Ասիայի հարավում ստեղծելով Թարխունտասսայի կախյալ պետությունը Ուրխի-Թեշուբի կրտսեր որդու՝ Կուրունտայի գլխավորությամբ[6]:

Մուրսիլիս II-ին հաջորդած Մուվատալլիս II-ի (մ.թ.ա. 1295-1272թթ.), Ուրխի-Թեշուբի (մ.թ.ա. 1272-1267թթ.) և Խաթթուսիլիս III-ի (մ.թ.ա. 1267-1237թթ.) կառավարման տարիներից գուշակային և ինվենտարային բնույթի գրավոր աղբյուրներ են պահպանվել որտեղ հիշատակվել է Հայասա-Ազզին։

Հնարավոր է, որ դա մի խաղաղ ժամանակաշրջան է եղել խեթա-հայասական հարաբերություններում։ Որևէ տեղեկություն չկա այդ թագավորների օրոք Հայասայի գրավման կամ կախյալ վիճակի մասին, ինչը վկայում է այն մասին, որ Հայասա- Ազզիի թագավորությունն ինքնուրույն և անկախ է եղել և չի ներգրավվել խեթերի արտաքին քաղաքականության մեջ։ Սակայն, գոյություն ունի մի խեթական գուշակային տեքստ նվիրված Ազզիի դեմ ընթանալիք պատերազմի խնդրին, որը թվագրվել է մ.թ.ա. XIII դարի կեսերով, որի մասին հետագա տեղեկությունները բացակայում են[7]:

Այնուամենայնիվ, եթե Մուրսիլիս II-ի օրոք Հայասան ստիպված էր զորք տրամադրել Խաթթիին և, հավանաբար, մասնակցել խեթական արքայի արշավանքներին, ապա այս ժամանակաշրջանում խեթական բանակի կազմում Հայասայի տարածքից որևէ զինվորական միավոր հիշատակված չէ։ Քադեշի նշանավոր ճակատամարտում հիշատակվել են Խաթթի երկրի դաշնակից և հպատակ մի շարք երկրներ՝ Միտաննի, Արծավա, Դարդանի, Կասկա, Մասա, Պիտասսա, Արավանա և այլն։ Այս ցուցակում չի տրվել Հայասա-Ազզի երկրի հիշատակությունը՝ որպես Խաթթիի դաշնակից կամ հպատակ, ինչը վկայում է այն մասին, որ Հայասան Մուրսիլիս II-ից հետո՝ արդեն Մուվատալլիս II-ի օրոք, վերականգնել էր իր անկախությունը և զորք չէր տրամադրել Խաթթիին։ Մուվատալլիս II-ն իր եղբորը՝ ապագա խեթական թագավոր Խաթթուսիլիսին, նշանակել է Հայասայից արևմուտք գտնվող Վերին երկրի կառավարիչ, միաժամանակ նաև խեթական բանակի հրամանատար։ Իր «Ինքնակենսագրությունում» Խաթթուսիլիսը նկարագրել է նաև իր ռազմական գործողությունները՝ ուղղված Խաթթիի թշնամիների և անհնազանդ երկրների դեմ։

Այստեղ որևէ տեղեկություն չկա Հայասա-Ազզիի մասին, չնայած ռազմական գործողություններն ընթացել են Հայասայի սահմաններից ոչ հեռու՝ Վերին ու Կասկա երկրներում։ Մուվատալլիս II-ից հետո խեթական գահը փոխանցվել է Ուրխի-Թեշուբին (Մուրսիլիս III), որի՝ ժամանակին գրված խեթական սեպագիր աղբյուրներում Հայասայի մասին ոչ մի տեղեկություն չի վկայվել։ Հայասա-Ազզիի վերաբերյալ ժամանակագրորեն վերջին հիշատակությունները հանդիպում են Խաթթիի արքա Թուդխալիյաս IV-ի (մ.թ.ա. 1237-1209թթ.) կառավարման շրջանից։

Ուրեմն, նշված ժամանակաշրջանում Խաթթին բարիդրացիական հարաբերությունների մեջ չի եղել ոչ միայն Կասկա (Արևելապոնտական լեռների շրջանում) և Լուկկա երկրների (հետագայի Լիկիան՝ հարավ-արևմտյան Փոքր Ասիայում), այլ նաև Ազզիի հետ։ Դեռ ավելին, Թուդխալիյաս IV-ը ցանկացել է նաև պատերազմել Հայասա-Ազզիի դեմ։ Գոյություն ունի մի գուշակային տեքստ, որտեղ խեթական արքան փորձում է տեղեկանալ, թե ում է նպատակահարմար հանձնարարել դեպի Ազզի կազմակերպվելիք արշավանքի ղեկավարությունը։ Սակայն, որևէ տվյալ չկա դրան հաջորդած իրադարձությունների մասին։ Մ.թ.ա. XIIIդ. կեսերից Հայկական լեռնաշխարհը հայտնվում է Խեթական տերության և Ասորեստանի ռազմաքաղաքական մրցակցության ոլորտում։ Այդ ժամանակաշրջանի ասսուրական գրավոր աղբյուրներն առաջին որոշակի տեղեկություններն են տալիս Հայկական լեռնաշխարհի երկրների մասին։ Այդ տեղեկությունները գալիս են ասորեստանյան արքաների՝ դեպի հյուսիս կատարած արշավանքների նկարագրություններից։

Թուկուլթի-Նինուրտա I-ի (մ.թ.ա. 1233-1197թթ.) տեքստերում հանդիպում է Հայկական լեռնաշխարհի՝ Նաիրի երկիր հավաքական անունը։ Ակնհայտ է, որ Թուդխալիյաս IV-ը և Թուկուլթի-Նինուրտա I-ը ժամանակակիցներ են եղել։ Եվ եթե խեթերը Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան կողմերն անվանել են Հայասա կամ Ազզի, ապա ասորեստանցիները Լեռնաշխարհի արևմտյան հատվածը հիշատակել են Նաիրի երկրներ անունով։ Ըստ ասորեստանյան սկզբնաղբյուրների՝ Նաիրի երկրները տարածվել են Տավրոսի լեռներից մինչև Սև ծով ընկած տարածքում և բնականաբար, իրենց մեջ ընդգրկել են նաև խեթական սկզբնաղբյուրներում հիշատակված Հայասա-Ազզին։ Այդ սկզբնաղբյուրներում Հայասա-Ազզի և Նաիրի երկրներ անվանումների համաժամանակյա հիշատակությունը վկայում է Հայկական լեռնաշխարհի խնդրո առարկա տարածքում պետական կազմավորումների ներքաղաքական զարգացումների մասին՝ միևնույն ժամանակ, թերևս, ցույց տալով Հայասա-Ազզիի տրոհման միտումը, որի բաղկացուցիչ մասերը հանդես են եկել իրենց իշխանավորներիգլխավորությամբ։ Այսպես, Թուկուլթի-Նինուրտայի թողած արձանագրություններում պատմվում է Ասորեստանի արքայի՝ դեպի Հայկական լեռնաշխարհ կատարած արշավանքների և նրա դեմ դուրս եկած Նաիրիի 43 թագավորների մասին։

Ասորեստանի առաջխաղացումը հյուսիսում լայն աշխարհագրական ընդգրկում է ունեցել (Բաբխի,Կադմուխի, Պուրուլումզի, Ալզի, Սուբարտու, Նաիրի և այլն)։ Դրությունն ավելի է սրվել խեթերի՝ Նիխրիյայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ասորեստանցիներից պարտություն կրելուց հետո, որը թույլ տվեց ասորեստանյան զորքին «Եփրատի այն կողմից» 28.800 խեթական բնակչություն գերեվարել։ Տարածաշրջանում Ասորեստանի ազդեցության ուժեղացումը չէր կարող չանհանգստացնել Հայկական լեռնաշխարհի երկրներին։ Հավանաբար, Հայասայի ուշադրությունն այդ ժամանակաշրջանում բևեռված է եղել հարավից եկող վտանգի վրա, միևնույն ժամանակ արևմուտքի՝ Խաթթիի կողմից նույնպես չէր կարող բացառվել հարձակումը։ Այդ փուլում Իսուվայի խեթամետ դիրքորոշման ավարտ է արձանագրվել, մյուս կողմից Հայկական լեռնաշխարհի հարավի սուբարյան երկրները՝ Ալզին, Կադմուխին, հակաասորեստանյան դիրքորոշում են ունեցել։ Հայկական լեռնաշխարհի այս երկրները, բնականաբար, սերտ կապեր են ունեցել լեռնաշխարհում ուժ ներկայացնող Հայասա-Ազզիի հետ՝ ուղղված ընդդեմ Ասորեստանի և Խաթթիի։ Տվյալ պարագայում կարելի է ենթադրել նախկին կախյալ երկրների միջև սեպարատ հարաբերությունների ձևավորում։ Մետրոպոլիաների թուլացման պայմաններում սա բնական էր, մանավանդ որ սույն ժամանակաշրջանում նման երևույթներ արդեն վկայված են։ Սուբարյան երկրները և Իսուվան չէին կարող գերադասել Ասորեստանի կողմից բացահայտ ուժային միջոցներով ուղեկցվող գերիշխանության հեռանկարը Խաթթիի «քաղաքակիրթ» տիրապետությունից։

Տարածաշրջանում Խեթական տերության հավասարակշռող դերի նվազումը պիտի ստիպեր Հայկական լեռնաշխարհի երկրներին գտնել իրենց ինքնուրույն կենսագործունեության ապահովման ուղիներ ինչպես խեթերի, այնպես էլ Ասորեստանի նկրտումների դեմ։ Առավել նպատակահարմարը տվյալ պարագայում Հայկական լեռնաշխարհի այդ երկրների միջև դաշնակցային հարաբերությունների հաստատումն էր։ Հավանական է, որ դաշնակցային հարաբերություններ են գոյություն ունեցել Ազզիի, Իսուվայի և սուբարյան երկրների միջև և ուղղված են եղել Հայկական լեռնաշխարհի երկրներին արևմուտքից և հարավից սպառնացող վտանգների դեմ։


[1] Èâàíîâ Â., Âûäåëåíèå ðàçíûõ õðîíîëîãè÷åñêèõ ñëîåâ â äðåâíåàðìÿíñêîì è ïðîáëåìà ïåðâîíà÷àëüíîé ñòðóêòóðû òåêñòà ãèìíà Âà(õ)àãíó, ä³ïÙ³-µ³Ý³ëÇñ³Ï³Ý ѳݹ»ë (³Ûëáõѻ飯 ä´Ð), 1983, ÃÇí 4, էջ 30-33

[2] Êàïàíöÿí Ã., Õàéàñà-êîëûáåëü àðìÿí, Åðåâàí, 1948., էջ 42.

[3] Դանիելյան Է., Հին Հայաստանի պատմության հայեցակարգային հիմնահարցերը պատմագրության մեջ Պատմա-բանասիրական հանդես (այսուհետևª ՊԲՀ), 2003, թիվ 3, էջ 30-37.

[4] Дьяконов И. M. П А Н , с. 100; История Древнего Востока . М . , 1988, с . 186

[5] Friedrich J., Aus dem hethitischen Schriftum, Leipzig, 1925, H. I, S. 9, H. II, S. 21. ÜáõÛÝÇ, Staatsverträge des ïattiReiches in hethitischer Sprache, 2 T., 1930, S. 103-104

[6] Քոսյան Ա., Մ.թ.ա. XII դարի մերձավորարևելյան ճգնաժամը և Հայկական լեռնաշխարհը, Երևան, 1999, էջ 12-13։

[7] KUB XLIX 70 (CTH 572. Քոսյան Ա., Հայկակն լեռնաշխարհի տեղանունները, Երևան, 2004, էջ 148

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 45