Լևոն Մելիքսեթ-Բեկ
Լևոն (Լեոն) Մելիքսեթի Մելիքսեթ-Բեկ (Մելիքսեթ-Բեկով) (սեպտեմբերի 14, 1890[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 3, 1963[2][1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ աղբյուրագետ, հնագետ, բանասեր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1930), Վրացական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1941), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1945), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1941 թվականից։
Լևոն Մելիքսեթ-Բեկ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1890[1] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 3, 1963[2][1] (72 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան, բանասեր, մատենագետ, հնագետ և աղբյուրագետ |
Հաստատություն(ներ) | Թբիլիսիի պետական համալսարան[1], Երևանի պետական համալսարան և Բաքվի պետական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն, ՀՀ ԳԱԱ[1] և Մոսկվայի հնագիտական ընկերություն |
Ալմա մատեր | Օդեսայի ազգային համալսարան (1913)[1] |
Կոչում | պրոֆեսոր և թղթակից անդամ[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր և բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն, հայերեն և էսպերանտո |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Թիֆլիսում։ 1897-1899 թվականներին սովորել է Օ. Կ. Օրբելիանու պանսիոնում, 1899-1908 թվականներին՝ Թիֆլիսի ռեալական դպրոցում։ 1906 թվականին ընտրվել է Էսպերանտիստների համաշխարհային լիգեյի կազմի մեջ։ 1907 թվականին այցելել է Անի և Կարս։ 1908 թվականին եղել է Գերմանիայում, ապա՝ Վարշավայում, որտեղ հանդիպել է էսպերանտո լեզվի հիմնադիր Լ. Զամենհոֆին։
1909-1913 թվականներին սովորել է Օդեսայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, միաժամանակ հաճախել է նույն համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի դասընթացներին։ Ուսումնառության ընթացքում հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել դեպի հնագիտությունը, այդ նպատակով ճանապարհորդել է Ռուսաստանի հայաբնակ վայրերը. եղել է Ուկրաինայում, Ղրիմում, Խերսոնում։ 1914 թվականին ընտրվել է Պատմության և հնությունների Օդեսայի ընկերության թղթակից անդամ։ Վերադառնալով Թիֆլիս վարել է մի շարք պաշտոններ, այդ թվում՝ Հայոց ազգագրական ընկերության խմբագրական մասնաժողովի անդամ քարտուղար, Մոսկովյան հնագիտական ընկերության Կովկասյան բաժանմունքի անդամ, ապա գիտական քարտուղար, վրաց լեզվի և պատմության դասախոս Թիֆլիսի երրորդ արական գիմնազիայում։
1918 թվականից մինչև կյանքի վերջը հայոց լեզու, ապա հայ գրականության պատմություն է դասախոսել Թբիլիսիի համալսարանում։ Դասախոսել է նաև Երևանի համալսարանում։ 1923-1930 թվականներին ղեկավարել է Վրաստանի հնավայրերն ուսումնասիրող մի շարք արշավախմբեր։
1928 թվականին «Վարդապետք հայոց հյուսիսային կողմանց» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 1935 թվականին Հայաստանի պատմություն է դասախոսել Բաքվի համալսարանում։ 1937 թվականին նույն առարկան դասախոսել է Քութայիսի մանկավարժական ինստիտուտում։ 1947 թվականին դասախոսել է Գորիի մանկավարժական ինստիտուտում։
1956 թվականին մասնակցել է ԼՂԻՄ հնագիտական արշավախմբի աշխատանքներին։
Մահացել է Թբիլիսիում։
Աշխատություններ
խմբագրելԼևոն Մելիքսեթ-Բեկի առաջին ծավալուն մենագրությունը վերաբերում է XI-XIII դարերում հյուսիսային Հայաստանի կրթօջախներում զարգացած մատենագրության ուսումնասիրությանը՝ «Վարդապետք հայոց հյուսիսային կողմանց և նրանց ինքնությունը» խորագրով (1928 թ., Թիֆլիս, վրացերեն)։ Ուսումնասիրությունը գրված է ինչպես հայ մատենագիրներից շատերի գրական ժառանգությունը վեր հանելու, այնպես էլ XI-XIII դդ. հայ-վրացական պատմական մշակութային փոխհարաբերությունները լուսաբանելու նպատակադրումով։ Պատմական Գուգարք-Լոռե-Տաշիրք-Վրաց դաշտ-Սևորդյաց աշխարհ-Սոմխեթ հասկացությունների պատմաաշխարհագրական ճշգրտումներից հետո, գրքում բացահայտվում են տեղի կրթօջախներում ստեղծված մատենագրության բնույթն ու դրդապատճառները։ Այս աշխատության մեջ որոշ հեղինակներ (Հովհաննես Սարկավագ, Մխիթար Գոշ) ներկայացված են նրանց վերաբերող աղբյուրների լիակատար հավաքումով ու քննարկմամբ։
Երկրորդ ծավալուն աշխատությունը վերաբերում է վրացական աղբյուրների ուսումնասիրությանն ու թարգմանությանը։ 1934 թվականին Երևանում լույս է տեսել «Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին» քառահատոր աշխատության Ա գիրքը։
Ուսումնասիրել և հրատարակել է հայկական և վրացական մատենագիտական բազմաթիվ բնագրեր, վրացերեն է թարգմանել Սայաթ-Նովայի հայերեն խաղերը, կազմել և խմբագրել է Շամչի Մելքոյի երգերի ժողովածուն։ Լ. Մելիքսեթ-Բեկի հայերեն, վրացերեն և ռուսերեն հարյուրավոր հոդվածներ ցրված են պարբերական մամուլի էջերում։ Այդ հոդվածներից ուշագրավ են «Աէրոպլանի թռիչքը Օդեսայում» («Սուրհանդակ», Թիֆլիս, 1910, թիվ 81), «Վէմքար» («Հովիտ», Թիֆլիս, 1916, թիվ 3), «Շամիլի կինը հայուհի» («Հովիտ», թիվ 17), «Արտաւազդի եւ Մհերի հետքերը Վրաստանում» («Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի», Էջմիածին, 1-2, էջ 93-104) և այլն[3]։
1920 թվականին Մելիքսեթ-Բեկը հրատարակել է «Վարք Ս. Գրիգոր Պարթևի» վրացական խմբագրությունը, որը թարգմանված է 1081 թվականի հունական մետափրասյան խմբագրությունից։ Տարիներ անց (1952 թ.) նա հրատարակել է Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» երկի 66-րդ գլխի վրացական թարգմանությունը։
1938 թվականին նա հրատարակել է «Մեգալիթյան մշակույթը Վրաստանում» ուսումնասիրությունը, հետագայում լրացնելով նոր նյութերով՝ «Մեգալիթյան մշակույթը Վրաստանում և նրա վերապրուկները Ռուսթավելու դարաշրջանում» (1943 թ.)։
Մելիքսեթ-Բեկը ուսումնասիրել է նաև միջնադարյան վրացական ու հայկական հուշարձանները, այդ թվում՝ Մցխեթայի տաճարը, Թիֆլիսի վանքն ու Սուրբ Գևորգ եկեղեցին, Սևանի վանքը, Էջմիածնի, Գարեջայի և բազմաթիվ այլ վանքեր ու մենաստաններ։ Նշանավոր է Գարեջայի մոնղոլական շրջանի (1352 թ.) քառալեզվյան (վրացերեն-հայերեն-պարսկերեն-ույղուրերեն) արձանագրության հայտնաբերումն ու վերծանումը (1940-1953 թթ.), 874 թվականի Սևանի հայերեն արձանագրության հայտնաբերումը, որտեղ միջնադարյան վիմագիր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Երևան բնակավայրը։
Լ. Մելիքսեթ-Բեկի երկերի մատենագրություն
խմբագրել- Հայոց պատմություն. կոնսպեկտ Լ. Մելիքսեթ-Բեկի 1928 թվին կարդացած դասախոսությունների (ձեռագրի իրավունքով), Թիֆլիս, 1928, 50 էջ։
- Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հատոր Ա (Ե-ԺԲ դար), Երևան, 1934, 268 էջ։
- Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հատոր Բ (ԺԳ-ԺԸ դար), Երևան, 1936, 168 էջ։
- Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հատոր Գ (ԺԸ-ԺԹ դար), Երևան, 1955, 346 էջ։
- Շամչի-Մելքոն և նրա հայերեն խաղերը, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1958, 89 էջ։
- Հայ գրողները և Վրաստանը, գիրք 1, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1964, 279 էջ։
Լ. Մելիքսեթ-Բեկի կատարած թարգմանությունները (վրացերենից)
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Ճավճավաձե Իլիա։ Ընտիր երկեր։ Գիրք առաջին. Ոտանավորներ և պոեմներ.- Թբիլիսի։ Տպարան Ա. Ֆ. Մյասնիկյանի անվան «Զարյա Վաստոկա»-ի, 1937.- 117, 1 չհ. էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
- Ջավախաշվիլի Ի․ Նյութեր Հայաստանի սոցիալական շարժումների պատմության համար X դ. և XIII դ. սկզբներին, Երևան, 1936, 42 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 392—393.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 373-374.
- Պ. Մ. Մուրադյան, «Լևոն Մելիքսեթ-Բեկ» (ծննդյան 100-ամյակի առթիվ), Պատմաբանասիրական հանդես №1, 1990, էջ 63-69
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Մելիքսեթ-Բեկ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 392)։ |