Լորենի կովկասյան

բույսերի տեսակ
Լորենի կովկասյան
Լորենի կովկասյան
Լորենի կովկասյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Մեխակազգիներ (Caryophyllaceae)
Ենթաընտանիք Paronychioideae
Տրիբա Paronychieae
Ցեղ Փսխածաղիկ (Herniaria)
Տեսակ Լորենի կովկասյան (H. caucasica)
Միջազգային անվանում
Herniaria caucasica

Լորենի կովկասյան (լատին․՝ Tilia caucasica), լորենազգիների ընտանիքի, լորենու ցեղի բույս։

Նկարագրություն

խմբագրել

Տերևաթափ խոշոր ծառեր են՝ մինչև 35 մ բարձրությամբ և 80-120 սմ բնի տրամագծով։ Ծեր ծառերի բնի կեղևը գորշ է, ճաքճքված։ Երիտասարդ ճյուղերը դեղնագորշավուն են։ Բողբոջները երկարավուն են, մերկ, գորշավուն։ Ֆերտիլ ընձյուղների տերևները ձվաձև են, 7-9 սմ երկարությամբ և 4-7 սմ լայնությամբ, ձգված, սուր գագաթով, մեծ մասամբ հատված կամ թեթևակի' սրտանման հիմքով, ոչ սիմետրիկ, սուր ատամնաեզր, վերևի կողմից մուգ կանաչ, մերկ, երբեմն' փայլուն, ներքևի կողմից բաց կանաչավուն, մերկ։ Նոր բացված տերևները ջղերի ուղղությամբ մազմզու կապատ են։ Տերևակոթունները բարակ են, մերկ, 3-4 սմ երկարությամբ։ Ծաղկակից տերևը երկարավուն է, 5 -8 սմ երկարությամբ և 1 -2 սմ լայնությամբ, երկու կողմերից էլ մերկ։ Ծաղկաբույլը իր երկարությամբ հավասար է ծաղկակից տերևին կամ նրան գերազանցում է։ Կազմված է 3 -8 ծաղիկներից։ Կոկոնները կլոր են, 3 մմ տրամագծով, մերկ։ Բաժակաթերթիկները նշտարանման են, 3-5 մմ երկարությամբ, 1,5-2 մմ լայնությամբ, արտաքինից մերկ, ներսի կողմից, հիմքում և գագաթում ծածկված երկար մազմզուկներով։ Պսակաթերթիկները դեղին են, ատամնավոր գագաթով, 5-7 մմ երկարությամբ, 1-1,5 մմ լայնությամբ։ Առէջները 6-8 մմ երկարություն ունեն։ Սերմնարանը խիտ, թաղիքանման աղվամազով է ծածկված, սռնակը մերկ է (խիստ հազվադեպ մազմզուկապատ), բլթակավոր սպիով։ Սերմնաբույսերի շաքիլատերևները հնգաբլթակ են, ավելի խոշոր, քան լորենու ցեղի մյուս ներկայացուցիչներինը։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են հուլիս-սեպտեմբերին։

Տարածվածություն

խմբագրել

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Ղրիմում, Հյուսիսային Իրանում, Փոքր Ասիայում։ Հայաստանում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաններում, ամենուրեք, միջին լեռնային գոտում։ Ներկայումս խոշոր ծառեր են աճում հատկապես Արարատյան դաշտի բնակավայրերում (Երևան, Էջմիածին, Հոկտեմբերյան, Արտաշատ), ընդ որում որոշ ծառերի տարիքը անցնում է 250 - 300-ից։ Այդպիսի ծառերն ունենում են 20-22 մ բարձրություն և մինչև 120 սմ բնի հաստություն։ Նույնիսկ այդ տարիքում աչքի են ընկնում դեկորատիվ բարձր հատկանիշներով։

Կիրառություն

խմբագրել

Հրաշալի մեղրատու է։ Նեկտարը պարունակում է 11,8 % գլյուկոզա և ֆրուկտոզա, 41,3 % սախարոզա։ 1 հա տարածությունից ստացվում է 1176 կգ նեկտար 760,5 կգ շաքարի բացարձակ պարունակությամբ։ Մեկ ծաղկից համօրյակի ընթացքում միջին հաշվով ստացվում է 4,8 մգ նեկտար։ Ամենաչորադիմացկուն լորենիներից մեկն է. պահանջկոտ է ջերմության նկատ մամբ, ստվերատար է։ Պտուղները բավականին համեղ են և օգտագործվում են սննդի մեջ։ Դրանք հայտնի են որպես արյունահոսությունը դադարեցնելու միջոց։ Մեկ ծառից կարելի է հավաքել մինչև մի քանի տասնյակ կգ պտուղ։ Նոր բացված, դեռևս կպչուն տերևներն օգտագործվում են սալաթ պատրաստելու համար։ Հում տերևներում պարունակվում է 0,09 % ասկորբինաթթու։ Ծաղիկներն օգտագործվում են որպես թեյի սուռոգատ, քրտնաբեր միջոց, իսկ թուրմը ողողման համար։ Քուսպը օգտագործում են համեղ ու փուխր հրուշակեղեն պատրաստելու համար։ Հնուց օգտագործվում է կանաչապատման բնագավառում։ Պիտանի է հանրապետության միջին և ստորին գոտու բնակավայրերի կանաչապատման համար[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 287։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորենի կովկասյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորենի կովկասյան» հոդվածին։