Հայկազն Խաչատրյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հայկազն Կարապետի Խաչատրյան (դեկտեմբերի 11, 1919(1919-12-11), Սարուխան, Նոր Բայազետի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - սեպտեմբերի 27, 1989(1989-09-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ, խորհրդային նշանավոր այլախոհ, Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիր։

Հայկազն Խաչատրյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 11, 1919(1919-12-11)
ԾննդավայրՍարուխան, Նոր Բայազետի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մահացել էսեպտեմբերի 27, 1989(1989-09-27) (69 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ
 Haykaz Khachatryan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Քաղաքական գործիչ, նկարիչ, քաղբանտարկյալ, Ազգային Միացյալ Կուսակցության /ԱՄԿ-ի/ հիմնադիր Հայկազն Կարապետի Խաչատրյանը ծնվել է 1919 թ. դեկտեմբերի 11-ին Գեղարքունիկի մարզի (նախկին Կամոյի-Գավառի շրջանի) Սարուխան գյուղում /մեկ այլ տվյալով ծնվել է Երևանի ծննդատանը/։ Հայրը՝ Կարապետ Խաչատրյանը ծնվել և ապրել է Սարուխանում։ Երևանի Մռավյանի անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Խաչատրյանը 1936 թվականին ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան։ Այն ավարտելուն պես 1938 թվականին Աշտարակի միջնակարգ դպրոցում աշխատանքի է ընդունվում որպես նկարչության ուսուցիչ։ 1939 թվականին զորակոչվում է Սովետական բանակ և մասնակցում է նախ սովետ-ֆիննական, ապա նաև Մեծ Հայրենական պատերազմին։

Ռազմական տարիները ծանր էին Խաչատրյանի համար։ Հատուկ հանձնարարություն ստանալով՝ նա ներթափանցում է թշնամու թիկունք և ղեկավարում Ուկրաինայի դիվերսիոն ջոկատները։ Այնտեղ նրան հետևում են գեստապոյականները՝ կոչելով «Ժիդոկ Յանկո»։ Վիրավոր Խաչատրյանին գտնում ու թաքցնում է տեղացի մի ընտանիք։ Երկարատև ապաքինումից հետո Խաչատրյանը հեռանում է այդ ընտանիքից՝ չցանկանալով այդ մարդկանց վտանգի ենթարկել։ Այնուհետեւ նա շարունակում է իր պարտիզանական գործունեությունը։ Պետք է նշել, որ Խաչատրյանը հերոսաբար կռվում էր ողջ պատերազմի ընթացքում և իր ընկերներին հասցեագրված նամակներում կոչ էր անում «ազնիվ ու պարտաճանաչ կերպով պայքարել հանուն հաղթանակի, հակառակ դեպքում թուրքերը կմտնեն Կովկաս»։ Նա մեծ հույսեր էր կապում Սովետական պետության հետ՝ համարելով, որ պատերազմի արդյունքում թուրքերին հանձնած տարածքները վերադարձվելու են։

1945 թվականին զորացրվելուց հետո Խաչատրյանն ընդունվում է Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ, որը ավարտում է 1951 թվականին։ Ուսումնական տարիներին Կոմկուսի գործողություններին հետևելով՝ Խաչատրյանը հիասթափվում է կոմունիստական գաղափարախոսությունից և սովետական իշխանություններից, նրանց հանդեպ ատելությամբ լցվում։ Եվ ահա դրա ապացույցներից մեկը։ 1950-1951 թթ., երբ բոլոր սովետական ստեղծագործությունները համակված էին Ստալինի պաշտամունքով, Խաչատրյանն իր դիպլոմային աշխատանքում պատկերում է «Ռուսական բանակի կողմից Իսմայիլ ամրոցի ազատագրումը թուրքերից Ա. Սուվորովի ղեկավարությամբ»։ Ատելության հիմնական պատճառներից այն էր, որ սովետական բարձրաստիճան առաջնորդները հաճախակի այցելում էին և ծաղկեպսակներ էին դնում Թուրքիայում Քեմալ Աթաթուրքի գերեզմանին։

Ինստիտուտն ավարտելուց հետո 1953-1963 թվականներին Խաչատրյանն աշխատում է Մոսկվայում Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ВДНХ), մասնակցում է Էրմիտաժի վնասված կտավերի վերականգման աշխատանքներին, աշխատում է «Հայկական մանրանկար» գրքի նկարազարդման վրա։ Այնուհետև Երևանում «Պիոներ» մանկական գրականության հրատարակչությունում աշխատում է որպես նկարիչ ու դիզայներ։ 1965 թվականի ապրիլի 24-ին, Հայերի ցեղասպանության 50-ամյակին, նա իր գաղափարակիցների հետ ցույց է կազմակերպում Կոմիտասի գերեզմանի մոտ։ Իսկ ուղիղ մի տարի անց՝ 1966 թվականի ապրիլի 24-ին Խաչատրյանը առաջարկում է Կոմունիստական կուսակցությանը ընդդիմադիր կուսակցություն ստեղծել, որն անվանակոչվում է Ազգային Միացյալ Կուսակցություն (ԱՄԿ)։ Գաղափարը ձևավորվում է նախնական կալանավորման վայրում, որտեղ Խաչատրյանը ու Ստեփան Զատիկյանը հայտնվում են Կոմիտասի գերեզմանի մոտ ձերբակալվելուց հետո։ Սակայն հանցագործության կազմի բացակայության պատճառով նրանց մի քանի օրից ազատ են արձակում։

Արդեն մի քանի օրից ձևավորվում է կազմակերպության կորիզը։ ԱՄԿ-ին միանում են ընդհատակյա երիտասարդական մի քանի կազմակերպություններ, որոնք մինչ այդ իրարից անկախ էին գործում։ Կազմակերպությունը մշակում է իր կանոնադրությունը և գործողությունների ծրագիրը։ 1967 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ ներկայացվում է ԱՄԿ-ի հռչակագիրը։ Հենց այնտեղ էլ կազմակերպության առաջին անդամները Ազգային Սուրբ երդում են տալիս՝ հավատարիմ մնալու կուսակցության գաղափարներին։ Կուսակցության ղեկավար մարմին է դառնում ԱՄԿ-ի Խորհուրդը։ Կուսակցությունը որոշում է կայացնում ընդհատակյա գործունեություն ծավալելու մասին։ ԱՄԿ-ի ամեն անդամ պարտավոր էր խիստ հետեւել կուսակցության «Հօգուտ Ազգի եւ Հայրենիքի» ծրագրին։ Կուսակցության անդամ կարող էին դառնալ բոլոր 16 տարեկանը լրացած անձինք, ովքեր ընդունում էին ծրագիրը, կանոնադրությունը և սուրբ երդումը։ Կուսակցության կառուցվածքը հետևյալն էր. ԱՄԿ-ն կազմված էր բազմաթիվ խմբերից (տասնյակներից), որոնք չէին շփվում միմյանց հետ և չէին էլ ճանաչում իրար։ Ամեն մի խումբ ուներ ղեկավար, որը ճանաչում էր մյուս խմբերի ղեկավարներին, ինչպես նաև իր ղեկավարին (հարյուրապետին)։ Նման կառուցվածքի նպատակն էր ապահովել կուսակցության գործունեության գաղտնիությունը։

 

ԱՄԿ անդամակցել են նաև Ստեփան Զատիկյանը, Շահեն Հարությունյանը, Պարույր Հայրիկյանը, Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Մովսես Գորգիսյանը և այլ նվիրյալներ։

Հայոց ցեղասպանության օրվան էր նվիրված ընդհատակյա «Փարոս» թերթի անդրանիկ համարը։ Խաչատրյանն իր հոդվածները տպագրում էր «Վռամ» կեղծանվան ներքո։ Իր խմբագրական սյունակում նա գրում է. «Հայո՜ց ազգ, քո սուրբ պարտքն է քո նախնիների գործին հավատարիմ մնալը, ազգային էությունը պահպանելը, Հայաստանի անկախության համար պայքարելը։ Ապրիլի 24-ը պետք է նշվի յուրաքանչյուր տարի։ Դա պետք է լինի հայ ազգի ցասումնալից բողոքի օր՝ ընդդեմ անցյալի եւ ներկայի հանցագործությունների»։

«Փարոսը» աղմուկ բարձրացրեց ոչ միայն Հայաստանում և ԽՍՀՄ-ում, այլեւ արտասահմանում։ Կուսակցության գոյության մասին լուրերը տարածվեցին ամենուր, որտեղ հակասովետական շարժում էր գոյանում։ Թերթը արգելվել էր և հակասովետական էր ճանաչվել։ Հետապնդվում էին ոչ միայն «Փարոսի» հեղինակները, այլև ընթերցողները։ Այդ ընթացքում ԱՄԿ-ին նոր անդամներ էին միանում։ Կուսակցությանը անդամակցելը համընդհանուր բնույթ էր ստանում։ Սակայն հենց դա էլ նրա անկման պատճառը դարձավ։ Կուսակցության մեջ դավաճաններ ներթափանցեցին։ 1968 թվականի հունիսին Խաչատրյանը ձերբակալվեց։ Նրան մեղադրանք առաջադրվեց Հայկական ԽՍՀ ՔՕ 65.1 ու 67 հոդվածների համաձայն (հակասովետական ագիտացիա, մասնակցություն հակասովետական կազմակերպությանը)։ Հայկական ԽՍՀ Գերագույն դատարանը նրան դատապարտեց 5 տարվա ազատազրկման։ Իր պատիժը Խաչատրյանը կրում էր հանրահայտ մորդովյան ճամբարներում։

Այնտեղ նա ծանր հիասթափություն է ապրում իր նախկին գաղափարակիցներից շատերից, ովքեր դավաճանել էին իրեն և ակտիվորեն համագործակցում էին ՊԱԿ-ի հետ։ Սակայն նույնիսկ Մորդովիայում կալանավորված լինելու ժամանակ նա չէր դադարել ընդահատկյա գործունեություն ծավալել։ Նրան հաջողվեց կապեր հաստատել շատ քաղբանտարկյալների հետ, որոնք հետագայում համակվեցին նրա գաղափարներով և դարձան ամենամոտ գաղափարակիցները։

Ճամբարում Խաչատրյանը ընդհատակյա գրականություն էր տարածում հայերեն ու ռուսերեն լեզուներով։ Դրանք հիմնականում իր սեփական մտքերն էին Հայկական հարցի, ազգի ապագայի և այլ հարցերի մասին։ Այդ հոդվածների հիման վրա ստեղծվեց մի գիրք, որը անվանվեց «Սև». այն այդպես էլ չտպագրվեց։ Գրքում Խաչատրյանը պատմում է անազատության մեջ անցկացրած իր իսկապես սեւ օրերի մասին։ Այնտեղ ՝ ճամբարում նա շատ բանտարկյալների է պատկերում, և շատերը մինչ օրս որպես սրբություն պահում են այդ դիմանկարները։ Հետաքրքիր են Խաչատրյանի՝ ճամբարից ուղարկված նամակները. շատ խորը, զգացմունքային։ Նա դրանք գրում էր թխկու տերևների վրա։

1973 թվականին, պատիժը կրելուց հետո, Խաչատրյանը վերադառնում է Երևան։ Սովետական կառույցներում նրա համար աշխատանք «չգտնվեց»։ Նրա հանդեպ խիստ վերահսկողություն էր սահմանվել. արգելվում էր լքել քաղաքը, տանից դուրս գալ 17։ 00-ից հետո, և այլն։ Շաբաթական մեկ անգամ պարտավոր էր այցելել միլիցիա ու չմեկնելու մասին ստորագրություն տալ։ Այնուամենայնիվ, նրան հաջողվում էր շփվել ամենամոտ գաղափարակիցների հետ, որոնք նրան այցելում էին իր տանը եւ առաջադրանքներ ստանում։ Նկարչի ազատ մասնագիտությունը նրան թույլ էր տալիս սիրելի գործով զբաղվել։ Խաչատրյանի ստեղծած կուսակցությունը շարունակում էր գոյատևել, բայց իշխանությունները լուրջ պատճառներ չունեին նրան մեկուսացնելու։ Այդ ժամանակ իշխանությունները սադրանքի դիմեցին՝ հարևանների «օգնությամբ»։ 1978 թվականին Խաչատրյանը ձերբակալվեց «խուլիգանության» համար։ Այս անգամ նա 1,5 տարվա ազատազրկմամբ «պրծավ»։ Անազատության տարիները շատ վատ անդրադարձան Խաչատրյանի առողջության վրա։ Բանտում նա 3 անգամ ուղեղի կաթված (инсульт) տարավ։

1980 թվականին ազատվեց բանտից։ Այս անգամ ընդմիշտ։ 1980 թվականից հետո Խաչատրյանը, չնայած որ գտնվում էր ՊԱԿ-ի խիստ տեսադաշտում, շարունակում էր զբաղվել ընդհատակյա քաղաքական գործունեությամբ։ Նա ողջունեց Սովետական միության փլուզումը, սակայն նրա առողջությունը վերջնականապես քայքայված էր։

 

Այնուամենայնիվ, Խաչատրյանը հասցրեց Հայաստանում ազգային զարթոնքի ականատեսը դառնալ։ Նա մեծ ցնծությամբ դիմավորեց Ղարաբաղյան շարժումը և նոր առաջնորդներին։ Հեռավոր երազանքը սկսել էր իրականանալ… 1989 թվականի սեպտեմբերի 27-ին Մեծ Հայի՝ Հայկազն Խաչատրյանի սիրտը դադարեց բաբախել։ Հուղարկավորված է Թոխմախի գերեզմանատանը։

Արտաքին հղումներ խմբագրել