Լևոն Սարգսյան (պրովիզոր-նկարիչ)

պրովիզոր-նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Սարգսյան (այլ կիրառումներ)

Լևոն Հովհաննեսի Սարգսյան (փետրվարի 14, 1930(1930-02-14), Երևան, ԽՍՀՄ - մարտի 20, 2000(2000-03-20), Երևան, Հայաստան), պրովիզոր-նկարիչ։ Եղել է Հայաստանի դեղագետների և Հայաստանի նկարիչների միությունների անդամ։

Լևոն Սարգսյան
Ծնվել էփետրվարի 14, 1930(1930-02-14)
ԾննդավայրԵրևան, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 20, 2000(2000-03-20) (70 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՄոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան (1961)
Մասնագիտությունդեղագետ և նկարիչ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Լևոն Սարգսյանը ծնվել է 1930 թվականին, Երևանում։ 1943-1946 թվականներին սովորել է Երևանի բժշկական տեխնիկումի դեղագործական բաժնում և ստացել դեղագետի օգնականի որակավորում։ 1946 թվականին, որպես դեղագործ-ասիստենտ, աշխատանքի է ընդունվել Երևանի թիվ 1 դեղատանը։ Որպես դեղատան վարիչ աշխատել է Գոշում (1948), Թալինում (1949), Զանգի Բասարում (1952), Կամո քաղաքում (1953)։ 1954 թվականին ընդունվել է Երևանի մանկավարժական ինստիտուտի կենսաբանական ֆակուլտետը, որտեղից 1957 թվականին տեղափոխվել է Մոսկվայի Սեչենովի անվան թիվ 1 բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետ, որն ավարտել է 1961 թվականին՝ ստանալով պրովիզորի որակավորում։ 1962-1965 թվականներին աշխատել է որպես Երևանի քիմիա-դեղագործարանի գլխավոր ինժեներ, միաժամանակ՝ Երևանի պետական բժշկական ուսումնարանում դասավանդել է «Դեղաձևերի տեխնոլոգիա» առարկան։ 1965-1968 թվականներին եղել է ԽՍՀՄ բժշկական արդյունաբերության նախարարության դեղագործական գործարանի գլխավոր ինժեներ, 1968-1970 թվականներին՝ Հայկական ԽՍՀ առողջապահության նախարարության դեղատների կենտրոնական բազայի կառավարիչ։ 1970 թվականին Հայկական ԽՍՀ առողջապահության նախարարի հրամանով արժանացել է պրովիզոր կազմակերպչի I կատեգորիայի որակավորման։ 1970-1977 թվականներին ղեկավարել է Էջմիածնի թիվ 2, 1977 թվականին՝ Երևանի թիվ 53 դեղատունը։ 1998 թվականին Սարգսյանը հիմնել է «Հումանիստ» բժշկական ուսումնարանը։ 1999 թվականին ներգրավվել է քաղաքական ասպարեզում և համամասնական ընտրակարգով գրանցվել որպես ՀՀ ազգային ժողովի պատգամավորության թեկնածու[1]։

«Դեղաձևերի տեխնոլոգիա» գիտամեթոդական ձեռնարկի, «Ակամա հրեշտակ» և «Հոգու կանչը» բանաստեղծական ժողովածուների հեղինակն է։

Անդամակցություն խմբագրել

Գեղանկարչական գործունեություն խմբագրել

1972 թվականից սկսել է զբաղվել նաև նկարչությամբ։ 42 տարեկանում Էջմիածնում հանդիպել է եկեղեցու բակում էտյուդներ անող նկարիչ Զուլում Գրիգորյանին, և այդ օրվանից ծնվել Է նրանց ջերմ բարեկամությունը և մեծ սերը նկարչության հանդեպ։ Բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Անգլիայում, Ֆրանսիայում, ԳԴՀ-ում, Ռուսաստանում, Լատվիայում և Հայաստանում, ընտրվել է Հայաստանի նկարիչների միության, ապա նաև ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Լևոն Սարգսյանը մասնակցել է նաև մի շարք փառատոների։ Մասնակցելով ժողովրդական ստեղծագործողների համամիութենական առաջին փառատոնին Սարգսայնն արժանացել է դիպլոմի, երկրորդ փառատոնին ներկայացված աշխատանքները հեղինակին բերել են դափնեկրի կոչում։ 2004 թվականին Հայաստանի նկարիչների միությունում տեղի է ունեցել Սարգսյանի անհատական ցուցահանդեսի բացումը[2]։

Լևոն Սարգսյանի աշխատանքները պահվում են Երևանի պատմության, ժողովրդական ստեղծագործությունների, Էջմիածնի գավառագիտական թանգարաններում, ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում և տարբեր մասնավոր հավաքածուներում։

Պարգևներ խմբագրել

  • «Առողջապահության գերազանցիկ» կրծքանշան (ԽՍՀՄ առողջապահության նախարարի հրամանագիր)
  • «Բարեխիղճ աշխատանքի համար» մեդալ (ԽՍՀՄ գերագույն խորհրդի կողմից)։

Հիշատակ խմբագրել

  • 2000 թվականի մայիսին «Հումանիստ» բժշկական ուսումնարանը վերանվանվել է պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անունով[3]։ Ուսումնարանն ունի նաև Լևոն Սարգսյանի անվան կրթաթոշակ, որին արժանանում են լավագույն ուսանողները։
  • 2003 թվականին Լևոն Սարգսյանի անվան տուն-թանգարանի պատին վեր է խոյացել բժիշկ-արվեստագետին նվիրված հուշաքար։
  • 2005 թվականին Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում հանդիսավորությամբ նշվել է Լևոն Սարգսյանի 75-ամյակը։
  • Նոր-Նորքի VI զանգվածի այն փողոցը, որտեղ գտնվում է Լևոն Սարգսյանի արվեստանոց-տուն-թանգարանը, Երևանի քաղաքապետարանի որոշմամբ 2005 թվականին անվանակոչվել է Լևոն Սարգսյանի անունով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դեղագետ-նկարիչ` Լևոն Սարգսյան». www.med-practic.com. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
  2. «Բացվեց նկարիչ, բանաստեղծ և բժիշկ Լևոն Սարգսյանի անհատական ցուցահանդեսը».
  3. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.