Խազարական խաքանություն
Խազարական խաքանություն կամ Խազարիա (650 - 969), խազարների կողմից հիմնված միջնադարյան պետություն, վաղ ֆեոդալական պետական կազմավորում։
Անջատվել է Արևմտաթյուրքական խաքանությունից։ Առաջացել է VII դարի կեսին, Ստորին Պովոլժիեում և Հյուսիսային Կովկասի արևելյան մասում՝ Արևմտա-թյուրքական խաքանության քայքայումից (տես Թյուրքական խաքանություն)։ Հիշատակվում է VII դարի հայկական «Աշխարհացոյց»-ում։ Մայրաքաղաքը մինչև VIII դարի Սեմենդերն էր (Դաղստանում), ապա՝ Իթիլը (Աստրախանից հյուսիս)։ VII դարի 2-րդ կեսին խազարները իրենց ենթարկեցին մերձազովյան բուլղարների մի մասին, ինչպես նաև սավիրների ու հոների թագավորությունը մերձափնյա Դաղստանում։ Նույն ժամանակ Աղվանքը հարկատու դարձավ Խազարական խաքանությանը։ Դաշինք կնքվեց Բյուզանդիայի հետ՝ ընդդեմ արաբ, խալիֆայության։
Խազարական խաքանության կազմի մեջ մտած հոների առաջնորդը 680-ական թթ. դիմեց հայոց և աղվանից հոգևորականներին՝ քրիստոնեություն ընդունելու համար։ Աղվանից իշխան Վարազ-Տրդատը խազարական խաքանությունն ուղարկեց Իսրայել եպիսկոպոսին, որը քրիստոնյա դարձրեց հոների իշխաններին։ Հետագայում, VIII դարի վերջին, ֆեոդալական հարաբերությունների զարգացման պայմաններում, խազարական խաքանության վերնախավն ընդունեց եբրայական կրոնը։
Խազարական խաքանության զորաջոկատները բազմիցս ներխուժել են Հայաստան, Վիրք և Աղվանք։ 685 թվականին խազարների դեմ մղած մարտում զոհվեցին Հայաստանի կառավարիչ Գրիգոր Ա Մամիկոնյանը և ուրիշ նախարարներ։ 735 թվականին Մրվան խալիֆան մոտ 150 000 զորքով (որի կազմում էր նաև հայոց զորամասը՝ Աշոտ Բագրատունու գլխավորությամբ) ներխուժեց խազարական խաքանության սահմանները և պարտության մատնեց խաքանին։ Հետագայում խազարական խաքանության զորքերը դարձյալ թափանցեցին (762, 764, 765) Հայաստան, Վիրք, Աղվանք։ 785 թվականին խազարների դեմ անհավասար մարտում ընկան նախարար Ներսես Կամսարականը և ուրիշներ։ Ներքին երկպառակություններից, հպատակ ցեղերի ու ժողովուրդների պայքարից, ինչպես նաև մերձսևծովյան քոչվոր ցեղերի հարձակումներից թուլացած խազարական խաքանությունը 964 կամ 965 թվականին ջախջախվեց Ռուսիայի իշխան Սվյատոսլավից և X դարի վերջին վերացավ պատմաբեմից։
Գրականություն
խմբագրել- Brook K.A. The Jews of Khazaria. 3rd edition. - Lanham, MD։ Rowman and Littlefield, 2018.
- Dunlop D. M. The History of the Jewish Khazars. - Princeton, 1954.
- Golden P. B. Khazar Studies։ An Historico-Philological Inquiry into the Origins of the Khazars. - Budapest, 1980. V. 1-2.
- Ludwig D. Struktur und Gesellschaft des Chazaren-Reiches im Licht der schriftlichen Quellen. - Berlin, 1982.
- Noonan, Thomas S. The Khazar Economy. Archivum Eurasiae Medii Aevi 9 (1995 - 1997)։ 253 - 318.
- Poliak A. N. Kazariyaah. Toldot mamlakha yehudit be-Eiropa (Khazaria. The History of a Jewish Kingdom in Europe) (in Hebrew) - Tel Aviv 1944.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խազարական խաքանություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 702)։ |