Խաշլամա, գառան մսից պատրաստված հայկական ավանդական ճաշատեսակ։

Խաշլամա
Ծագում
Ենթատեսակմսային ուտեստ
Առաջացման երկիրՀայաստան

Ինչպես հայկական խաշ կերակրատեսակի, այնպես էլ խաշլամայի անվանումը, առաջացել է հայերեն «խաշել» բառից։

Պատմություն խմբագրել

Անտիկ ժամանակներում Նավասարդ տոնի ժամանակ[1], ի պատիվ Արամազդ աստծո, ուխտագնացություններ էին կատարվում դեպի սուրբ վայրեր։ Գլխավոր քրմի օրհնությամբ խաշլամա էին պատրաստում։ Այն պատրաստվում էր ինչպես հորթի, այնպես էլ գառան մսից։ Օջախում կախված ոչ մեծ կաթսայում շոգեխաշում էին միսը՝ գարեջրի, բազմաթիվ լեռնային դեղաբույսերի, կանաչեղենի և համեմունքների հետ։ Միևնույն ժամանակ կաթսայի ստորին մասում սկզբում դնում էին կանաչեղենի և համեմունքների մի մասը, ապա ոչ մեծ կտորների կտրատած միսը, վերևից ծածկում կանաչեղենով և լցնում գարեջուրը։ Այդ ժամանակներում ճաշատեսակը համարվում էր ծիսական[2]։

Պատրաստման եղանակ խմբագրել

 
Ոչխարի խաշլամա

Պատրաստվում է ոչխարի (գառան), տավարի, հազվադեպ նաև խոզի և հավի մսով։ Հաստ պատերով խոր կաթսայի մեջ շերտերով դասավորում են կտրատած սոխ, տաքդեղ, լոլիկ, գազար և այլ բանջարեղեններ՝ ըստ նախասիրության, այնուհետև դասավորում են կտրատած միսը, որից հետո կրկին բանջարեղենի շերտ։ Կարելի է ավելացնել համեմունքներ, տարբեր կանաչիներ, դափնետերև։ Քիչ քանակությամբ ջուր լցնելուց հետո, ավելացնում են աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի, որից հետո կաթսան փակում են կափարիչով և դնում մարմանդ կրակի վրա։ Եփվելու ընթացքում նախընտրելի է կափարիչը երբեք չբացել՝ գոլորշին ներսում պահելու նպատակով։ Մատուցվում է արգանակով՝ որը շատ սննդարար է կամ պարզապես միայն միսը (հաճախ եփված կարտոֆիլի հետ միասին)՝ որի վրա կտրատում են թարմ սոխ և կանաչի։

Խաշլամային հատուկ բուրմունք տալու նպատակով, հաճախ այն եփում են գարեջուր կամ գինի ավելացնելով եփվող զանգվածին։

Հայ իրականության մեջ կարևոր իրադարձություն է մատաղը։ Զոհաբերվող կենդանու միսը եփվում է խաշլամայի սկզբունքով, սակայն առանց բանջարեղենի և որևէ համեմունքի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ерохин М. (2021 թ․ հոկտեմբերի 6). «Боги Великой Армении: кому поклонялись армяне до принятия христианства». Армянский музей Москвы и культуры наций.
  2. Саркисян С. Вкусное путешествие по Армении. — М.,: Флюид ФриФлай, 2016. — С. 146. — 320 с. — ISBN 978-5-9906627-8-0

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիգրքեր խմբագրել