Լևոն Չիլինկիրյան

հայ երաժիշտ

Լևոն Մարտիրոսի Չիլինկիրյան (հունվարի 7, 1863, Կոստանդնուպոլիս - հոկտեմբերի 11, 1932, Երուսաղեմ) - Հայ երաժիշտ, երգահան, խմբավար։

Լևոն Չիլինկիրյան
Ծնվել էհունվարի 7, 1863(1863-01-07)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էհոկտեմբերի 11, 1932(1932-10-11) (69 տարեկան)
Լևոն Չիլինկիրյան
Լեւոն Չիլինկիրեան, «Եռաձայն Երգեցողութիւն Ս. Պատարագի», Իզմիր, 1898 թ.
Լևոն Չիլինկիրյանի շիրմաքարը Երուսաղեմի Ս. Փրկիչ գերեզմանատանը

Անվանի ջութակահար Լևոն Չիլինգիրյանի պապն է։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1862 թվականի դեկտեմբերի 25-ին (հին տոմարով) - 1863 թվականի հունվարի 7-ին (նոր տոմարով), Կ. Պոլսի Օրթագյուղ արվարձանում, Մարտիրոս և Սրբուհի Չիլինգարյանների ընտանիքում։ Պատանի հասակում կորցրել է ծնողներին։

Կրթություն խմբագրել

Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսի Բերայի Նարեկյան, Ռուբինյան և Ամբրոսյան, Ղալաթիո նախկին Կեդրոնական վարժարաններում։ Ընտրելով եկեղեցական երաժշտության մասնագիտությունը՝ աշակերտել է Նիկողայոս Թաշճյանին։

Մանկավարժական-հասարակական գործունեություն խմբագրել

Ուսումն ավարտելուց հետո՝ 19 տարեկանում, ուսուցչություն և դպրություն է արել Բանկալթիում, այնուհետև՝ Զմյուռնիայում, որտեղ ապրել է շուրջ երեք տարի։ Տասներեք տարի աշխատել է Ունճյան-Էսայան շոգենավային ընկերությունում։ 1895 թվականին ամուսնացել է Էլպիս Աբրահամյանի հետ։ 1896 թվականի ջարդերից հետո տեղափոխվել է Ռուսական կայսրություն: Բաքվում գործունեություն է ծավալել երաժշտության ասպարեզում։

1897 թվականին վերադարձել է Զմյուռնիա, որտեղ 8 տարի շարունակ աշխատել է որպես երաժշտության ուսուցիչ։ Այնուհետև տեղափոխվել է Ադափազար։

Մեկ տարի անց վերադարձել է Կ. Պոլիս։ Հաջորդաբար պաշտոնավարել է Ղալաթիայում, Բեշիկթաշում և Բերայում։ Արդյունավետ էին նաև Ս. Երրորդություն եկեղեցում որպես դպրապետ պաշտոնավարելու տարիները։

1922 թ. հոկտեմբերի 22-ին փոխադրվել է Երուսաղեմ, որտեղ գրեթե մինչև կյանքի վերջը պաշտոնավարել է Սրբոց Հակոբյանց միաբանությունում որպես դպրապետ։ Անհայտ պատճառներով որոշ ժամանակ հեռացել է Անթիլիաս, որտեղ զբաղվում էր եկեղեցական երաժշտությամբ և ուսուցչությամբ։ Հաջորդ պատրիարքի գահակալության օրոք վերջնականապես հաստատվել է Երուսաղեմում։

Ստեղծագործական-հրատարակչական գործունեություն խմբագրել

Լևոն Չիլինկիրյանը հավասարապես տիրապետում էր հայկական և եվրոպական նոտագրությանը, ինչպես նաև եկեղեցական երգեցողության արվեստին։ Հորինել է մի շարք եկեղեցական մեղեդիներ, դպրոցական հանդիսության երգեր։

1906 թվականին Ղալաթիո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում որպես դպրապետ և Կեդրոնական վարժարանում որպես երաժշտության ուսուցիչ աշխատելու տարիներին Մաղաքիա արք. Օրմանյան պատրիարքի քաջալերանքով արևմտահայ իրականության մեջ առաջին անգամ հնչեցրել է եռաձայն պատարագը երգեհոնի նվագակցությամբ (նոտագրված և հրատարակված է)։

Գրել է«Եռաձայն Ս. Պատարագը», որն առաջին անգամ տպագրվել է 1898 թվականին, Իզմիրում, հայկական, այսինքն` լիմոնճյանական ձայնագրությամբ։ Հատկանշական է, որ իր պատարագի «Ամէն եւ ընդ հոգւոյդ քում» հատվածն առ այսօր հնչում է Հայաստանյայց առաքելական բոլոր եկեղեցիներում։

Իր մահվանից մեկ տարի առաջ հրատարակել է «Եռաձայն Երգեցողութիւն Ս. Պատարագի» ժողովածուն (եվրոպական ձայնագրությամբ), Ժառանգավորաց սաների երգեցողության համար։ Տպագրությունը կատարվել է նրա ձեռագրից լուսապատճենման եղանակով։ Նախաբանի մեջ նա գրում է, որ պահանջարկ ունենալու հանգամանքով պայմանավորված՝ տպագրությունը կատարվել է շուտափույթ կերպով։ Այնուհետև հույս է հայտնել, որ առաջիկայում վերահրատարակության կպատրաստի ժողովածուի վերջնական տարբերակը, սակայն նրա մահը խոչընդոտել է այդ երազանքի իրականացմանը։

Երուսաղեմում ապրելու տարիներին եվրոպական նիշերով նոտագրել է գրեթե ամբողջ շարակնոցը։ Այդ կապակցությամբ Նորայր արք. Պողարյանն այդ օրերի դպրապետ Վարուժան Մարգարյանին վկայել է. «Ան շարականները նօթագրեց, չունենալով դաշնակ իր ձեռքին տակ, որովհետեւ այդ ժամանակ ամբողջ Երուսաղէմին մէջ գէթ հատ մը դաշնակ գոյութիւն չունէր»։ Այսինքն՝ նա այդ ամբողջ աշխատանքը կատարել է բացառապես իր երաժշտական լսողության տաղանդի շնորհիվ։ Նա նաև նոտագրել է Աստվածամոր և նրա ծնողներին նվիրված բոլոր կանոնները, Աստվածահայտնության կանոնը, Տյառնընդառաջի, Հարության, Հոգեգալստյան, Խաչի, Ավագ Տոների, Ավագ Շաբաթվա, բոլոր ծանր ողոգողմյան Ալելուքները, Ստեղի շարականները և այլ տոների կանոններ։

Անթիլիասում դասավանդելուն զուգահեռ նա թղթին էր հանձնում բազմաթիվ շարականներ, որոնք հետագայում՝ իր մահվանից շատ տարիներ անց, որոշ աննշան փոփոխություններով մասամբ տպագրվեցին, բայց, ցավոք, առանց հիշատակելու նրա հեղինակային իրավունքը և նշելու, որ ինքն է դրանք փոխադրել եվրոպական նոտագրության։ Նույնը տեղի ունեցավ նաև Ստեղի շարականների դեպքում (հայկական նոտագրության համակարգից եվրոպականին փոխադրումը վերագրվում է Լ. Չիլինկիրյանին), երբ դրանք հրատարակվեցին Էջմիածնում։

Վախճանվել է 1932 թվականի հոկտեմբերի 11-ին։ Նրա աճյունն ամփոփված է Երուսաղեմի Ս. Փրկիչ գերեզմանատանը։

Հիշատակ խմբագրել

1937 թվականին Անթիլիասում հրատարակվող «Կոմիտաս» մատենաշարի առաջին համարում հրատարակվեց Լ․ Չիլինկիրյանի «Արեւագալի Երգերը Եւրոպական ձայնագրութեամբ» (Գևորգ Աճեմյանի խմբագրությամբ)»։ Այն վերահրատարակվեց հայերեն և իսպաներեն լեզուներով 1954 թվականին, Բուենոս Այրեսի «Արարատ» տպագրատանը։ 

1956 թվականին Երուսաղեմում Վազգեն աբեղա Գպրսլյանն ընդօրինակել և մեքենագրել է՝ կարգավորելով և դասակարգելով նրա թողած շարականների ձեռագրերը, որոնք (բացառությամբ պատարագի) ամբողջացրել է երեք ստվարածավալ հատորների մեջ։

2000 թվականին Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանի աջակցությամբ Տեր Դանիել քահանայի և դպրապետ Վարուժան Մարգարյանի աշխատասիրությամբ հրատարակվեց Արևագալի (թեթև տարբերակ) երգը Սրբոց Հակոբյանց միաբանության տպարանում։

2000 թվականին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության լուսարարապետ Նուրհան Արք. Մանուկյանի աջակցությամբ վերահրատարակել է Սբ. Ներսես Շնորհալու «Երգ Արեւագալի» ծանր տարբերակը (ձայնագրեց՝ Լևոն Մ. Չիլինկիրյան, աշխատությամբ՝ դպրապետ Վարուժան Մարգարյանի և ուրարակիր Արտավազդ Ասլանյանի)։

2000 թվականին Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանի հրամանով վերահրատարակվել է Ս. Ներսես Շնորհալու «Շարական Սրբոցն Վարդանանց Զորավարացն Մերոց՝ Հազար Երեսուն Եւ Վեց Վկայիցն՝ Որք Կատարեցան Ի Մեծի Պատերազմին» («ՎԷՄ միութիւն») աշխատությունը (աշխատությամբ՝ դպրապետ Վարուժան Մարգարյանի և ուրարակիր Արտավազդ Ասլանյանի)։ Սրանք այն շարականներն են, որ առ այսօր կատարվում են Սրբոց Հակոբյանց մայր տաճարում ծիսական արարողությունների ժամանակ։

2012 թվականից սկսած Ժառանգավորաց դպրոցի սաները համակարգչային նոտագրությամբ պրակներով (շարականների կանոնների համաձայն) տպագրում են մեծն երգահանի ժառանգությունը։ Առ այսօր տպագրված է առավել քան քսան կանոն։

Աղբյուրներ խմբագրել

«Լեւոն Չիլինկիրեան». խմբագրական, Սիոն. Հայ ամսագիր կրօնական, գրական, բանասիրական, Երուսաղեմ, 1932, Զ (11), էջ 352։

Գրականություն խմբագրել

  • Լեւոն Չիլինկիրեան, «Եռաձայն Երգեցողութիւն Ս. Պատարագի», Իզմիր, 1898 թ.,
  • Լեւոն Չիլինկիրեան, «Եռաձայն Երգեցողութիւն Ս. Պատարագի», Երուսաղէմ, 1931 թ.,
  • Լեւոն Չիլինկիրեան, «Արեւագալի Երգեր», Անթիլիաս, 1937 թ.,
  • Լեւոն Չիլինկիրեան, «Արեւագալի Երգեր», Պուէնոս Այրէս, 1954 թ.,
  • Լեւոն Չիլինկիրեան, «Արեւագալի Երգեր», Երուսաղէմ, 2000 թ.: