Լևոն Խաչիկյան

հայ խորհրդային պատմաբան, բանասեր-աղբյուրագետ
(Վերահղված է Լ. Խաչիկյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչիկյան (այլ կիրառումներ)

Լևոն Ստեփանի Խաչիկյան (մայիսի 1, 1918(1918-05-01)[1][2], Երևան, Անդրկովկասյան ԴՖՀ[1][2] - մարտի 12, 1982(1982-03-12)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային պատմաբան, բանասեր-աղբյուրագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1966), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1968), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971)[4]։

Լևոն Խաչիկյան
Ծնվել էմայիսի 1, 1918(1918-05-01)[1][2]
Երևան, Անդրկովկասյան ԴՖՀ[1][2]
Մահացել էմարտի 12, 1982(1982-03-12)[2] (63 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Բնակության վայր(եր)Երևան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան, բանասեր և աղբյուրագետ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ[1][2], Մատենադարան[1][2] և Երևանի քաղաքապետարան
Գործունեության ոլորտՀայոց պատմություն[1]
Պաշտոն(ներ)տնօրեն և պառլամենտի անդամ
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԽաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց (1935), ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1940)[1] և Մատենադարան
Կոչումպրոֆեսոր[1][2] և ակադեմիկոս[1][2]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր[1][2] (1962)
Տիրապետում է լեզուներինհայերեն[3]
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Երեխա(ներ)Մարգարիտ Խաչիկյան

Լեզվաբան Մարգարիտ Խաչիկյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Լևոն Ստեփանի Խաչիկյանը ծնվել է 1918 թվականի մայիսի 1-ին Երևանում։ Նրա հայրը Առաջին հանրապետության տարիներին պատասխանատու պաշտոն է զբաղեցրել, ուստի Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո բանտարկվեց, և ազատություն ստացավ Փետրվարյան հեղաշրջման արդյունքում։ Այնուհետև նա անցնում է Իրան, ապա համաներումից հետո վերադառնում Երևան։ Նման մարդկանց և նրանց զավակների առաջ ստեղծվում էին արհեստական մեծ ու փոքր արգելքներ։

1935 թվականին Լ. Խաչիկյանը ավարտում է Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ 1940 թվականին Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1939 թվականին Մատենադարանը տեղափոխվել էր Երևան, և նրան կից ստեղծվել էր ասպիրանտուրա։ Լ. Խաչիկյանը եղել է Մատենադարանի առաջին ասպիրանտներից՝ Հակոբ Մանանդյանի ղեկավարությամբ։ 1940-1944 թթ. որպես մատենագետ աշխատանքի է անցնում Մատենադարանում։ 1944 թվականին դառնում է ձեռագրատան վարիչ։ 1945 թ պաշտպանում է «Եղիշեի Արարածոց մեկնութիւնը» ատենախոսությունը և ստանում պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1949-1954 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ 1951-1954 թթ Լ. Խաչիկյանը դառնում է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ապա՝ հրապարակումների բաժնի վարիչ։

1954 թ. Լևոն Խաչիկյանը՝ 36 տարեկան հասակում, դառնում է Մատենադարանի տնօրեն, և մինչև կյանքի վերջը ղեկավարում այն։ Լ. Խաչիկյանի օրոք Մատենադարանի կյանքում տեղին են ունենում հսկայական փոփոխություններ։ Մատենադարանը գրադարանային տիպի հիմնարկությունից դառնում է գիտահետազոտական ինստիտուտ, տեղափոխվում է նոր շինություն, ստեղծվում են գիտական բաժիններ, ավելանում է գիտաշխատողների քանակը։

1963 թ. Լ. Խաչիկյանը ընտրվեց Հայաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1971 թ.՝ իսկական անդամ։ 1964-1982 թթ. Խաչիկյանը ընտրվում է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահության անդամ։ 1967 թ. ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։ 1969 թ. Լ. Խաչիկյանն արժանանում է Մ. Մաշտոցի անվան մրցանակի՝ «ԺԵ. Դարի հայերէն ձեռագրերի յիշատակարաններ» եռահատոր հրատարակության համար։ Այս աշխատության առաջին հատորի համար Լ. Խաչիկյանին շնորհվում է պատմական գիտությունների դոկտորի աստիճան։

Լ. Խաչիկյանի ուսումնասիրությունները հիմնովին խարսխված էին ձեռագրական հարուստ նյութի, իր հայտնաբերած բնագարական նորությունների, պատմիչների և հիշատակագիրների հաղորդած հավաստի տեղեկությունների վրա, իրենց մեջ ընդգրկում էին միջնադարյան Հայաստանի ներքին կյանքի ցարդ չուսումնասիրված կամ թերի ուսումնասիրված հարցեր. ինչպես օրինակ «Երզնկա քաղաքի «Եղբարց միաբանութեան» կանոնադրությունը (1280 թ.)» (1962 թ.), «Արհեստագործության վիճակն ու զարգացման աստիճանը Հայաստանում X-XIV-րդ դարերում», «ԺԴ-ԺԵ դարերի հայկական գյուղական համայնքի մասին» (1958 թ.) նրա աշխատությունները[5]։

1974-1982 թթ Լ. Խաչիկյանը եղել է Հայկական սովետական հանրագիտարանի խմբագրական խորհրդի անդամ, հայ ժողովրդի հին և միջին դարերի պատմության գիտաճյուղի խորհրդի նախագահ։ Խաչիկյանը «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի խմբագրական կոլեգիայի և ՀՍՀ խմբագրական կոլեգիայի անդամ է, Մաշտոցյան մրցանակի առաջին դափնեկիրը (1969)։ 1978 թվականին ծննդյան 60-ամյակի առիթով և պատմագիտության ասպարեզում ունեցած վաստակի համար պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով։ Լ. Խաչիկյանի նախաձեռնությամբ Մատենադարանում ստեղծվել էր «Տնտեսական պատմության վավերագրեր» հայագիտական նոր մատենաշար։ Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ մատենաշարը սկսվեց «Հաշվետումարով», որը ներածական ընդարձակ և հանգամանալից ուսումնասիրությամբ, օտար բառերի հարուստ բառարանով լույս տեսավ 1984 թ-ին[6]։

Լևոն Խաչիկյանը մահացել է 1982 թ մարտի 12-ին՝ Երևանում։ Նրան հետմահու շնորհվել է ՀԽՍՀ պետական մրցանակ՝ «Հայ ժողովրդի պատմություն» ութհատորյակի պատրաստմանը մասնակցելու համար։

Աշխատություններ խմբագրել

  1. Յաղագս տարեմտին ի վանական վարդապետէ ասացեալ (1941 թ.)[7]
  2. Եղիշեի Արարածոց մեկնութիւնը (1945 թ.)
  3. Գլաձորի համալսարանը և նրա սաների ավարտական ատենախոսությունները (1946 թ.)
  4. Դիտողություն Մ. Խորենացու Հայոց պատմության երկրորդ գրքի ԾԴ գլխի մասին (Ադրբեջանում գտնված հին լատինական արձանագրության առնչությամբ) (1948 թ.)
  5. Հայկական գաղթավայրերը Ուկրաինայում 16-17-րդ դարերում (1954 թ.)
  6. ԺԵ դարերի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ (Երևան 1955 թ.)
  7. Արհեստագործության վիճակն ու զարգացման աստիճանը Հայաստանում 10-14-րդ դարերում (1958 թ.)
  8. ԺԴ-ԺԵ դարերի հայկական գյուղական համայնքի մասն (1958 թ.)
  9. Նոր նյութեր Կիևի հին հայկական գաղութի մասին (1961 թ.)
  10. Երզնկա քաղաքի «Եղբարաց միաբանութեան» կանոնադրությունը (1280 թ.) (1962 թ.)[7]
  11. Նախամեսրոպյան գրի հարցը և հմայագրերը (1963 թ.)
  12. Գրիգոր Պարթևին վերագրված «Հարցումը» որպես հայ մատենագրության երախայրիք (1964 թ.)
  13. ԺԵ Դարերի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ. Մասն Գ. (1481-1500 թթ.) (1967 թ.)
  14. Սարգիս աբեղայի ուղեգրությունը (1970 թ.)
  15. Թորոս Ռոսլինի ձեռագրի վերջին հանգրվանը (1976 թ.)
  16. Հայերը հին Մոսկվայում և Մոսկվա տանող ճանապարհների վրա (1980 թ.)[7]

Խմբագրական կոլեգիայի անդամ խմբագրել

Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 1.» ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտ. Երևան։ ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1971

Հիշատակ խմբագրել

2018 թվականին Մատենադարանում կազմակերպվել է հայագիտական միջազգային եռօրյա գիտաժողով՝ նվիրված Մատենադարանի հիմնադիր տնօրեն Լևոն Խաչիկյանի 100-ամյակին[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  4. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 1-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 1-ին.
  6. Խ., Թորոսյան, (1978 թ․ հուլիսի 6). «Լևոն Խաչիկյան». hpj.asj-oa.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  7. 7,0 7,1 7,2 «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Լևոն Խաչիկյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 1-ին.
  8. «Մատենադարանը նշում է հիմնադիր տնօրեն Լևոն Խաչիկյանի 100-ամյակը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Խաչիկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 27