Խաժակ Դրամփյան

հայ հասարակական գործիչ

Խաժակ Անդրանիկի Դրամփյան (հունվարի 1, 1923(1923-01-01), Արմավիրի մարզ, Հայաստան - հունվարի 17, 2016(2016-01-17), Երևան, Հայաստան), հասարակական-քաղաքական գործիչ, հանրապետության կառավարության Գազաֆիկացման գլխավոր վարչության պետ, ՀԽՍՀ Ավտոտրանսպորտի նախարարի տեղակալ, նախարար, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Խաժակ Դրամփյան Անդրանիկի
Դիմանկար

հասարակական-քաղաքական գործիչ,
ՀԽՍՀ Ավտոտրանսպորտի նախարար,

Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից
Ծնվել էհունվարի 1, 1923(1923-01-01)
ԾննդավայրԱրմավիրի մարզ, Նալբանդյան գյուղ
Մահացել էհունվարի 17, 2016(2016-01-17) (93 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունհասարակական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ «Մարշալ Բաղրամյան» մեդալ և «Անդրանիկ Օզանյան» մեդալ

Կրթություն խմբագրել

Սովորել է Մռավյանի անվան միջնակարգ դպրոցում, ապա մինչև Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների սկիզբն ավարտում է Երևանի էլեկտրամեխանիկական տեխնիկումը։ Պատերազմի առաջին օրերին Վրաստանում հատուկ դասընթաց անցնելուց հետո քսանամյա պատանին մտնում է Հյուսիսկովկասյան ճակատի 43-րդ հատուկ հրաձգային գունդ՝ որպես դասակի հրամանատարի տեղակալ։ Չթողնելով աշխատանքային գործունեությունը՝ 1955 թ. Խ. Դրամփյանը սովորում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի երեկոյան բաժնում, որն ավարտելուց հետո 1960 թ. ստանում է արդյունաբերության ոլորտում տնտեսագետի որակավորում։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

1942 թվականի դեկտեմբերին ծանր վիրավորվում է Մոզդոկի համար մղվող մարտում։ Գրեթե մեկ տարի պառկելով նախ մերձճակատային հոսպիտալում, ապա՝ Բաքվի Արմենիկենտ թաղամասի զինվորական հիվանդանոցի վերածված հայկական դպրոցում, և հետագայում Երևանի Թոխմախի հոսպիտալում՝ Դրամփյանը զորացրվում է 1943 թվականի վերջին՝ որպես ոչ պիտանի զինվորական ծառայության համար։

Զորացրվելուց հետո Խ. Դրամփյանն աշխատանքի է անցնում Երևանի ավտոդողերի գործարանում, որն հանդիսանում էր երկրի կարևորագույն պաշտպանական արտադրական ձեռնարկությունը, որտեղ մինչև 1951 թ. աշխատում է որպես մասնագետ, արտադրամասի պետ, այնուհետև՝ գլխավոր էներգետիկ։ Միաժամանակ կատարում է գործարանի կուսակցական կազմակերպության քարտուղարի պարտականությունները։

Հայրենական Մեծ պատերազմի սկզբին էլեկտրատեխնիկումի դիպլոմի հաշվառմամբ Խաժակ Դրամփյանը ուղարկվում է ավիադպրոց՝ վերապատրաստման։ Ուսումն ավարտելուց հետո ավագ սերժանտի կոչումով և բորտ-մեխանիկի կարգավիճակով ուղարկվում է Հյուսիսկովկասյան ճակատ։ 1951-1953 թթ. երկրորդ անգամ է զորակոչվում Սովետական բանակի շարքերը՝ որպես պահեստային սպա՝ հատուկ առաջադրանքով, կապված բանակում նոր զենքի ձեռք բերման հետ։

Զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո Խ. Դրամփյանն անցնում է կուսակցական աշխատանքի։ Աշխատում է կուսակցության Լենինյան շրջկոմի տրանսպորտի և արդյունաբերական բաժնում որպես բաժնի վարիչ, այնուհետև ուսման է անցնում Հայաստանի Կոմկուսի Կենտկոմին կից բարձրագույն պարտիական դպրոցում։

1957-1960 թթ աշխատում է ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի համակարգում՝ արդյունաբերության և տրանսպորտի բաժիններում, կուսակցական մարմիններում՝ որպես հրահանգիչ, այնուհետև՝ պատասխանատու կազմակերպիչ։

1960 թ. Խ. Դրամփյանն առաջադրվում է պատասխանատու աշխատանքի՝ կուսակցության Իջևանի շրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնի, որտեղ և աշխատում է ավելի քան չորս տարի։ Հենց այստեղ են բացահայտվում Խ. Դրամփյանի՝ իբրև արտադրության կազմակերպչի մեծ կազմակերպչական կարողությունները։ Իր աշխատանքային տարիներին պետության հյուսիսային դարպասներն արմատականորեն կերպարանափոխվում են և բարեկարգվում։ Իջևան քաղաքում առաջին անգամ կառուցվում է բարձրահարկ շենքերի մի ամբողջ թաղամաս, վերակառուցվում է Աղստև գետի՝ մի քանի կիլոմետր երկարությամբ ձգվող գետափը, կառուցվում են նոր կամուրջներ։ Սկսվում է երկու խոշորագույն, միութենական նշանակություն ունեցող ձեռնարկությունների կառուցումը՝ Իջևանի գորգագործական կոմբինատը՝ Անդրկովկասի խոշորագույն արդյունաբերական օբյեկտներից մեկը, և բենտոնիտի գործարանը։ Կառուցվեցին նաև այլ սոցիալ-կոմունալ օբյեկտներ՝ հիվանդանոց, երաժշտական դպրոց և այլն։ Խ. Դրամփյանի աշխատանքային տարիների օրոք շրջանի տնտեսությունը նկատելիորեն ամրապնդվեց և զարգացավ։

1964 թ. Խ. Դրամփյանը կրկին աշխատանքի է անցնում ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի համակարգում և մինչև 1967 թ. աշխատում այնտեղ որպես Կենտկոմի գործերի կառավարիչ։

Սկսած 1967 թ. Խ. Դրամփյանն անցնում է տնտեսական աշխատանքի։ Նշանակվում է ավտոտրանսպորտի նախարարի տեղակալ, որտեղ աշխատում է մինչև 1971 թվականը։

Հանրապետության ղեկավարությունը, բարձր գնահատելով Խ. Դրամփյանի մեծ պոտենցիալը, կազմակերպչական և մասնագիտական կարողությունները, ինչպես նաև նրա գործունեության արդյունքները պատասխանատու կուսակցական և տնտեսական պաշտոններում, նշանակում է Խ. Դրամփյանին հանրապետության կառավարության Գազաֆիկացման գլխավոր վարչության պետ՝ հանձնարարելով ղեկավարել հանրապետության տնտեսության ամենադժվար բնագավառներից մեկը, որտեղ նա աշխատում է մինչև 1978 թվականը։ Խ. Դրամփյանի այդ բնագավառում աշխատած տարիները նշանավորվեցին մեծ հաջողություններով։ Կառուցվում են նոր գլխավոր գազամուղեր, գազաֆիկացվում են նոր քաղաքներ ու գյուղեր։ Մի քանի անգամ ավելանում է գազի սպառումը կենցաղի և արդյունաբերության մեջ։ Հենց այս տարիների ընթացքում ողջ հանրապետության տարածքում հազարավոր կաթսայատներ մասսայական կերպով անցնում են մազութից գազի։ Ավտոտրանսպորտը սկսում է անցում կատարել դեպի գազային վառելիքը։ Այս միջոցառումները հանգեցնում են հանրապետության բնապահպանական իրադրության բարելավվմանը։ Հանրապետության բոլոր ջերմային էլեկտրակայաններն անցնում են գազային վառելիքի։ Խ. Դրամփյանի աշխատանքային տարիներին բազմակիորեն ընդլայնվում են ստորգետնյա գազապահեստարանների ծավալներն ու տեխնոլոգիական հնարավորությունները։ Ստեղծվում են գազով աշխատող արդյունաբերական օբյեկտների անվտանգության ավտոմատացված համակարգեր։ Այս բոլոր միջոցառումների անցկացման հետևանքով Հայաստանը՝ իր գազախողովակների երկարությամբ, գազիֆիկացված բնակարանների քանակով և մեկ շնչին ընկնող բնական գազի ծախսով ԽՍՀՄ-ում զբաղեցնում է առաջատար դիրքերը։ 1978 թ. վերջերին հանրապետության տարածքում բնական գազով չգազիֆիկացված մնացին 37 շրջաններից ընդամենը 5-ը։

Սկսած 1978 թ. Կարեն Դեմիրճյանի առաջարկությամբ Խ. Դրամփյանը նշանակվում է հանրապետության ավտոտրանսպորտի նախարարի պաշտոնում, ուր և աշխատում է ավելի քան #ՎԵՐԱՀՂՈՒՄ էճ տարի։ Նրա գործունեությունն այդ պաշտոնում կապված է լուրջ բարեփոխումների և հանրապետության ավտոտրանսպորտի զարգացման հետ։ 70-ական թվականների վերջերին ավտոտրանսպորտը, հատկապես ուղևորատար ծառայությունը, գտնվում էին դժվարին իրադրության մեջ։ Չէր ապահովվում անհրաժեշտ քանակի ավտոբուսների բաց թողումը, մարդիկ ժամերով կանգնում էին կանգառներում, երեկոյան ժամերին հաճախ ստիպված էին լինում գնալ տուն ոտքով։ Գրեթե բացակայում էր տեխնիկական բազան։ Չէր իրականացվում ավտոտրանսպորտի վերանորոգում և պրոֆիլակտիկա։ Ինքնաթափերն ու բեռնատարները ենթարկվում էին պարապուրդի, խախտվում էին շինարարության գրաֆիկը և քաղաքների կապը գյուղերի հետ։ Իրեն զգալ էր տալիս նաև ոչ բավարար քանակի վարորդական կազմը, հատկապես ավտոպարկերում։ Ավտոտրանսպորտի համակարգում առկա էին մի շարք խնդիրներ՝ կապված մասնագիտական ղեկավար կադրերի հետ։ Այս հարցերին պետք է անհապաղ լուծում տրվեր, գտնվեին ֆինանսական միջոցներ, նախագծային կազմակերպություններ, բանվորներ, սկսվեր անհրաժեշտ օբյեկտների շինարարությունը և այլն։ Համեմատաբար կարճ ժամանակահատվածում Խ. Դրամփյանին հաջողվեց արմատականորեն լուծել այդ խնդիրների մեծ մասը։ Նոր բազաների կառուցումն ու հին ավտոձեռնարկությունների վերակառուցումն հնարավորություն տվեցին հանրապետության ավտոձեռնարկությունները համալրել այն ժամանակ ամենաժամանակակից համարվող ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան արտադրության մարդատար և բեռնատար ավտոմեքենաներով։

Ուժերի կենտրոնացման, ֆինանսական միջոցների, արդյունաբերական պոտենցիալի ամրապնդման, կադրերի (հատկապես՝ մասնագիտական) ճշգրիտ ընտրության միջոցով հաջողվեց այդ բնագավառը տեղափոխել առաջատար դիրքերը։ Միայն 1980-1990-ական թթ. կառուցվեցին և վերակառուցվեցին ավելի քան 40 ավտոձեռնարկություններ, որոնց համար ծախսվեց ավելի քան 450 մլն ռուբլի կապիտալ ներդրում։ Նոր բազաների կառուցումն և հին ավտոձեռնարկությունների վերակառուցումն հնարավորություն տվեցին հանրապետության ավտոձեռնարկությունները համալրել այն ժամանակ ամենաժամանակակից համարվող ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան արտադրության մարդատար և բեռնատար ավտոմեքենաներով, այդ թվում նաև հունգարական արտադրության «Իկարուսներով», ԿՌԱԶ-ներով, ՄԱԶ-ներով, ԿԱՄԱԶ-ներով, որոնց արտադրությունը իրականացնում էր միայն ԽՍՀՄ-ի արդյունաբերությունը։ Ընդհանուր օգտագործման տրանսպորտը, գերատեսչականի համեմատ, զարգանում էր բուռն տեմպերով. բեռների փոխադրումը միայն 1985 թ-ին, համեմատած 1970 թ. հետ, ավելացել էր ավելիր քան 3 անգամ։ Այս բնագավառը սկսեց գործել համաչափորեն՝ հանրապետության տնտեսությանը համընթաց։ Նկատելիորեն բարելավվեց ավտոձենարկությունների ֆինանսական դրությունը, որն և հնարավորություն տվեց ավելացնել սոցիալական կարիքների ծախսերը, բարելավվել այդ բնագավառում աշխատող տասնյակ հազարավոր աշխատողների սոցիալ-կենցաղային պայմանները։ Հենց այդ տարիներին կառուցվեցին խոշորագույն հանգստյան տներն ու պանսիոնատները Արզաքանում, Սևանի ափին և Ծաղկաձորի պիոներական ճամբարը։ Ձռնարկություններին կից կառուցվում են ճաշարաններ, համաբուժարաններ և այլ կենցաղային օբյեկտներ։ Երթուղի են մտնում էքսպրես ավտոբուսներ դեպի հանրապետության բոլոր շրջկենտրոններ։ Ավտոբուսային հաղորդագրություն էր գործում Խորհրդային միության բոլոր կողմերում, որտեղ հայկական համայնք կար։ Հայաստանում պարապուտների տեղում կառուցվում են 40 ավտոտրանսպորտային հավաքակայաններ՝ ցանկապատով և անցատեղով, սարքավորված վերանորոգման արտադրամասերով, բաղնիքով ու ճաշարանով, վարորդների և վերանորոգողների համար նախատեսված պոլիկլինիկայով։ Մեծ քանակությամբ ներկրվում են Կրազներ և Կամազներ, հիմք է դրվում բեռնատար մեքենաների համար պահեստամասերի արտադրություն, իսկ Լենինականում կառուցվում է գործարան «Իկարուսների» կապիտալ վերանորոգման համար։ Որակյալ մասնագետների նախապատրաստման համար Դավիթաշենում բացվում է ուսումնական կոմբինատ, իսկ ընդհանուր առմամբ՝ ոլորտում սկսում են աշխատել 36000 մարդ։ 1982 թ. քսան տարվա ընթացքում առաջին անգամ սոցիալիստական մրցույթի արդյունքում այդ բնագավառը հաղթող է դուրս գալիս՝ նվաճելով ԽՍՀՄ ավտոտրանսպորտային աշխատողների արհմիության Կենտկոմի փոխանցիկ դրոշն ու շքանշանը։

Խ. Դրաամփյանի կյանքի ուղին ու քաղաքական կարիերան ձևավորվել են այնպիսի պետական-քաղաքական գործիչների անմիջական ղեկավարության ներքո, ինչպիսիք են Գ. Հ. Հարությունյան, Սուրեն Թովմասյանը, Յակով Զարոբյանը, Կարեն Դեմիրճյանը, Գ. Ա. Արզումանյանը, Բ. Ա. Մուրադյանը, Ֆադեյ Սարգսյանը և այլք։

Խ. Դրամփյանը բազմիցս ընտրվել է հանրապետության Գերագույն սովետի և Երևանի քաղաքային սովետի դեպուտատ, ավելի քան 30 տարի անընդմեջ ընտրվել է Հայաստանի կոմկուսի բարձրագույն մարմինների շարքերում։ Եղել է Կենտկոմի անդամ և անդամության թեկնածու, վերահսկիչ հանձնաժողովի անդամ։ Ընտրվել է Սովետական Միության Կոմունիստական կուսակցության 22-րդ համագումարի պատգամավոր։

Թոշակի անցնելուց հետո՝ 66 տարեկան հասակում 1989 թվականի դեկտեմբերի 25-ին «Գիտելիք» գիտալուսավորչական հասարակական կազմակերպության վարչության հրամանով Խ. Դրամփյանը նշանակվում է գործերի կառավարչի պաշտոնին, իսկ 1990 թ.՝ տնտեսության և ֆինանսների հարցերով ռեկտորի տեղակալ։ Այդ պաշտոնում նա աշխատեց մինչև 2002 թվականը՝ շուրջ 12 տարի։ 1991 թվականից մինչև 2002 թվականը աշխատել է նաև Հայկական բաց համալսարանում (ներկայիս՝ Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարան)։

Հուշագրություններ խմբագրել

Հեղինակել է «Արարման բերկրանքը», (Երևան, 2007 թ., 320 էջ) և «Մտորումներ անցյալի և ապագայի մասին» (Երևան, ՎՄՎ-Պրինտ, 2010 թ., 500 էջ), որտեղ կիսվում է իր հուշերով, օգտակար խորհուրդներով ու բազմամյա փորձով։

Պարգևներ խմբագրել

Երկու անգամ պարգևատրվել է հանրապետության Գերագույն սովետի պատվոգրով։ Ավտոտրանսպորտում աշխատած տարիների ընթացքում պարգևատրվել է «Հոկտեմբերյան հեղափոխության», «Աշխատանքային կարմիր դրոշի», «Պատվո նշանի» և «Հայրենական պատերազմի» երկրորդ աստիճանի շքանշաններով։ Հետխորհրդային շրջանում պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի[1], Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» և «Մարշալ Բաղրամյան» մեդալներով։ Ունի նաև բազմաթիվ մարտական պարգևներ։

Աղբյուրներ խմբագրել

  • Խ. Դրամփյան, «Արարման բերկրանքը», «Էդիթ Պրինտ», 2006

Ծանոթագրություններ խմբագրել